««ԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-170)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 նոյեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 170 | ««ԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2024 թվականի հոկտեմբերի 16-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության (ի դեմս «ԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Կարապետյանի, այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության համատեքստում այն մասով, որը չի նախատեսում հասարակական կազմակերպության կողմից իր կանոնադրական նպատակների շրջանակներում սպառող հանդիսացող իր շահառուների իրավունքների պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու իրավունք, ճանաչել ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին, 45-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերին, 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին և 86-րդ հոդվածի 9-րդ կետին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/40495/02/23 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ դատարանները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը մեկնաբանում են այնպես, որ հասարակական կազմակերպությունը կարող է դիմել քաղաքացիական դատարան միայն այն դեպքում, երբ անմիջականորեն խախտվել է տվյալ հասարակական կազմակերպության իրավունքը, եթե հայցը չի առնչվում շրջակա միջավայրի պահպանությանը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:
Դիմողի պնդմամբ՝ ըստ ՀՀ օրենքների, ինչպես նաև ՀՀ դատարանների կողմից տրված մեկնաբանության՝ շրջակա միջավայրի պահպանությամբ և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ չզբաղվող հասարակական կազմակերպությունները ներկայում զրկված են իրենց շահառուների իրավունքների դատական պաշտպանության հնարավորությունից, այսինքն՝ սահմանափակված է սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների՝ իրենց շահառուների իրավունքների պաշտպանության հայցերով դատարան դիմելու իրավունքը:
Դիմողը գտնում է, որ օրենքով հասարակական կազմակերպությունների մի դասակարգի համար սահմանված է հնարավորություն՝ իրենց շահառուների իրավունքների պաշտպանության հայցով դիմելու դատարան, իսկ մյուսների համար՝ ոչ, այն պայմաններում, որ չկա որևէ օբյեկտիվ հիմք նման տարբերակման համար: Ըստ Դիմողի՝ նման անհավասար մոտեցման արդյունքում ոչ միայն հասարակական կազմակերպություններն են հայտնվում խտրական և տարբերակված իրավիճակում, այլ նաև այդ կազմակերպությունների շահառու հանդիսացող անձինք, քանի որ անձանց որոշ շրջանակի համար առկա է հասարակական կազմակերպությունների կողմից իրենց իրավունքների դատական պաշտպանության գործիքակազմ, իսկ մյուսների համար՝ այն իսպառ բացակայում է:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Դիմողը եզրահանգում է, որ նշված տարբերակված մոտեցումը հասարակական կազմակերպությունների և նրանց շահառուների նկատմամբ հանգեցնում է Սահմանադրության 29-րդ և 86-րդ հոդվածների խախտման:
Դիմողը գտնում է, որ հասարակական կազմակերպությունը, որպես կանոնադրական նպատակ սահմանելով սպառողների իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ պաշտպանությունը պետական մարմիններից, հանձնառություն է ստանձնել` պաշտպանելու սպառողներին պետական մարմինների ապօրինի գործողություններից, այդ թվում՝ դատարաններում հանդես գալու միջոցով: Դիմողի պնդմամբ՝ հենց այստեղ է դրսևորվում հասարակական կազմակերպության իրավական շահագրգռվածությունը, քանի որ նման երևույթների դեմ պայքարելն այդ կազմակերպության ստեղծման նպատակը և առաքելությունն է: Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ հասարակական կազմակերպություններին դատարաններում շահառուների իրավունքների պաշտպանության իրավունք չտրամադրելու պարագայում ամբողջությամբ կարժեզրկվի այդ կազմակերպությունների ստեղծման և գոյության տրամաբանությունը:
Դիմողն ընդգծում է, որ թիվ ԵԴ2/40495/02/23 քաղաքացիական գործի շրջանակներում խոսքը վերաբերում է ոչ թե ենթադրյալ մեկ կամ երկու սպառողի իրավունքի պաշտպանությանը, այլ անորոշ թվով անձանց իրավունքները ոտնահարելու ռիսկի հետ կապված իրավիճակին, որի պարագայում օրենսդրությամբ առկա չէ սպառողների պաշտպանության ավելի արդյունավետ այլ ձև կամ եղանակ, քան հասարակական կազմակերպության միջոցով վտանգ ստեղծող ակտը բողոքարկելը, քանի որ գործնականում հնարավոր չէ կազմակերպել մոտ երկու միլիոն մարդու կողմից կոլեկտիվ հայցի ներկայացումը ՀՀ դատարան։
Դիմողը նշում է, որ հասարակական կազմակերպության` դատարան դիմելու իրավունքի սահմանափակման դեպքում, ի խախտումն ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի, անուղղակի կերպով սահմանափակվում, կասեցվում և արգելվում է միավորումների ազատությունը:
Ըստ Դիմողի՝ եթե հասարակական կազմակերպությունը զրկվել է իր հիմնական իրավունքներից մեկից՝ իր շահառուների իրավունքները դատական կարգով պաշտպանելու իրավունքից, վստահաբար առկա է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, քանի որ անհասկանալի է, թե ո՞րն է դրա իրավաչափ նպատակը: Այս համատեքստում Դիմողը բարձրացնում է հարցադրում առ այն, թե ինչու՞ է որոշվել ընտրել հասարակական կազմակերպության` դատարան դիմելու իրավունքը սահմանափակելու տարբերակն այն դեպքում, երբ առկա է այդ կազմակերպության բազմաթիվ շահառուների իրավունքների ոտնահարման իրական վտանգ:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի (տվյալ պարագայում նաև՝ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված ենթադրյալ մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված ենթադրյալ մեկնաբանությունը, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված ենթադրյալ մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 29-րդ հոդվածին, 45-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերին, 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 86-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.
Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված ենթադրյալ մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 45, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար` այլոց հետ ազատորեն միավորվելու, ներառյալ՝ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված ենթադրյալ մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված ենթադրյալ մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 45, 61 և 63-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ:
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 29-րդ հոդվածին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 86-րդ հոդվածի 9-րդ կետին, ապա Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն ամրագրված է Սահմանադրության՝ «Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները» վերտառությամբ 3-րդ գլխում: Մինչդեռ՝ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:
Արդյունքում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված ենթադրյալ մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասությունը Սահմանադրության 45, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար նաև՝ Սահմանադրության 29-րդ հոդվածին:
Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:
Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««ԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
1 նոյեմբերի 2024 թվականի
ՍԴԱՈ-170
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-170
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
