««ՆԻԻԷԼԵԿՏՐԱՄԱՇ» ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-92)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 92 | ««ՆԻԻԷԼԵԿՏՐԱՄԱՇ» ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Ա» ԿԵՏԻ, «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐ
Ամբողջ Տեքստ
««ՆԻԻԷԼԵԿՏՐԱՄԱՇ» ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 53-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Ա» ԿԵՏԻ, «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ՆԻԻԷԼԵԿՏՐԱՄԱՇ» ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի, 19-րդ հոդվածի, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 35-րդ հոդվածի 1-ին մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի, 38-րդ հոդվածի 1-ին մասի, 53-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. ««ՆԻԻԷԼԵԿՏՐԱՄԱՇ» ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արմինե Ստեփանյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի դեկտեմբերի 5-ին, որով Դիմողը խնդրել է.
««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 19-րդ հոդվածը, 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 35-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը, 38-րդ հոդվածի 1-ին մասը, 53-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10, 11, 59, 60, 75, 78, 79 հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր»:
2. Վիճարկվող իրավանորմի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն
2.1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի փետրվարի 18-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2004 թվականի մարտի 16-ին և ուժի մեջ է մտել 2004 թվականի դեկտեմբերի 31-ին:
Օրենքի՝ «Օրենքի գործողության ոլորտը» վերտառությամբ 2-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.
«3. Առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»:
Վերոնշյալ դրույթը հիշատակված խմբագրությամբ շարադրվել է 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-10-Ն օրենքով:
Օրենքի՝ «Վարչական վարույթի հասկացությունը» վերտառությամբ 19-րդ հոդվածը սահմանում է.
«Վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է»:
Նշյալ դրույթը որևիցե փոփոխության և/կամ լրացման չի ենթարկվել:
Օրենքի՝ «Վարչական վարույթի մասնակիցները» վերտառությամբ 21-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Վարչական վարույթի մասնակիցներն են (այսուհետ` վարույթի մասնակիցներ)`
ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.
բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով»:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված վարույթի մասնակիցները վարչական վարույթում ներգրավվում են իրենց դիմումի համաձայն կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ»:
Նշյալ դրույթները փոփոխվել, լրացվել են 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-10-Ն օրենքով:
Օրենքի՝ «Վարչական վարույթի մասին ծանուցելը» վերտառությամբ 35-րդ հոդվածի 1-ին մասը (մինչև 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-259-Ն օրենքը գործող խմբագրությամբ) սահմանում է.
«1. Դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում` նաև վկային, փորձագետին, թարգմանչին և այլ մարմինների ներկայացուցիչներին, վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին»:
Նշյալ հոդվածն ուժը կորցրել է 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-259-Ն օրենքով:
Օրենքի՝ «Վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը» վերտառությամբ 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները»:
Նշյալ դրույթը որևիցե փոփոխության և/կամ լրացման չի ենթարկվել:
Օրենքի՝ «Վարույթի մասնակիցներին լսելը» վերտառությամբ 38-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ»:
Նշյալ դրույթը որևիցե փոփոխության և/կամ լրացման չի ենթարկվել:
Օրենքի՝ «Վարչական ակտի հասկացությունը և տեսակները» վերտառությամբ 53-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Վարչական ակտը կարող է ուղղված լինել նաև որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց որևէ խմբի»:
Նշյալ դրույթը որևիցե փոփոխության և/կամ լրացման չի ենթարկվել:
Օրենքի՝ «Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելը» վերտառությամբ 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը սահմանում է.
«1. Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`
ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.
(…)»:
Նշյալ հոդվածը փոփոխվել է 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-10-Ն, լրացվել՝ 09.06.2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-103-Ն օրենքներով:
2.2. «Սնանկության մասին» օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2007 հունվարի 22-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի փետրվարի 10-ին:
Նշյալ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Ապահովված պահանջները և դրանց բավարարումը» վերտառությամբ 43-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է.
«10. Եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`
1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և իրացման համար հաշվարկված ծախսերը.
2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով»:
Նույն հոդվածի 11-րդ մասը սահմանում է.
«11. Երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված պահանջ»:
Նշյալ հոդվածը խմբագրվել է 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-235-Ն օրենքով, շարադրվել նոր խմբագրությամբ՝ 2016 թվականի հունիսի 17-ի ՀՕ-105-Ն օրենքով, լրացվել՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքով:
3. Գործի դատավարական նախապատմությունը
3.1. Թիվ ՍնԴ/0186/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
Սնանկության դատարանը, քննության առնելով թիվ ՍնԴ/0186/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի «Նիէլեկտրամաշ» գիտա-արտադրական ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի, «Էկրա Կովկաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձ՝ «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ անշարժ գույքի աճուրդ վաճառքն
անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, 2021 թվականի փետրվարի 8-ին վճռել է հայցը մերժել՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«(...) թեև մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը (հստակեցված պահանջ) հայցի փաստական հիմքերը չեն ներառել գրավատուի՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված իրավունքի ենթադրյալ խախտման փաստը, այնուամենայնիվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատաքննության ժամանակ հայցվորի ներկայացուցչի կողմից վկայակոչվել է նաև այն փաստարկը, որ խախտվել է նաև վերջինիս՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված իրավունքը, ինչն էլ հանգեցրել է իր սեփականության իրավունքի խախտմանը, ապա Դատարանն անհրաժեշտ է համարում փաստել ներքոշարադրյալը.
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքի գրավով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու գույքի գրավադրումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով` 1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը. 2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:
Նշված հոդվածի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ սնանկության վարույթում երրորդ անձ գրավատուին իրավունք է վերապահվել դադարեցնել իր գույքի գրավադրումը, որն էլ իրենից ենթադրում է սնանկության գործընթացի մասին շահագրգիռ սուբյեկտի` աճուրդում առաջարկվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող երրորդ անձ գրավատուի տեղեկացված լինելու իրավունքի ապահովում: Այսինքն` վերջինս պետք է տեղեկացված լինի սնանկության վարույթում իր սեփականությունը հանդիսացող գրավի առարկայի վաճառքի և վաճառքի հետ կապված այլ էական պայմանների՝ աճուրդի օրվա, գնի և այլնի մասին, որի առկայության պայմաններում միայն կարող է իրական հնարավորություն ստանալ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված` իր իրավունքի իրացման համար, իսկ հակառակ իրավական դիրքորոշման պարագայում սահմանափակվում է ոչ միայն անձի սեփականության, այլ նաև դատական պաշտպանության իրավունքը:
Եվ թեև «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուղղակիորեն չի պարտավորեցնում սնանկության գործով կառավարչին՝ ապահովված պահանջների դեպքում ծանուցելու նաև երրորդ անձանց, ում գույքով է ապահովված համապատասխան պահանջը, իսկ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածը նախատեսում է միայն կառավարչի, պարտապանի և պարտատերերի կողմից պահանջների նախնական ցուցակի դեմ առարկություն ներկայացնելու հնարավորություն, այդուհանդերձ, անհրաժեշտ է կարևորել այն հանգամանքը, որ երրորդ անձը (մասնավորապես գրավատուն) պետք է իրական հնարավորություն ունենա տեղեկացված լինելու ներկայացված պահանջի մասին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով առարկություն՝ նկատի ունենալով, որ ապահովված պահանջի հաստատումն ուղղակիորեն առնչվում է երրորդ անձի սեփականության իրավունքին և այդ իրավունքի դատական պաշտպանությանը: Ընդ որում, հարկ է հավելել, որ սույն հարցի կապակցությամբ նույնանման դիրքորոշում է հայտնել նաև Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանն իր թիվ ԵՇԴ/0072/04/17 սնանկության գործով 2018 թվականի հոկտեմբերի 04-ին կայացված որոշմամբ:
Շարադրվածով պայմանավորված, Դատարանը գտնում է, որ սնանկության վարույթի ընթացքում իրականացվող ցանկացած ընթացակարգի վերաբերյալ դատավարության մասնակիցները, այդ թվում նաև գույքի գրավատուն (գրավատուները) պետք է լինեն տեղեկացված և սնանկության վարույթի ընթացքում պարտապան չհանդիսացող երրորդ անձի գույքն աճուրդով իրացնելու վերաբերյալ գույքի սեփականատիրոջն իրազեկելը ամենևին էլ չի կարող կրել ձևական բնույթ, քանզի դրանով է նախևառաջ պայմանավորված սնանկության վարույթի ընթացքում գրավատուի (գրավատուների) դատական պաշտպանության իրավունքը երաշխավորված լինելու հանգամանքը:
Տվյալ դեպքում, սույն գործով ձեռք բերված ապացույցների հետազոտմամբ Դատարանը պարզել և հաստատված է համարում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հետևյալը.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի հունվարի 19-ի որոշմամբ «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության կառավարիչ Հովհաննես Եղյանին թույլատրվել է «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված գույքերը, այդ թվում նաև՝ քաղաք Երևան, Գյուրջյան փողոց, թիվ 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի 2009 թվականի օգոստոսի 10-ի թիվ 2473662 սեփականության իրավունքի գրանցման վկայականի «Նիէլեկտրամաշ» գիտա-արտադրական ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերությանը, հրապարակային սակարկությամբ վաճառել:
Մինչ նշված որոշումը՝ սնանկության գործով կառավարչի 2015 թվականի ապրիլի 22-ի գրությամբ «Նիէլեկտրամաշ» գիտա-արտադրական ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացվել է «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող անշարժ գույքերի, այդ թվում նաև՝ քաղաք Երևան, Նոր-Նորք համայնք, Գյուրջյան փողոց, թիվ 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքի գույքագրման աշխատանքներ իրականացնելու մասին, որը ընկերության կողմից ստացվել է 2015 թվականի ապրիլի 27-ին, հիմք՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության ստացման վերաբերյալ ծանուցագիրը, ինչպես նաև սնանկության գործով կառավարչի 2016 թվականի հունվարի 25-ի գրությամբ «Նիէլեկտրամաշ» գիտա-արտադրական ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացվել է անկախ գնահատող հրավիրելու մասին, որը հայցվոր ընկերության կողմից ստացվել է 2016 թվականի հունվարի 27-ին, հիմք՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության ստացման վերաբերյալ ծանուցագիրը:
Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 27-ին «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պարտատերերին և գրավատուին ուղարկված գրությամբ տեղեկացվել է «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող և երրորդ անձանց կողմից գրավադրված բոլոր գույքերը, այդ թվում նաև՝ քաղաք Երևան, Գյուրջյան փողոց, թիվ 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքը հրապարակային սակարկությամբ վաճառելու թույլտվություն տալու մասին 2017 թվականի հունվարի 11-ին միջնորդություն ներկայացնելու մտադրության վերաբերյալ, գրությունը «Նիէլեկտրամաշ» գիտա-արտադրական ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերության կողմից ստացվել է 2017 թվականի հունվարի 10-ին, հիմք՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության ստացման վերաբերյալ ծանուցագիր:
Ավելին՝ «Նիէլեկտրամաշ» գիտա-արտադրական ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Դավիթ Պիվազյանի կողմից դեռևս 2017 թվականի նոյեմբերի 01-ին հայտ է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով 2017 թվականի նոյեմբերի 02-ին անցկացվող աճուրդին /լոտ 3, քաղաք Երևան, Գյուրջյան փողոց, թիվ 15/14 հասցեում գտնվող անշարժ գույք/ մասնակցելու համար և 2017 թվականի նոյեմբերի 07-ին «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի և Դավիթ Պիվազյանի միջև կազմված աճուրդի արդյունքների մասին արձանագրության համաձայն՝ Դավիթ Պիվազյանն աճուրդային վաճառքի արդյունքում առաջարկելով 115.105.646 ՀՀ դրամ մեկնարկային գին ունեցող թիվ 3 լոտի՝ քաղաք Երևան, Գյուրջյան փողոց, թիվ 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքի ամենաբարձր գինը, ճանաչվել է հաղթող: Այնուհետև, «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի կողմից 2018 թվականի հունվարի 15-ին Դավիթ Պիվազյանին հասցեագրված գրությամբ տեղեկացվել է այն մասին, որ գրությունն ուղարկելու օրվա դրությամբ 2017 թվականի նոյեմբերի 02-ին անցկացված աճուրդում հաղթող ճանաչված անձի՝ Դավիթ Պիվազյանի կողմից չի վճարվել թիվ 3 լոտով վաճառքի ենթակա գույքի գումարը, որի վերջնաժամկետն է 2018 թվականի հունվարի 23-ը, գրությունը Դավիթ Պիվազյանի կողմից ստացվել է 2018 թվականի հունվարի 18-ին, հիմք՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության ստացման վերաբերյալ ծանուցագիր:
Ընդ որում, գրավատու «Նիէլեկտրամաշ» գիտա-արտադրական ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքի աճուրդի վերաբերյալ հայտարարությունը սնանկության գործով կառավարչի կողմից տեղադրվել է azdarar.am պաշտոնական հայտարարությունների կայքում 2019 թվականի հոկտեմբերի 14-ին՝ 568896 նույնականացման համարով, ինչպես նաև հրապարակվել է «Նովոյե Վրեմյա» թերթի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 95 համարում:
Այսինքն, աճուրդի անցկացման մասին «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցներով այն դարձել է բոլորի համար մատչելի:
Հիմք ընդունելով վերը նշված փաստերը, Դատարանը գալիս է այն հետևության, որ «Նիէլեկտրամաշ» գիտա-արտադրական ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերությունը «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցված սնանկության վարույթի վերաբերյալ եղել է տեղեկացված, տեղեկացվել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու գործընթացի մասին, ավելին՝ մասնակցել է հայտարարված աճուրդին, սակայն վաճառքի գինը չվճարելու պատճառով աճուրդը համարվել է չկայացած:
Նման պայմաններում չի կարող խոսք գնալ «Նիէլեկտրամաշ» գիտա-արտադրական ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերության մոտ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված` իր իրավունքը խախտված լինելու մասին, այն պարզ պատճառաբանությամբ, որ վերջինս բավականաչափ կերպով տեղեկացված է եղել սնանկության վարույթում իր սեփականությունը հանդիսացող գրավի առարկայի վաճառքի և վաճառքի հետ կապված այլ էական պայմանների մասին, որպիսի հիմքով էլ հերքվում է հայցվոր ընկերության փաստարկն առ այն, որ վերջինս երբևէ չի ծանուցվել անշարժ գույքի աճուրդ վաճառքի վերաբերյալ, ինչով զրկվել է նաև «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված իր իրավունքի իրականացման հնարավորությունից:
(...)
Հիմք ընդունելով վերոգրյալ պատճառաբանություններն ու եզրահանգումները, Դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից չեն ներկայացվել այնպիսի վերաբերելի և թույլատրելի ապացույցներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ 2019 թվականի նոյեմբերի 07-ին կայացած աճուրդը «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի ուժով անվավեր ճանաչելու համար:
Նման պայմաններում Դատարանը գալիս է այն եզրակացության, որ «Նիէլեկտրամաշ» գիտա-արտադրական ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերության հայցապահանջն ընդդեմ «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի, «Էկրա Կովկաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձ՝ «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ անշարժ գույքի աճուրդ վաճառքն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ անհիմն է և ենթակա է մերժման»:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 20.07.2021թ. որոշմամբ Սնանկության դատարանի 08.02.2021թ. թիվ ՍնԴ/0186/02/19 վճիռը թողել է անփոփոխ:
Վճռաբեկ դատարանի 11.01.2022թ. որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2021թ. որոշման դեմ «Նիէլեկտրամաշ» գիտա-արտադրական ձեռնարկություն ՓԲԸ-ի անունից բերված վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:
Վճռաբեկ դատարանի 16.03.2022թ. որոշմամբ «Նիէլեկտրամաշ» գիտա-արտադրական ձեռնարկություն ՓԲԸ-ի միջնորդությունը` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2021թ. որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, մերժվել է: Թիվ ՍնԴ/0186/02/19 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2021թ. որոշման դեմ «Նիէլեկտրամաշ» գիտա-արտադրական ձեռնարկություն ՓԲԸ-ի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:
3.2. Թիվ ՎԴ/0403/05/20 վարչական գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
«ՆԻԻԷԼԵԿՏՐԱՄԱՇ» ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ-ն 24.01.2020թ. հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան (այսուհետ՝ Դատարան) ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ քաղաք Երևան, Նոր-Նորք, Հ. Գյուրջյան փողոց 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին (թիվ ՎԴ/0403/05/20 վարչական գործ):
Դատարանը 01.02.2020թ. որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ:
Դատարանը 11.05.2020թ. որոշմամբ թիվ ՎԴ/0403/05/20 վարչական գործի վարույթը կասեցրել է՝ արձանագրելով հետևյալը.
«1. Ըստ հայցի «ՆԻԻԷԼԵԿՏՐԱՄԱՇ» ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ-ի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ «Էկրա Կովկաս» ՍՊԸ՝ քաղաք Երևան, Նոր Նորք, Հ. Գյուրջյան փողոց 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործի վարույթը կասեցնել՝ մինչև ըստ հայցի «ՆԻԻԷԼԵԿՏՐԱՄԱՇ» ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ-ի ընդդեմ «Թալգրիգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի, երրորդ անձինք՝ «Թալգրիգ» ՍՊԸ և «Էկրա Կովկաս» ՍՊԸ՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ին «Թալգրիգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի կողմից իրականացված «Թալգրիգ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված քաղաք Երևան, Նոր Նորք համայնք, Գյուրջյան փողոց, թիվ 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդ-վաճառքն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ 2019 թվականի նոյեմբերի 27-ին «Թալգրիգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի և «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, ինչպես նաև քաղաք Երևան, Նոր Նորք համայնք, Գյուրջյան փողոց, թիվ 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 02122019-01-0245 գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, թիվ ՍնԴ/0186/02/19 քաղաքացիական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումը:
(…)»:
Դատարանի 11.05.2022թ. որոշմամբ թիվ ՎԴ/0403/05/20 վարչական գործի վարույթը վերսկսվել է:
Դատարանը, քննելով վարչական գործն ըստ հայցի «ՆԻԻԷԼԵԿՏՐԱՄԱՇ» ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ-ի ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ «Էկրա Կովկաս» ՍՊԸ՝ քաղաք Երևան, Նոր Նորք, Հ. Գյուրջյան փողոց 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 22.09.2023թ. վճռել է հայցը մերժել:
Սույն վճռով Դատարանը նշել է. «Սույն գործի փաստերի համաձայն՝ «Թալգրիգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի և «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի միջև 27.11.2019 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի թիվ 9565 պայմանագիրը, որով վաճառողը վաճառել է, իսկ գնորդը որպես սեփականություն ձեռք է բերել քաղաք Երևան, Նոր-Նորք, Հ. Գյուրջյան 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքը, որի արդյունքում 02.12.2019 թվականին քաղաք Երևան, Նոր-Նորք, Հ. Գյուրջյան փողոց 15/14 հասցեի նկատմամբ գրանցվել է «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը:
Տվյալ դեպքում Դատարանը, հետազոտելով և գնահատելով սույն գործում առկա ապացույցները, գտնում է, որ դրանցով հաստատվում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստական հանգամանքը, որ քաղաք Երևան, Նոր-Նորք, Հ. Գյուրջյան 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և այն հանդիսանում է իրավաչափ վարչական ակտ:
Մասնավորապես՝ օրենքի ուժով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում իրավահաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագրերը, իսկ գործի փաստերից ըստ էության հետևում է, որ քաղաք Երևան, Նոր-Նորք, Հ. Գյուրջյան 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը գրանցվել է «Թալգրիգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի և «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի միջև 27.11.2019 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 9565 պայմանագրի հիման վրա, որպիսի պայմանագրից հետևում է, որ նշված գույքը վաճառվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.01.2017 թվականին տրված թիվ ԼԴ4/0019/04/15 որոշման համաձայն՝ 07.11.2019 թվականին կայացած հրապարակային սակարկության արդյունքում:
Այսինքն՝ նշված իրավահաստատող փաստաթղթով՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, հաստատվում է, որ անշարժ գույքը վաճառվել է դատական ակտի հիմքով անցկացված հրապարակային սակարկությամբ, ինչն էլ ըստ էության հիմք է հանդիսացել երրորդ անձի իրավունքի պետական գրանցումը կատարելու համար:
Ինչ վերաբերում է հայցվորի կողմից բերված այն փաստարկներին, որոնք վերաբերում են հրապարակային սակարկությունների ընթացքում թույլ տրված խախտումներին, ապա Դատարանն այդ փաստարկները համարում է ակնհայտ անհիմն, քանի որ նախ՝ նշված փաստարկները վերաբերում են աճուրդի իրավաչափությանը, որի ստուգումն ըստ էության դուրս է գտնվում սույն գործի քննության շրջանակներից՝ հաշվի առնելով, որ սույն հայցի առարկան ոչ թե աճուրդի, այլ պետական գրանցման իրավաչափությունն է, որի համար էլ, ինչպես նշվեց, հիմք է հանդիսացել քաղաքացիաիրավական պայմանագիր, և երկրորդ՝ աճուրդի իրավաչափության հարցն արդեն իսկ գնահատվել է ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍՆԴ/0186/02/19 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով, որով ըստ էության հաստատվել է, որ. «... «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի կողմից «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված՝ քաղաք Երևան, Գյուրջյան փողոց, թիվ 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդ վաճառքն իրականացվել է ինչպես «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այնպես էլ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ ...»:
Հայցվորը նշել է նաև պետական գրանցման վարույթում իր լսված լինելու իրավունքի խախտման մասին, մինչդեռ Դատարանն այդ փաստարկը ևս համարում է ամբողջությամբ անհիմն, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով հստակ սահմանված է, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով, իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով էլ կանոնակարգված են պետական գրանցման վարույթի իրականացման կարգն ու առանձնահատկությունները, որոնց շրջանակներում են ապահովվում շահագրգիռ անձանց իրավունքները, այդ թվում նաև՝ լսված լինելու իրավունքը՝ այն իրացվելով փաստաթղթերի ուսումնասիրության և դրա արդյունքում պետական գրանցման կատարման կամ վարույթի կասեցման, դադարեցման կամ պետական գրանցումը մերժելու տեսքով, որպիսի հիմքերը սպառիչ սահմանված են օրենքով:
Այսպիսով՝ Դատարանի գնահատմամբ սույն գործով չի հաստատվում այն փաստը, որ վիճարկվող պետական գրանցումը կատարվել է նշված նորմերի խախտմամբ՝ հանգեցնելով հայցվորի իրավունքների և ազատությունների խախտման կամ դրա անմիջական վտանգի, ինչով էլ հերքվում են վիճարկվող գրանցման ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հայցվորի բոլոր փաստարկները»:
Վարչական վերաքննիչ դատարանը 05.12.2024թ. որոշմամբ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է՝ թիվ ՎԴ/0403/05/20 վարչական գործով Դատարանի 22.09.2023թ. վճիռը թողնելով անփոփոխ:
Սույն որոշմամբ Վերաքննիչ վարչական դատարանը փաստել է.
«(...) սույն դեպքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի, Նոր-Նորք, Հ. Գյուրջյան 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Էկրա Կովկաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականության իրավունքը գրանցվել է «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի և «Էկրա Կովկաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 27.11.2019 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի թիվ 9565 պայմանագրի հիման վրա, որպիսի պայմանագրից հետևում է, որ նշված գույքը վաճառվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 19.01.2017 թվականին տրված թիվ ԼԴ4/0019/04/15 որոշման համաձայն՝ 07.11.2019 թվականին կայացած հրապարակային սակարկության արդյունքում: Այսինքն՝ խնդրո առարկա անշարժ գույքը վաճառվել է դատական ակտի հիմքով անցկացված հրապարակային սակարկությամբ, որի արդյունքում կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և նշված իրավահաստատող փաստաթուղթն էլ հիմք է հանդիսացել «Էկրա Կովկաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ վիճարկվող իրավունքի պետական գրանցումը կատարելու համար:
Ինչ վերաբերում է հրապարակային սակարկությունների ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանք վերաբերում են աճուրդի իրավաչափությանը, որի ստուգումը դուրս է սույն գործի քննության շրջանակներից՝ հաշվի առնելով, որ սույն հայցի առարկան ոչ թե աճուրդի, այլ պետական գրանցման իրավաչափությունն է, որի համար էլ, ինչպես նշվեց, հիմք է հանդիսացել քաղաքացիաիրավական պայմանագիրը: Բացի այդ, աճուրդի իրավաչափության հարցն արդեն իսկ գնահատվել է ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍՆԴ/0186/02/19 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով, որով հաստատվել է հետևյալը. «(...) «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի կողմից «Թալգրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված՝ քաղաք Երևան, Գյուրջյան փողոց, թիվ 15/14 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդ վաճառքն իրականացվել է ինչպես «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այնպես էլ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ (...)»:
Այնուհետև, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`
1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և իրացման համար հաշվարկված ծախսերը.
2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:
Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 14.10.2019 թվականի թիվ ՍԴ2/0034/04/16 որոշմամբ արձանագրել է, որ երրորդ անձ գրավատուն կարող է օգտվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված իրավունքից ցանկացած պահի՝ մինչև տվյալ անշարժ գույքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքի գրանցման դադարեցումը, մինչդեռ, սույն դեպքում ՀՀ կադաստրի կոմիտեն, չապահովելով իր լսված լինելու իրավունքը, չի ապահովել նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված իրավունքի իրացումը, Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ նշված գործի փաստական հանգամանքները նույնական չեն սույն գործի փաստական հանգամանքների հետ, բացի այդ՝ ՀՀ կադաստրի կոմիտեն միայն ծագած իրավունքները գրանցող պետական մարմին է և գրանցող մարմինը իրավունքի գրանցման դիմում ստանալու յուրաքանչյուր դեպքում պարտավոր է ստուգել, արդյոք առկա է պետական գրանցումը մերժելու որևէ հիմք և միայն նման հիմքերի բացակայության դեպքում իրավասու է կատարել իրավունքի պետական գրանցում: Մասնավորապես՝ մերժվում է իրավունքի պետական գրանցումը, եթե ներկայացված իրավունքը կամ սահմանափակումը սույն օրենքով գրանցման ենթակա իրավունք կամ սահմանափակում չէ; անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ առկա է գրանցված իրավունք կամ սահմանափակում կամ նախնական նշում, որը բացառում է ներկայացված իրավունքի կամ սահմանափակման գրանցումը; ներկայացվել է դատական ակտ, որով որոշված է պետական գրանցման մերժում; նոտարական վավերացում ստացած գործարքի հիման վրա պետական գրանցման դիմումը ներկայացվել է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված 30-օրյա ժամկետի խախտմամբ, եթե պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինն այդ ժամկետի բացթողումը հարգելի չի համարել սույն օրենքի 24-րդ հոդվածի 6.1-ին մասով սահմանված հիմքերով, կամ պետական գրանցման և գրանցման համար դիմելու ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է սույն օրենքի 24-րդ հոդվածի 6.1-ին մասով սահմանված 15-օրյա ժամկետի խախտմամբ; այն անհատական իրավական ակտը, որով տրամադրվում է իրավունքը, կամ կիրառվում է իրավունքի սահմանափակումը, ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը; անշարժ գույքի գործարքը կնքել է (են) նման գործարք կնքելու իրավասություն չունեցող կամ նման գործարք կնքելու համար բավարար ծավալով իրավասություն չունեցող անձը (անձինք); առկա է անհամապատասխանություն սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով ստորագրված և պետական գրանցման համար ընդունված պայմանագրերի և Կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմանների միջև; առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդված):
Հետևաբար, գրանցման վարույթում ՀՀ կադաստրի կոմիտեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված շահագրգիռ անձի իրավունքի իրացումը ապահովելու լիազորություն օրենքով չունի, իսկ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/9563/05/18 վարչական գործով 04.07.2024 թվականի որոշմամբ անդրադառնալով իրավունքի պետական գրանցման վարույթում լսումներ անցկացնելու հարցին, արձանագրել է հետևյալը. ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը վերոհիշյալ դրույթով ամրագրել է այն սկզբունքը, համաձայն որի` «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (lex specialis derogat legi generali), ինչը նշանակում է, որ եթե գոյություն ունեն տվյալ տեսակի վարչական վարույթի առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներ, ապա վարչական վարույթի նկատմամբ առաջին հերթին կիրառելի են այդ օրենքները, իսկ վարչական վարույթը կարգավորող ընդհանուր նորմերը կիրառելի են միայն հատուկ օրենքով չկարգավորված իրավահարաբերությունների նկատմամբ:
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով: Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որի առանձնահատկությունները սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի համակարգային վերլուծությունը վկայում է, որ իրավունքների պետական գրանցման վարույթի առանձնահատկություններից է, ի թիվս այլնի, այդ վարույթում լսումներ չանցկացնելը։ Ըստ այդմ՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի ուժով սույն դեպքերում կիրառելի են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները, որոնք իրավունքի պետական գրանցումը կատարող իրավասու մարմնի համար չեն նախատեսում վարչական լսումներ անցկացնելու և ենթադրյալ շահագրգիռ անձանց իրավունքի պետական գրանցման վարույթում ներգրավելու պարտականություն»:
Վճռաբեկ դատարանը 04.06.2025 թ. որոշմամբ թիվ ՎԴ/0403/05/20 վարչական գործով Վերաքննիչ վարչական դատարանի 05․12․2024 թ. որոշման դեմ «ՆԻԻԷԼԵԿՏՐԱՄԱՇ» ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ-ի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է:
4. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը, վկայակոչելով «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին ու 10-րդ մասերը, պնդում է, որ օրենսդիրը սահմանել է սնանկության գործով ներկայացվող պահանջների հաստատման որոշակի ընթացակարգ: Օրենսդիրը նաև նախատեսել է որոշակի երաշխիքներ երրորդ անձի համար, որին պատկանող գույքով ապահովված է պարտատիրոջ պահանջը: Մասնավորապես՝ գրավատուի համար նախատեսվել է իր գույքով պահանջի ապահովումը ցանկացած պահի դադարեցնելու իրավական հնարավորություն` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ վճարում կատարելով:
Դիմողը, դիտարկելով երրորդ անձ գրավատուին՝ «Սնանկության մասին» օրենքով վերապահված երաշխիքները, փաստում է, որ պետության կողմից ամրագրված գործուն կառուցակարգերի գոյության պայմաններում է միայն հնարավոր դրանց լիարժեք իրացումը, ինչը ենթադրում է առնվազն երրորդ անձ գրավատուին՝ օրենքով իրեն վերապահված իրավունքների իրացման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու իրական հնարավորության ապահովումը:
Դիմողի համոզմամբ՝ ՀՀ իրավական համակարգում օրենսդրի կողմից երրորդ անձանց վարչական վարույթում ներգրավելու իրավական հնարավորություն նախատեսելու հիմնական նպատակը երրորդ անձանց սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունն ապահովելն է:
Մեջբերելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 19-րդ հոդվածը, 21-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը, 35-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը, 38-րդ հոդվածի 1-ին մասը, 53-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը, ինչպես նաև 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը՝ Դիմողը նշում է, որ վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի իրացման և դրա արդյունքում սեփականության իրավունքի պաշտպանության նպատակով, ելնելով վարչարարության ընդհանուր նորմերի պահպանման անհրաժեշտությունից, առանց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով ուղղակիորեն սահմանված իրավական կարգավորումների առկայության, վարչական մարմինը հաճախ հստակ և ակտիվ վարքագիծ է դրսևորում, օրինակ, այն դեպքերում, երբ օտարվող գույքը պատկանում է սնանկ ճանաչված անձին՝ պահանջելով, որ ներկայացվի տվյալ անձի սնանկության գործով կառավարչի համաձայնությունը, որպիսի հանգամանքը պարզելու ուղիղ պարտականություն վարչական մարմինը չունի:
Սույն դեպքում, Դիմողի համոզմամբ, վարչական ակտն ընդունվել է Սահմանադրության և օրենքներով ամրագրված՝ Դիմողի իրավունքների խախտմամբ՝ պայմանավորված դրա իրացման համար գործուն երաշխիքների բացակայությամբ, որի հետևանքով կոպտորեն խախտվել է վերջինիս սեփականության իրավունքը: Մասնավորապես՝ վարչական մարմինը, առանց քննության առարկա դարձնելու վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ նախապայմանի առկայությունը, այն է՝ ցանկանում է, արդյո՞ք, Դիմողն օգտվել «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի իրացումը դադարեցնելու հնարավորությունից, որից Դիմողն իրավունք ունի օգտվելու սեփականության իրավունքի փոխանցման ցանկացած փուլում՝ մինչև դրա նկատմամբ իրավունքների պետական գրանցման դադարեցումը, առանց ապահովելու այս իրավունքի իրացման ապահովման տեսակետից Դիմողի լսված լինելու իրավունքը, կայացրել է վարչական ակտ՝ դրանով իսկ զրկելով Դիմողին անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքից:
Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության մի շարք դրույթներ, պնդում է, որ Սահմանադրության, հատկապես՝ հիմնական իրավունքներն ու ազատությունները սահմանող նորմերը մասնավոր անձանց միջև հարաբերություններում անմիջականորեն իրացվելի են միայն Սահմանադրությամբ և վերջինիս հիման վրա ընդունված օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով: Հանրային իշխանության վերոհիշյալ սահմանադրական պարտականության բովանդակությունից անմիջականորեն բխում է, որ պետությունը պարտավոր է օրենսդրական կարգավորումների միջոցով պաշտպանել հիմնական իրավունքներն ու ազատությունները երրորդ անձանց ոչ իրավաչափ միջամտությունից։
Հանրային իշխանության կողմից տվյալ գործառույթի իրացման շրջանակում ընդունվել է «Սնանկության մասին» օրենքը, որով կարգավորվել են նաև սնանկ ճանաչված սուբյեկտի պարտավորություններով երրորդ անձ գրավատուների որոշակի իրավունքներ, որոնց իրացման գործուն երաշխիքներ, այդ թվում նաև՝ դրանց՝ ՀՀ դատական ատյանների կողմից արտահայտված դիրքորոշումների շրջանակում, այս պահին փաստացի առկա չեն:
Այսպիսով՝ Դիմողը գտնում է, որ պետության կողմից ամրագրված գործուն կառուցակարգերի գոյության պայմաններում է միայն հնարավոր Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների լիարժեք իրացումը, ինչը ենթադրում է առնվազն երրորդ անձ գրավատուին՝ օրենքով իրեն վերապահված իրավունքների իրացման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու իրական հնարավորության ապահովումը, ինչը պետք է հնարավոր լինի ապահովել նաև, այդ թվում՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման փուլի շրջանակում:
5. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), վկայակոչելով «Սնանկության մասին» օրենքի 19-րդ հոդվածը, 29-րդ հոդվածի 9-րդ մասը, 39.3-րդ հոդվածը, 43-րդ հոդվածի 9-11-րդ մասերը, 52-րդ հոդվածը, պնդում է, որ. «(...) ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրական մակարդակներով հաստատագրված է հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիքներ, մասնավորապես.
առաջին՝ առանց որևէ խտրականության ճանաչել և պաշտպանել սեփականության իրավունքն անկախ դրա դրսևորման ձևերի,
երկրորդ՝ երաշխավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար,
երրորդ՝ Սահմանադրությամբ կանխորոշված նպատակով սահմանել սեփականության իրավունքի իրացման ազատության օրենքով թույլատրելի շրջանակը,
չորրորդ՝ երաշխավորել օրենքով սահմանված դեպքերում՝ դատական կարգով անձին սեփականությունից զրկելու, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը հարկադիր օտարելու և նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը»:
Ըստ Պատասխանողի՝ ««Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի համատեքստում անձը որևէ կերպ զրկված չէ իր սեփականությունը գույքի տեսքով ապահովելու՝ փոխարենը վճարելով համապատասխան գումարը։ Ընդ որում, նման մոտեցումն ինքնանպատակ չէ և բխում է պարտատերերի պահանջների բավարարման ապահովման, պարտապանի, պարտատերերի, ինչպես նաև տարբեր շահագրգիռ կողմերի շահերի արդարացի հավասարակշռության և պաշտպանության ապահովման նպատակներից, ինչպես նաև կանխելով պարտապանի կողմից պարտատերերի առաջ ունեցած պարտավորությունների չկատարման ռիսկը»։
Պատասխանողի համոզմամբ՝ սահմանված կարգով տեղեկացված լինելու պայմաններում սնանկության վարույթի ցանկացած փուլում երրորդ անձ գրավատուն կարող է օգտվել «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված իրավունքից, և այդ իրավունքը որևէ կերպ չի կարող սահմանափակվել սնանկության վարույթի շրջանակներում։
«Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասը դիտարկելով համաչափության տեսանկյունից՝ Պատասխանողը գտնում է, որ քննարկվող դեպքում կարգավորումները սահմանված են օրենքով, վիճարկվող կարգավորումները բավարար չափով որոշակի են, և համապատասխան իրավահարաբերության սուբյեկտը լիարժեք կարող է կանխատեսել վիճարկվող կարգավորման պահանջները չկատարելու իրավական հետևանքները, ըմբռնել իրենից ակնկալվող վարքագծի բնույթը և, ըստ այդմ՝ իր վարքագիծը համապատասխանեցնել գործող օրենսդրական պահանջներին։
Սնանկության գործընթացում երրորդ անձ գրավատուն օրենքով սահմանված կարգով սնանկության վարույթի մասին տեղեկացված լինելու պայմաններում զրկված չէ «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված իրավունքից և լիարժեքորեն կարող է իրացնել այն։ Նշված դրույթը բավարար չափով հստակ է. այն նկարագրում է այն կարգն ու պայմանները, որոնք երրորդ անձ գրավատուն կարող է կատարել՝ պահպանելով իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը։
Ըստ Պատասխանողի՝ վիճարկվող դրույթը ոչ թե սահմանափակում է, այլ ընձեռում է հնարավորություն՝ իրեն (երրորդ անձին) պատկանող գույքը որպես պարտապանի պարտավորության ապահովում տրամադրելու փոխարեն ընտրել համապատասխան գումարի չափով վճարում կատարելու տարբերակը, ուստի՝ Պատասխանողի համոզմամբ՝ Դիմողի այն պնդումը, թե վիճարկվող դրույթների սահմաններում խախտվում է իր սեփականության իրավունքը, հիմնավորված չէ, քանի որ օրենսդրի կողմից նախատեսվել են անձի հիմնական իրավունքի պաշտպանության համար անհրաժեշտ կառուցակարգերը։
Անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի, 19-րդ հոդվածի, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 35-րդ հոդվածի 1-ին մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի, 38-րդ հոդվածի 1-ին մասի, 53-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի սահմանադրականության հարցին՝ Պատասխանողը պնդում է, որ գույքի պետական գրանցման գործընթացում վարչական մարմինը սահմանափակված է օրենքով նախատեսված ստուգման շրջանակով, իրականացնում է փաստաթղթերի ստուգում (լիազորություններ, փաստաթղթերի առկայություն և այլն), փաստերի արձանագրում (օրինակ՝ պայմանագրի հիման վրա ձեռք բերված սեփականության իրավունքը), չի դրսևորում հայեցողություն այս կամ այն հարցի կապակցությամբ, չի գնահատում որևէ հանգամանք։
Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ Պատասխանողը խնդրում է. ««Նիիէլեկտրամաշ» գիտա-արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ դիմումի հիման վրա՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի, 19-րդ հոդվածի, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 35-րդ հոդվածի 1-ին մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի, 38-րդ հոդվածի 1-ին մասի, 53-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի «Ա» կետի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:
6. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
6.1. Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, Պատասխանողի բացատրությունը, հետազոտության առարկա դարձնելով ոլորտը կարգավորող օրենսդրությունը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի քննությունը ենթակա է կարճման՝ հետևյալ հիմքերով և պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նշված օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն իմպերատիվ հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
1) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
2) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշման շրջանակներում նշել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Այսպիսով՝ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո´ր իրավունքն է խախտվել, և ի´նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանն իր վերոնշյալ դիրքորոշումների հիման վրա արձանագրում է, որ Սահմանադրական դատարան դիմող ցանկացած սուբյեկտ պետք է ոչ միայն հիմնավորի վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանդրականության արդյունքում իր՝ Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված իրավունքի խախտման փաստը, այլ նաև դրանց միջև առկա անմիջական պատճառահետևանքային կապը:
6.1.1. Հիշատակված կարգավորումների և Սահմանադրական դատարանի վերաբերելի դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Դիմողի դիրքորոշումներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է.
սույն դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը հարկ է համարում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի վիճարկվող դրույթներին անդրադառնալ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի համատեքստում: Այսպես՝ Օրենքի՝ «Օրենքի գործողության ոլորտը» վերտառությամբ 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Վերոնշյալ իրավակարգավորումը, սահմանելով, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են այլ՝ հատուկ օրենքներով (lex specialis), չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (lex generalis) կիրառումը, հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով (սույն դեպքում՝ lex specialis) կարգավորվող վարույթի առանձնահատկությունները սահմանվում են նշված օրենքով, հետևաբար՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (սույն դեպքում՝ lex generalis) ընդհանուր դրույթները կիրառելի են վեճի առարկա իրավահարաբերությունների նկատմամբ միայն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ հատուկ օրենքով սահմանված վարույթի առանձնահատկությունների հաշվառմամբ, այլ խոսքով՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ հատուկ օրենքով սահմանված կարգով իրականացված վարչական վարույթի ընթացքում Օրենքը կիրառելի է միայն այն հարաբերությունների մասով, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ նշյալ հատուկ օրենքով կարգավորված են մասամբ կամ, առհասարակ, կարգավորված չեն:
Այլ կերպ՝ Օրենքը վերոհիշյալ դրույթով ամրագրել է այն սկզբունքը, համաձայն որի՝ «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (lex specialis derogat legi generali), ինչը նշանակում է, որ եթե գոյություն ունեն տվյալ տեսակի վարչական վարույթի առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներ, ապա վարչական վարույթի նկատմամբ, առաջին հերթին, կիրառելի են այդ օրենքները, իսկ վարչական վարույթը կարգավորող ընդհանուր նորմերը կիրառելի են միայն հատուկ օրենքով չկարգավորված իրավահարաբերությունների նկատմամբ:
Օրենքի՝ «Վարչական վարույթի հասկացությունը» վերտառությամբ 19-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքի վերոնշյալ իրավակարգավորումը դեֆինիտիվ նորմ է, որի միջոցով օրենսդիրը բացահայտում է վարչական վարույթի հասկացությունը: Նշյալ իրավակարգավորման շրջանակներում վարչական վարույթը վարչական մարմնի, մասնավորապես` ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմինների/պետական կառավարման համակարգի մարմինների՝ ՀՀ նախարարությունների, ինչպես նաև ՀՀ ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմինների, տարածքային կառավարման մարմինների` մարզպետների, ու տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է, իսկ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Օրենքի՝ «Վարչական վարույթի մասնակիցները» վերտառությամբ 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի մասնակիցներն են (այսուհետ` վարույթի մասնակիցներ)`
ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.
բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված վարույթի մասնակիցները վարչական վարույթում ներգրավվում են իրենց դիմումի համաձայն կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:
Նշյալ կարգավորմամբ օրենսդիրը սահմանել է վարչական վարույթի մասնակիցների շրջանակը՝ ամրագրելով «վարչական ակտի հասցեատեր» և «երրորդ անձինք» հասկացությունների բովանդակությունը, ինչպես նաև վերջիններիս՝ վարույթին ներգրավվելու կարգը:
Երրորդ անձինք վարչական վարույթի այն մասնակիցներն են, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով, այսինքն` այն անձինք, որոնց համար վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտը կարող է առաջացնել իրավական հետևանքներ: Վերջիններս որպես վարչական վարույթի մասնակիցներ կարող են ներգրավվել կա´մ իրենց սեփական դիմումի հիման վրա, կա´մ վարչական մարմնի նախաձեռնությամբ:
Օրենքի՝ «Վարչական վարույթի մասին ծանուցելը» վերտառությամբ 35-րդ հոդվածի (ուժը կորցրել է 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-259-Ն օրենքով) 1-ին մասի համաձայն՝ դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց, անհրաժեշտության դեպքում` նաև վկային, փորձագետին, թարգմանչին և այլ մարմինների ներկայացուցիչներին, վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի և այլ պայմանների մասին:
Վարչական վարույթի հարուցման մասին ծանուցելու՝ վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովելու վարույթին մասնակցող անձի լսված լինելու իրավունքը, ինչը հնարավորություն կընձեռի վերջինիս լիարժեք իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը:
Վերոնշյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ երրորդ անձինք ևս վարչական վարույթի մասնակից են, ուստի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենքի իմաստով՝ վարչական վարույթի մասին ծանուցվող սուբյեկտ են նաև երրորդ անձինք:
Երրորդ անձանց վարչական վարույթում ներգրավելու իրավական հնարավորություն նախատեսելու հիմնական նպատակները (1) երրորդ անձանց սուբյեկտիվ իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանություն ապահովելն է, ինչպես նաև (2) երրորդ անձանց ներգրավմամբ գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը:
Օրենքի՝ «Վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը» վերտառությամբ 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Օրենսդիրը հստակ սահմանել է, որ վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեության, այն է՝ վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` պարզելու համար գործի բոլոր հանգամանքները: Գործի բոլոր հանգամանքների պարզումը ենթադրում է ինչպես վարույթի մասնակիցների դեմ, այնպես էլ նրանց օգտին առկա հանգամանքների վերհանում:
Օրենքի՝ «Վարույթի մասնակիցներին լսելը» վերտառությամբ 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:
Նշյալ կարգավորմամբ օրենսդիրն ամրագրել է վարչական վարույթի շրջանակներում վարույթի մասնակիցների՝ Սահմանադրության՝ «Պատշաճ վարչարարության իրավունքը» վերտառությամբ 50-րդ հոդվածի 3-րդ մասով երաշխավորված՝ լսված լինելու իրավունքի իրացման օրենսդրական երաշխիքները՝ որպես ընդհանուր կանոն սահմանելով վարչական մարմնի կողմից լսումներ անցկացնելու պարտականությունը:
Միևնույն ժամանակ, նշյալ իրավակարգավորման բովանդակության բացահայտմանն անդրադառնալով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի համատեքստում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանը, կյանքի կոչելով իր՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրաիրավական առաքելությունը, կայուն նախադեպային պրակտիկա է ձևավորել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթի շրջանակներում վերոնշյալ իրավակարգավորման իրացման հարցի վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է.
«(...) Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որի առանձնահատկությունները սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի համակարգային վերլուծությունը վկայում է, որ իրավունքների պետական գրանցման վարույթի առանձնահատկություններից է, ի թիվս այլնի, այդ վարույթում լսումներ չանցկացնելը։ Ըստ այդմ՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի ուժով սույն դեպքերում կիրառելի են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումները, որոնք իրավունքի պետական գրանցումը կատարող իրավասու մարմնի համար չեն նախատեսում վարչական լսումներ անցկացնելու և ենթադրյալ շահագրգիռ անձանց իրավունքի պետական գրանցման վարույթում ներգրավելու պարտականություն։
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա չէ վիճարկվող իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու որևէ հիմք, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանն իրացնում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ բողոքարկվող դատական ակտն անփոփոխ թողնելու լիազորությունը» (տե´ս, Ռուբիկ Հովհաննիսյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք` Գեղամ Բալասանյան, Գյուլիզար Հովհաննիսյան՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ/9563/05/18 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 04.07.2024 թ. որոշումը):
Սույն դիմումի շրջանակներում թիվ ՎԴ/0403/05/20 վարչական գործի ուսումնասիրության արդյունքում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ վարչական դատարանը 05.12.2024 թ. որոշմամբ արձանագրել է. «(...) գրանցման վարույթում ՀՀ կադաստրի կոմիտեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված շահագրգիռ անձի իրավունքի իրացումը ապահովելու լիազորություն օրենքով չունի, իսկ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:
Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվում գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթի շրջանակներում իր՝ «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով երաշխավորված իրավունքի իրացման համար լսումներ անցկացնելու պարտականությունը՝ հաշվի առնելով նաև, որ խնդրո առարկա իրավունքի իրացմանը միտված ակտիվ գործողությունների նախաձեռնողը հենց Դիմողն է` նկատի ունենալով նաև, որ, Դիմողի պնդմամբ, վարչական վարույթի մասին ծանուցումը հնարավորություն կընձեռեր իրեն իրացնելու «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով երաշխավորված իրավունքը, մինչդեռ Դիմողն անտեսում է այն իրողությունը, որ հիշատակված հոդվածով ամրագրված իրավունքի իրացումը ենթադրում է Դիմողի կողմից այդ իրավունքի կենսագործմանը միտված հստակ և հետևողական կամարտահայտում՝ առավել ևս այն պայմաններում, երբ Դիմողը քաջատեղյակ էր գույքի վաճառքի գործընթացից, ինչը ենթադրում է նաև համապատասխան իրավունքի պետական գրանցմանը միտված գործողություններ:
Օրենքի՝ «Վարչական ակտի հասկացությունը և տեսակները» վերտառությամբ 53-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Նշված հոդվածի նույն մասի երկրորդ պարբերության համաձայն՝ վարչական ակտը կարող է ուղղված լինել նաև որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց որևէ խմբի:
Վերոգրյալ իրավակարգավորման բովանդակությունից հետևում է, որ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.
(1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ Օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,
(2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,
(3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,
(4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,
(5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,
(6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար:
Վերոշարադրյալ որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար` գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ:
Օրենքի՝ «Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելը» վերտառությամբ 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Նշյալ կարգավորմամբ օրենսդիրը կրկին ընդգծել է առ ոչինչ և ոչ իրավաչափ վարչական ակտերի տարբերակիչ առանձնահատկությունները: Մասնավորապես՝ վարչական ակտի անվավերության նյութաիրավական հիմքերով պայմանավորված՝ անվավեր կարող է ճանաչվել միայն առ ոչինչ չհանդիսացող վարչական ակտը: Այսինքն՝ եթե առկա է վարչական ակտի առոչինչ լինելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված հիմքերից որևէ մեկը, ապա այդ վարչական ակտը չի կարող ճանաչվել անվավեր, քանի որ անվավերության հիմքերի պարզման անհրաժեշտությունն առ ոչինչ վարչական ակտի պարագայում բացակայում է:
Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով սույն դիմումի շրջանակներում Դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումներին՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողի կողմից չեն որոշակիացվել վերոգրյալ դրույթների՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության բովանդակային շրջանակները, դրանցով պայմանավորված՝ տվյալ դրույթների սահմանադրաիրավական նշանակության խաթարումը և այդպիսով՝ համապատասխան սահմանադրական իրավունքների խախտումները:
Դիմողը որևէ կերպ չի հիմնավորում, որ իր՝ համապատասխան սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտումն անմիջականորեն պայմանավորված է հենց վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) ենթադրյալ հակասահմանադրականությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում վիճարկվող հիշատակված դրույթների և Դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման միջև անմիջական պատճառահետևանքային կապը բացակայում է, ուստի՝ դիմումն այս մասով ակնհայտ անհիմն է, ինչը սույն գործի վարույթը՝ նշված դրույթների մասով, կարճելու հիմք է։
6.1.2. Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի՝ «Ապահովված պահանջները և դրանց բավարարումը» վերտառությամբ 43-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`
1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և իրացման համար հաշվարկված ծախսերը.
2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:
Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես սույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված պահանջ:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի՝ «Պարտապանի գույքի վաճառքը» վերտառությամբ 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի՝ «Լուծարման ընթացքում պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով» վերտառությամբ 76-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն՝ պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին սույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը:
Նույն մասի երկրորդ պարբերության համաձայն՝ միջնորդությանը կից ներկայացվում է գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը):
Նշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դատարան և առաջարկելու աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին: Առարկությանը կցվում է դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Եթե առարկություն են ներկայացրել մեկից ավելի պարտատերեր, ապա հրապարակային սակարկություններով գույքի իրացումը թույլատրվում է առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով:
Նշյալ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կառավարչի միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) գույքի վաճառքը թույլատրելու մասին` բավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.
բ) գույքի վաճառքը պարտատիրոջ առաջարկած գնով թույլատրելու մասին` չբավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.
գ) կառավարչի միջնորդությունը մերժելու մասին, եթե կառավարչի կողմից չեն պահպանվել սույն օրենքով սահմանված պահանջները:
Իսկ նշյալ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերության համաձայն՝ կառավարիչն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակում է հայտարարություն` պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին, որը փակցվում է նաև դատարանի շենքում` հատուկ հատկացված տեղում:
Նշյալ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ կառավարիչը պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին տեղեկությունները կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով:
Նշյալ մասի երրորդ պարբերության համաձայն՝ պարտապանին պատկանող գույքի վաճառքը կազմակերպվում է ոչ շուտ, քան մամուլի միջոցներով տրված վերջին հայտարարությունից 15 օր հետո` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Այսպիսով, ողջ վերոգրյալ իրավական նորմերի համադրման արդյունքում Սահմանադրական դատարանը փաստում է, որ սնանկության վարույթի շրջանակներում պարտատերերի պահանջների բավարարման նպատակով օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը՝ նաև հրապարակային սակարկություններով գույքը վաճառելու համապատասխան միջնորդությունը ներկայացնելով դատարան` այդ մասին երեք օր առաջ օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցելով պարտատերերին:
Կառավարչի համար պարտատերերի պատշաճ ծանուցումն իրականացնելու պարտականություն սահմանելն օրենսդրի կողմից նպատակ է հետապնդում, ի թիվս այլնի, ապահովելու պարտատերերի՝ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը: Մասնավորապես՝ պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դատարան և առաջարկելու աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին:
Անդրադառնալով կառավարչի՝ պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու միջնորդության մասին ապահովված պահանջների դեպքում նաև երրորդ անձանց (որոնց գույքով ապահովված է համապատասխան պահանջը) իրազեկելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(…) թեև «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ուղղակիորեն չի պարտավորեցնում սնանկության գործով կառավարչին՝ պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդության մասին ապահովված պահանջների դեպքում իրազեկելու նաև երրորդ անձանց, ում գույքով է ապահովված համապատասխան պահանջը, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է միայն պարտատերերի կողմից հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում դատարան գրավոր առարկություն ներկայացնելու և աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին առաջարկելու հնարավորություն, այդուհանդերձ անհրաժեշտ է կարևորել այն հանգամանքը, որ երրորդ անձը (մասնավորապես գրավատուն) պետք է իրական հնարավորություն ունենա տեղեկացված լինելու ներկայացված միջնորդության մասին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով առարկություն՝ նկատի ունենալով, որ որպես ապահովված պահանջ՝ գրավադրված գույքի հրապարակային սակարկություններով օտարումը, ուղղակիորեն առնչվում է երրորդ անձ գրավատուի սեփականության իրավունքին և այդ իրավունքի դատական պաշտպանությանը» (տե'ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Շուշան Հակոբյանի թիվ ԿԴ1/0150/04/17 սնանկության գործով Վճռաբեկ դատարանի 27.01.2023 թ. որոշումը) (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):
Հատկանշական է, որ օրենսդիրը, հաշվի առնելով գրավատուների իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը, հետագայում «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10.4-րդ մասով սահմանել է, որ երրորդ անձ գրավատուն, երաշխավորը կամ երաշխիք տվող անձը համապատասխան պահանջի մասով ունեն պարտապանի համար սահմանված բոլոր իրավունքները և պարտականությունները:
Վերոգրյալի համատեքստում՝ հիմք ընդունելով այն, որ երրորդ անձ գրավատուն ունի համապատասխան պահանջի մասով պարտապանի համար սահմանված բոլոր իրավունքները և պարտականությունները, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ի թիվս այլնի, կառավարիչը կրում է լուծարման վարույթի ընթացքում պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելու իր միջնորդության մասին երրորդ անձ գրավատուին սնանկության օրենսդրությամբ կարգով պատշաճ ծանուցելու պարտականություն:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասը բացառիկ իրավունք է վերապահում երրորդ անձ գրավատուին օրենքով սահմանված վճարումները կատարելու պայմանով՝ դադարեցնել իր գույքով պահանջի ապահովումը, ընդ որում՝ սույն իրավունքի իրացումը չի կարող սահմանափակվել գույքը հրապարակային սակարկություններով վաճառվելու դեպքում, քանի դեռ գնորդի համապատասխան իրավունքները պետական գրանցում չեն ստացել:
Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով սույն գործին՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն դիմումի շրջանակներում Դիմողը չի ներկայացրել համապատասխան հիմնավորումներ առ այն, որ որևէ պայմանում զրկված է եղել «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով երաշխավորված իրավունքի իրացման հնարավորությունից կամ հանդիպել է իր սույն իրավունքի իրացումն արգելափակող որևէ խոչընդոտի:
Այլ խոսքով՝ մինչև համապատասխան գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու պահը (որն իրականացվում է սնանկության վարույթին զուգահեռ), երրորդ անձ գրավատուն կարող է իրացնել իր՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավունքը՝ օրենսդրորեն ամրագրված հստակ ընթացակարգերի շրջանակներում՝ այս մասին համապատասխան դիմում դատարանին ներկայացնելու (իրազեկելով նաև կառավարչին) եղանակով: Վերոգրյալը վկայում է, որ Դիմողն ինքը պետք է հետամուտ լիներ իր իրավունքի իրացմանը՝ ակտիվ գործողություններ կատարելով՝ առավել ևս այն պայմաններում, երբ հիշատակված դատական ակտերով հաստատվել է, որ վերջինս իրազեկ է եղել սնանկության վարույթի շրջանակներում գույքի վաճառքի գործընթացներին:
Դիմողի կողմից բարձրացված՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի՝ «Ապահովված պահանջները և դրանց բավարարումը» վերտառությամբ 43-րդ հոդվածի 11-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ նշյալ դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի կողմից որևէ հիմնավորում չի ներկայացվել. Դիմողը որևէ դիրքորոշում չի ներկայացրել հիշյալ իրավակարգավորման (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) գործարկման արդյունքում իր կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 10, 11, 59, 60, 75, 78 և 79-րդ հոդվածներից որևէ մեկի խախտման ու դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Հիշատակված օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասի ուժով՝ երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված պահանջ:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դրույթը կարող է գործարկվել պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում, որպիսի հանգամանքի առկայությունը սույն գործով Դիմողի կողմից չի հիմնավորվել:
Վերոգրյալի համատեքստում՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար հիմնավորումներ ներկայացնել առ այն, որ հենց վիճարկվող դրույթն է (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) անմիջականորեն հանգեցրել Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված Դիմողի՝ որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվում սնանկության վարույթի շրջանակներում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով ծանուցված լինելու պայմաններում սնանկության վարույթի ցանկացած փուլում իր՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով երաշխավորված իրավունքի իրացման անհնարինության փաստը, ինչպես նաև նույն օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ դիմումով վիճարկվող հիշատակված դրույթների և Դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապը բացակայում է, ուստի՝ դիմումն այս մասով ակնհայտ անհիմն է, ինչը սույն գործի վարույթը՝ այս դրույթների մասով ևս, կարճելու հիմք է։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««ՆԻԻԷԼԵԿՏՐԱՄԱՇ» ԳԻՏԱ-ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՓԲԸ դիմումի հիման վրա՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի, 19-րդ հոդվածի, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 35-րդ հոդվածի 1-ին մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի, 38-րդ հոդվածի 1-ին մասի, 53-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
2 հունիսի 2026 թվականի
ՍԴԱՈ-92
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-92
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
