Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3424 օգոստոսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-34)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 օգոստոսի 2023թ. ՍԴԴԿՈ - 34 | ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 24 օգոստոսի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Թովմասյանի

Անդամակցությամբ Հ. Հովակիմյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով Արուսյակ Ալեքսանյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արուսյակ Ալեքսանյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի օգոստոսի 7-ին) խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված արդար դատաքննության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կարող է պարունակել միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում առանց այդպիսի եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքի արձանագրման, մասնավորապես առանց հստակ անդրադառնալու հատուկ վերանայման վճռաբեկ բողոքում նշված բոլոր այն հանգամանքներին և փաստարկներին, որոնք կարող են որոշիչ լինել գործի համար, և առանց հաստատելու այն, որ այդ հանգամանքների և փաստարկների կապակցությամբ Վճռաբեկ դատարանի համար ընդունելի են ստորադաս դատարանների դիրքորոշումները»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ հիշյալ գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասին Վճռաբեկ դատարանի կողմից փաստացի տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կարող է պարունակել միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում առանց այդպիսի եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքի արձանագրման, հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքի բովանդակությանը այնքանով, որքանով նման մեկնաբանությամբ թույլատրելի է համարվում հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելը առանց կոնկրետ գործով փաստերի և իրավունքի վերաբերյալ ողջամիտ ու համոզիչ պատճառաբանության, այն է առանց գործի լուծման համար նշանակություն ունեցող և կողմի ներկայացրած փաստի կամ իրավունքի հարցերի վերաբերյալ փաստարկները մերժելու մասին դատողությունների ընթացքի և դրանց եզրահանգման առկայության: Արդար դատաքննության հիմնական իրավունքի և դրա բաղադրատարր հանդիսացող դատական ակտի պատճառաբանվածության պահանջի վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած մի շարք իրավական դիրքորոշումներ վկայակոչելով Դիմողը գտնում է, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, և թեև Վճռաբեկ դատարանն ունի հայեցողություն որոշելու հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանությունների ծավալը և խորությունը, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանի նշված հայեցողությունը չի կարող հիմք հանդիսանալ տվյալ որոշումը պատճառաբանելու» այն կերպ, որ դրանում արձանագրվի բացառապես հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգումը առանց այդպիսի եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքի արձանագրման, այսինքն առանց հստակ անդրադառնալու հատուկ վերանայման վճռաբեկ բողոքում նշված բոլոր այն հանգամանքներին և փաստարկներին, որոնք կարող են որոշիչ լինել գործի համար, և առանց հաստատելու այն, որ այդ հանգամանքների և փաստարկների կապակցությամբ Վճռաբեկ դատարանի համար ընդունելի են ստորադաս դատարանների դիրքորոշումները: Ըստ Դիմողի այն դեպքում, երբ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պարունակում է պարզապես արձանագրում բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին, ապա տվյալ որոշումը չի բավարարում դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը, հետևաբար ուղղակիորեն խախտում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը նկատի ունենալով, որ

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության դատարանում դատավարության մասնակից,

բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող Հ. Թովմասյան

Անդամներ Հ. Հովակիմյան

Վ. Գրիգորյան

24 օգոստոսի 2023 թվականի

ՍԴԴԿՈ–34

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 օգոստոսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-34
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել