«ՆԵՐՍԵՍ ՄԻՍԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՄԻՆՉԵՎ 09.04.2018 Թ. ԳՈՐԾՈՂ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-108)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 մայիսի 2020թ. ՍԴԱՈ - 108 | «ՆԵՐՍԵՍ ՄԻՍԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՄԻՆՉԵՎ 09.04.2018 Թ. ԳՈՐԾՈՂ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՆԵՐՍԵՍ ՄԻՍԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԻՆՉԵՎ 09.04.2018 թ. ԳՈՐԾՈՂ
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով Ներսես Միսակյանի դիմումի հիման վրա մինչև 09.04.2018 թ. գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Ներսես Միսակյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի ապրիլի 27-ին) խնդրելով դիմումն ընդունել քննության և «… և մինչև 09.04.2018 թվականը գործող և իմ նկատմամբ կիրառված «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54- րդ հոդվածի 2-րդ մասը հաշվի առնելով նաև դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 57-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը, վկայակոչելով իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ (ՍԴՈ–630, ՍԴՈ–1142), շեշտադրել է, որ այս սկզբունքն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում:
Դիմողը, վերլուծելով Սահմանադրության 57-րդ և 79-րդ հոդվածներով ամրագրված իրավունքների բովանդակությունը, կարծում է, որ աշխատանքի ազատ ընտրության իրավունքը հիմնական իրավունք է, և եթե անձը որևէ աշխատանք է կատարում, ապա արգելվում է այդ աշխատանքից անհիմն ազատել: Սա չի նշանակում, որ անձին հնարավոր չէ առհասարակ աշխատանքից ազատել, սակայն դա կարող է տեղի ունենալ, այսինքն աշխատանքի ազատ ընտրության իրավունքը հնարավոր է սահմանափակել օրենքով սահմանված դեպքերում: Իսկ նման օրենքը պետք է սահմանի աշխատանքի ազատ ընտրության իրավունքի սահմանափակման հիմքերը և ծավալը, լինի բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքի կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:
Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթը, ամրագրելով երեք տարին մեկ ատեստավորում անցնելու պահանջ, հստակ և կանխատեսելի կերպով չի ամրագրել այդ ժամկետի հաշվարկման կանոնները հնարավորություն տալով վարչական մարմնին, իսկ, այնուհետև դատարաններին կամայական մեկնաբանությունների միջոցով շատ լայն բովանդակություն տալ երեք տարի ժամկետին և կամայական կերպով փաստացի դատախազի արտահերթ ատեստավորումն անցկացնել այն պարագայում, երբ դատախազի արտահերթ ատեստավորումն անցկացվում է գլխավոր դատախազի հրամանի հիման վրա կամ դատախազի ցանկությամբ:
Ըստ դիմողի օրենսդրի տրամաբանությունից ելնելով ստացվում է, որ դատախազության համակարգում ատեստավորման տեսանկյունից երկու տեսակ պաշտոններ կան ատեստավորման ենթակա և ատեստավորման ոչ ենթակա: Ատեստավորման ենթակա պաշտոն զբաղեցնող դատախազը պարտավոր է երեք տարին մեկ անցնել ատեստավորում, այլ ոչ թե տարին մեկ, կամ երկու տարին մեկ, այլ երեք տարին մեկ բացառությամբ արտահերթ ատեստավորման դեպքի: Ժամանակային առումը շատ կարևոր է այն տեսանկյունից, որ ժամանակի ընթացքում դատախազության ծառայողների մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները ենթարկվում են փոփոխությունների: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ատեստավորման ոչ ենթակա պաշտոն զբաղեցնելիս մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակություններն ստուգելու անհրաժեշտություն օրենսդիրը չի տեսնում, և ատեստավորման ոչ ենթակա պաշտոնից ատեստավորման ենթակա պաշտոնի նշանակելիս արդեն ենթադրվում է, որ դատախազության ծառայողների մասնագիտական գիտելիքները և աշխատանքային ունակությունները համապատասխանում են զբաղեցրած պաշտոնին, իսկ հաջորդ հերթական ստուգումը կարող է տեղի ունենալ երեք տարի հետո:
Դիմողի պնդմամբ իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմին տրված մեկնաբանությամբ ստացվում է, որ թեև անձը նշանակվել է ատեստավորման ենթակա պաշտոնի, սակայն դա նշանակություն չունի, այդ նշանակմամբ չի փաստվում դատախազության ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, իսկ երեք տարի ժամկետը պետք է դիտարկել որպես դատախազության ծառայողների կյանքի ընթացքում ատեստավորման ենթակա պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածի հանրագումար, ինչն ուղղակի ոչ այլ ինչ է, քան կամայական մոտեցում աշխատանքի ազատ ընտրության իրավունքի սահմանափակման հիմքերի և ծավալի նկատմամբ, նման մեկնաբանությամբ վիճարկվող դրույթը դադարում է լինել բավարար չափով որոշակի, որպեսզի անձը ի վիճակի լինի դրսևորելու համապատասխան վարքագիծ:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը վերարտադրում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նորմատիվ պահանջը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը, իսկ նշված 3-րդ մասի համաձայն «Անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո»:
Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ վերջնական դատական ակտը Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2019 թվականի սեպտեմբերի 25-ին, իսկ Ներսես Միսակյանի դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2020 թվականի ապրիլի 6-ին: Հետևաբար դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու համար:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դիմողի միջնորդությանը, ըստ որի խնդրո առարկա գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի որոշումը վերջինս ստացել է 2019 թվականի հոկտեմբերի 16-ին, ապա Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը նախատեսում է վեցամսյա ժամկետը հաշվարկել դատական ակտի հրապարակման պահից և չի նախատեսում դատական ակտն ավելի ուշ ստանալու փաստով, կամ այլ հանգամանքներով դատավարական ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և վերականգնելու հնարավորություն:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5- րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
Ներսես Միսակյանի դիմումի հիման վրա մինչև 09.04.2018 թ. գործող «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
19 մայիսի 2020 թվականի
ՍԴԱՈ-108
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 մայիսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-108
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
