«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-229)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 նոյեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 229 | «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի հունիսի 10-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ Դիմող) դիմումը: Դիմողն իր 08.06.2021 թ. որոշմամբ դիմել է Սահմանադրական դատարան «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի նորմի այնքանով, որքանով ի տարբերություն մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազության գիտաուսումնական հաստատությունների դասային աստիճան շնորհված աշխատողների, ՀՀ ոստիկանության ակադեմիայում գիտաշխատողների /ոստիկանության կոչումներ ունեցող գիտաշխատողներ/ աշխատած ժամանակահատվածը չի ներառվում մասնագիտական ստաժում, ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»։ Դիմողը բարձրացրել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ Օրենք) վիճարկվող իրավադրույթի սահմանադրականության հարց առ այն, որ այն հակասում է Սահմանադրության 29-րդ հոդվածին այնքանով, որքանով ի տարբերություն մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազության գիտաուսումնական հաստատությունների դասային աստիճան շնորհված աշխատողների «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտաշխատողների աշխատած ժամանակահատվածը չի հաշվարկվում մասնագիտական աշխատանքային ստաժ: Դիմողը գտել է, որ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության դատախազության գիտաուսումնական հաստատությունների գիտաշխատողները գտնվում են համադրելի իրավիճակներում այն հիմնավորմամբ, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության կրթահամալիրի գիտական աշխատողի գործունեության բուն բովանդակությունը հանգում է ուսումնական գործընթացի, կատարվող գիտական հետազոտությունների արդյունավետությունն ապահովելուն, որպիսի գործունեությունը գիտահետազոտական, գիտամանկավարժական գործունեություն է: Նմանապես ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատողի կանոնադրությամբ նախատեսված պարտականությունները ևս գիտահետազոտական, գիտամանկավարժական և հետախուզական աշխատանքների շրջանակներում են: Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործերով խտրականության արգելքի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները, համարում է, որ դատախազության գիտաուսումնական հաստատությունների գիտաշխատողների և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտաշխատողների գործառույթներն ու պարտականություններն ըստ էության նույնական են. օրենսդիրը վիճարկվող դրույթում չարդարացված տարբերակված մոտեցում է դրսևորել գիտաուսումնական գործունեություն իրականացնող երկու նույնական խմբերի միջև մի կողմից դատախազության գիտաուսումնական հաստատությունների գիտաշխատողների և մյուս կողմից «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտաշխատողների միջև, ինչը չի հետապնդում իրավաչափ նպատակ և չունի ողջամիտ արդարացում: Վերոգրյալի հիման վրա Դիմողը գտնում է, որ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը հակասում է Սահմանադրության 29-րդ հոդվածին: Պատասխանողը, վկայակոչելով սոցիալական ապահովության իրավունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք գործերով արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ Օրենքը հստակ սահմանում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանակը, որոնք նույն Օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունքի սուբյեկտներ են, սակայն նրանց կազմում ներառված չեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները: Վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դիմումով առաջ քաշված փաստարկների դեմ պատասխանողի հիմնական հակափաստարկն այն է, որ Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքից չեն օգտվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննիչների, ուստի սրանով է պայմանավորված «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտաշխատողների աշխատած ժամանակահատվածը չներառելը Օրենքով սահմանված մասնագիտական աշխատանքային ստաժում ի տարբերություն նրա, որ մինչև 2007 թվականը գործող իրավական ակտերի համաձայն դատախազության գիտաուսումնական հաստատության գիտաշխատողները համարվել են դատախազության աշխատակիցներ: Հետևաբար դատախազության գիտաուսումնական հաստատությունում աշխատելու ժամանակահատվածը ներառվել է դատախազի մասնագիտական աշխատանքային ստաժում: Պատասխանողը հիմնավորում է, որ ցանկացած տարբերակված մոտեցում չէ, որ հանգեցնում է խտրականության: Տարբերակված այն մոտեցումը, որն ունի օբյեկտիվ և ողջամիտ հիմք և հետապնդում է իրավաչափ նպատակ, խտրականություն չէ: Արդյունքում պատասխանողը խտրականության արգելքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո եզրահանգում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով առանձին պաշտոնատար անձանց կարգավիճակի կամ գործառույթների առանձնահատկությունները, սահմանել է առավել բարձր սոցիալական երաշխիքներ և բարենպաստ պայմաններով կենսաթոշակի իրավունք, ինչը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես այլ պաշտոնատար անձանց համեմատ խտրականության արգելքի և օրենքի առջև ընդհանուր հավասարության խախտում: Ելնելով վերոգրյալից պատասխանողը համարում է, որ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին: Ուսումնասիրելով դիմումը և պատասխանողի դիրքորոշումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված գործի քննությունը մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. Օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2014 թվականի փետրվարի 4-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 2014 թվականի փետրվարի 13-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հուլիսի 1-ին: Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև`
1) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով դատախազի պաշտոնից ազատված անձին, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը.
2) «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատված անձին.
3) հարկային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը.
4) մաքսային ծառայության քննիչի պաշտոն զբաղեցրած անձին, որի լիազորությունները դադարել են «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով, եթե նա ծնվել է մինչև 1974 թվականի հունվարի 1-ը: 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունենալու դեպքում կենսաթոշակ է նշանակվում նաև սույն մասի 1-ին և 2-րդ կետերում նշված այն անձանց, որոնք դատախազի կամ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում (հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնում) նշանակվել են մինչև 2017 թվականի հունիսի 1-ը «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելուց հետո: Սույն մասով սահմանված մասնագիտական աշխատանքային ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում դատախազի (մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի և դատախազության գիտաուսումնական հաստատությունների դասային աստիճան շնորհված աշխատողների), Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննիչի, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչի, ազգային անվտանգության մարմիններում քննիչի, հարկային ծառայությունում քննիչի, մաքսային ծառայությունում քննիչի (ներառյալ մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազության քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի), հատուկ քննչական ծառայության ծառայողի, ԽՍՀՄ դատախազության համակարգում դատախազի և քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը, Հայաստանի Հանրապետությունում և ԽՍՀՄ-ում դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը: (...)»:
Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը փոփոխությունների և լրացումների է ենթարկվել 2017 թվականի հունիսի 19-ի թիվ ՀՕ-91-Ն, 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՀՕ-341-Ն, 2019 թվականի հուլիսի 11-ի թիվ ՀՕ-101-Ն և 2020 թվականի փետրվարի 7-ի թիվ ՀՕ-68-Ն օրենքներով: Դատարանների Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը սահմանված է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն որի դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Նշված դրույթից բխում է, որ դատարանները նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով կարող են Սահմանադրական դատարան դիմել նշյալ պայմանների համաժամանակյա առկայության դեպքում դատարանի վարույթում պետք է առկա լինի կոնկրետ գործ,
դատարանը պետք է հիմնավոր կասկած ունենա նորմի սահմանադրականության վերաբերյալ,
առանց վիճարկվող նորմի կիրառման դատարանը չի կարող տվյալ գործը լուծել, այլ կերպ ասած իրականացնել արդարադատություն: Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի օգոստոսի 5-ի ՍԴԱՈ-175 որոշմամբ արձանագրել է. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի նշված պահանջը դատարանները պետք է դիտարկեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված պայմանների (կոնկրետ սահմանադրական վերահսկողության) ենթատեքստում: Ըստ այդմ դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, ինչպես նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»: Դատարանի Սահմանադրական դատարան դիմելու ձևը համապատասխան որոշում կայացնելը և Սահմանադրական դատարան ներկայացնելն է («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մաս), ինչը ևս փաստում է, որ դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մաս): Դատարանների համապատասխան դիմումներում վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելու պահանջն ինքնանպատակ չէ. այն Սահմանադրական դատարանում դիմումի քննության ընդունելիության պայման է։ Դատարանները Սահմանադրական դատարան ներկայացվող համապատասխան դիմումներում պարտավոր են ներկայացնել պատշաճ և փաստարկված հիմնավորումներ վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ: Անդրադառնալով սույն գործով բարձրացված հարցին Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի վիճարկվող նորմի Սահմանադրությանը հակասելու մասին կասկածը վերաբերում է վիճարկվող նորմով Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված խտրականության արգելքի խախտմանը։ Դիմողը եզրահանգել է, որ վիճարկվող նորմով կարգավորումը չի բխում նշված հիմնարար սկզբունքից, ինչպես նաև չի հետապնդում իրավաչափ նպատակ և չունի ողջամիտ արդարացում: Դիմողի դիրքորոշմամբ պետության տարբերակված վերաբերմունքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության դատախազության գիտաուսումնական հաստատությունների գիտաշխատողների միջև նրանց կենսաթոշակային ապահովման հարցում անհավասար մոտեցմանը պայմանավորված նրանց ունեցած պաշտոնական դիրքով և հանրային ծառայության համակարգում զբաղեցրած պաշտոնական կարգավիճակների տարբերությամբ։ 4.4. Սահմանադրության 29-րդ հոդվածը, ամրագրելով խտրականության արգելքի սկզբունքը, սահմանում է. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: Ըստ էության, Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված են այն հիմքերը, որոնցով պայմանավորված տարբերակված մոտեցում ցուցաբերելն արգելվում է: Սահմանադրության 29-րդ հոդվածով պաշտպանվող հիմքի առկայության հարցը պարզելիս Սահմանադրական դատարանը հաշվի է առնում, որ դիմողը բարձրացնում է հանրային ծառայության իրավահարաբերություններում տարբեր պետական մարմինների պաշտոնատար անձանց կարգավիճակով պայմանավորված պետության կողմից տարբերակված մոտեցման հարց։ Այսինքն պետության դրսևորած տարբերակված մոտեցումը կախված է տարբերակված վերաբերմունքի հասցեատեր անձանց պաշտոնեական կարգավիճակով: Սահմանադրության 29-րդ հոդվածում թվարկված են խտրականության սահմանադրական արգելքով պաշտպանված հիմքերը, որոնք ունեն հստակ և որոշակի բովանդակություն, բացառությամբ նույն հոդվածում պաշտպանվող հիմքերի թվարկման համար օգտագործված «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ» ձևակերպման, որոնք, ի տարբերություն պաշտպանվող հիմքերի մնացած մասի, բաց ցանկ են նախատեսում: Այդուամենայնիվ, թեպետ «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներ» ձևակերպումը խտրականության արգելքով պաշտպանվող բաց ցանկ է նախատեսում, այն խիստ որոշակիորեն սահմանում է այդ ցանկով հնարավոր հիմքերի բնույթը, որը պետք է լինի «անձնական» կամ «սոցիալական»: Դիմողի կողմից սույն գործով որևէ հիմնավորում չի ներկայացված առ այն, որ իր վարույթում գտնվող վարչական գործով հայցվորի նկատմամբ իր նկարագրած տարբերակված վերաբերմունքը դրսևորվել է Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկով կամ պայմանավորված է «անձնական» կամ «սոցիալական» բնույթի որևէ հանգամանքով։ Սահմանադրական դատարանը նույնպես չի տեսնում սույն գործով Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմք, հետևաբար առանց անդրադառնալու խտրականության արգելքի մյուս պայմանների առկայությանը Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվել Սահմանադրության նույն դրույթով պաշտպանվող որևէ հիմք, որը կարող է վկայակոչվել խտրականության արգելքի սահմանադրական իրավունքի ներքո սույն սահմանադրաիրավական վեճը քննելիս: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողը չի բավարարել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմողի դիրքորոշումը հիմնավորելու պահանջը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 71-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
23 նոյեմբերի 2021 թվականի
ՍԴԱՈ-229
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 նոյեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-229
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
