Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎՏԲ ԲԱՆԿ» ՀԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎՏԲ ԲԱՆԿ» ՀԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2722 ապրիլի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 ապրիլի 2022թ. ՍԴԴԿՈ - 27 | «ՎՏԲ ԲԱՆԿ» ՀԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 22 ապրիլի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ-ն (ներկայացուցիչ Վ. Դալլաքյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի ապրիլի 4-ին) խնդրելով. «(...) ՀՀ Սահմանադրության 28-րդ, 60-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, ըստ որի գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու իրավաչափության պարտադիր պայման է բռնագանձման ծանուցումը գրավատուի կողմից փաստացի ստանալը անկախ ծանուցման վերաբերյալ պայմանագրային կանոններից»:

2. Ըստ դիմողի` Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասը սույն քաղաքացիական գործով « (...) կիրառել է այն մեկնաբանությամբ, ըստ որի գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու իրավաչափության պարտադիր պայման է բռնագանձման ծանուցումը գրավատուի կողմից փաստացի ֆիզիկապես ստանալը անկախ ծանուցման վերաբերյալ պայմանագրային կանոններից»: Դիմողը նաև նշում է, որ Վերաքննիչ դատարանը իր մեկնաբանության հիմնավորման համար վկայակոչել է Վճռաբեկ դատարանի որոշումներ, որոնք դատողություններ են պարունակում բռնագանձման ծանուցման իրավաչափության պայմանների վերաբերյալ: Սակայն ըստ դիմողի Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «(...) վկայակոչված նախադեպային որոշումներն ընդունվել են, և դրանցում քննարկվող փաստերը տեղի են ունեցել մինչև ՔՕ 249-րդ հոդվածի 3-րդ մասի գործող խմբագրության և ծանուցումների վերաբերյալ 20.1 գլխի ընդունումը»: Մինչդեռ, դիմողի կարծիքով, «(...) Հաջորդող գրավի պայմանագիրը կնքվել է և դրա հիման վրա արտադատական բռնագանձման գործընթացն իրականացվել է այդ օրենսդրական փոփոխությունների ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո, ինչն արմատապես փոխում է բռնագանձման ծանուցման իրավաչափությունը գնահատելու չափանիշները»: Ըստ դիմողի` «(...) իրավակիրառ պրակտիկայում հանդիպում է նաև նշված մեկնաբանությանը հակառակ մեր համոզմամբ իրավաչափ և Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանություն»: Մինչդեռ դիմողի մասնակցությամբ թիվ ԵԴ/34197/02/19 քաղաքացիական գործով, ըստ դիմողի, անգամ այն պայմաններում, որ կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված է եղել ծանուցման հատուկ կարգ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ծանուցումը կարող է հանդիսանալ պատշաճ միայն այն դեպքում, երբ այն փաստացի ստացվել է գրավատուի կողմից, ինչը ոչ միայն հակասում է վիճարկվող հոդվածին դատարանների կողմից նախկինում տրված մեկնաբանություններին, այլև ոչ հավասարակշռված իրավիճակ է ստեղծում գրավառուի և գրավատուի շահերի տեսանկյունից, քանի որ գրավատուին ընձեռում է հնարավորություն անբարեխղճորեն խոչընդոտելու գրավի առարկայի արտադատական կարգով իրացմանը առանց ապահովելու համարժեք պաշտպանության միջոցներ գրավառուի համար: Ըստ դիմողի` ինչպես Սահմանադրական դատարանի, այնպես էլ ՄԻԵԴ պրակտիկային համահունչ է գրավի իրավունքի պաշտպանությունը սեփականության իրավունքի պաշտպանության շրջանակներում: Քննարկվող դեպքում, ըստ դիմողի, «(...) Բանկի գրավի իրավունքը չի ստացել պատշաճ պաշտպանություն, քանի որ ՔՕ 249-րդ հոդվածի 2-րդ մասի հակասահմանադրական մեկնաբանության արդյունքում գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելուն ուղղված Բանկի գործողությունները Վերաքննիչ դատարանի կողմից ճանաչվել են ոչ իրավաչափ այն պարագայում, երբ Բանկն ամբողջովին կատարել է գրավատուին ծանուցելու վերաբերյալ իր պայմանագրային պարտականությունները, և միայն գրավատուն կամայականորեն չի ստացել պատշաճ կարգով իրեն ուղղված բռնագանձման ծանուցումը»:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով սահմանվում են Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիման վրա գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը: Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխով կարգավորվում են գրավի իրավունքի հետ կապված հարաբերությունները, որով սահմանվում են գրավի իրավունքի հասկացությունը, գրավի իրավունքի ծագման, գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, նաև մի շարք այլ հարաբերություններ, այդ թվում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով կարգավորվում է գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգի հետ կապված հարաբերությունները, որի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունն էլ վիճարկվում է սույն անհատական դիմումով։ Սույն դիմումով վիճարկվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասը կարգավորում է հարաբերություններ, որոնք առնչվում են նաև գրավառուի կողմից գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցման հետ կապված հարաբերություններին։ Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում նաև գրանցում իրականացնող մարմնին պատշաճ ձևով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաև խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու և դրա անվտանգությունն ապահովելու համար: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում նաև գրանցում իրականացնող մարմնին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն նույն օրենսգրքի ուժով իրավունք ունի նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Վերոգրյալով պայմանավորված Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գրավի առարկայի արտադատական կարգով բռնագանձման դեպքում գրավառուի համար նախատեսել է այդ մասին գրավատուին պատշաճ կարգով ծանուցելու պարտականություն։ Ընդ որում` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը բռնագանձման մասին ծանուցումը գրավատուին և պարտապանին պատշաճ ձևով հանձնելու հետ կապում է որոշակի իրավական հետևանքների առաջացում, մասնավորապես, այդ ծանուցումը պատշաճ ձևով հանձնելուց հետո է միայն գրավառուն իրավունք ստանում գրավի առարկան վերցնել իր տիրապետման տակ, ինչպես նաև քայլեր ձեռնարկել գրավի առարկան պահելու, պահպանելու, սպասարկելու և դրա անվտանգությունն ապահովելու համար։ Բացի դրանից, գրավառուն իրավունք է ստանում իրացնելու գրավի առարկան միայն բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին, իսկ կիրառության դեպքում նաև` գրանցում իրականացնող մարմնին հանձնելուց երկու ամիս հետո։ Այսինքն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հստակ սահմանվում է այն պահը, որից սկսած գրավառուն իրավունք է ստանում իրացնել գրավի առարկան, մասնավորապես բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո։ Վերոնշյալից բխում է, որ օրենսդիրը երկամսյա ժամկետի սկիզբը կապում է բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին, իսկ կիրառության դեպքում նաև գրանցում իրականացնող մարմնին հանձնելու հետ։ Սահմանադրական դատարանն իր 2016 թվականի հուլիսի 19-ի ՍԴՈ-1294 որոշմամբ անդրադարձել է գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու կարգի սահմանադրականությանը, որով, մասնավորապես, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «...Վերլուծելով վիճարկվող հոդվածի դրույթները` հարկ է առանձնացնել գրավադրված գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների ապահովման հետևյալ իրավական երաշխիքները.

1) գրավատուի պատշաճ ծանուցումը գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում),

2) արտադատական կարգով բռնագանձման օրինականության դատական վիճարկման հնարավորությունը,

3) գրավադրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում տարածելը գրավառուի կողմից բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո,

4) գրավառուի կողմից գրավի առարկայի իրացումը տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

... գրավառուի կողմից գրավատուին պատշաճ ձևով ծանուցելու (բռնագանձման ծանուցում) օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ և հետապնդում է գրավատուի նաև այլ իրավունքների իրականացման ապահովման նպատակ: Մասնավորապես, ծանուցման պահանջը կոչված է ապահովելու գրավատուի մեկ այլ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածով սահմանված իրավունքը, որի համաձայն «պարտապանը կամ երրորդ անձ հանդիսացող գրավատուն իրավունք ունի, մինչև գրավի առարկան վաճառելը, ցանկացած ժամանակ դադարեցնել դրա վրա բռնագանձումը և դրա իրացումը` կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է: Այդ իրավունքը սահմանափակող համաձայնությունն առոչինչ է: Բացի դրանից, օրենսդրի կողմից գրավառուի` գրավատուին պատշաճ կարգով ծանուցելու պարտականության ամրագրումը նպատակ է հետապնդում երաշխավորելու գրավատուի դատական պաշտպանության իրավունքը»: Ողջ վերոգրյալի, այդ թվում` Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցումը, այդ ծանուցումը գրավատուին հանձնելուց միայն երկու ամիս հետո գրավառուի կողմից գրավադրված գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում տարածելու իրավունք ծագելը, ի թիվս այլնի, գրավադրված գույքի սեփականատիրոջ իրավունքների ապահովման երաշխիքներ են և հետապնդում են գրավատուի կողմից իր իրավունքների, այդ թվում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածով սահմանված իրավունքի իրականացման ապահովման նպատակ։ Ընդ որում` գրավատուի իրավունքների ապահովման երաշխիքները կգործեն և կլինեն արդյունավետ միայն բռնագանձման ծանուցման պատշաճ կարգով իրականացման դեպքում, որպիսին սույն դեպքում հանդիսանում է բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին, իսկ կիրառության դեպքում նաև գրանցում իրականացնող մարմնին հանձնելը։ Վերոգրյալով պայմանավորված Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/34197/02/19 քաղաքացիական գործով 2021 թվականի հունիսի 29-ի գործն ըստ էության լուծող որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասին տրված այն մեկնաբանությունը, ըստ որի` գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու իրավաչափության պարտադիր պայման է բռնագանձման ծանուցումը պատշաճ ձևով գրավատուի և պարտապանի, իսկ կիրառության դեպքում նաև գրանցում իրականացնող մարմնի կողմից փաստացի ստանալն ապահովելը, բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոգրյալ կարգավորումներից և կոչված է երաշխավորելու գրավադրված գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձման ընթացակարգում: Գրավառուի կողմից գրավատուին և պարտապանին, իսկ կիրառության դեպքում նաև գրանցում իրականացնող մարմնին բռնագանձման ծանուցման պատշաճ ձևով հանձնելու դեպքում միայն հնարավոր կլինի վերջիններիս կողմից իրացնելու իրենց իրավունքները, այդ թվում` օգտվելու արտադատական կարգով բռնագանձման օրինականության դատական վիճարկման հնարավորությունից, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 252-րդ հոդվածով սահմանված իրավունքից, որի համաձայն պարտապանը կամ երրորդ անձ հանդիսացող գրավատուն իրավունք ունի, մինչև գրավի առարկան վաճառելը, ցանկացած ժամանակ դադարեցնել դրա վրա բռնագանձումը և դրա իրացումը` կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է: Ըստ այդմ` դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները, որոնց համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, ըստ որի բռնագանձման ծանուցումը գրավատուի կողմից փաստացի ստանալու պայմանը որպես գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու իրավաչափության պարտադիր պայման նախատեսելը, հակասում է Սահմանադրության մի շարք հոդվածներին, անհիմն է, իսկ դիմումի ընդունումը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: 3.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում։ Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։ Սույն դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դրանով, ըստ էության, բարձրացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարց, սակայն դիմումում հստակ նշված չեն դիմողի` Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված այն հիմնական իրավունքները և ազատությունները, որոնք ենթադրաբար խախտվել են, ինչպես նաև դիմողը բավարար կերպով չի հիմնավորվել, թե ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների հնարավոր խախտման փաստի միջև։ Մասնավորապես, դիմողը նշում է, որ քննարկվող դեպքում բանկի գրավի իրավունքը չի ստացել պատշաճ պաշտպանություն, սակայն միայն այն հանգամանքի նշումը, որ իր որևէ իրավունք խախտվել է կամ պատշաճ պաշտպանության չի ենթարկվել, բավարար չէ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորվածության պահանջը պահպանած համարելու համար: Դիմողը պետք է հիմնավորի, որ իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի խախտումը հենց դատարանի կողմից կիրառած նորմի կամ դրան տրված մեկնաբանության ենթադրյալ հակասահմանադրականության արդյունք է: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ վերը նշված պահանջները սույն անհատական դիմումի դեպքում պահպանված չեն, հետևաբար` նման պայմաններում դիմումը համարվում է ակնհայտ անհիմն: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ՎՏԲ Բանկ» ՀԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Խաչատրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

22 ապրիլի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-27

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 ապրիլի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-27
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել