ԵԼԵՆԱ ԽԵՐԻՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 փետրվարի 2022թ. ՍԴԴԿՈ - 10 | ԵԼԵՆԱ ԽԵՐԻՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 փետրվարի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Ելենա Խերիմյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ելենա Խերիմյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի փետրվարի 14-ին) խնդրելով. …ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր այն մեկնաբանությամբ և կիրառմամբ, որով ՀՀ Վճռաբեկ դատարանը առաջնորդվել է թիվ ՍնԴ/0201/04/21 սնանկության գործով 19 հունվարի 2022 թվականի որոշումը կայացնելիս»:
2. Դիմողը գտնում է, որ պատճառաբանված դատական ակտի իրավունքը ներառված է Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի ծավալում, և վիճարկվող իրավական նորմերը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների մասով, համապատասխանում են այդ իրավունքի բովանդակությանը: Այսպես, ըստ դիմողի Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունվարի 19-ի որոշմամբ մերժել է ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը առանց նշելու նման եզրահանգման համար հիմք հանդիսացած պատճառները ըստ էության, չպատճառաբանելով հիշատակված որոշումը: Դիմողի պնդմամբ Վճռաբեկ դատարանի Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը չպատճառաբանելու պրակտիկան ակնհայտորեն սահմանափակում է անձի արդար դատաքննության իրավունքը: Դիմողի կարծիքով դատական ակտերի պատճառաբանված լինելու պահանջը դատական քննության որակի առաջնային չափանիշ է, իսկ դատական ակտի պատճառաբանության բացակայությունը կասկածի տակ է առնում դատարանի կողմից տվյալ դատական ակտի կայացմամբ արդարադատության նպատակին համահունչ գործունեությունը: Դատական ակտի պատճառաբանվածության պահանջն ուղղված է դատարանների կողմից նույնանման գործերով ձևավորվող պրակտիկայի հստակ ուղենիշների ամրագրմանը, որի նպատակն է ապահովել իրավունքի մեկնաբանության և կիրառության կանխատեսելիությունը, բացառել կամայական որոշումների հավանականությունը: Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանի կողմից Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության պահանջի վերը նշված ընդհանուր նկատառումներից բացի, այն ուղղակիորեն կիրառելի է նաև այն հանգամանքի հաշվառմամբ, որ այս որոշմամբ դատավարական կողմը, իր վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ Օրենսգիրք) նախատեսված ընթացակարգային կանոններին համապատասխան ներկայացնելով, սպառում է իր իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը Հայաստանի Հանրապետության եռաստիճան դատական համակարգում` այլևս չունենալով իր իրավունքի ենթադրյալ խախտման դեմ դատական պաշտպանության այլ միջոց: Դիմողը նշում է, որ ամեն դեպքում, եռաստիճան դատական համակարգում նույնիսկ այլ դատական ատյանների համեմատ առանձին դատական ակտերի ձևով կայացվող որոշումների պատճառաբանվածությանն առաջադրվող պահանջի ապահովման առնչությամբ պատճառաբանությունների ծավալը և խորությունը որոշելու հարցում Վճռաբեկ դատարանին վերապահված լայն հայեցողությամբ հանդերձ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմամբ պատճառաբանությունների կամ դատողությունների կամ հիմնավորումների սոսկ եզրահանգումների արձանագրումը չի կարող համարվել դատական ակտի պատճառաբանություն, եթե դատական ակտում շարադրված չէ նման եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքը: Դիմողը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի կողմից 2022 թվականի հունվարի 19-ի որոշմամբ կատարված եզրահանգումների իրավաչափությանը, փաստում է, որ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները իր նկատմամբ կիրառվել են այն մեկնաբանությամբ, որ դատական ակտի պատճառաբանությունների փոխարեն այն պարունակում է միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում: Հետևաբար դիմողի գործով Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ վիճարկվող իրավական դրույթները, ըստ նրա, մեկնաբանվել և կիրառվել են Սահմանադրական դատարանի որոշմամբ նախատեսված դիրքորոշումների հիման վրա տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: Օրենսգրքի վիճարկվող 6-րդ և 9-րդ հոդվածների առնչությամբ սույն դիմումով առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշումը: Մասնավորապես, նշված որոշման 5-րդ կետում Սահմանադրական դատարանը նշել է. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության պահանջի վերը նշված ընդհանուր նկատառումներից բացի, այն ուղղակիորեն կիրառելի է նաև այն հանգամանքի հաշվառմամբ, որ այս որոշմամբ դատավարական կողմը, իր վճռաբեկ բողոքը Օրենսգրքով նախատեսված ընթացակարգային կանոններին համապատասխան ներկայացնելով, սպառում է իր իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը Հայաստանի Հանրապետության եռաստիճան դատական համակարգում այլևս չունենալով իր իրավունքի ենթադրյալ խախտման դեմ դատական պաշտպանության այլ միջոց: Հետևաբար Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման նկատմամբ ուղղակիորեն տարածվում է դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքից բխող պատճառաբանվածության պահանջը, որից որևէ շեղում օրենսդրի կողմից նախատեսված չէ»: Սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշման 5-րդ կետում նշված է նաև Վճռաբեկ դատարանին վերապահված լայն հայեցողությամբ հանդերձ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմամբ պատճառաբանությունների կամ դատողությունների կամ հիմնավորումների սոսկ եզրահանգումների արձանագրումը չի կարող համարվել դատական ակտի պատճառաբանություն, եթե դատական ակտում շարադրված չէ նման եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքը»: Իսկ նույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը որոշել է. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանմամբ, համաձայն որի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը»: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ելենա Խերիմյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա.Վաղարշյան
Անդամներ Է. Շաթիրյան
Ա. Խաչատրյան
28 փետրվարի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-10
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 փետրվարի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-10
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
