Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՆԱԻՐԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՆԱԻՐԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5626 հոկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-56)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 հոկտեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 56 | ՆԱԻՐԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՈՐՈՇՈՒՄ

Քաղ. Երևան 26 հոկտեմբերի 2020 թ.

Սահմանադրական դատարանը, գործելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի, 69-րդ հոդվածի 4 և 6-րդ մասերի հիման վրա, մասնակցությամբ դատավորներ Է. Շաթիրյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի և Ա. Խաչատրյանի,

քննության առնելով Նաիրա Մխիթարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Նաիրա Մխիթարյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հոկտեմբերի 5-ին) խնդրելով. « Բարձրագույն դատական խորհրդի 02.04.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 17.06.1998թ. օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի, 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 145-րդ և 78-րդ հոդվածների մեկնաբանությունները, Դատական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 2-րդ մասի մեկնաբանությունները և դրույթները ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող,

- Բարձրագույն դատական խորհրդի 27.07.2020թ. թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-10 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 17.06.1998թ. օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի, 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 145-րդ և 78-րդ հոդվածների մեկնաբանությունները, Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի, 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի, 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 149-րդ հոդվածի 2-րդ մասի, 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մեկնաբանությունները և այդ դրույթները ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող,

- վերը նշված երկու որոշումների մասով Դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածին հակասող»:

