«ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-66)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 նոյեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 66 | «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 30 նոյեմբերի 2022թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ե. Խունդկարյանի
է. Շաթիրյանի
Քննության առնելով ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Թեղուտ» ՓԲԸ-ն (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի նոյեմբերի 15-ին) խնդրելով. ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, [ճանաչել] Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/7612/05/17 վարչական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը փաստում է, որ նշված վարչական գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2022 թվականի մայիսի 19-ին կայացված որոշմամբ իր նկատմամբ կիրառված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ակնհայտ միջամտություն է տեղի ունենում իր Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասով և 60-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված տնտեսական գործունեության ազատության և սեփականության հիմնական իրավունքների նկատմամբ: Դիմողը նշում է, որ (…) Վճռաբեկ դատարանը Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում հաղորդել է հակասահմանադրական բովանդակություն առ այն, որ մասնավոր իրավահարաբերություններում պետությունն իրավասու է պայմանագրային խախտումներն արձանագրել և դրա համար պատասխանատվություն սահմանել Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով վարչական ակտով առանց օրենքով նախատեսված հատուկ կանոնակարգումների առկայության: Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ուղղակի հակասության մեջ է մտնում նաև Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1530 որոշման հետ (…)»: Ըստ Դիմողի (…) Վճռաբեկ դատարանը Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը (…) դիտարկում է որպես իրավական հիմք մասնավոր իրավահարաբերությունների շրջանակներում ստուգումներ անցկացնելու ու պատասխանատվության վերաբերյալ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ: Արդյունքում մասնավոր անձինք, պետության հետ մասնավոր իրավահարաբերությունների շրջանակներում պայմանագրեր կնքելիս, պայմանագրային պարտավորությունների վերաբերյալ վեճ առաջանալիս, պետք է հաշվի նստեն այն հանգամանքի հետ, որ վեճը լուծվելու է ոչ թե ընդհանուր իրավասության դատարանում կողմերի հավասարության պայմաններում, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից միակողմանի իշխանական գործողությունների կատարմամբ, որոնք միայն հետին թվով (post factum) կարող են դառնալ դատական քննության առարկա վարչական դատարանում»: Դիմողը փաստում է, որ մասնավոր և հանրային իրավահարաբերությունների տարանջատման պայմանների նման փոփոխությունը հանգեցնում է տնտեսական գործունեության ազատության խախտման, որով հիմնավորվում է վիճարկվող օրինադրույթի և հիմնական իրավունքի խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապը: Դիմողը նշում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, խաթարում է նաև իր Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը, քանի որ գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ենթարկվում են անհամաչափ և անարդարացի սահմանափակման: Դիմողի պնդմամբ տվյալ մեկնաբանության հետևանքով մասնավոր իրավահարաբերություններում հնարավոր է դառնում անձին պատասխանատվության (տվյալ դեպքում նյութական) ենթարկել վարչական ակտի միջոցով: Ըստ Դիմողի նման պարագայում ինքը չի կարող նախորոշել իր նյութական միջոցների տնօրինումը, քանի որ մշտապես առկա է լինում ստուգումներ անցկացնելու և դրա արդյունքում միակողմանի կերպով վարչական ակտ ընդունելու հնարավորություն սահմանելով վճարման պարտականություն, որն էլ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխի շրջանակներում կարող է դառնալ հարկադիր կատարման հիմք:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Միևնույն ժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սույն դիմումի, ինչպես նաև դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում հարկ է արձանագրել, որ սույն գործով Դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/7612/05/17 վարչական գործով 2022 թվականի մայիսի 19-ին կայացրած որոշմամբ բավարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության: Այսինքն` սույն գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան նոր քննության, և ներկայում դեռևս քննվում է դատական կարգով, հետևաբար Դիմողը սույն գործով չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, ուստի Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Թեղուտ» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ` Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
30 նոյեմբերի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-66
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 նոյեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-66
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
