Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6628 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-66)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 դեկտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 66 | ԱՐՄԵՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 28 դեկտեմբերի 2023թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Արմեն Աթանեսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արմեն Աթանեսյանը (այսուհետ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 22-ին), խնդրել է հետևյալը.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր այնքանով, որքանով այդ իրավադրույթի ընկալումն ու կիրառումը

պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրած անձ չհանդիսացող պարտատիրոջը հնարավորություն է տալիս ներկայացնելու պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման բողոք,

վերադաս դատական ատյանին հնարավորություն է տալիս վարույթ ընդունելու պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրած անձ չհանդիսացող պարտատիրոջ կողմից ներկայացված պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման բողոքը,

վերադաս դատական ատյանին հնարավորություն է տալիս նոր երևան եկած կամ նոր հանգամանքների առկայության հիմքով բեկանել պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը այնպիսի վերանայման բողոքի հիման վրա, որը ներկայացվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրած անձ չհանդիսացող պարտատիրոջ կողմից»։

2. Դիմողը գտնում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների կազմը ևս պետք է համապատասխանի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորմանը։ Այլ կերպ ասած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը պետք է ընկալվի և կիրառվի այն մեկնաբանությամբ, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն պարտապանին սնանկ ճանաչելու հարցը լուծելիս սնանկության գործին մասնակցող անձինք, այսինքն պարտապանը և պարտատերը (պարտատերերը)։

Ուստի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում օգտագործվող «պարտատեր (պարտատերեր)» հասկացությունը պետք է ընկալել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ընդհանուր տրամաբանության ներքո, որի համաձայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում օգտագործվող «պարտատեր (պարտատերեր)» հասկացությունը բնորոշում է այն պարտատիրոջը (կամ պարտատերերին), որը պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում է ներկայացրել։

Դիմողը փաստում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումով դատարան դիմած անձից (անձանցից) տարբերվող մյուս պարտատերերը որպես քաղաքացիաիրավական կամ այլ պարտավորություններից բխող նյութաիրավական հարաբերությունների սուբյեկտներ, սնանկության գործով դատավարական հարաբերությունների սուբյեկտ (այն է պարտատեր) են դառնում միայն սնանկության գործը քննող դատարանի կողմից պարտապանի հանդեպ ունեցած իրենց պահանջի գրանցման պահից։ Սնանկության վարույթի այս դատավարական առանձնահատկությունից հետևում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումով դատարան դիմած անձից (անձանցից) տարբերվող մյուս պարտատերերը չեն կարող (իրավունք չունեն) որևէ կերպ միջամտել մինչև իրենց պահանջի գրանցումը տեղի ունեցած դատավարական գործընթացներին կամ բողոքարկել մինչև իրենց պահանջի գրանցումը կայացված դատական ակտերը թեկուզև նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով: Ասվածը հատկապես վերաբերում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռին։

Մինչդեռ սույն դիմումով քննության առարկա սնանկության գործի շրջանակում վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, ըստ էության, տրվել է այնպիսի մեկնաբանություն, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն նաև սնանկության գործին մասնակցող այն պարտատերերը, որոնք չեն ներկայացրել պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում և սնանկության գործին մասնակից են դարձվել միայն հետագայում պարտապանին սնանկ ճանաչելուց հետո պարտապանի նկատմամբ իրենց ունեցած պահանջների գրանցման հիմքով։

Դիմողը գտնում է, որ վերոգրյալ մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ անձի սեփականության սահմանադրական իրավունքի երաշխավորման համատեքստում պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրած անձ չհանդիսացող պարտատիրոջ կողմից նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով ներկայացված պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի վերանայման բողոքի հիման վրա այդ դատական ակտի բեկանումը զրկում է պարտատիրոջը սնանկության ինստիտուտի միջոցով իր սեփականության խախտված իրավունքը պատշաճորեն վերականգնելու հնարավորությունից կամ առնվազն էականորեն նվազեցնում է այդ հնարավորությունը։

Բացի դրանից, Դիմողը գտնում է, որ վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին տրված մեկնաբանությունը հակասում է նաև Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ նշված իրավադրույթի կիրառումը Արմեն Աթանեսյանին անհիմն կերպով զրկել է դատական կարգով սնանկության գործընթացի շրջանակում իր դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքներն իրացնելու հնարավորությունից, ինչպես նաև հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին, քանի որ վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ նշված իրավադրույթի կիրառումը չի ապահովում սնանկության ինստիտուտի կանխատեսելիությունը Արմեն Աթանեսյանի համար։ Արմեն Աթանեսյանը ողջամտորեն ի վիճակի չի եղել կանխատեսելու իր կողմից ներկայացված և բավարարված սնանկության դիմումի հետևանքները։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է

ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,

բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը (բարձրացված հարցի համատեքստում) կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) Դիմողը (բարձրացված հարցի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Արմեն Աթանեսյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

28 դեկտեմբերի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-66

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-66
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել