ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 մայիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 27 | ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 29 մայիսի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Ա. Գյուլումյանի
Հ. Նազարյանի
Քննության առնելով Արթուր Սաքունցի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արթուր Սաքունցը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի մայիսի 14-ին)` խնդրելով. «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենսգրքի 10-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասին իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ հանդերձ այնքանով, որքանով նորմը նախատեսում է «վճար» եզրույթի լույսի ներքո «պարտադիր» եզրույթը ճանաչել ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր»:
2. Դիմողը գտնում է, որ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենք ընդունելով և յուրաքանչյուր ամիս աշխատանքային պայմանագրով աշխատող անձից 1000 դրամ պարտադիր փոխանցելով որպես դրոշմանիշային վճար պետությունն իր պարտականությունների մի մասը, այն է օրենքում նախատեսված անձանց բուժման ու սոցիալական վերականգնման մասով, թողնում է աշխատող անձանց վրա: Այսպիսով, ըստ դիմողի` օրենքը նման ձևակերպմամբ ընդունելը խախտում է անձի սեփականության իրավունքն ազատ տնօրինելու իր իսկ հայեցողությունը:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի, այդ թվում` դատական ակտերի, նախնական ուսումնասիրության արդյունքներից, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում նաև հիշյալ օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Հիշյալ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 14.11.2018 թվականի որոշմամբ Արթուր Սաքունցի և նրա ներկայացուցիչներ Անի Չատինյանի ու Արայիկ Զալյանի բերած վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության: Մասնավորապես, հիշյալ որոշմամբ ամրագրվել է. «Վճռաբեկ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը, գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե չեն վերացվել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները, կամ բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ: Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.10.2018 թվականի որոշմամբ Համահայցվորների անունից նախկինում բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքում չեն նշվել բողոք բերող անձանց անունները և հասցեները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը, ինչպես նաև` հայցագինը, առանց որի անհնար է որոշել պետական տուրքի չափը, այդ թվում` դիրքորոշում հայտնել վճռաբեկ բողոքին կից ներկայացված` վճռաբեկ բողոք բերելու համար վճարված պետական տուրքն օրենքով սահմանված չափով վճարված լինելու վերաբերյալ: Ընդ որում, վճռաբեկ բողոք բերած անձինք տեղեկացվել են, որ հաշվի առնելով այն, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացվել է Համահայցվորների անունից, ուստի նման պայմաններում վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հետ կապված ծախսը պետք է կրի վճռաբեկ բողոք ներկայացրած հայցվորներից յուրաքանչյուրը: Միաժամանակ սահմանվել է ժամկետ այդ թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: Այժմ, կրկին վճռաբեկ բողոք են ներկայացրել միայն Արթուր Սաքունցը և նրա ներկայացուցիչները, ովքեր վերացրել են վերը նշված որոշմամբ արձանագրված թերություններից միայն մեկը` կրկին ներկայացված վճռաբեկ բողոքում նշելով բողոք բերող անձանց անունները և հասցեները, սակայն չեն վերացրել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.10.2018 թվականի Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված մյուս թերությունները` վճռաբեկ բողոքում կրկին չեն նշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը, ինչպես նաև` հայցագինը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության»: Վերոնշյալը վկայում է, որ դիմողը, ըստ էության, օրենքով սահմանված և Վճռաբեկ դատարանի կողմից փաստված պահանջներին համապատասխան վճռաբեկ բողոք չի ներկայացրել Վճռաբեկ դատարան, հետևաբար պատշաճ կարգով չի օգտվել դատական պաշտպանության այդ միջոցից, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արթուր Սաքունցի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
29 մայիսի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-27
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 մայիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-27
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
