ԱՐՈՒՍՅԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 հուլիսի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 15 | ԱՐՈՒՍՅԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
10 հուլիսի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբª Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Հ. Նազարյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Արուսյակ Պետրոսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Արուսյակ Պետրոսյանը 2017թ. հունիսի 19-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածը, այնքանով, որքանով չի սահմանում սնանկության գործերով պահանջը հարգելի համարելու մասին միջնորդության պարտադիր ներկայացնելու ընթացակարգ կամ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը քննարկելու վերաբերյալ կարգավորումներ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող, կամ բացահայտել դրա սահմանադրաիրավական բովանդակությունը սահմանելով կայացված դատական ակտերը նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով վերանայելու հնարավորություն»:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.
1. Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմում պահանջ ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու նպատակով միջնորդություն ներկայացնելու ընթացակարգ նախատեսված չլինելու հանգամանքն ըստ էության դատարանին թույլ է տալիս ինչպես միջնորդության բացակայության պայմաններում իր նախաձեռնությամբ քննության առնել բաց թողնված ժամկետի հարգելիության հարցը, այնպես էլ պարտադիր համարել միջնորդության առկայության փաստով պայմանավորված հարգելիության հարցի քննարկումը, ինչն էլ առերևույթ հակասության մեջ է գտնվում իրավական որոշակիության սկզբունքի հետ:
Դիմողը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք իրավակարգավորումներ, մատնանշում է, որ միայն անձի դիմումի հիման վրա բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու պարագայում դատարանը կարող է անդրադառնալ այդ հարցին: Հակառակ պարագայում խախտվում է օրենքի առջև բոլորի հավասարության և կողմերի մրցակցության սկզբունքը: Դիմողի կարծիքով` վիճարկվող դրույթում միջնորդության պարտադիր ներկայացման պահանջ նախատեսված չլինելու հետևաքնով առկա է դատարանների կողմից դրսևորվող կամայականություն:
2. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը, վիճարկելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 85-րդ հոդվածը, հիմնականում շեշտադրում է այն հանգամանքը, որ խնդրո առարկա դրույթը չի պարունակում պահանջ ներկայացնելու համար սահմանված` ժամկետի բացթողումը հարգելի համարելու նպատակով համապատասխան միջնորդության ներկայացման ընթացակարգ: Մինչդեռ խնդրո առարկա գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ դատարանը 2016 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման մեջ արձանագրել է, որ` «... «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ և 85-րդ հոդվածներով սահմանված օրինադրույթների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, պահանջատերերի կողմից իրենց պահանջները սնանկության վարույթում ներկայացնելու համար սահմանելով որոշակի ժամկետ, այն է` սնանկության մասին հայտարարությունից հետո մեկ ամիս, նախատեսել է նաև սահմանված մեկամսյա ժամկետը չպահպանվելու պարագայում վերոհիշյալ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն` դատարանի կողմից բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու պայմանով»: Ավելին, դիմողի պահանջը սնանկ ճանաչված Ս. Աղազարյանի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանների կողմից մերժվել է պահանջին կից ներկայացված ապացույցների հետազոտման արդյունքում արված եզրակացության արդյունքում, քանի որ դիմողը համապատասխան պահանջները ներկայացրել է ի խախտումն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի կանոնների: Ընդհանուր իրավասության դատարաններն անգամ չեն անդրադարձել համապատասխան պահանջի ներկայացման ժամկետի բացթողման հարգելիության հարցին: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, ըստ դիմողի, հակասում են տվյալ դրույթները: Միաժամանակ, դիմողը պետք է նաև պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնց չպահպանումը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:
3. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքներն իր նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց: Մասնավորապես, դիմողի փաստարկներն առ այն, որ «Դատարանն իրավաչափ գործելու դեպքում պետք է Հ. Ջամբազյանի պահանջ ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողման հարցը քննության առարկա չդարձներ և ուսումնասիրելով ներկայացված պահանջի բովանդակությունը, ինչպես նաև հաշվի առնելով դրա ներկայացման պահը`... պետք է տվյալ պահանջը համարեր ստորադաս չապահովված պահանջ»` իրականում ուղղված են վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարցի վիճարկման քողի ներքո դրա կիրառման իրավաչափության հարցին, ինչն էլ հանդիսանում է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արուսյակ Պետրոսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահողª
Անդամներ`
10 հուլիսի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-15
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 հուլիսի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-15
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
