ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 փետրվարի 2020թ. ՍԴԴԿՈ - 13 | ԴԱՎԻԹ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 փետրվարի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Գյուլումյանի
Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի
Հ. Նազարյանի
Քննության առնելով Դավիթ Սեդրակյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Դավիթ Սեդրակյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի փետրվարի 21-ին) խնդրելով. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ մասի «Հատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը» դրույթը դատական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր:
2. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական և ՀՀ վարչական վերաքննիչ դատարաններն իր գործով նույն գործոնների, առանձնահատկությունների հաշվառմամբ ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցման չափը որոշելիս մի դեպքում ողջամիտ չափ են համարել 10.000 (տասը հազար) ՀՀ դրամը, իսկ մեկ այլ դեպքում դրան երեք անգամ գերազանցող գումարը: Ստեղծված իրավիճակը, ըստ դիմողի, վկայում է այն մասին, որ վիճարկվող իրավադրույթի «դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը» արտահայտությունը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և իրավակիրառ պրակտիկայում տեղիք է տալիս կամայական և տարածական մեկնաբանության հանգեցնելով անձի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման: Դիմողը նշում է, որ ճանապարհային երթևեկության կանոնները ենթադրաբար խախտելու համար իր նկատմամբ վարչական տույժ նշանակելու մասին որոշում է կայացվել: Համաձայն չլինելով այդ որոշման հետ նա ողջամիտ ծախս է կատարել փաստաբանական ծառայություններից օգտվելու համար: Արդյունքում, իր գործով կայացված վճռով հաստատվել է, որ վերջինս ոչ իրավաչափ է վարչական պատասխանատվության ենթարկվել: Մինչդեռ նման պայմաններում, ըստ դիմողի, իր օգտին վճիռ ունենալով, կատարված դատական ծախսերի ոչ արդարացի հատուցման պատճառով փաստացի վնաս է կրում:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրու-թյունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ առավելապես վերաբերում են այդ դրույթի կիրառման իրավաչափության հարցին: Այլ կերպ դիմողը, ձևականորեն բարձրացնելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը նույնպես մերժելու հիմք է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմա-նադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Դավիթ Սեդրակյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
28 փետրվարի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-13
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 փետրվարի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-13
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
