ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 հուլիսի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 11 | ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
23 հուլիսի 2014թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա. Պետրոսյանի
Ուսումնասիրելով քաղ. Արա Սարգսյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Արա Սարգսյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «նախկին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը», գործող նույնանուն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 154-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև 158-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 20-րդ և 42-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
1. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները սահմանափակում են իր, որպես պատասխանողի, դատավարական մի շարք իրավունքները, ինչպես նաև «ՀՀ վճռաբեկ դատարանին բողոքարկման ենթակա ակտերը բացառապես փաստաբանի միջոցով ներկայացնելու օրենսդրական արգելքի պայմաններում» սահմանափակում դատարանի մատչելիության իր սահմանադրական իրավունքի իրացումը։
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ վերոհիշյալ դիմումով գործի քննությունը ՀՀ վարչական դատավարության նախկին օրենսգրքի (ընդունված 2007թ. նոյեմբերի 28-ին) 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ վարչական դատավարության գործող օրենսգրքի (ընդունված 2013թ. դեկտեմբերի 5-ին) 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 158-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության վերաբերյալ, ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմողը, վիճարկելով հիշյալ դրույթների սահմանադրականությունը, չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ դրանց հակասահմանադրականության վերաբերյալ։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ վերոհիշյալ իրավադրույթների վերաբերյալ առկա չէ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7- րդ մասով պայմանավորված ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող վերոհիշյալ նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է,
բացի դրանից, դատաքննության արդյունքում դիմողի հանդեպ առաջացած անբարենպաստ հետևանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց ներկայացնելով այն հակասահմանադրականության վիճարկման շրջանակներում ըստ էության բարձրացնելով այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Առաջնորդվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ- 21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, դատական կազմը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է դիմումի վերոհիշյալ նորմերի սահմանադրականության քննության մասով ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։ Դատական կազմը նաև արձանագրում է, որ ինչպես վկայում է դիմումին կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել, որպիսի հանգամանքը ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի նորմատիվ պահանջներին համապատասխան դիմումի քննության ընդունումը մերժելու հիմք է, քանի որ ՀՀ սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի գործը լուծող վերջնական ակտով կիրառվել է վիճարկվող նորմը։
3. Դատական կազմը միաժամանակ գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության վիճարկման մասով առկա են դիմումը քննության ընդունելու հիմքեր, քանի որ.
դիմումում առաջադրված հիշյալ հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն այդ հարցով իրավասու է դիմել սահմանադրական դատարան, դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ ՀՀ սահմանադրական դատարանի որոշում, ինչպես նաև այլ դիմումի հիման վրա նույնաբովանդակ հարցով սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողն այդ հարցով սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։
4. Դիմողը նաև միջնորդություն է ներկայացրել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի նորմատիվ կարգավորումների շրջանակներում առկա է դիմողին պետական տուրքի վճարումից ազատելու հիմք։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. Քաղաքացի Արա Սարգսյանի անհատական դիմումով գործը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի մասով ընդունել քննության։
2. Քաղաքացի Արա Սարգսյանին ազատել պետական տուրքի վճարումից։
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
23 հուլիսի 2014 թվականի
ՍԴԴԿՈ/1-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հուլիսի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
