«ՍԻԴՈՅՆԵՐ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-106)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 հունիսի 2022թ. ՍԴԱՈ - 106 | «ՍԻԴՈՅՆԵՐ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՍԻԴՈՅՆԵՐ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սիդոյներ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. «Սիդոյներ» ՍՊԸ-ի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 17-ին։ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին ներպետական դատարանների կողմից դատական պրակտիկայում տրված մեկնաբանությունը և կիրառելիությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, այնքանով, որքանով դատավարական ծանուցագրերը և դատավարական փաստաթղթերը հասցեատեր իրավաբանական անձի կողմից ստացված լինելու փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ չէ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալների նշումը, անունը, ազգանունը և հայրանունը, ստացման ամսաթիվը, ստացված էջերի քանակը, ինչպես նաև նշված անձի ստորագրությունը»։
2. Դիմողը նշում է, որ թիվ ՎԴ/4806/05/17 վարչական գործի շրջանակում ինչպես վերաքննիչ վարչական դատարանը, այնպես էլ Վճռաբեկ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին տվել են այնպիսի մեկնաբանություն, ըստ որի հետադարձ ծանուցագրի վրա բավարար է միայն ստորագրության և ամսաթվի նշումը։ Մինչդեռ հետադարձ ծանուցագրի վրա միայն ստորագրության առկայությունից հնարավոր չէ հասկանալ, թե ով է այն ստորագրել, արդյոք ստորագրող անձն ընկերության ղեկավարն է կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձը, ավելին, արդյոք այդ անձն ընդհանրապես ընկերության աշխատակիցն է, թե ոչ։ Իրավական պրակտիկան զարգանում է այն ուղղությամբ, որ դատարանները դատավարության մասնակից իրավաբանական անձի պատշաճ ծանուցված լինելու, այդ թվում դատավարական փաստաթուղթը պատշաճ կարգով ստացած լինելու հանգամանքը գնահատելիս չեն արժևորում, թե արդյոք հետադարձ ծանուցագրի վրա առկա են իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձի անձը հաստատող փաստաթղթի տվյալները, անունը, ազգանունը և հայրանունը, ստացման ամսաթիվը, ինչպես նաև նշված անձի ստորագրությունը։ Վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը դիտարկելով սահմանադրական կարգավորումների լույսի ներքո դիմողը գտնում է, որ Օրենսգրքի վիճարկվող նորմերին դատական պրակտիկայի կողմից տրված մեկնաբանությունը, որով դատավարական փաստաթղթի ստացված լինելու կամ չլինելու հանգամանքը չի գնահատվում «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների հստակ պահպանմամբ, սահմանադրականության առումով խնդրահարույց է: Դիմողի դիրքորոշմամբ Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներով հիմնավորվում է, որ Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին դատարանների կողմից տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածում նշված իրավական պետության սկզբունքին, Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում նշված յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության և Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասում նշված արդար դատաքննության իրավունքներին:
3. Ազգային ժողովի (այսուհետ` պատասխանող) համոզմամբ դիմողն օրենքի համապատասխան նորմերի սահմանադրականությունը ոչ թե վիճարկում է նորմի և Սահմանադրության միջև ենթադրյալ հակասության համատեքստում, այլ դիմողի ներկայացրած պնդումներն իրականում վերաբերում են վիճարկվող նորմերին դատարանների տված մեկնաբանությանը: Պատասխանողը գտնում է, որ դիմողը, ըստ էության, ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության խնդիր, իրականում առաջ է քաշում իրավանորմի կիրառման իրավաչափության հարց: Պատասխանողը նշում է, որ դիմողը բավարար կերպով չի հիմնավորել, որ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված իր համապատասխան իրավունքները խախտվել են կոնկրետ վիճարկվող նորմի կիրառման արդյունքում, այսինքն դիմողը չի հիմնավորել բարձրացված հարցի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը, որպիսի հանգամանքը ներկայացված անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Ելնելով վերոգրյալից պատասխանողը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման:
4. Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ հիմնավորմամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Համանման կարգավորում է նախատեսում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ անհատական դիմումով անձը կարող է վիճարկել միայն իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը։ Ընդ որում, Սահմանադրական դատարանը 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է. «Հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, (…), երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար, «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը»: Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Այնուհետև, նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
5. Անդրադառնալով դատարանների կողմից Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի կիրառման հարցին Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը. Տվյալ դեպքում վերաքննիչ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին «Սիդոյներ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելիս, իսկ Վճռաբեկ դատարանը` վճռաբեկ բողոքը մերժելիս և վերը նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելիս, չեն վկայակոչել դիմողի կողմից վիճարկվող Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ վարչական դատավարությունում դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ կարգավորում օրենսդիրը նախատեսել է ինչպես Օրենսգրքի «Դատական ծանուցումները: Դատավարական փաստաթղթերն ուղարկելու (ներկայացնելու) կարգը» վերնագրով 11-րդ գլխում, որում ներառված են նաև սույն գործով վիճարկվող 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, այնպես էլ Օրենսգրքի «Անցումային դրույթներ» վերնագրով 32-րդ գլխում ներառված 223-րդ հոդվածի 2-րդ մասում։ Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի բովանդակությունից հետևում է, որ վարչական դատավարությունում դատավարական փաստաթղթերի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։ Միաժամանակ Օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ մինչև փաստաթղթերի հատուկ առաքման սակագները փոստային կապի ազգային օպերատորի կողմից հաստատվելը նույն օրենսգրքի իմաստով պատշաճ ծանուցում է համարվում առաքանին ուղարկելը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնումը ստացականով: Օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված կարգավորումից հետևում է, որ վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը դատավարության մասնակիցներին ուղարկելու եղանակով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ, եթե այդ դատական ակտը դատավարության մասնակիցներին ուղարկվել է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ։ Ընդ որում, այս կարգավորումը վերաբերում է մինչև փաստաթղթերի հատուկ առաքման սակագների հաստատվելը կատարվող ծանուցումներին։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ փաստաթղթերի հատուկ առաքման սակագներն Օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից (2014 թվականի հունվարի 7) մինչև սույն որոշման ընդունման պահը չեն սահմանվել (հիմք ի պատասխան Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 8-ի ՍԴԱՈ-22 որոշման հիման վրա ուղարկված Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 2022 թվականի փետրվարի 22-ի թիվ ՍԴԴ-20 և ՍԴԴ-21 գրությունների Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2022 թվականի մարտի 1-ի թիվ ԳԲ/34.3-Մ2-6/626-2022 գրությունը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի 2022 թվականի մարտի 4-ի թիվ ՀՓ-1464 և 2022 թվականի մարտի 31-ի թիվ ՀՓ-2272 գրությունները), իսկ վարչական դատավարությունում դատական ծանուցումների և դատավարական փաստաթղթերի հանձնումը ներկայումս իրականացվում է ոչ թե փաստաթղթերի հատուկ առաքմամբ, այլ պատվիրված նամակով հանձնման մասին ծանուցմամբ (հիմք ի պատասխան Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 8-ի ՍԴԱՈ-22 որոշման հիման վրա ուղարկված Սահմանադրական դատարանի զեկուցող դատավորի 2022 թվականի փետրվարի 22-ի թիվ ՍԴԴ-20 և 2022 թվականի մարտի 16-ի ՍԴԴ-30 գրությունների «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի 2022 թվականի մարտի 31-ի թիվ ՀՓ-2272 գրությունը և Դատական դեպարտամենտի ղեկավարի գրությանը կից ներկայացված նյութերը)։ Վերոգրյալից հետևում է, որ փաստաթղթերի հատուկ առաքման սակագները սահմանված չլինելու հետևանքով ներկայումս վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը դատավարության մասնակիցներին ուղարկելու եղանակով ծանուցման հարցը կարգավորվում է Օրենսգրքի ոչ թե 63-րդ հոդվածով, այլ 223-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ընդ որում, դատարանները ևս թիվ ՎԴ/4806/05/17 վարչական գործով չեն վկայակոչել Օրենսգրքի 63-րդ հոդվածը։ Ավելին, դիմողի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավորում այն մասին, որ դատարաններն իր գործով փաստացի կիրառել են վիճարկվող դրույթները իրավական հետևանքներ առաջացնելով դիմողի համար։ Նման պայմաններում, երբ փաստաթղթերի հատուկ առաքման սակագները հաստատված չեն, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտով Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը չեն կիրառվել, ուստի դիմողն իրավասու չէ սույն գործի շրջանակում ներկայացված անհատական դիմումով բարձրացված հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Հետևաբար` սույն գործի վարույթը ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Սիդոյներ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
14 հունիսի 2022 թվականի
ՍԴԱՈ-106
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 հունիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-106
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