2. Սույն անհատական դիմումով վիճարկվող վերը հիշատակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Դատական օրենսգիրք) 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի առնչությամբ, հարկ է նկատի ունենալ, որ իրականում խոսքը վերաբերում է Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետին: Խնդիրն այն է, որ Բարձրագույն դատական խորհրդի 27.07.2020թ. թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-10 որոշման մեջ վկայակոչված է Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը, մինչդեռ այդ առնչությամբ մեջբերված է 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի դրույթը: Ուստի Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի փոխարեն ստորև կհիշատակվի Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված 17.06.1998թ. (ՀՕ-247), ուժը կորցրած 09.04.2018թ.) 131-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ օրենսդիրը թույլ է տալիս դատարանին անհրաժեշտության դեպքում գործի քննությունը վերսկսել մի քանի անգամ: Նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի առնչությամբ հղում կատարելով խնդրո առարկա օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ի մասի 11-ին կետին, նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին և 3-րդ մասին դիմողը գտնում է, որ գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ, հետևաբար այն կայացվում է առանց առանձին ակտի ձևով ձևակերպելու, իսկ վերջիններիս համար նախատեսված չէ դրանք պատճառաբանելու և դրանք կողմերին ուղարկելու դատարանի պարտականություն: Այնուամենայնիվ, եթե անգամ գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը կայացվում է առանձին ակտի ձևով, ապա, ըստ դիմողի, տվյալ դեպքում դատական ակտում շարժառիթը նշելու և դատական ակտը պատճառաբանելու օրենսդրական պահանջները նույնական չեն (դիմողը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության նրա համար, որ գործի քննությունը վերսկսելու մասին որոշումներում չի նշել վերսկսման շարժառիթները, այն է կոնկրետ ի՞նչ հանգամանքներ պարզելու և ի՞նչ ապացույցներ լրացուցիչ հետազոտելու համար է գործի քննությունը վերսկսվում, հետևաբար ըստ Բարձրագույն դատական խորհրդի դիմողը չի պատճառաբանել այդ որոշումները): Նույն օրենսգրքի 145 և 78-րդ հոդվածների առչնությամբ դիմողը փաստարկում է, որ դատավորը, ելնելով իր ծանրաբեռնվածությունից, չի կարող ամենօրյա հսկողություն սահմանել իր աշխատակազմի նկատմամբ, որի անմիջական պարտականությունների մեջ է մտնում համապատասխան ծանուցագրերը կողմերին ուղարկելը: Դատական օրենսգրքի (մինչև 25.03.2020թ. ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև գործող խմբագրությամբ 149-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ, ներկայացնելով նմանատիպ խախտումներ թույլ տված մի շարք դատավորների ավելի մեղմ կարգապահական տույժի ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներ և կատարելով համեմատական վերլուծություն, դիմողը փաստարկում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր նկատմամբ ավելի խիստ կարգապահական տույժ է նշանակել անտեսելով ուշադրության արժանի այլ հանգամանքներ, ինչպես նաև դատարանի ծանրաբեռնվածությունը, աշխատանքային ոչ բավարար պայմանները: Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի առնչությամբ դիմողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը ճիշտ չի մեկնաբանել «մեկ խիստ նկատողություն ունեցող» բառակապակցությունը: Ըստ դիմողի կարգապահական խախտումն էական համարելու համար հարկ է, որ անձը խախտումը կատարած լինի կարգապահական տույժի ենթարկվելուց հետո, մինչդեռ, ըստ դիմողի Բարձրագույն դատական խորհուրդը խնդրո առարկա բառակապակցությունը մեկնաբանել է որպես կարգապահական տույժ նշանակելիս արդեն իսկ մեկ խիստ նկատողություն ունենալը: Որպես օրինակ, դիմողն արձանագրում է, որ իր նկատմամբ խիստ նկատողություն հայտարարվել է 02.04.2020թ., մինչդեռ վերջին կարգապահական տույժի նշանակման համար կարգապահական վարույթ հարուցվել է քաղաքացու 01.04.2020թ. դիմումով, այսինքն վերջին հայտնի խախտումը կատարվել է առաջին հայտնի խախտման համար պատասխանատվության ենթարկվելուց առաջ: Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի, 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առնչությամբ դիմողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը ճիշտ չի մեկնաբանել «նույն արարքի համար», «նույն կարգապահական խախտման համար» բառակապակցությունները: Ըստ դիմողի տարբեր գործերով նույնատեսակ, նույնատիպ արարքները նույն արարքներն են: Մինչդեռ, ըստ դիմողի` Բարձրագույն դատական խորհուրդը գտել է, որ «նույնատիպ» և «նույն» հասկացությունները տարբեր հասկացություններ են, քանի որ, ըստ Բարձրագույն դատական խորհրդի, նույնատիպ արարքները կատարվել են տարբեր քաղաքացիական գործերով, տարբեր կողմերի մասնակցությամբ և տարբեր անձանց նկատմամբ: Ըստ դիմողի Բարձրագույն դատական խորհրդի 02.04.2020թ. որոշմամբ կիրառված նորմերին տրված մեկնաբանությունների Սահմանադրությանը հակասելու փաստը հաստատվելու արդյունքում իր լիազորություններն էական կարգապահական խախտում կատարելու պատճառաբանությամբ դադարեցնելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 27.07.2020թ. որոշմամբ կիրառված նորմերի մեկնաբանություններն ամբողջությամբ, Դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 7-րդ մասով Բարձրագույն դատական խորհրդի որոշումները բողոքարկելու անհնարինության մասով խախտում են իր իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի կարևոր մաս կազմող դատական ակտը բողոքարկելու իրավունքը, Սահմանադրության 61, 78 և 79-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, համաչափության և որոշակիության սկզբունքները:

4. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված նյութերը, գտնում է, որ սույն անհատական դիմումով գործը ենթակա է քննության ընդունելու մասամբ հետևյալ պատճառաբանությամբ 4.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված 17.06.1998թ. (ՀՕ-247), ուժը կորցրած 09.04.2018թ.) 131-րդ հոդվածի 2-րդ մասի, 145 և 78-րդ հոդվածների, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (մինչև 25.03.2020թ. ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև գործող խմբագրությամբ 149-րդ հոդվածի 2-րդ մասի մասով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ օրենսդիրը թույլ է տալիս դատարանին անհրաժեշտության դեպքում գործի քննությունը վերսկսել մի քանի անգամ: Այդ կապակցությամբ, հիմք ընդունելով դիմողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումների ուսումնասիրության արդյունքները, հարկ է նշել, որ դիմողը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե գործերի քննությունը մեկից ավելի անգամ վերսկսելու համար, այլ նրա համար, որ չի պատճառաբանել գործերի քննությունը վերսկսելու մասին որոշումները: Այսինքն դիմողի փաստարկները «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով ակնհայտ անհիմն են: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ և 78-րդ հոդվածների ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ դատավորը, ելնելով իր ծանրաբեռնվածությունից, չի կարող ամենօրյա հսկողություն սահմանել իր աշխատակազմի նկատմամբ, որի անմիջական պարտականությունների մեջ է մտնում համապատասխան ծանուցագրերը կողմերին ուղարկելը: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ դիմողը վիճարկվող և համապատասխան սահմանադրական նորմի միջև տրամաբանական կապը ցույց տալու, այդ շրջանակում համապատասխան վերլուծություններ կատարելու փոխարեն իր փաստարկները կառուցում է վիճարկվող և համապատասխան սահմանադրական նորմի միջև տրամաբանական կապին չառնչվող իր կարծիքով դատավորի գործունեությանը խոչընդոտող ինչ-որ իրադրության առկայությամբ, ինչը դիմողի փաստարկները «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով դարձնում է ակնհայտ անհիմն: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան գործի քննությունը ենթակա է մերժման հիշյալ օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սույն պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, դիմողը պետք է նաև պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում իր ո՞ր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։ Այս պահանջները չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրեն-քի (մինչև 25.03.2020թ. ՀՕ-197-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև գործող խմբագրությամբ 149-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր նկատմամբ ավելի խիստ կարգապահական տույժ է նշանակել անտեսելով ուշադրության արժանի այլ հանգամանքներ, ինչպես նաև դատարանի ծանրաբեռնվածությունը, աշխատանքային ոչ բավարար պայմանները: Այսինքն ձևականորեն բարձրացնելով սահմանադրականության խնդիր իրականում դիմողը բարձրացնում է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության իրավաչափության, կամ որ նույնն է իրավունքի կիրառման խնդիր, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը: Սահմանադրական դատարանի 2009 թվականի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումը ենթակա է մերժման որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմում: Սահմանադրական դատարանը վերահաստատում է այդ դիրքորոշումը նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով: Վերջինիս համապատասխան գործի քննությունը ենթակա է մերժման, եթե դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Ելնելով վերոնշյալից Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը սույն որոշման 4.1-ին ենթակետում թվարկված դրույթների մասով ենթակա է մերժման: 4.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված 17.06.1998թ. (ՀՕ-247), ուժը կորցրած 09.04.2018թ.) 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի, 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի, 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի և 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասով Ելնելով դիմումի և կից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով վերոնշյալ դրույթների մասով, գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը: Մասնավորապես

1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2. դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողը հանդիսացել է Բարձրագույն դատական խորհրդում որպես դատարանում, վարույթի մասնակից,

բ) դիմողի նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդի որպես դատարանի կողմից կիրառվել են օրենքի դրույթներ,

գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները կիրառվել են Բարձրագույն դատական խորհրդի որպես դատարանի վերջնական ակտով,

դ) դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3. դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5. դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 1-ին և 3-7-րդ մասերով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

1. Նաիրա Մխիթարյանի անհատական դիմումով գործը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունված 17.06.1998թ. (ՀՕ-247), ուժը կորցրած 09.04.2018թ.) 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի, 146-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի, 147-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 155-րդ հոդվածի 7-րդ մասի և 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության:

2. Նաիրա Մխիթարյանի անհատական դիմումով գործի քննությունը մնացյալ մասով մերժել:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող

Դատավորներ

26 հոկտեմբերի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-56

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հոկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-56
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել