«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 ապրիլի 2024թ. ՍԴԴԿՈ - 17 | «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 19 ապրիլի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի
Վ.Գրիգորյանի
Քննության առնելով «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մարտի 13-ին։ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.
«Դիմումի ընթացքի և ընդունելիության հարցը որոշելիս մեկնաբանել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 25 րդ հոդվածի (Դիմումին կցվող նյութերը) 2 րդ մասի 2 րդ կետում գործածվող «մասնագիտացված դատարան» եզրույթը լայն իմաստով՝ դասելով Սահմանադրական դատարանը մասնագիտացված դատարանների թվին:
(...) Սահմանադրության 61 րդ հոդվածի 1 ին մասին, 63 րդ հոդվածի 1 ին մասին և 64 րդ հոդվածի 1 ին մասին, 169 րդ հոդվածի 1 ին մասի 8 րդ կետին հակասող և անվավեր ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 րդ հոդվածի 1 ին, 3 րդ և 5 րդ մասերն իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Սահմանադրական դատարան անհատական դիմումով դիմելու ժամկետը բոլոր դեպքերում պետք է հաշվարկվի այն օրվանից, երբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված է տվյալ գործը լուծող վերջնական դատական ակտ, որն ինքնին չի ենթադրում գործի ելքի վրա ազդող հետագա դատավարական ընթացք (օրինակ՝ գործի նոր քննություն ստորադաս դատական ատյանի կողմից, շտկված բողոքի ներկայացման հնարավորություն), անգամ եթե անհատական դիմումով Սահմանադրական դատարան դիմելու ինքնուրույն հիմքն առաջացել է տվյալ գործի շրջանակներում հետագայում կատարված առանձին գործողությամբ:
(...) Սահմանադրության 61 րդ հոդվածի 1 ին մասին, 63 րդ հոդվածի 1 ին մասին և 64 րդ հոդվածի 1 ին մասին, 169 րդ հոդվածի 1 ին մասի 8 րդ կետին հակասող և անվավեր ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 րդ հոդվածը՝ բաց թողնված դատավարական ժամկետը Սահմանադրական դատարանի կողմից վերականգնելու և այդ մասին սահմանադրական դատավարության մասնակցի կողմից համապատասխան միջնորդությամբ հանդես գալու հնարավորություն չնախատեսելու մասով:
(...) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 25 րդ հոդվածի (Դիմումին կցվող նյութերը) 2 րդ մասի 2 րդ կետի դրույթներով վերջնական դատական ակտ կայացրած դատական ատյանների շրջանակի սահմանափակումն ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններով և դրանց կազմի մեջ (i) վարչական դատարանը, (ii) վերաքննիչ դատարանները, (iii) Վճռաբեկ դատարանը և (iv) Սահմանադրական դատարանը չներառելը ճանաչել Սահմանադրության 169 րդ հոդվածի 1 ին մասի 8 րդ կետին, ինչպես նաև 1-6 րդ, 61 րդ, 63 րդ, 75 րդ, 163 րդ, 167 րդ հոդվածներին հակասող և անվավեր,
(...) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 25 րդ հոդվածի (Դիմումին կցվող նյութերը) 2 րդ մասի 2 րդ կետի դրույթներով վերջնական դատական ակտով կիրառված իրավական ակտերի շրջանակի սահմանափակում միայն օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերի չհիշատակելը ճանաչել Սահմանադրության 169 րդ հոդվածի 1 ին մասի 8 րդ կետին, ինչպես նաև 1-6 րդ, 61 րդ, 63 րդ, 75 րդ, 163 րդ, 167 րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը նշում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 25 րդ հոդվածի 2 րդ մասի 2 րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանության պարագայում Սահմանադրական դատարանը պետք է դիտվի որպես մասնագիտացված դատարան՝ Օրենքի իմաստով, քանի որ այն ըստ էության այնպիսի դատարան է, որը մասնագիտացած է սահմանադրական արդարադատություն իրականացնելու ոլորտում (այնպես, ինչպես վարչական դատարանը վարչական արդարադատության կամ սնանկության դատարանը սնանկության ոլորտներում):
Դիմողը գտնում է, որ տվյալ պարագայում Օրենքում օգտագործվող «մասնագիտացված դատարան» եզրույթն ակնհայտորեն պետք է մեկնաբանվի լայն իմաստով՝ ներառելով Սահմանադրական դատարանը, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարան չհանդիսացող բոլոր այլ դատարանները (այդ թվում՝ Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, վարչական դատարանը և այլն):
Միաժամանակ, ըստ Դիմողի՝ Օրենքի 25 րդ հոդվածի 2 րդ մասի 2 րդ կետում օգտագործված «մասնագիտացված դատարան» եզրույթը չի կարող մեկնաբանվել նեղ իմաստով՝ տառացի կերպով, այն պետք է մեկնաբանվի լայն իմաստով, և նման մեկնաբանությունն ակնհայտորեն կարող է և պետք է ներառի ոչ միայն Վճռաբեկ, վերաքննիչ և վարչական դատարանները, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նշված այլ մասնագիտացված դատարանները (սնանկության դատարանը և հակակոռուպցիոն դատարանը), այլ նաև Սահմանադրական դատարանը:
Դիմողը գտնում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի նման մեկնաբանումը (ինչպես նաև բաց թողնված ժամկետի վերականգնման հնարավորություն Օրենքով չնախատեսելը) ակնհայտորեն հակասում է Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքներին:
Դիմողի կարծիքով՝ յուրաքանչյուր անձ պետք է կարողանա վստահ լինել, որ եթե խախտվում են նրա սահմանադրական իրավունքները, նա պետք է կարողանա ապավինել Սահմանադրական դատարանին դրանց պաշտպանության հարցում, և եթե բաց է թողնում Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետներն իրենից անկախ պատճառներով, ապա պետք է իրավունք և գործնական հնարավորություն ունենա դիմելու Սահմանադրական դատարան դատավարական ժամկետները վերականգնելու միջնորդությամբ, ինչպիսի հնարավորությունն Օրենքն ակնհայտորեն չի նախատեսում:
Դիմողի պնդմամբ՝ եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ Օրենքի 25 րդ հոդվածի 2 րդ մասի 2 րդ կետը թույլ չի տալիս այնպիսի մեկնաբանություն, ըստ որի՝ դրանում կիրառված «մասնագիտացված դատարան» եզրույթը ներառում է Սահմանադրական դատարանը, ապա Սահմանադրական դատարանը պետք է համարի, որ հիշյալ դրույթը հակասում է Սահմանադրությանը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանա-դրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրակացնում է.
