ՎԻԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-36)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 դեկտեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 36 | ՎԻԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
27 դեկտեմբերի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Վիգեն Գրիգորյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Վիգեն Գրիգորյանը 2016թ. դեկտեմբերի 20-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.
«Վարչական դատավարության օրենսգրքի 131 հոդվածի 1 մասի դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3 հոդվածի, 61 հոդվածի, 63 հոդվածի 1 մասին հակասող և անվավեր այնքանով, որքանով բացառում է վարչական գործը վերահասցեագրելու վերաբերյալ վարչական դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելը»:
Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով բացառում է վարչական գործը վերահասցեագրելու վերաբերյալ վարչական դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելը, հակասում է ՀՀ Սահմանադրության 3 և 61-րդ հոդվածների, 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:
Դիմողը նշում է, որ երկու տարի շարունակ դատարանները քննել են գործը, դրանից հետո վարչական դատարանն ընդամենը մեկ դատական նիստով հանգել է այն եզրակացությանը, որ իր վեճը վերաբերում է ոչ թե հանրային
իրավահարաբերություններին, այլ ժառանգական իրավահարաբերություններին և ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին և զրկել է իրեն` գործը վերահասցեագրելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու հնարավորությունից, որը ոչ այլ ինչ է, քան իր` սահմանադրորեն երաշխավորված` անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտում: Ըստ դիմողի` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում գործը վերահասցեագրելու վերաբերյալ որոշման բողոքարկման իրական հնարավորություն, դատարանի կողմից գործը վերահասցեագրելու մասին որոշման կայացումն ըստ էության եզրափակում է վարչական գործի քննությունը, ավարտում գործի վարույթը` առանց բավարարման թողնելով իր ենթադրաբար խախտված իրավունքների խնդրանքով դատարան դիմած անձի պահանջը:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի քննության ընդունումը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
դիմումն ակնհայտ անհիմն է:
Սույն գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ ՀՀ վարչական դատարանը 2016 թվականի ապրիլի 13-ին որոշում է կայացրել գործը վերահասցեագրելու մասին: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը, գործի քննության ցանկացած փուլում պարզելով, որ տվյալ հայցադիմումի պահանջն ընդդատյա չէ իրեն, այն պատճառաբանված որոշմամբ վերահասցեագրում է ըստ ընդդատության: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131- րդ հոդվածը սահմանում է այն միջանկյալ ակտերի շրջանակը, որոնք ենթակա են բողոքարկման: Վերջինս այն իրավական միջոցն է, որը հնարավորություն է տալիս անձին անմիջական կարգով բողոքարկել վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը: Վարչական դատական ակտերի բողոքարկման մյուս հնարավորությունը «հետաձգված բողոքարկումն» է: Դիմողի կողմից վիճարկվող դրույթը նրա նկատմամբ կիրառվել է միջանկյալ դատական ակտով: ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում, մասնավորապես, 2010 թվականի սեպտեմբերի 28-ի ՍԴՈ-918 և 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922 որոշումներում անդրադարձել է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման հնարավորությանը` արձանագրելով, որ «... օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտերի շրջանակում` «հետաձգված բողոքարկում», և անմիջական բողոքարկում: Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»: Եվ քանի որ սույն գործի շրջանակներում վարչական դատարանի` գործը վերահասցեագրելու մասին որոշումը չի կասեցնում գործի հետագա ընթացքը, հետևաբար, միջանկյալ նման ակտերի բողոքարկման կարգի ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է: Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ի թիվս ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման, անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ է ակնկալում սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջն ինքնանպատակ չէ և համաձայն դրա վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով, ինչը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև, պահանջ, ինչը չի բավարարում Սահմանադրական դատարան ներկայացված խնդրո առարկա անհատական դիմումը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Վիգեն Գրիգորյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
27 դեկտեմբերի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/2-36
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 դեկտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-36
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
