ԼՅՈՒՍՅԱ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 հոկտեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 25 | ԼՅՈՒՍՅԱ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
10 հոկտեմբերի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ.Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Վ.
Պողոսյանի
Ա. Պետրոսյանի
Ուսումնասիրելով դիմող Լյուսյա Սամվելյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Լյուսյա Սամվելյանը 20.09.2011թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «...ՀՀ Սահմանադրության 6-րդ, 8-րդ, 14.1-րդ, 18-րդ, 19-րդ, 23-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 204.2 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 204.4 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները»։
Դիմումին կցված դատական ակտերի և դիմողի փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ա/ վիճարկվող դրույթների սահմանադրականությունը չի կարող գնահատվել այլ դրույթներից մեկուսացված, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է վիճարկվող դրույթները դիտարկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների հետ համակարգային փոխկապակցվածության մեջ։ Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի /այսուհետ օրենսգիրք/ 361 գլուխը «Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթը» վերտառությամբ, սահմանում է վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի թույլատրելիության չափանիշները, կարգադրության վարույթի անթույլատրելիության դեպքերը, վճարման կարգադրություն արձակելու դիմումին ներկայացվող պահանջները, դիմումի մերժման հիմքերը, վճարման կարգադրության բովանդակությունը և այլն։ Դիմողի կողմից վիճարկվող դրույթները վերաբերում են, մասնավորապես, կարգադրության վարույթի անթույլատրելիության չափանիշներից մեկին /դրամական պահանջը կապված է դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, օրենսգրքի 204.1-րդ հոդվածի 2- րդ մասի 1-ին կետ/, վճարման կարգադրություն արձակելու դիմումին ներկայացվող պահանջներից մեկին /հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռևս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են /օրենսգրքի 204.2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ/, դիմումի մերժման հիմքերից մեկին /պահանջը հաստատող ապացույցները կասկածելի են, օրենսգրքի 204.4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ/։ Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթը որպես հատուկ վարույթի տարատեսակ, դատարանների կողմից քննվում է օրենսգրքով նախատեսված դատավարության ընդհանուր կանոնների համաձայն, այն բացառություններով և լրացումներով, որոնք նախատեսված են օրենսգրքով։ Օրենսդիրը վարույթի այս տարատեսակի նկատմամբ սահմանել է որոշակի կանոններ և պահանջներ։ Ինչ վերաբերում է դիմողի կողմից վիճարկվող դրույթներին, ապա վերջիններիս սահմանադրաիրավական բովանդակությունը, դատական կազմի կարծիքով, որևէ խնդիր չի առաջացնում, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ դիմողը պատշաճ կերպով չի էլ հիմնավորել վերջիններիս ենթադրյալ հակասահմանադրականությունը, չի հիմնավորել նաև, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է,
բ/ դիմումի բովանդակության վերլուծությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ, նշելով, մասնավորապես, որ «…նույն ատյանի մեկ դատավորը անհիմն անվստահություն է հայտնում իր կոլեգա և նույն դատարանի մեկ այլ դատավորի կայացրած ու օրինական ուժ ստացած դատական ակտի նկատմամբ», կամ «…դատավորը պարտավոր էր գոնե իր կայացրած որոշման պատճառաբանական մասում մատչելի կերպով «ջրի երես» հանել իր կասկածների հիմնավորումները» և այլն։
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32- րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Դիմող Լյուսյա Սամվելյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
10 հոկտեմբերի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/1-25
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 հոկտեմբերի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-25
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