Սահմանադրական դատարան դիմելու և Սահմանադրական դատարանում իր դատավարական իրավունքներն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով՝ ելնելով Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։
Սահմանադրական դատարանը 2020 թվականի նոյեմբերի 23-ի ՍԴԱՈ-215 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) դատական (այդ թվում՝ սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման՝ օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով և պարտականություններով։ Հետևաբար՝ դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով»։
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում։ Ըստ այդմ, այդ դատարաններում դատավարության հիմնական սուբյեկտներին՝ դատարաններին և դատավարության կողմերին է հնարավորություն ընձեռվում սահմանադրական դատարան դիմելու միջոցով ապահովել այդ նպատակի իրացումը։ Նման կերպով ապահովվում է նաև արդարադատության ողջ համակարգի գործառնական դինամիկ հավասարակշռությունը։
Բացի դրանից, կոնկրետ սահմանադրական վերահսկողության բնորոշ գծերին համահունչ՝ ՀՀ ներպետական օրենսդրությունը նախատեսել է շահագրգիռ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը, ինչը լիարժեքություն և արդյունավետություն է հաղորդում սահմանադրական դատարանում անհատական դիմումի հիման վրա անձի սահմանադրական իրավունքների՝ որպես անմիջականորեն գործող իրավունքների, պաշտպանությանը: Մինչդեռ սահմանադրական դատարանի ակտերը, այդ թվում՝ նաև դատական կազմերի որոշումները, վերանայման ենթակա չեն»։
Դիմողի կողմից վիճարկվող դրույթն իր նկատմամբ կիրառվել է Սահմանադրական դատարանի դատական կազմի 2023 թվականի սեպտեմբերի 11-ի ՍԴԴԿՈ-37 որոշմամբ, որը վերանայման ենթակա չէ: Ընդ որում՝ Սահմանադրական դատարանի դատական կազմի որոշման վերանայման ենթակա չլինելու պահանջը բխում է նաև Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի ընդհանուր տրամաբանությունից. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված է կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ՝ առաջացնելով իրավական հետևանք, այն է՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով վերանայելու հնարավորություն։
Թեև հիշյալ նորմով նախատեսվում է դատական ակտի՝ նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայման հնարավորություն, այնուամենայնիվ վերոնշյալը չի կարող տարածվել Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների, այդ թվում՝ դատական կազմերի որոշումների վրա այն պատճառաբանությամբ, որ դրանք ենթակա չեն բողոքարկման՝ պայմանավորված համապատասխան կառուցակարգերի և/կամ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների վերանայման ինստիտուտի բացակայությամբ:
Սահմանադրական դատարանի որոշումներով, այդ թվում նաև՝ դատական կազմերի որոշումներով կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթը չի կարող լինել կոնկրետ սահմանադրական վերահսկողության առարկա: Հետևաբար՝ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի կողմից ներկայացվող անհատական դիմումով վիճարկման ենթակա չէ Սահմանադրական դատարանի կողմից կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի (դրույթների) սահմանադրականությունը։
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի պահպանել անհատական դիմում ներկայացնելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները:
Հետևաբար՝ Դիմողը դուրս է եկել Սահմանադրությամբ և Օրենքով իրեն վերապահված կոնկրետ գործով իր նկատմամբ կիրառված օրենսդրական նորմի սահմանադրականությունը պարզելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի իրացման թույլատրելի սահմաններից:
Վերոշարադրյալի լույսի ներքո, նաև հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը՝ հարկ է արձանագրել, որ տվյալ պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Հետևաբար՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Վաղարշյան
Անդամներ՝ Հ. Հովակիմյան
Վ. Գրիգորյան
19 ապրիլի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-17
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 ապրիլի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-17
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
