ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 հունվարի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 1 | ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
11 հունվարի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Լիլիթ Մուսեյանի անհատական
դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Լիլիթ Մուսեյանը 2012թ. դեկտեմբերի 24-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «...ՀՀ Սահմանադրության 1-ին, 18, 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՀ «Վարչական դատավարության» ՀՕ-269-Ն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետը իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված մեկնաբանությամբ, ըստ որի դատարանը գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը որոշելիս չի ստուգում «օրենքի որակը»»։
Դատական կազմը հիմնվելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության վրա և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, գտնում է, որ գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունից բխում է, որ այդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետի լիազորությունն իրականացնելիս դատարանը, բացի այն, որ պետք է որոշի գնահատված ապացույցներով պարզված հանգամանքների շրջանակներում համապատասխան օրենքների, ենթաօրենսդրական և գերատեսչական իրավական ակտերի կազմը, այլև պետք է գնահատի արդյոք գործի փաստակազմին համապատասխանող ենթաօրենսդրական, այդ թվում գերատեսչական իրավական ակտերն առերևույթ չեն հակասում օրենքներին։ Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունից բխում է, որ այն պետք է կատարվի որոշակի սխեմայի պահպանմամբ, որի փուլերից է կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի հոդվածի տեքստի իսկության ստուգումը և վերլուծությունը օրինականության տեսակետից, կիրառման ենթակա իրավունքի նորմի գործողության ստուգումը ժամանակի մեջ, տարածության վրա և ըստ անձանց շրջանակի տեսակետից, կիրառման ենթակա իրավունքի նորմերի միջև հնարավոր կոլիզիաների լուծումը։
Ըստ դիմողի խնդրո առարկա հոդվածի դրույթների անհստակ, ոչ որոշակի ձևակերպված լինելու «օրենքի որակին» ներկայացվող պահանջները չբավարարելը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին։
Դատական կազմի կողմից դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դրա հեղինակը վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը փորձում է հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացը մատնանշելով։
Այս առնչությամբ անհրաժեշտ է նշել, որ օրենսդրական բացը որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010թ. փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը, նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ- 914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառ պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։ Փաստորեն, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, երբ կոնկրետ գործով միաժամանակ առկա են օրենսդրական բացի սահմանադրական դատարանի կողմից մատնանշված վերոնշյալ չափանիշները, այն է կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտում կամ այդ խախտման պոտենցիալ հնարավորություն և օրենսդրության մեջ այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքների բացակայություն, կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված հակասական իրավակիրառական պրակտիկա։
Այս համատեքստում, դատական կազմի կարծիքով, վիճարկվող դրույթն իր բովանդակությամբ սահմանադրաիրավական վեճ չի առաջացնում, և եթե առկա է օրենսդրական բաց, ապա այն լրացնելու մենաշնորհը, ելնելով սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումներից, օրենսդիր մարմնին է պատկանում, այսինքն վիճարկվող դրույթը չի կարող սահմանադրական դատարանում գործի քննության առարկա հանդիսանալ ենթադրյալ օրենսդրական բացի վիճարկման լույսի ներքո։
Դատական կազմը միաժամանակ արձանագրում է, որ վիճարկելով նշյալ դրույթի սահմանադրականությունը դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ Լիլիթ Մուսեյանի համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց, նման դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, դատական կազմը գտնում է, որ այս համատեքստում առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7- րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Լիլիթ Մուսեյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
11 հունվարի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/1-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հունվարի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
