ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-37)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 հուլիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 37 | ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 24 հուլիսի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Գարիկ Մհերյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գարիկ Մհերյանի (այսուհետ` Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հունիսի 17-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով խնդրել է.
«Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասն՝ այն պատճառաբանությամբ, որ քրեադատավարական օրենքի 118-րդ հոդվածի 4-րդ մասը դատական վարույթում մեղադրյալին հնարավորություն չի տալիս իր անազատության շարունակականության իրավաչափությունը վիճարկել այն պատճառաբանությամբ, որ իր սկզբնական անազատությունը եղել է ոչ իրավաչափ, այն է՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով իրեն ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած»:
2. Դիմողը բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. «Արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված՝ իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունն անձի կողմից վիճարկելու իրավունքի բովանդակությանը, երբ թույլ չի տալիս, որպեսզի իր գործի ըստ էության քննության փուլում անձն իր անազատության շարունակականության իրավաչափությունը վիճարկի այն պատճառաբանությամբ, որ իր սկզբնական անազատությունը եղել է ոչ իրավաչափ, չնայած որին՝ այդ անազատությունը վերաճել է շարունակական կալանքի»:
Ըստ Դիմողի՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվելու իրավաչափությունը մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելու կամ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու իրավաչափության պայման է:
Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ դատական վարույթում կալանքի շարունակականությունն ապահովելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասը թույլ չի տալիս դատարանին գնահատելու կալանքի իրավաչափության որևէ այլ պայման, բացի հիմնավոր կասկածի և կալանքի հիմքերի շարունակական առկայության պայմանների գնահատումից:
Դիմողի պնդմամբ՝ չնայած նրան, որ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքի բովանդակությունը և՛ մինչդատական քրեական վարույթում, և՛ դատական վարույթում նույնն է, այնուամենայնիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դատական վարույթում կալանքի շարունակականության համար դատարանը գնահատում է բացառապես հիմնավոր կասկածի և կալանքի հիմքերի առկայությունը, ինչը թույլ չի տալիս, որ դատական վարույթում մեղադրյալը կալանքից ազատվի այն պատճառաբանությամբ, որ նրա սկզբնական անազատությունը եղել է ոչ իրավաչափ, ուստի՝ այն չպետք է ունենա շարունակականություն:
Ըստ Դիմողի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասը «հանդուրժում է», որ դատական վարույթում մեղադրյալը շարունակի գտնվել կալանքի տակ՝ անկախ այն հանգամանքից, որ անձի սկզբնական անազատությունը վերաճել է շարունակական կալանքի:
Դիմողն ընդգծում է նաև, որ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասն իրավամբ որևէ տարբերություն չի դնում քրեական գործի դատավարական փուլերի միջև, այսինքն՝ ազատությունից զրկելու իրավաչափության վիճարկման արդյունքներով սեղմ ժամկետում անձին ազատ արձակելու դատարանի լիազորությունը Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասը հավասարապես երաշխավորում է քրեական դատավարության բոլոր փուլերում, այդ թվում՝ դատական վարույթում:
Դիմողը նշում է նաև, որ անձնական ազատության իրավունքի իրացումը Սահմանադրության 27-րդ հոդվածը կապում է ոչ թե ֆորմալ առումի, այլ այդ իրավունքի բովանդակության հետ՝ հռչակելով, որ եթե անձի անազատությունն իրավաչափ չէ, ապա բոլոր դեպքերում անձը պետք է իրացնի ազատության իրավունքը:
Միաժամանակ Դիմողը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի թիվ ՀԿԴ/0188/06/23 գործով 2024 թվականի հունվարի 18-ի որոշումը, նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասն այնքանով, որքանով չի տալիս հնարավորություն, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը գնահատի այն հարցը, թե արդյոք անձի սկզբնական անազատությունը եղել է իրավաչափ, հետևաբար՝ արդյոք անձի՝ կալանքի վերաճած ու շարունակվող անազատությունը կարող է իրավաչափ համարվել, զրկել է իրեն ազատությունից զրկելու շարունակականության իրավաչափությունը Վճռաբեկ դատարանի թիվ ՀԿԴ/0188/06/23 գործով 2024 թվականի հունվարի 18-ի որոշման ի հայտ գալուց հետո նշված որոշման նախադեպային դիրքորոշումների ուժով վիճարկելու՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով նախատեսված հնարավորությունից:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականու-թյունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այդ պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է ներկայացնի բավարար հիմնավորումներ, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում՝ հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունք(ներ)ի ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթ(ներ)ի ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։
Սույն դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ նշված պահանջները պահպանված չեն:
Այսպես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 27-րդ հոդվածին, որի կապակցությամբ հարկ է արձանագրել, որ դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թե՛ Դիմողի դիրքորոշումները և թե՛ խնդրամասում առկա գնահատականները՝ պայմանավորված թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով անձի սկզբնական անազատության՝ հիմնավոր կասկածի անմիջականորեն ծագած չլինելու հետևանքով ոչ իրավաչափ լինելու հանգամանքով, հիմնված են ենթադրությունների վրա:
Սահմանադրական դատարանի դատական կազմն անհրաժեշտ է համարում անդրադառնալ թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործի շրջանակներում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը, համաձայն որի՝ «(...) Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով հատուկ վերանայման բողոքներում պաշտպանի ներկայացրած այն փաստարկներին, որ Գարիկ Մհերյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելն ինքնին հիմք է փաստելու, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024թ. փետրվարի 27-ի թիվ ՀԿԴ/0095/01/23 որոշմամբ թույլ տրված շարունակականությունն այլևս օրինական չէ՝ Վերաքննիչ դատարանը նախ և առաջ արձանագրում է, որ սույն գործով առկա են մեղադրյալ Գարիկ Մհերյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, իսկ սույն հատուկ վերանայման բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանն իրավասու չէ անդրադառնալ և գնահատական տալ ստուգման առարկա չհանդիսացող մեկ այլ դատական ակտի իրավաչափությանը»:
Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողի՝ սույն անհատական դիմումում արտահայտած իրավական դիրքորոշումներն ու պնդումներն առավելապես հիմնված են ենթադրությունների վրա, մինչդեռ անհատական դիմումի շրջանակներում Սահմանադրական դատարանի կողմից քննության ենթակա են միայն այն գործերը, որոնցով բարձրացված հարցերի կապակցությամբ ներկայացված դիրքորոշումները հիմնված չեն ենթադրությունների, կանխատեսումների և (կամ) դիմողի համար առավել նախընտրելի հնարավոր իրավական հետևանքների վրա, այլ դրանցով դիմողը հատուկ փաստարկներով հիմնավորում է իր նկատմամբ կիրառված կոնկրետ դրույթի կամ դրույթների, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության և (կամ) դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հակասահմանադրական լինելը:
Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել հետևյալը.
Դիմողի կողմից միևնույն՝ թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործի շրջանակներում միևնույն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ անհատական դիմում Սահմանադրական դատարան մուտքագրվել էր նաև 2024 թվականի մայիսի 10-ին:
Սահմանադրական դատարանի դատական կազմի 2024 թվականի մայիսի 30-ի ՍԴԴԿՈ–26 որոշմամբ մերժվել է վերոնշյալ անհատական դիմումով գործի քննությունը՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
2024 թվականի հունիսի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Դիմողի սույն անհատական դիմումը, որով վերջինս կրկին վիճարկում է թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասին՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը:
Ավելին, տվյալ պարագայում Դիմողը, ըստ էության, նույնաբովանդակ հիմնավորումներով և փաստարկներով է վիճարկել վերոնշյալ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, որոնք վերջինս ներկայացրել էր նաև 2024 թվականի մայիսի 10-ին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումով:
Սահմանադրական դատարանը, 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ անդրադառնալով Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներով գործերի քննության մերժման հիմքերին, արձանագրել է, որ ակնհայտ անհիմն է այն դիմումը, երբ նույն դիմողը միևնույն հիմնավորումներով և փաստարկներով վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել է Սահմանադրական դատարանի կողմից:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքը, չի ենթադրում միևնույն հիմնավորումներով և փաստարկներով նույն դատական գործի շրջանակներում կիրառված նույն դրույթի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ բազմաթիվ դիմումների ներկայացման հնարավորություն այն պարագայում, երբ դրա քննության վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի կամ աշխատակարգային որոշում։
Այսպիսով, Դիմողը սույն դիմումով գրեթե միևնույն հիմնավորումներով և փաստարկներով վիճարկում է միևնույն՝ թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործի շրջանակներում կիրառված այն նույն դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, որի սահմանադրականությունը վիճարկել էր նաև իր՝ 2024 թվականի մայիսի 10-ին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումով: Ավելին, նշված անհատական դիմումի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի՝ գործի քննությունը մերժելու մասին 2024 թվականի մայիսի 30-ի ՍԴԴԿՈ-26 որոշումը։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Գարիկ Մհերյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
24 հուլիսի 2024 թվականի
ՍԴԴԿՈ–37
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-37
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
