Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵՄԴ/0462/02/13
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵՄԴ/0462/02/13

Վճռաբեկ դատարանԵՄԴ/0462/02/133 հուլիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բանկի ընդդեմ <<Արտադրատպագրական>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), երրորդ անձ <<Դանհիս>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի` անշարժ գույքից վտարելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությանը, Կազմակերպությանը և Վաղարշակ Համբարձումյանին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Ծ. Իսակովի պողոտայի թիվ 48

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0462/02/13

Նախագահող դատավոր`

Ա. Պետրոսյան

Դատավորներ`

Լ. Գրիգորյան

Ն. Բարսեղյան

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0462/02/13

2019թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2019 թվականի հուլիսի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Բանկի ընդդեմ <<Արտադրատպագրական>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), երրորդ անձ <<Դանհիս>> ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի` անշարժ գույքից վտարելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությանը, Կազմակերպությանը և Վաղարշակ Համբարձումյանին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Ծ. Իսակովի պողոտայի թիվ 48/5 հասցեի շինությունից և տարածքն ազատել նրանց պատկանող գույքից:

2

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 19.11.2015 թվականի արձանագրային որոշմամբ Կազմակերպության սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանը ներգրավվել է որպես երրորդ անձ: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 09.12.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթը՝ պատասխանողներ Կազմակերպության, Վաղարշակ Համբարձումյանի մասով, կարճվել է հայցից հրաժարվելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2017 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 09.12.2016 թվականի վճիռը` Ընկերությանը Երևանի Ծ. Իսակովի պողոտա թիվ 48/5 հասցեում գտնվող շինությունից և տարածքից վտարելու մասով, բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչ Վահե Հովսեփյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականի ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը հաստատել է, որ վեճի առարկա տարածքը հանդիսանում է հայցվորի սեփականությունը՝ համաձայն սեփականության իրավունքի գրանցման վկայականի, հետևաբար այն տիրապետելու իրավունքը նույնպես պատկանում է հայցվորին:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Դատարանը չի պարզել, թե արդյոք Ընկերությունը վիճելի տարածքի որևէ մասը տիրապետում է օրինական հիմքերով, քանի որ հիշյալ տարածքը մինչև Բանկի սեփականություն դառնալը 3.444,3քմ մակերես է ունեցել, իսկ Բանկի սեփականությունը դարձել է 3.704,7քմ մակերես, հաշվի չի առել, որ վիճելի տարածքն ավելացած չափով հայցվորի սեփականությունը լինելու հանգամանքը չի կարող պատասխանողին հնարավորություն տալ վիճելի տարածքի որևէ մաս տիրապետել օրինական հիմքով:

Ավելին` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն քաղաքացիաիրավական վեճը վերաբերում է Երևանի Ծ. Իսակովի պողոտայի թիվ 48/5 հասցեից վտարմանը և թիվ 48, թիվ 48/3 հասցեների՝ Ընկերության կողմից տիրապետման հանգամանքը սույն գործի լուծման համար չի կարող էական նշանակություն ունենալ, հատկապես այն պարագայում, որ սույն քաղաքացիական գործով 25.11.2016 թվականի դատական նիստի ընթացքում Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ վեճի առարկա տարածքը տիրապետում է և այնտեղ առկա է որոշակի շարժական գույք:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.12.2016 թվականի վճռին:

3

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն հանգել է հետևության, որ Դատարանը վճռով հաստատել է ընդամենը մեկ փաստ, այն է՝ Բանկի սեփականատեր լինելու հանգամանքը, մինչդեռ Դատարանը պետք է պարզեր նաև պատասխանողի կողմից վեճի առարկա գույքն ապօրինի տիրապետելու փաստը:

Բացի այդ, գործում առկա չէ որևէ ապացույց, որ պատասխանողը հայցը ներկայացնելու պահին հայցվորին սեփականության իրավունքով պատկանող տարածքում որևէ գույք ունի և այն ենթակա է դուրսբերման: Հետևաբար Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտել է գործում առկա ապացույցները և հանգել է ճիշտ եզրահանգման:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտայի թիվ 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի` 0,1744հա մակերեսով հողատարածքի և 3.704,7քմ մակերեսով արտադրական նշանակության շինությունների նկատմամբ 27.03.2013 թվականին գրանցվել է Բանկի սեփականության իրավունքը: Ըստ սեփականության իրավունքի գրանցման վկայականի` գրանցման հիմք է հանդիսանում 24.11.2011 թվականի հիփոթեքի պայմանագիրը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը (հատոր 1-ին, գ.թ. 5-6).

