«ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-79)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 նոյեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 79 | «ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 24 նոյեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Վ. Գրիգորյանի
Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով «ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊ ընկերությունը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 18-ին) խնդրելով. «ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581-Ն որոշման 40-րդ կետի «բ» ենթակետին դատական պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 3-րդ կետերի « /.../ որոշումը կարող է էական նշանակություն ունենալ /.../» և նույն հոդվածի երրորդ մասի 1-ին կետի «/.../ խաթարել է արդարադատության բուն էությունը /.../» բառակապակցություններին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները ճանաչել ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:
2. Ներկայացված դիմումով վիճարկվում է Կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 581-Ն որոշման 40-րդ կետի «բ» ենթակետին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանությունը: Դիմողը նշում է, որ վարչական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 11-ի վճռով կիրառել էր Կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 581-Ն որոշման 40-րդ կետի «բ» ենթակետը, մինչդեռ վերաքննիչ վարչական դատարանը, առհասարակ որևէ անդրադարձ չկատարելով Կառավարության վիճարկվող որոշումը սույն գործով կիրառելի չլինելու կապակցությամբ դիմողի փաստարկներին, ըստ էության, սխալ է մեկնաբանել հիշյալ իրավադրույթը, որն էլ իր հերթին հակասում է Սահմանադրության 75-րդ և 79-րդ հոդվածներին: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից այդ նորմերին տրված մեկնաբանությունները, հակասելով Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված իրավական որոշակիության սկզբունքին, խախտել են դիմողի Սահմանադրության 61-րդ հոդվածով և 63-րդ հոդվածով ամրագրված իրավունքներն այնքանով, որ թեև վճռաբեկ բողոքում ներկայացվել է այն վարույթ ընդունելու համար օրենսդրի կողմից սահմանված անհրաժեշտ և բավարար պայմանների առկայությունը, սակայն Վճռաբեկ դատարանը, օգտվելով քննարկվող իրավադրույթներում օգտագործված «էական նշանակություն» բառակապակցության անորոշությունից, կամայականորեն մեկնաբանելով դրանք, ըստ էության, խափանել է անձի իր իրավունքների պաշտպանության համար ձեռնարկված միջոցները: Հետևաբար, ըստ դիմողի դատական պրակտիկայում առկա է իրավիճակ, երբ յուրաքանչյուր դեպքում Վճռաբեկ դատարանը հնարավորություն ունի կամայականորեն, սեփական նախաձեռնությամբ և առանց տվյալ բողոքը մերժելու համար իրավական նշանակություն ունեցող փաստարկների մատնանշման մերժել կոնկրետ գործով բերված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը, քանի որ, ըստ դիմողի, օրենսդիրը չի բացահայտել, թե որոնք են «արդարադատության բուն էություն» հասկացության սահմանները, և հատկապես ի՞նչ իրավական և փաստական հանգամանքների առկայությամբ կամ բացակայությամբ է եկել եզրահանգման, որ կոնկրետ գործով վճռաբեկ բողոքի վարույթը ենթակա է մերժման:
3. Ելնելով դիմումի և դրան կից նյութերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 581-Ն որոշման 40-րդ կետի «բ» ենթակետի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմումով ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունից բխում է, որ սույն դրույթի առնչությամբ դիմողի կողմից, ըստ էության, վիճարկվում է վերաքննիչ վարչական դատարանի գործողությունների և դրանց արդյունքում կայացված դատական ակտի իրավաչափությունը: Մասնավորապես դիմողը նշում է. «...Վերաքննիչ վարչական դատարանը, առհասարակ որևէ անդրադարձ չկատարելով քննարկվող որոշումը սույն գործով կիրառելի չլինելու կապակցությամբ Ընկերության ներկայացուցչի փաստարկներին, ըստ էության սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 20.09.2000թ. թիվ 581-Ն որոշման 40-րդ կետի «բ» ենթակետը և 34.5-րդ կետը ...»: Այսինքն դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները հանգում են նրան, որ իր թիվ ՎԴ/3104/05/19 վարչական գործով Կառավարության թիվ 581-Ն որոշումը կիրառելի չի եղել, մինչդեռ վերաքննիչ վարչական դատարանը 2021 թվականի հունվարի 14-ի որոշմամբ չի անդրադարձել այդ իրավական ակտի հիշատակված դրույթների կիրառելի չլինելու կապակցությամբ դիմողի ներկայացուցչի կողմից ներկայացված փաստարկներին: Վերոգրյալից բխում է, որ սույն դիմումի շրջանակներում ձևականորեն բարձրացնելով Կառավարության 581-Ն որոշման 40-րդ կետի «բ» ենթակետի սահմանադրականության հարց դիմողի կողմից, ըստ էության, վիճարկվում է վերաքննիչ վարչական դատարանի գործողությունների, ինչպես նաև կայացրած դատական ակտի վերաքննիչ վարչական դատարանի 2021 թվականի հունվարի 14-ի որոշման իրավաչափությունը, իսկ այդպիսի դիմումները, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: 3.2. Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 3-րդ կետերում ամրագրված «էական նշանակություն ունենալու» և «արդարադատության բուն էության խաթարում» հասկացությունների գնահատողական կատեգորիա լինելուն, ապա Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ չնայած օրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջին, դրանք օրենքներին ներհատուկ ընդհանրական ձևակերպումների առումով բնականաբար չեն կարող նախատեսել իրավահարաբերության բոլոր մանրամասներն ու տարրերը և կոնկրետ իրավահարաբերության բնույթով պայմանավորված հանգամանքների կարգավորման խնդիրը դատական մեկնաբանության և կիրառման դատարանների լիազորությունների տիրույթում կախված գործի կոնկրետ հանգամանքներից: Սահմանադրական դատարանն իր 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: (...) օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»: Վերոնշյալից բխում է, որ Վճռաբեկ դատարանը, ստանալով վճռաբեկ բողոք, յուրաքանչյուր դեպքում գնահատում է վճռաբեկ բողոքում որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մատնանշված հիմքի առկայությունը կամ բացակայությունը, և ըստ այդմ կայացնում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու մասին որոշում: Ընդ որում այդ հիմքերից յուրաքանչյուրի առկայությունը կամ բացակայությունը Վճռաբեկ դատարանի կողմից ենթակա է գնահատման յուրաքանչյուր գործով առանձին ելնելով նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումներից, որոնք, ըստ բողոք բերող անձի, հիմք են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար: Ողջ վերոգրյալից բխում է, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 3-րդ մասի 1-ին կետի անորոշության պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավորություն է ստանում սեփական հայեցողությամբ լուծել կոնկրետ գործով բողոքը վարույթ ընդունելու հարցը, անհիմն է, պատճառահետևանքային կապի մեջ չէ դիմողի սահմանադրական որևէ իրավունքի խախտման հետ, հետևաբար դիմումի ընդունումն այս դրույթների մասով ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և նույն հոդվածի 6-րդ մասի դրույթներով, հիմնվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Վ. Գրիգորյան
Անդամներ Ե. Խունդկարյան
Ա. Թունյան
24 նոյեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-79
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 նոյեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-79
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
