ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 հոկտեմբերի 2018թ. ՍԴԴԿՈ - 3 | ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 24
հոկտեմբերի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը` Նախագահությամբ Ա.
Պետրոսյանի
Անդամակցությամբ Ա. Թունյանի
Ա. Գյուլումյանի
Քննության առնելով Տիգրան Խաչատրյանիանհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Տիգրան Խաչատրյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվել, լրացվել և մուտքագրվել է 2018 թվականի հոկտեմբերի 9-ին)` խնդրելով. «Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 48-րդ հոդվածի, 1498–րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 1499-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և/կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 60-րդ (1-4 մասեր) հոդվածներին, 61-րդ (1-ին մաս), 63-րդ (1-ին մաս), 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80- րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-
247) ինչպես վիճարկվող դրույթներով, այնպես էլ դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող այլ դրույթներով չեն նախատեսվում դատավարության մասնակիցների միջև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի կողմից կայացվող որոշման չափանիշներ: Ավելին, վիճարկվող դրույթները չեն կարգավորում դատարանի կողմից այդպիսի որոշումը գրավոր կայացնելու պարտականություն և կարգ: Կողմերի միջև ապացուցման պարտականության բաշխման որոշումը կայացվում է բանավոր արձանագրային որոշմամբ, որի արդյունքում չի ապահովվում նաև իրավական որոշակիության սկզբունքը:
Դիմողը գտնում է, որ գործի քննության ընթացքում դատարանի կողմից ապացուցման ենթակա փաստերի և ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ որոշման անորոշությունը, վերջինիս պարզման նպատակով դրան անդրադառնալու անհնարինությունը, դատական ակտի բողոքարկման ժամանակ այդ որոշմանն անդրադառնալու և հղում կատարելու անհնարինությունը, ինչպես նաև դրանց վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանություններն արգելափակում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 63- րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված իրավունքների իրացումը:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի, այդ թվում` դատական ակտերի, նախնական ուսումնասիրության արդյունքներից դատական կազմը գտնում է, որ դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
3.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 48-րդ հոդվածի 3-5-րդ, 7-րդ և 8-րդ մասերի, 1499-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ
Հիշյալ դրույթները դիմողի նկատմամբ չեն կիրառվել:
ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասով, սահմանադրական վերոնշյալ դրույթին և դրա հիմքում ընկած սահմանադրական կոնկրետ վերահսկողության տրամաբանությանը համահունչ, սահմանվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, այդ թվում նաև նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման պայմանը։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասի «....իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի....» բառակապակցությունում «կիրառում» եզրույթը չի վերաբերում դատական ակտերում նորմատիվ իրավական ակտի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես նորմատիվ իրավական ակտի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես նորմատիվ իրավական ակտի դրույթի «կիրառում»: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1- ին մասում նշված որևէ պայմանի, այդ թվում նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման պայմանի բացակայությամբ պայմանավորված անհատական դիմում ներկայացրած անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Համանման իրավական դիրքորոշումներ արտահայտված են նաև Սահմանադրական դատարանի 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշմամբ և 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ:
3.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 48-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ մասերի, 1498–րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի վերաբերյալ
Հիշյալ դրույթների մասով դիմողը, ըստ էության, բարձրացնում է օրենսդրական բացի հարց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998թ. ՀՕ-247) 1498 հոդվածի 3-րդ մասի համաձայն նախնական դատական նիստն արձանագրվում է հիշյալ օրենսգրքի 22 գլխով սահմանված կարգով, որով սահմանվում է դատական նիստի արձանագրման ձևին, պարզ թղթային արձանագրության բովանդակությանը, արձանագրության վարմանը, ինչպես նաև պարզ գրավոր ձևով վարվող արձանագրության վերաբերյալ դիտողությունների ներկայացման կարգին և իրավական հետևանքներին վերաբերող կանոնները: Մասնավորապես, օրենսդիրը հնարավորություն է տալիս դատավարության մասնակիցներին ծանոթանալու պարզ թղթային եղանակով կազմված դատական նիստի արձանագրությանը և մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը դիտողություններ ներկայացնելու այն կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ: Ընդ որում արձանագրության վերաբերյալ դիտողություններն ուսումնասիրում է արձանագրությունն ստորագրած նախագահող դատավորը դրանք ներկայացնելու պահից երեք օրվա ընթացքում: Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին նախագահող դատավորը կայացնում է որոշում։
Այսինքն, չնայած այն հանգամանքին, որ օրենսդիրը չի նախատեսել ապացուցման պարտականության բաշխման մասին որոշման գրավոր ձև, այնուամենայնիվ, դատավարության մասնակիցներին տրվել է դատական նիստի արձանագրությանը ծանոթանալու, դրա վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու օրենսդրական հնարավորություն և դրա միջոցով նաև իրացնելու դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-864, ՍԴՈ-914,
ՍԴՈ-917, ՍԴՈ-922, ՍԴՈ-933, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1154, ՍԴՈ-1255
որոշումներով անդրադարձել է իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասությանը: Մասնավորապես, համաձայն հիշյալ որոշումների` իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և Սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Զարգացնելով իր հիշյալ իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը գտել է (14.09.2010թ. ՍԴՈ-914 որոշում), որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը:
Խնդրո առարկա գործի շրջանակներում առկա չէ Սահմանադրական դատարանի` վերոնշյալ որոշման մեջ ամրագրված որևէ պայման, որի առկայությամբ հնարավոր կլիներ դիմողի կողմից վկայակոչված օրենսդրական բացը քննության առնել Սահմանադրական դատարանում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Տիգրան Խաչատրյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող
Անդամներ
24 հոկտեմբերի 2018 թվականի
ՍԴԴԿՈ-3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հոկտեմբերի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-3
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