2) Բանկի ներկայացուցչի կողմից 22.09.2014 թվականին ներկայացված պահանջագրի համաձայն` Բանկն Ընկերությանը տեղեկացրել է, որ 19.09.2014 թվականին փոխել է սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտայի թիվ 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի մուտքերի փականները, և նկատի ունենալով, որ նշված անշարժ գույքում առկա է Ընկերությանը պատկանող շարժական գույք, պահանջել է նշված պահանջագիրը ստանալուց 10 օրվա ընթացքում հանել այդ գույքը, իսկ տարածք մուտք գործելու և գույքը հանելու օրվա և ժամի մասին համաձայնեցնել Բանկի հետ (հատոր 2-րդ, գ.թ.119).

3) Ի պատասխան Բանկի ներկայացուցչի պահանջագրի` Ընկերության տնօրենը հայտնել է, որ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտայի թիվ 48 և թիվ 48/3 հասցեներում, իսկ ինչ վերաբերում է թիվ 48/5 հասցեի անշարժ գույքին, ապա Ընկերությունը նման գույք չի տիրապետում (հատոր 2-րդ, գ.թ. 118).

4) 25.11.2016 թվականի դատական նիստի ընթացքում Ընկերության տնօրենը հայտնել է, որ վեճի առարկա տարածքում առկա է նաև Ընկերությանը պատկանող որոշակի շարժական գույք (հատոր 5-րդ, գ.թ. 86, էլեկտրոնային կրիչ):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի, իրավահարաբերության ծագման պահին գործող 17.06.1998 թվականի ընդունված, 01.01.1999

4

թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու (վինդիկացիոն) հայցի էական առանձնահատկություններին՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը հետ պահանջել միայն ապօրինի տիրապետողից: Տիրապետումն ապօրինի է, եթե այն իրականացվում է առանց որևէ օրինական հիմքի: Ապօրինի տիրապետման փաստն առկա է ոչ միայն այն դեպքում, երբ ի սկզբանե բացակայում է տիտղոսային տիրապետումը, այլև երբ տիրապետումը հիմնված է օրինական հիմքի (տիտղոս) վրա, որը հետագայում վերանում է: Ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան պատասխանողի կողմից վեճի առարկա գույքը ապօրինի տիրապետելու և հայցվորի կողմից տվյալ գույքի սեփականատեր հանդիսանալու փաստերն են: Հետևաբար ապօրինի տիրապետումից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացնող կողմը կրում է նշված երկու փաստերի ապացուցման բեռը (տե՛ս, Միսակ-Նուբար Թեբելեկյանի ընդդեմ

Ռուբեն Քոչարի և մյուսների թիվ ԵԿԴ/0805/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցատեսակի բնույթին, արձանագրում է, որ վինդիկացիոն հայցը ունի <<դաստիարակող-զգուշացնող>> գործառույթ, որի միջոցով գույքի սեփականատերը հնարավորություն է ձեռք բերում իր գույքը պաշտպանելու ապօրինի տիրապետումից, հետևաբար այն սեփականության իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցներից մեկն է: Սեփականատերը վինդիկացիոն հայցից կարող է օգտվել այն դեպքում, երբ գույքը ապօրինի տիրապետողի մոտ գտնվելու պատճառով զրկված է այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու հնարավորությունից: Ընդ որում, հայցի այս տեսակը կարող է հարուցվել միայն այն դեպքում, երբ գույքը առկա է` պահպանվում է, և սեփականատերը պահանջում է վերացնել սեփականության իրավունքի խախտումը` գույքը բնեղենով իրեն վերադարձնելու միջոցով:

Վինդիկացիոն հայց կարող է հարուցվել բոլոր սեփականատերերի կողմից (ֆիզիկական, իրավաբանական անձինք, պետություն, համայնք և այլն), ինչպես նաև ցանկացած անձանց կողմից, որոնք գույքը տիրապետում են օրենքի կամ պայմանագրի ուժով: Վինդիկացիոն հայց

5

կարող է հարուցվել ցանկացած անձի (ֆիզիկական, իրավաբանական անձ) դեմ, որը գույքը տիրապետում է առանց որևէ իրավական հիմքի:

Վինդիկացիայի միջոցով սեփականատերը, ինչպես նաև գույքի օրինական տիրապետողները ցանկանում են այլ անձի անօրինական տիրապետությունից բնեղենով հետ ստանալ այն գույքը, որի նկատմամբ զրկված են սուբյեկտիվ իրավունքներ իրականացնելու հնարավորությունից:

Սեփականատիրոջ

իրավունքի

պաշտպանության

հիմնական

նպատակը` իր գույքի վերադարձման միջոցով վերականգնել իր իրավունքը, որպեսզի հնարավորություն

ունենա

շարունակելու

անօրինականությամբ

ընդհատված

իրավազորությունների իրականացումը:

Վինդիկացիոն հայցի սուբյեկտը գույքի անօրինական տիրապետողն է, իսկ օբյեկտը` անհատապես կամ տեսականիշներով որոշվող գույքն է, որը գտնվում է ուրիշի ապօրինի տիրապետության ներքո, իսկ որպես պատասխանող սույն հայցատեսակով կարող է լինել միայն գույքի փաստացի տիրապետողը, որի տիրապետման անօրինականությունը պետք է ապացուցվի վինդիկացիայի ընթացքում:

Վինդիկացիոն հայցի առարկան նյութաիրավական պահանջն է, որը տվյալ դեպքում կարելի է բաժանել 2 մասի`

1. ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու և

2. գույքը տիրապետելու իրավունքի հետ ստացումը և վերադարձը դրա օրինական սեփականատիրոջը կամ տիրապետողին:

Վինդիկացիոն հայցի առարկայի նման բաժանման հիմնական նպատակը գույքի փաստացի տիրապետման վերականգնումն է, որն իրականացվում է երկկազմ գործողության միջոցով, այն է` գույքի վերադարձ և գույքի փոխանցում օրինական սեփականատիրոջը: Վինդիկացիոն հայց հարուցելիս հայցվորն իրականում զրկված չէ իր սեփականության իրավունքից, այլ ուղղակի զրկվել է գույքը լիարժեքորեն տիրապետելու հնարավորությունից: Վինդիկացիոն հայցը չտիրապետող սեփականատիրոջ հայցն է ընդդեմ տիրապետող ոչ սեփականատիրոջ: Սեփականատերն այս հայցի միջոցով առաջին հերթին պաշտպանում է իր տիրապետման իրավունքը, բայց տիրապետման իրավունքի հետ միասին պաշտպանում է նաև օգտագործման և տնօրինման իրավազորությունները:

Վինդիկացիոն հայցատեսակներով անհրաժեշտ է, որ դատարանը պարզի սեփականության իրավունքի ծագման հիմքի իրավաչափությունը, և եթե գործի նյութերից ակնհայտ է դառնում, որ սեփականության իրավունքի հիմքն անվավեր է ճանաչվել` օրենքին կամ իրավական այլ ակտերին չհամապատասխանելու հիմքով, ապա դատարանը պարտավոր է իր նախաձեռնությամբ կիրառել անվավերության հետևանքներ: Մինչդեռ, քանի դեռ սեփականության հիմքում դրված ակտի անվավերություն առկա չէ, ապա դատարանը չի կարող կասկածի տակ դնել սեփականության իրավունքի հիմքում դրված ակտի իրավաչափությունը և պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ այդ ակտն իրավաչափ է: Սույն գործի փաստերի համաձայն` Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտայի թիվ 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքը` 0,1744հա մակերեսով հողատարածքը և 3.704,7քմ մակերեսով արտադրական նշանակության շինությունները, 27.03.2013 թվականից սեփականության իրավունքով պատկանում են Բանկին: Բանկը 22.09.2014 թվականին ներկայացրած պահանջագրով Ընկերությանը հայտնել է, որ 19.09.2014 թվականին փոխել է սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտայի թիվ 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի մուտքերի փականները, և նկատի ունենալով, որ նշված անշարժ գույքում առկա են Ընկերությանը պատկանող շարժական գույքեր, պահանջել է նշված պահանջագիրը ստանալուց 10 օրվա ընթացքում հանել այդ գույքերը: Ի պատասխան Բանկի պահանջագրի` Ընկերության տնօրենը հայտնել է, որ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտայի թիվ 48 և թիվ 48/3 հասցեներում, իսկ ինչ վերաբերում է թիվ 48/5 հասցեի անշարժ գույքին, ապա Ընկերությունը նման գույք չի տիրապետում: Սույն գործով 25.11.2016 թվականի

6

դատական նիստի ընթացքում Ընկերության տնօրենը հայտնել է, որ վիճելի հասցեում առկա է նաև պատասխանողին պատկանող շարժական գույք:

Դատարանը, բավարարելով հայցը, պատճառաբանել է, որ վեճի առարկա գույքը սեփականության իրավունքով պատկանում է Բանկին և Ընկերությունը որևէ օրինական հիմք չունի տիրապետելու վեճի առարկա գույքը, ինչն էլ վկայում է այն մասին, որ Ընկերությունը խախտել է Բանկի սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփական հայեցողությամբ տիրապետելու և օգտագործելու իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ընկերության վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռն այն պատճառաբանությամբ, որ Դատարանի հետևությունները վերաբերում են միայն Բանկի սեփականատեր լինելու հանգամանքին, մինչդեռ Դատարանը պետք է պարզեր նաև Ընկերության կողմից վեճի առարկա գույքը ապօրինի տիրապետելու փաստը: Դատարանը չի մատնանշել և քննության առարկա չի դարձրել, թե վիճելի հասցեում որքան տարածքն է պատկանում Բանկին և արդյոք Ընկերությունն այդ տարածքում որևէ մակերես չի տիրապետում օրինական հիմունքներով: Բացի այդ գործի նյութերից երևում է, որ Ընկերությունը հայտնել է, որ տիրապետում է միայն Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա թիվ 48 և թիվ 48/3 հասցեների տարածքները, իսկ Դատարանը չի պարզել, թե արդյոք չեն համադրվում վեճի առարկա հասցեների տարածքները, ինչպես նաև չի պարզել, թե արդյոք Ընկերությունն այդ տարածքում ունի գույք, որի պայմաններում էլ գործն ուղարկել է նոր քննության:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա

Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ

ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում Բանկն ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու հայց է ներկայացրել ընդդեմ Ընկերության, այն պատճառաբանությամբ, որ Երևանի Ծ. Իսակովի պողոտա թիվ 48/5 հասցեի տարածքը Ընկերությունը տիրապետում է առանց որևէ իրավական հիմքի:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա սեփականության իրավունքի գրանցման վկայականից պարզ է դառնում, որ Երևան

7

քաղաքի Ծ. Իսակովի պողոտայի թիվ 48/5 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ((կադաստրային ծածկագիր` թիվ 01-007-0461-0084) 0,1744հա մակերեսով հողատարածք և 3704,7քմ արտադրական նշանակության շինություններ) 27.03.2013 թվականից գրանցված է Բանկի

սեփականության

իրավունքը: Հետևաբար

Վերաքննիչ

դատարանի

այն

պատճառաբանությունները, որ Դատարանը չի պարզել, թե վեճի առարկա հասցեում որքան տարածքն է պատկանում Բանկին, անհիմն են, քանի որ վեճի առարկա հասցեի ամբողջ գույքի նկատմամբ գրանցված է Բանկի սեփականության իրավունքը, ավելին` գործում առկա չէ ապացույց վերոնշյալ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչված լինելու վերաբերյալ, ուստի այդ պայմաններում գործում է սեփականատիրոջ սեփականության իրավունքի օրինական հիմքի վրա տրված լինելու կանխավարկածը: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից վիճելի տարածքի նկատմամբ անձի սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված ակտն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում՝ պետական մարմին, չի կարող կասկածի տակ դնել այդ ակտի իրավաչափությունը (տեԲս նաև Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Հրաչյա

Քարամյանի՝ ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ՎԴ/2068/05/08 որոշումը): Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով ապացուցված է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա թիվ 48/5 հասցեի ամբողջ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Բանկին, որի պայմաններում ապացուցված է նաև այն հանգամանքը, որ Ընկերությունը վեճի առարկա գույքը տիրապետում է ապօրինի` առանց որևէ իրավական հիմքի:

Իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն հիմնավորումներին, որ Բանկի պահանջագրի և Ընկերության պատասխան գրությունից հետևում է, որ Ընկերությունը չի տիրապետում վեճի առարկա գույքը և իր գործունեությունն իրականացնում է Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա թիվ 48 և թիվ 48/3 հասցեներում, ապա նշվածը հերքվում է Ընկերության տնօրենի 25.11.2016 թվականի դատական նիստի ընթացքում հայտնած տեղեկությամբ, որով վերջինս պնդել է, որ 1996 թվականից առ այսօր տիրապետում է վեճի առարկա տարածքը: Տվյալ դեպքում էական չեն դառնում նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա թիվ 48 և թիվ 48/3 հասցեների տարածքների առանձնացված լինելու հարցի հետ կապված, քանի որ սույն գործով վեճի առարկան Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա թիվ 48/5 հասցեի գույքն է, որն անօրինական կերպով տիրապետում է սեփականատեր չհանդիսացող և որևէ իրավական հիմք չունեցող անձը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործով առկա վիճելի գույքի նկատմամբ Բանկի սեփականության իրավունքի հիմքն անվիճելի է, հետևաբար Վերաքննիչ դատարանի հետևությունը Երևան քաղաքի Ծ. Իսակովի պողոտա թիվ 48/5 հասցեի տարածքն Ընկերության կողմից ապօրինի տիրապետելու փաստը վիճելի մնալու վերաբերյալ, Վճռաբեկ դատարանը գնահատում է անհիմն: Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում հայցը պետք է բավարարվեր, որպիսի իրավաչափ եզրահանգման էր եկել Դատարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

8

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան: Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումն ենթակա է բեկանման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Բանկի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական

օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

9

դատավարության

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.12.2016 թվականի վճռին:

2. <<Արտադրա-տպագրական>> ՓԲԸ-ից հօգուտ <<ՎՏԲ-Հայաստան Բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հուլիսի, 2019 թ.
Գործի #:
ԵՄԴ/0462/02/13
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել