Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐԱՄԱՅԻՍ, ՀԱՄԱՍՓՅՈՒՌ, ԱՐՄԻՆԵ, ԱՐՄԱՆ, ԱՐՇԱԿ, ԼԵՎՈՆ, ՄԱՆՈՒՇԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ԴԻՄՈՂՆԵՐ ԼԻՊԱ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐԱՄԱՅԻՍ, ՀԱՄԱՍՓՅՈՒՌ, ԱՐՄԻՆԵ, ԱՐՄԱՆ, ԱՐՇԱԿ, ԼԵՎՈՆ, ՄԱՆՈՒՇԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ԴԻՄՈՂՆԵՐ ԼԻՊԱ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-2111 փետրվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 փետրվարի 2025թ. ՍԴԱՈ - 21 | «ԱՐԱՄԱՅԻՍ, ՀԱՄԱՍՓՅՈՒՌ, ԱՐՄԻՆԵ, ԱՐՄԱՆ, ԱՐՇԱԿ, ԼԵՎՈՆ, ՄԱՆՈՒՇԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ԴԻՄՈՂՆԵՐ ԼԻՊԱՐԻՏ, ԼՈՒՍԻՆԵ, ՆԱՐԵ ԱՄԻՐՋԱՆՅԱՆՆԵՐԻ, ՀԵՐԻՔՆԱԶ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԻ ԵՎ ԼՈՒՍԻԿ ՀՈԲՈՍՅԱՆԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՐԱՄԱՅԻՍ, ՀԱՄԱՍՓՅՈՒՌ, ԱՐՄԻՆԵ, ԱՐՄԱՆ, ԱՐՇԱԿ, ԼԵՎՈՆ, ՄԱՆՈՒՇԱԿ ԱԼԻԽԱՆՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ԴԻՄՈՂՆԵՐ ԼԻՊԱՐԻՏ, ԼՈՒՍԻՆԵ, ՆԱՐԵ ԱՄԻՐՋԱՆՅԱՆՆԵՐԻ, ՀԵՐԻՔՆԱԶ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆԻ ԵՎ ԼՈՒՍԻԿ ՀՈԲՈՍՅԱՆԻ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արամայիս, Համասփյուռ, Արմինե, Արման, Արշակ, Լևոն, Մանուշակ Ալիխանյանների և այլոց դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ դիմողներ Լիպարիտ, Լուսինե, Նարե Ամիրջանյանների, Հերիքնազ Ներկարարյանի և Լուսիկ Հոբոսյանի մասով, կարճելու վերաբերյալ առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2020 թվականի հուլիսի 21-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արամայիս, Համասփյուռ, Արմինե, Արման, Արշակ, Լևոն, Մանուշակ Ալիխանյանների և այլոց (այսուհետ նաև` Դիմողներ) դիմումը (փոստային ծառայությանն է ներկայացվել 2020 թվականի հուլիսի 8-ին), որով վերջիններս խնդրել են.

«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «(…) կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն» իրավական ձևակերպումն այնքանով, որքանով չի բացահայտում այն պայմանները, որ իրավունքը խախտված անձը երբ, ինչ պայմաններով կարող է դիմել իր վերաբերյալ կայացված դատական ակտի վերանայման համար, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով դրանում նշված կարգավորումները հնարավորություն չեն տալիս միջազգային դատարանի վճռով կամ որոշմամբ ընդհանուր (համակարգային) բնույթի խախտում արձանագրելու դեպքում «նոր հանգամանքի» հիմքով դատական ակտի վերանայման համար դիմելու համապատասխան դատարան, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին կետին և 63-րդ հոդվածի 1-ին կետին հակասող և անվավեր»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:

Օրենսգրքի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը» վերտառությամբ 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է.

«Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե` (…) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը» (09.06.2022 թ. ՀՕ-182-Ն):

Օրենսգրքի վիճարկվող դրույթը՝ 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «հնարավորություն» բառից հետո լրացվել է «կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը»:

2. Դիմողներից Լիպարիտ, Լուսինե, Նարե Ամիրջանյանների, Հերիքնազ Ներկարարյանի և Լուսիկ Հոբոսյանի թիվ ԼԴ/0945/02/08 քաղաքացիական գործի նախապատմությունը

2007 թվականի նոյեմբերի 1-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» թիվ 1279-Ն որոշումը: Որոշման համաձայն՝ դրա հավելվածներում թվարկված հողատարածքների ձեռք բերող է հանդիսանում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունը կամ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով դրա կողմից հիմնադրված «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը: Դիմողներին, այդ թվում` Լիպարիտ, Լուսինե, Նարե Ամիրջանյանների, Հերիքնազ Ներկարարյանին և Լուսիկ Հոբոսյանին, պատկանող հողամասերը թվարկված են այն հողատարածքների շարքում, որոնք համարվում են օտարման ենթակա գոտիներ:

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը Դիմողներին պատկանող հողամասերի օտարման պահանջով համապատասխան հայցադիմումներ է ներկայացրել դատարան: Ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցվել է, այդ թվում` Դիմողներից Լիպարիտ, Լուսինե, Նարե Ամիրջանյանների, Հերիքնազ Ներկարարյանի և Լուսիկ Հոբոսյանի թիվ ԼԴ/0945/02/08 քաղաքացիական գործը: Նույն գործով դատարանը կայացրել է հայցը բավարարելու մասին վճիռ, որը մտել է օրինական ուժի մեջ:

2018 թվականի հոկտեմբերի 11-ին «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 71306/11) գործով կայացված վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև` ՄԻԵԴ) ճանաչել է հիշյալ գործով դիմումատուների՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` ՄԻԵԿ) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի խախտում: «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերել է Կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի նույն թիվ 1279-Ն որոշման հիման վրա իրականացված սեփականության օտարմանը:

Թիվ ԼԴ/0945/02/08 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացվել նոր հանգամանքով օրինական ուժի մեջ մտած վճիռը վերանայելու մասին բողոք՝ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի հիմքով:

Թիվ ԼԴ/0945/02/08 քաղաքացիական գործով «Դատական ակտը «նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին վերաքննիչ բողոքը» վերադարձնելու մասին» 2019 թվականի հունիսի 26-ի որոշմամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է հետևյալը.

«(...) դատական ակտի վերանայման հիմք հանդիսացող նոր հանգամանք է Միջազգային դատարանի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը հիմնավորող վճիռը կամ որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ անձի` «այդ իրավունքը» միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն ունեցած լինելու հանգամանքը: Այս հանգամանքի` որպես ՀՀ քաղ. դատ. օր.-ի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառման պայմանի, մեկնաբանությունը չի կարող կատարվել տվյալ նորմում «այդ իրավունքը» արտահայտության առկայությամբ պայմանավորված երկիմաստության անտեսմամբ, իսկ այդ երկիմաստությունը հանգում է հետևյալին:

ա) Մի դեպքում «այդ իրավունքը» արտահայտությունը մեկնաբանվում է անձի` միջազգային դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավորության իմաստով, և այս մեկնաբանության շրջանակներում պետք է արձանագրել, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառման պայմանն ամբողջանում է հետևյալ փաստերի միաժամանակյա առկայությամբ` անձի գանգատի հիման վրա հարուցված գործով միջազգային դատարանի կողմից կայացվել է վճիռ կամ որոշում, որով հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված` գանգատ ներկայացրած անձի իրավունքի խախտման փաստ, և որևէ այլ անձ, ով խախտված է համարում իր համանման իրավունքը և այդ վճիռը կամ որոշումը վերաբերելի է համարում իր համանման իրավունքի խախտման փաստին, այդ վճիռը կամ որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ միջազգային դատարան դիմած չլինելով հանդերձ, դեռևս ունի այդ անելու իրավունք և միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան այդ իրավունքն իրացնելու հնարավորություն: Այսպիսի մեկնաբանության պարագայում սույն գործով պատասխանողները չեն կարող հավակնել միջազգային դատարան դիմելու իրավունքի և այդ իրավունքն իրացնելու հնարավորության (և բողոքում չեն էլ վկայակոչել այդպիսիք), քանի որ ժամանակին չեն բողոքարկել նոր հանգամանքով վերանայման ներկայացված դատական ակտը` Դատարանի 27.11.2008թ. վճիռը, չեն սպառել «միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները» և, չունենալով «ներպետական վերջնական որոշում», չեն հայտնվել այն վեցամսյա ժամկետի գործողության տիրույթում, որի ընթացքում կարող են Եվրոպական դատարան ներկայացնել այդ դատարանի կողմից ընդունելի գանգատ` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան: Ակնհայտ է, որ դատական ակտի վերանայման հիմք հանդիսացող և ՀՀ քաղ. դատ. օր.-ի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված նոր հանգամանք` այսպիսի մեկնաբանությամբ, սույն գործով պատասխանողների համար առկա չէ:

բ) Երկրորդ դեպքում «այդ իրավունքը» արտահայտությունը մեկնաբանվում է իր և ՀՀ քաղ. դատ. օր.-ի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում պարունակվող այլ բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածին համապատասխան)` այն իրավունքի իմաստով, որի հիշատակումն անմիջականորեն նախորդում է «այդ իրավունքը» արտահայտությանը: ՀՀ քաղ. դատ. օր.-ի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բովանդակությունից ակնհայտ է, որ դա Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված այն իրավունքն է, որի խախտման փաստը հիմնավորվել է Միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ: Այսպիսի մեկնաբանության շրջանակներում պետք է արձանագրել, որ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառման պայմանն ամբողջանում է հետևյալ փաստերի միաժամանակյա առկայությամբ` անձի գանգատի հիման վրա հարուցված գործով միջազգային դատարանի կողմից կայացվել է վճիռ կամ որոշում, որով հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված` գանգատ ներկայացրած անձի իրավունքի խախտման փաստ, և որևէ այլ անձ, ով խախտված է համարում իր համանման իրավունքը և այդ վճիռը կամ որոշումը վերաբերելի է համարում իր համանման իրավունքի խախտման փաստին, այդ վճիռը կամ որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ դեռևս պահպանել է համանման իր այդ իրավունքը և միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան այն իրացնելու հնարավորությունը: Ակնհայտ է, որ սույն գործով պատասխանողների համար առկա չէ դատական ակտի վերանայման հիմք հանդիսացող և ՀՀ քաղ. դատ. օր.-ի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված նոր հանգամանք` նաև այսպիսի մեկնաբանությամբ, քանի որ նրանց կողմից վկայակոչված` «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի 14.03.2019թ. վճռով հիմնավորվել է, որ այդ գործով դիմումատուների պարագայում «տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում», այսինքն` հիմնավորվել է դիմումատուների սեփականության իրավունքը խախտված լինելու փաստը, իսկ սույն գործով պատասխանողները համանման իրենց իրավունքը` Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը, սույն գործի դատաքննության ընթացքում հայցվորի առաջարկած և իրենց կողմից ընդունված գնով հայցվորին են օտարել ու դրա համար հիմք ծառայած` Դատարանի 27.11.2008թ. վճիռը բողոքարկած չլինելու պայմաններում կորցրել են այդ իրավունքը և «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի 14.03.2019թ. վճիռն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ չէին կարող արդեն իսկ դադարած այդ իրավունքը միջազգային որևէ պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն ունենալ:

Սույն գործով պատասխանողները, բողոքում ՀՀ քաղ. դատ. օր.-ի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով 14.03.2019թ. կայացված վճիռը` որպես Դատարանի 27.11.2008թ. վճռի վերանայման հիմք հանդիսացող նոր հանգամանք, վկայակոչելով հանդերձ, բողոքում շարադրել են սոսկ գործի նախապատմությունը և դատավարական պատմությունը, մի շարք իրավական նորմերի բովանդակությունը, ՀՀ սահմանադրական դատարանի որոշ դիրքորոշումներ և ոմն «Սերյոժա, Վրույր Ազարյաններին և Աղաֆինա Այբեկյանին» սեփականության իրավունքից զրկելու հարցի հետ կապված փաստարկներ, լիովին անտեսելով ՀՀ քաղ. դատ. օր.-ի 421-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջը և բողոքում չանդրադառնալով այն հարցի հիմնավորմանը, թե ինչու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով 14.03.2019թ. կայացված վճիռը և այդ գործով դիմումատուների սեփականության իրավունքը խախտված լինելու փաստը տվյալ վճռով հիմնավորված լինելու հանգամանքը հիմք ծառայում` դեռևս 2008թ. կայացված և իրենց սեփականության օտարման պայմաններն իրենց իսկ համաձայնությամբ ամրագրած ու իրենց կողմից չբողոքարկված դատական ակտը վերանայելու համար: Սա նշանակում է նաև, որ բողոքի շրջանակներում ակնհայտորեն հիմնավորված չէ նոր հանգամանքի առկայությունը, և բողոքը ենթակա է վերադարձման` ՀՀ քաղ. դատ. օր.-ի 422-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի կիրառմամբ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ սույն գործով պատասխանողների անունից ներկայացված բողոքը ենթակա է վերադարձման անկախ նրանից, թե այն կդիտարկվի որպես վերաքննիչ բողոք, թե որպես նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք»:

Նույն՝ թիվ ԼԴ/0945/02/08 գործով կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի կապակցությամբ 2019 թվականի օգոստոսի 1-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացրել է «Դատական ակտը «նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին վերաքննիչ բողոքի» ընդունումը մերժելու և դատական սանկցիա կիրառելու մասին» որոշում՝ մասնավորապես նշելով հետևյալը.

«Ծանոթանալով ներկայացված բողոքին` Վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ բողոքը (իր էությամբ այն հանդիսանում է նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք, և տվյալ դեպքում թույլ տրված խախտումները երկշաբաթյա ժամկետում վերացվելուց հետո կրկին ներկայացվելու վերաբերյալ ՀՀ քաղ. դատ. օր.-ի 422-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կանոնը դրա նկատմամբ կիրառելի չէ` այդ կանոնի կիրառման պայմանների բացակայության պատճառաբանությամբ) վարույթ ընդունվել չի կարող, քանի որ դրանում նշված հիմքով նույն գործով Վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել (Վերաքննիչ դատարանի 26.06.2019 թ. որոշմամբ սպառիչ կերպով բացահայտվել ու գնահատվել են բողոքի ընդունելիությունը բացառող բոլոր փաստական և իրավական հանգամանքները), ինչը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 423-րդ հոդվածի 1-ին մասով և 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված է որպես բողոքի ընդունումը մերժելու հիմք»։

Թիվ ԼԴ/0945/02/08 քաղաքացիական գործով 2019 թվականի օգոստոսի 1-ի՝ «Դատական ակտը «նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին վերաքննիչ բողոքի» ընդունումը մերժելու և դատական սանկցիա կիրառելու մասին» որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը 2020 թվականի փետրվարի 19-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում»:

3. Դիմողների դիրքորոշումը

Դիմողները գտնում են, որ օրենսդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված նորմի ձևակերպումը պետք է սահմաներ այն աստիճանի հստակ, որ դատավարական կողմերի համար բավարար չափով հստակ լիներ դատարան դիմելու իրենց իրավունքի շրջանակը։ Մինչդեռ, վիճարկվող իրավակարգավորումը չունի իրավական որոշակիության այնպիսի աստիճան, որ դիմողներն իրենց իրավունքների պաշտպանության համար հնարավորություն ունենան դիմելու դատարան, իսկ դատարաններն այդ նորմի կիրառելիության հնարավորությունը չեն տեսնում՝ հիմք ընդունելով 1950 թվականի նոյեմբերի 4-ի ՄԻԵԿ-ի 35-րդ հոդվածը:

Ըստ դիմողների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «(…) կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն» ձևակերպումն այն աստիճանի չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքներին, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների մի մասը դիմողների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքներն ընդունել է վարույթ և վարույթ ընդունելու հիմնավորումներում նշել որպես «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի գործով» կայացած վճիռն իբրև նոր հանգամանքի առկայության փաստ, իսկ մյուս մասը՝ դիմողների ներկայացրած վերաքննիչ բողոքներն ընդհանրապես վարույթ չի ընդունել՝ պատճառաբանելով, որ Եվրոպական դատարանի վճիռը դատավարական կողմին չի վերաբերում:

Դիմողներն արձանագրում են, որ եթե ՄԻԵԴ-ի վճռով կամ որոշմամբ արձանագրվում է իրավունքի համակարգային խախտում, ապա այն անձը, որի իրավունքը խախտվել է իրավունքների պաշտպանության համակարգային ձախողման հետևանքով, չի կարող դիմել դատարան իր վերաբերյալ կայացված դատական ակտը վերանայելու համար: Նման պարագայում իմաստազուրկ է դառնում Սահմանադրությամբ ամրագրված այն սկզբունքը, որ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը, ինչպես նաև ՄԻԵԿ-ի 46-րդ հոդվածի այն պահանջը, ըստ որի՝ մասնակից պետությունները պարտավորվել են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմ են:

Դիմողները գտնում են, որ իրենց գործերով Հայաստանի դատարանների կողմից վերջնական դատական ակտերի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այդ ակտերի վերանայումը մարդու հիմնարար իրավունքի խախտմանը հանգեցրած դատական սխալի ուղղման նպատակ է հետապնդում:

4. Պատասխանողի դիրքորոշումը

Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող) նշում է, որ ի կատարումն ՄԻԵԴ-ի վճիռների՝ պայմանավորվող պետություններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, պահանջվում է, ի թիվս այլոց, ձեռնարկել անհատական բնույթի միջոցառումներ: Պատասխանողն ընդգծում է, որ անհատական բնույթի միջոցառումները, որպես կանոն, ներառում են եվրոպական դատարանի վճռի հիման վրա ներպետական դատական ակտերի վերանայումը. ի կատարումն ՄԻԵԴ-ի վճռի՝ նման անհատական բնույթի միջոցառումն անխուսափելի է լինում բոլոր այն դեպքերում, երբ կոնվենցիոն իրավունքի խախտման պատճառը ներպետական դատական վարույթի ընթացքում դատավարական նորմերի խախտումն է:

Մեկնաբանելով վիճարկվող նորմը՝ Պատասխանողը նշում է, որ մի կողմից դատական ակտի վերանայման հիմք հանդիսացող նոր հանգամանք է անձի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հիմնավորված լինելու հանգամանքը, մյուս կողմից՝ այդպիսի հանգամանք է նաև Միջազգային դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը հիմնավորող վճիռը կամ որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ անձի՝ այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն ունենալը:

Անդրադառնալով ՄԻԵԴ դիմելու իրավունքին՝ Պատասխանողը նշում է, որ անձն այդպիսի իրավունքից օգտվելու հնարավորություն է ստանում բացառապես, երբ սպառում է ներպետական պաշտպանության բոլոր միջոցները և դիմում է ՄԻԵԴ վերջնական որոշումը կայացնելու պահից վեց ամսվա ընթացքում:

Ըստ Պատասխանողի՝ վիճարկվող դրույթով հնարավորություն է տրվում դատական ակտը վերանայելու, երբ անձը միջազգային ատյանի վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն, իսկ այն անձանց համար, որոնք նշված պահին չեն ունեցել նման հնարավորություն (այդ թվում նաև ժամկետների մասով), ներպետական դատական ակտի վերանայման հնարավորություն իրավաչափորեն չի տրվում: Պատասխանողը գտնում է, որ հակառակ պարագայում կխախտվեն դատավարության մյուս մասնակցի իրավունքները, որը բողոք ներկայացված չլինելու պայմաններում ունի հիմնավորված և իրավաչափ ակնկալիք, որ կայացված դատական ակտը չի վերանայվելու, ինչպիսի մեխանիզմ էլ հենց սահմանված է վիճարկվող դրույթով:

Պատասխանողը նաև նշում է, որ իրավունքի գերակայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որով պահանջվում է, inter alia, որ այն բոլոր դեպքերում, երբ դատարանները որևէ հարցի վերաբերյալ կայացնում են վերջնական դատական ակտ, այդ ակտը չպետք է կասկածի տակ դրվի: Ավելի բարձր ատյանի դատարանների կողմից գործի վերանայման լիազորությունը պետք է իրականացվի դատական սխալները և ոչ պատշաճ իրականացված արդարադատությունն ուղղելու, այլ ոչ թե նոր քննություն անցկացնելու նպատակով:

Պատասխանողը նշում է, որ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը կարծիք է հայտնել, որ սեփականատերերը չեն ստացել այնպիսի չափի հատուցում, որով դժվարություն չէին ունենա այլ համարժեք գույք ձեռք բերելու հարցում, և եզրակացնում է, որ ՄԻԵԴ-ի վճիռն ուղղակի արձանագրում է փոխհատուցման ավելի մեծ չափերի հնարավորություն և ոչ մի կերպ չի վիճարկում օրենքի համապատասխանության հարցը:

Ներկայացնելով նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած որոշ դիրքորոշումներ՝ Պատասխանողը նշում է, որ վիճարկվող դրույթը ոչ միայն չի սահմանափակում, այլ նաև բավական լայն հնարավորություն է ընձեռում այն անձանց, որոնք սպառել են ներպետական պաշտպանության միջոցները, սահմանված ժամկետում և կարգով բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Պատասխանողը գտնում է, որ Դիմողներին ժամանակին ընձեռվել էին բոլոր հնարավորությունները՝ բողոքարկելու վճիռը վերադաս դատական ատյաններում, սակայն վերջիններս ուղղակի չեն օգտվել այդ հնարավորությունից, և այժմ ձևականորեն են վիճարկել օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ինչն անթույլատրելի է:

5. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (ստորև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը, գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել է նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմք։

Ուսումնասիրելով դիմումն ու կից փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը մասամբ՝ դիմողներ Լիպարիտ, Լուսինե, Նարե Ամիրջանյանների, Հերիքնազ Ներկարարյանի և Լուսիկ Հոբոսյանի մասով, ենթակա է կարճման` ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Թիվ ԼԴ/0945/02/2020 քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցի քննության պահի դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի համաձայն՝

«Դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, եթե՝

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 421-րդ հոդվածի պահանջները.

(…)

3) բողոքի շրջանակներում ակնհայտորեն հիմնավորված չէ նոր երևան եկած կամ նոր հանգամանքի առկայությունը»:

Օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝

«Նույն օրենսգրքի 420-րդ հոդվածի պահանջների խախտման, սահմանված ժամկետը լրանալուց հետո բողոքը ներկայացվելու և սահմանված ժամկետը վերականգնելու միջնորդություն չպարունակելու կամ մեկից ավելի դատական ակտերի դեմ բողոք բերված լինելու հիմքերով բողոքը վերադարձնելու որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, թույլ տրված խախտումները վերացվելու և կրկին ներկայացվելու դեպքում դատարանը մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթ հարուցելու մասին: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրամադրվում»:

Օրենսգրքի «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը» վերտառությամբ 420-րդ հոդվածը կարգավորում է համապատասխան բողոքներ ներկայացնելու ժամկետների հետ կապված հարցերը:

Թիվ ԼԴ/0945/02/08 քաղաքացիական գործով 2019 թվականի հունիսի 26-ի «Դատական ակտը «նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին վերաքննիչ բողոքը» վերադարձնելու մասին» որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձվել է Օրենսգրքի 421-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքերով, իսկ այդ հիմքերով նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձվելու դեպքում, համաձայն Օրենսգրքի 422-րդ հոդվածի 4-րդ մասի, բողոքը երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվելու կառուցակարգ նախատեսված չէ:

Թիվ ԼԴ/0945/02/08 քաղաքացիական գործով 2019 թվականի հունիսի 26-ի որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճիռը Լիպարիտ, Լուսինե, Նարե Ամիրջանյանների, Հերիքնազ Ներկարարյանի և Լուսիկ Հոբոսյանի թիվ ԼԴ/0945/02/08 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռի՝ նոր հանգամանքով վերանայման հիմք հանդիսանալ չի կարող և բողոքը վերադարձրել է, մասնավորապես, Օրենսգրքի 422-րդ հոդված 1-ին մասի 3-րդ կետի հիմքով, այն է՝ բողոքի շրջանակներում ակնհայտորեն հիմնավորված է նոր հանգամանքի առկայությունը:

Թիվ ԼԴ/0945/02/08 քաղաքացիական գործով 2019 թվականի օգոստոսի 1-ի՝ «Դատական ակտը «նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին վերաքննիչ բողոքի» ընդունումը մերժելու և դատական սանկցիա կիրառելու մասին» որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը, գտնելով, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո այն կրկին ներկայացնելու կառուցակարգը տվյալ դեպքում կիրառելի չէ, և արձանագրելով, որ կրկին ներկայացված բողոքում նշված հիմքով արդեն իսկ կայացրել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում («Վերաքննիչ դատարանի 26.06.2019 թ. որոշմամբ սպառիչ կերպով բացահայտվել ու գնահատվել են բողոքի ընդունելիությունը բացառող բոլոր փաստական և իրավական հանգամանքները»), գտել է, որ նույն հարցի վերաբերյալ արդեն իսկ առկա է վերաքննիչ դատարանի որոշում, և այդ հիմքով կայացրել է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ որոշում:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Վճռաբեկ դատարան է բողոքարկվել կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի կապակցությամբ թիվ ԼԴ/0945/02/08 քաղաքացիական գործով կայացված՝ «Դատական ակտը «նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին վերաքննիչ բողոքի» ընդունումը մերժելու և դատական սանկցիա կիրառելու մասին» 2019 թվականի օգոստոսի 1-ի որոշումը, որի իրավաչափության ստուգումը Վճռաբեկ դատարանը պետք է իրականացներ նույն գործով 2019 թվականի հունիսի 26-ի «Դատական ակտը «նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին վերաքննիչ բողոքը» վերադարձնելու մասին» որոշումը բողոքարկված և բեկանված չլինելու հաշվառմամբ:

Ներկայացվածի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատական ակտը, որով Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառմամբ արձանագրվել է թիվ ԼԴ/0945/02/08 գործով նոր հանգամանքի բացակայությունը, վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019 թվականի հունիսի 26-ի «Դատական ակտը «նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին վերաքննիչ բողոքը» վերադարձնելու մասին» որոշումն է, որը Վճռաբեկ դատարան չի բողոքարկվել: Հետևաբար՝ դիմողներ Լիպարիտ, Լուսինե, Նարե Ամիրջանյանները, Հերիքնազ Ներկարարյանը և Լուսիկ Հոբոսյանը մինչև Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելը իրենց վերաբերող թիվ ԼԴ/0945/02/08 քաղաքացիական գործով չեն սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Հիմք ընդունելով վերը նշվածը և հաշվի առնելով, որ Լիպարիտ, Լուսինե, Նարե Ամիրջանյանների, Հերիքնազ Ներկարարյանի և Լուսիկ Հոբոսյանները մինչև Սահմանադրական դատարանը դիմելը չեն սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը վերոնշյալ սուբյեկտների մասով, ենթակա է կարճման:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի իրավակարգավորումները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Արամայիս, Համասփյուռ, Արմինե, Արման, Արշակ, Լևոն, Մանուշակ Ալիխանյանների և այլոց դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ Հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ դիմողներ Լիպարիտ, Լուսինե, Նարե Ամիրջանյանների, Հերիքնազ Ներկարարյանի և Լուսիկ Հոբոսյանի մասով, կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

11 փետրվարի 2025 թվականի

ՍԴԱՈ-21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 փետրվարի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-21
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել