Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԵՂԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԵՂԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2125 ապրիլի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 ապրիլի 2019թ. ՍԴԴԿՈ - 21 | ԳԵՂԱՄ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 25 ապրիլի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Գեղամ Սիմոնյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Գեղամ Սիմոնյանը 2019 թվականի ապրիլի 9-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասով, և 84-րդ հոդվածի 2-րդ մասը և նույն հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 2-րդ, 28-րդ, 29-րդ, 57-րդ, 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր»: Դիմողը միջնորդություն է ներկայացրել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ:

Վերջնական դատական ակտը Վարչական դատարանի վճիռը, կայացվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին, այսինքն դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված 6-ամսյա ժամկետը: Ըստ դիմողի Սահմանադրության 48-րդ հոդվածի երկրորդ մասում և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նախապայմանները, մասնավորապես վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասով, հակասում են Սահմանադրության 2, 28, 29, 57 և 78-րդ հոդվածներին, ինչի արդյունքում դիմողը զրկվել է Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու և հավասարության ընդհանուր պայմաններով իր երկրում պետական ծառայության մտնելու, Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված հիմքով պետական գործերը վարելուն մասնակցելու իր իրավունքից: Դիմողը գտնում է, որ «....ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի իրացման հնարավորության ապահովումն իրավական պետության պոզիտիվ պարտավորությունն է, որը սակայն պետության կողմից տվյալ դեպքում չի պահպանվել, քանի որ ակներև է, որ ՀՀ Սահմանդրության 48-րդ հոդվածի երկրորդ մասում և Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված երկքաղաքացիների պասիվ ընտրական իրավունքը սահմանափակող դրույթը ուղղակիորեն հակասում են ինչպես ՀՀ Սահմանադրության վերը նշված սկզբունքներին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25-րդ հոդվածին ու աշխատանքի ընտրության ազատության Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքին, այնպես էլ ՀՀ Սահմանադրության նախաբանում և Սահմանադրության հիմքը հանդիսացող Անկախության հռչակագրում,.... ամրագրված արժեբանությանը....»: Ըստ դիմողի Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասում և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված երկքաղաքացիների պասիվ ընտրական իրավունքը սահմանափակող դրույթը ակներև հակասում է ոչ միայն Սահմանադրությանը, այլև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված սկզբունքներին: Դիմողը փաստում է, որ Սահմանադրության 48-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 2-րդ հոդվածում ամրագրված հիմնարար սկզբունքին, քանի որ Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված հիմնարար սկզբունքից բխող ընտրական իրավունքը չի կարող սահմանափակվել Սահմանադրության 48-րդ հոդվածով նախատեսված ոչ իրավաչափ նպատակ հանդիսացող պայմաններով: Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի, 84-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի առնչությամբ Դիմողի կողմից վիճարկվող դրույթներից «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասը տառացիորեն վերարտադրում է Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասը սպառիչ թվարկում է այն փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է ներկայացվեն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից: Ընդ որում, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսվում է ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի առկայության վերաբերյալ պահանջը: Այսինքն, սույն դրույթով նախատեսված իրավակարգավորումը ևս Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների մասնակի վերարտադրությունն է: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի իրավական հիմնավորումները հանգում են նրան, որ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասում և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված երկքաղաքացիների պասիվ ընտրական իրավունքը սահմանափակող դրույթը, իր էությամբ, ի սկզբանե հակասահմանադրական է և Սահմանադրական դատարանի կողմից պետք է ճանաչվի Սահմանադրությանը և Սահմանադրության արժեբանությանը հակասող և անվավեր: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի պահպանել վերոնշյալ պահանջները: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ, 8 և 9-րդ կետերի առնչությամբ Վարչական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 19-ի վճռի ուսումնասիրությունը վկայում է, որ վերոնշյալ դրույթները չեն կիրառվել դիմողի նկատմամբ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված իրավակարգավորման վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես. ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցնում է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ Նշյալ դրույթի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ չնայած այն հանգամանքին, որ այն վկայակոչված է Վարչական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 19-ի վճռում, այն դիմողի նկատմամբ չի կիրառվել: «Օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը Սահմանադրական դատարանը բացահայտել է իր` 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ` մասնավորապես արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ «...ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...»,.... բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: ....Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»: Դիմողի նկատմամբ նշյալ դրույթն իր վկայակոչած իրավական հետևանքներ չէր կարող առաջացնել, քանի որ համապատասխան տեղեկանքի բովանդակությունը կազմող նորմատիվ պահանջներն են նրա նկատմամբ առաջացրել անցանկալի իրավական հետևանքներ: Այս համատեքստում տեղեկանքի ձևն ինքնին չէր կարող դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման պատճառ հանդիսանալ: Հետևաբար խնդրո առարկա գործի շրջանակներում վերոնշյալ դրույթին կատարված անդրադարձը չի կարող գնահատվել «օրենքի դրույթի կիրառում» եզրույթի ներքո: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Գեղամ Սիմոնյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

25 ապրիլի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 ապրիլի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-21
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել