«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-49)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 մարտի 2021թ. ՍԴԱՈ - 49 | «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2020 թվականի ապրիլի 29-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով խնդրել է որոշել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 59-րդ հոդվածին, 63-րդ հոդվածի 3-րդ մասին, 65, 66, 67 և 78-րդ հոդվածներին:
2. Ըստ դիմողի Օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի ուժով քրեական դատավարության շրջանակներում վարչաիրավական ընթացակարգերով ստուգումների իրականացումը հակասում է Սահմանադրության 59-րդ հոդվածին (Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը): Դիմողը նշում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի որոշումներով իրավաչափ է համարվել, որ քննիչն իրավասու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի հիման վրա պահանջել կատարելու ստուգումներ, որոնց վրա լրիվ ծավալով տարածելի է Օրենքը առանց քրեական վարույթի առանձնահատկություններից բխող որևէ տարբերակման: Մինչդեռ Օրենքն իր կարգավորման առարկայով և նպատակով ուղղված է ստուգման որպես վարչաիրավական հարաբերությունների կարգավորմանը և չի կարող կանոնակարգել քննչական գործողությունների հետ կապված հարաբերություններ: Հետևաբար Օրենքի հիման վրա իրականացվող ստուգումը չի կարող հետապնդել քրեաիրավական նպատակներ, առավել ևս իրավաբանական անձի պարագայում, որը քրեական պատասխանատվության սուբյեկտ չէ: Ուստի Օրենքը չի հետապնդում Սահմանադրությամբ թույլատրելի նպատակ և ոչ իրավաչափ կերպով միջամտում է տնտեսական գործունեության ազատության հիմնական իրավունքին: Դիմողի գնահատմամբ քրեական դատավարության շրջանակներում վարչաիրավական ընթացակարգերով իրականացվող ստուգումների իրականացումը խախտում է Սահմանադրության 63-րդ հոդվածի (Արդար դատաքննության իրավունքը) 3-րդ մասով, 65-րդ (Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը), 66-րդ (Անմեղության կանխավարկածը), 67-րդ (Մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը) և 78-րդ (Համաչափության սկզբունքը) հոդվածներով նախատեսված քրեադատավարական նվազագույն երաշխիքները: Մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում անձն օգտվում է ցուցմունք տալու պարտականությունից ազատված լինելու իրավունքից, պարտավոր չէ աջակցել իր իսկ քրեական հետապնդմանը, մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում ստուգում իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելու կամ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելու կամ ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ նրան չտրամադրելու կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելու համար: Դիմողը նշում է, որ ցուցմունք տալու պարտականությունից ազատված լինելու իրավունքի հետ սերտորեն փոխկապակցված անմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է, որ մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, իսկ Օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետով պահանջվող փաստաթղթերը, տվյալները տրամադրելու ապացուցման պարտականությունը դրված է տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց վրա: Ըստ դիմողի Օրենքը խախտում է նաև Սահմանադրության 67-րդ հոդվածով ամրագրված մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի բոլոր բաղադրիչները, քանի որ տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի համար ի սկզբանե պարզ չի լինում ենթադրյալ մեղադրանքի բնույթը և հիմքն այն դեպքում, երբ ստուգման ընթացքում կարող են ի հայտ գալ պաշտոնատար անձի քրեական պատասխանատվության հիմքեր: Դիմողի կարծիքով վերոնշյալ իրավունքների խախտմամբ ձեռքբերված ապացույցներն անթույլատրելի են Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-րդ մասի առումով:
3. Պատասխանողի կարծիքով Օրենքով սահմանված կարգով ստուգումների իրականացումը չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ և նշանակալի միջամտություն Սահմանադրության 59-րդ հոդվածով սահմանված տնտեսական գործունեության ազատության հիմնական իրավունքին հաշվի առնելով, որ ստուգումների անցկացումն ինքնանպատակ չէ: Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 27-ի ՍԴՈ-836 որոշումը պատասխանողը նշում է, որ Սահմանադրական դատարանի որոշմանը համահունչ օրենսդիրն ապահովել է հավասարակշռություն անձի իրավունքների իրացման ու պաշտպանության և պետական իշխանության մարմինների գործառույթների լիարժեք իրականացման հնարավորության ապահովման միջև: Դիմողի մյուս փաստարկների կապակցությամբ պատասխանողը գտնում է, որ սեփական անձի դեմ ցուցմունք չտալու և լռություն պահպանելու իրավունքները չեն տարածվում այն նյութերի օգտագործման վրա, որոնք կարող են ձեռք բերվել հարկադրանք կիրառելու լիազորության միջոցով, բայց գոյություն ունեն կասկածյալի կամքից անկախ: Բացի դրանից, ստուգման արդյունքները քրեական վարույթի շրջանակներում ամրագրվում են որպես այլ փաստաթուղթ, ուստի անձը զրկված չէ հետագայում ապացույցի թույլատրելիությունը, ինչպես նաև վերաբերելիությունն ու արժանահավատությունը վիճարկելու հնարավորությունից:
4. Ուսումնասիրելով դիմումը, դիմողի և պատասխանողի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Օրենքի վերաբերելի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ հիմնավորմամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդ-վածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված գործի քննությունը մերժելու հիմքեր: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` (…)
2) եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան. (…)
6) նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ միայն հետևյալ հիմքերի միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան.
1) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
2) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները. ընդ որում, Սահմանադրական դատարանը փաստում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձը պետք է սպառի դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, կարևորում է, որ ակնհայտ անհիմն է համարվում այն դիմումը, որը հիմնավորումներ չի պարունակում այն մասին, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի հակասությունը ենթադրաբար հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դիմողի հիմնական իրավունքների և ազատությունների խախտման:
5. Սույն դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը նախ և առաջ եզրահանգում է, որ դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները: Այսպես, սույն դիմումով վիճարկվող դրույթի Օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն «Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած այլ անձանց գործունեության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում իրականացվող վերահսկողության, Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մաքսային հսկողության, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության, հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ վերահսկողության հետ կապված հարաբերությունները, տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի նկատմամբ բաժնետերերի, փայատերերի, հիմնադիրների կամ անդամների կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի տարածքային ու կառուցվածքային ստորաբաժանումների նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները»: Սահմանադրական դատարանը սույն դիմումին կից ներկայացված ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.10.2019թ. որոշման ուսումնասիրության արդյունքում փաստում է, որ թիվ 83166418 քրեական գործի շրջանակներում դիմողի կողմից վիճարկվել է քննիչի ստուգողական գործողությունների կատարումը հանձնարարելու մասին 10.09.2018թ. որոշումը, որի իրավաչափությունը գնահատվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների և քննիչին նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով վերապահված լիազորությունների տեսանկյունից: Դատական դեպարտամենտի կողմից ստացված տեղեկությունների հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թիվ ՎԴ/4610/05/19 վարչական գործի շրջանակներում դիմողը վարչական դատավարության կարգով վիճարկում է թիվ 83166418 քրեական գործի շրջանակներում քննիչի ստուգողական գործողությունների կատարումը հանձնարարելու մասին 10.09.2018թ. որոշման հիման վրա կայացված ստուգման ակտը: Նշված վարչական գործի քննությունը դեռևս ավարտված չէ, և դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն ընդունվել է ՀՀ վճռաբեկ դատարանի վարույթ 26.12.2019թ.: Սահմանադրական դատարանը կարևորում է, որ Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, որը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում դիմողը չի կարող համարվել ներպետական պաշտպանության բոլոր միջոցները սպառած, քանի որ ինչպես քրեական գործի շրջանակներում, այնպես էլ վարչական դատավարության կարգով դիմողը դեռևս չի սպառել ստուգման ակտը վիճարկելու հնարավորությունը: Մասնավորապես քրեական գործի շրջանակներում դիմողը կարող է բարձրացնել ստուգման ակտի որպես ապացույցի թույլատրելիության կամ անարժանահավատության հարցը, իսկ վարչական դատավարության կարգով, հիմք ընդունելով նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 2020 թվականի հուլիսի 1-ին թիվ ՎԴ/5605/05/19 վարչական գործով կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, դիմողը կարող է հասնել պատասխանատվության հիմքում ընկած իրավահարաբերության բացակայության ճանաչմանը: Այսինքն տվյալ իրավիճակում քանի դեռ քրեական դատավարության և վարչական դատավարության կարգով առկա են քննվող գործեր, դիմողը հնարավորություն ունի այլ ոչ սահմանադրական-դատական պաշտպանության եղանակով իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը: Հետևաբար սույն գործով Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:
6. Միաժամանակ, դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության հիման վրա Սահմանադրական դատարանը հանգում է այն եզրակացության, որ դիմողի կողմից վիճարկված դրույթը Օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասը դիմողի նկատմամբ չի կիրառվել: Այսպես, անհատական դիմումը ներկայացվում է Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ վիճարկվում է վերջնական դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սույն դիմումի շրջանակներում դիմողը, վիճարկելով Օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասը, չի հիմնավորել վիճարկվող դրույթը դատարանների կողմից իր նկատմամբ կիրառված լինելու հանգամանքն այն դեպքում, երբ սույն դեպքում քրեադատավարական կարգով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի հիմքով վիճարկման առարկա է դարձել քննիչի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի հիմքով ստուգում նշանակելու մասին («Ստուգողական գործողությունների կատարումը հանձնարարելու մասին») որոշումը։
7. Բացի դրանից, Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ անգամ վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ կիրառված լինելու պարագայում ներկայացված դիմումն ակնհայտ անհիմն է: Այսպես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի պահանջների լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել և ի՛նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր ո՛ր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Այսինքն օրենսդրական նշյալ պահանջի լույսի ներքո անհատական դիմումը պետք է պարունակի
1. իրավական հիմնավորումներ, փաստարկներ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ,
2. իրավական հիմնավորումներ առ այն, թե իր սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել,
3. իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ իրավական հիմնավորումներ: Ընդ որում, այս պահանջների միաժամանակյա առկայության պարագայում միայն կարելի է փաստել, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն չէ: Դիմողը վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորելիս վկայակոչել է մի շարք սահմանադրական իրավունքներ, մասնավորապես Սահմանադրության 59-րդ հոդվածով, 63-րդ հոդվածի 3-րդ մասով, 65, 66 և 67-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները, որոնք, ըստ նրա, խախտվել են վիճարկելի իրավակարգավորման գործողության արդյունքում: Ինչպես վկայում է գործի դատավարական նախապատմությունը, դիմողի վկայակոչած իրավունքները գործի քննության տվյալ փուլում դեռևս վերաբերելի չեն նրան: Այլ կերպ ասած դիմողն օժտված չէ դատավարական այնպիսի կարգավիճակով, որ վկայակոչված սահմանադրական իրավունքները կազմեն նրա կարգավիճակի բաղկացուցիչ մասը: Հետևաբար ակնհայտ անհիմն են դիմողի այն փաստարկները, որ այդ իրավունքները խախտվել են վիճարկվող իրավակարգավորման գործողության արդյունքում: Բացի դրանից, դիմողը մատնանշում է, որ, քանի որ գործող օրենսդրությամբ իրավաբանական անձը քրեական պատասխանատվության սուբյեկտ չէ, «իրավաբանական անձի պարագայում ստուգումը հետագայում կարող է առաջ բերել իրավաբանական անձի պաշտոնատար անձանց և աշխատակիցների պատասխանատվություն», հետևաբար ստուգման գործընթացում քրեադատավարական երաշխիքների պահպանումը կարևոր նշանակություն է ձեռք բերում այդ անձանց հիմնական իրավունքների պաշտպանության համար: Այս դիրքորոշման լույսի ներքո ակնհայտ է, որ դիմողի մտահոգությունները վերաբերում են ապագային: Դիմողի մատնանշած ենթադրյալ անցանկալի իրավական հետևանքները ոչ թե արդեն իսկ առաջացել են կոնկրետ գործի շրջանակներում կոնկրետ անձի վերաբերյալ կայացված դատական ակտերով կիրառված վիճարկելի իրավակարգավորման արդյունքում, այլ ենթադրվում է, որ կառաջանան հետագայում, երբ քրեական պատասխանատվություն կսահմանվի իրավաբանական անձի պաշտոնատար անձանց և աշխատակիցների համար: Մինչդեռ կոնկրետ սահմանադրական վերահսկողության պարտադիր պայմաններից է այն փաստի առկայությունը, որ ենթադրյալ հակասահմանադրական իրավակարգավորումների կիրառման արդյունքում արդեն իսկ ենթադրաբար խախտվել է դիմողի որևէ հիմնական իրավունք:
8. Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողն իրավասու չէ դիմել Սահմանադրական դատարան, քանի որ չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև դիմումն ակնհայտ անհիմն է:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
10 մարտի 2021 թվականի
ՍԴԱՈ-49
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 մարտի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-49
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
