Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐԴԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐԴԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1426 հունիսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 հունիսի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 14 | ՎԱՐԴԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 26 հունիսի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Ա. Թունյանի

Վ. Հովհաննիսյանի

Քննության առնելով Վարդան Համբարձումյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վարդան Համբարձումյանը /ներկայացուցիչներ` փաստաբաններ Տիգրան Եգորյան, Դավիթ Գյուրջյան/ 05.06.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի և 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 11, 3, 4, 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, 29, 61, 63, 75, 79, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով դրանք չեն սահմանում հետաքննության, նախաքննության մարմինների և դատախազության նախաքննության /այդ թվում նյութերի նախապատրաստության/ փուլում իրականացված դատավարական գործողությունների բավարարության և արդյունավետության հարցերի քննարկման լիազորություն դատարանների համար դատական վերահսկողության շրջանակներում»:

2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին. դիմողի կարծիքով` նյութերի նախապատրաստման արդյունքում, քրեական գործի հարուցումը մերժելու դեպքում, քրեական դատավարության օրենսգիրքը` երաշխավորելով ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 4, 5, 61, 63 և 75-րդ հոդվածներով սահմանված սկզբունքներն ու իրավունքները, սահմանում է դատական պաշտպանության դիմելու հնարավորություն, որը նպատակ է հետապնդում ապահովելու ինչպես անձի դատական պաշտպանության /դատարանի մատչելիության/, արդար դատաքննության իրավունքների ապահովումը, այնպես էլ պետական իշխանության իրականացումն իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքի շրջանակներում:

Ըստ դիմողի խնդրո առարկա գործով հանցագործության վերաբերյալ հաղորդման քննարկման ընթացքում վարույթ իրականացնող մարմինը թերի է իրականացրել իր պարտականությունները, ինչի արդյունքում հանգել է հետևության, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան և մերժել է քրեական գործի հարուցումը:

Ըստ դիմողի նշված որոշման դեմ դատարան բերված բողոքով ինքը խնդրել է որոշել, թե արդյոք վարույթ իրականացնող մարմինը քրեական գործի հարուցման հիմքերի առկայության օբյեկտիվ և բազմակողմանի ստուգման ուղղությամբ իրականացրել է անհրաժեշտ և բավարար դատավարական գործողություններ, թե` ոչ: Ըստ դիմողի դատարանը գտել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության շրջանակներում դատարանը վերահսկողություն չի իրականացնում հետաքննության կամ նախաքննության ընթացքի նկատմամբ: Այդ հարցերի լուծումը գտնվում է նյութերի նախապատրաստությունն իրականացնող մարմինների բացառիկ լիազորությունների սահմաններում, իսկ քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար անհրաժեշտ տվյալների լրիվությունն ապահովելու նպատակով հետաքննության կամ նախաքննության մարմնին ցուցումներ և հանձնարարություններ կարող է տալ միայն դատախազը:

Դիմողը գտնում է, որ հետաքննության և/կամ նախաքննության /այդ թվում` նյութերի նախապատրաստման/ ընթացքում դատավարական

գործողությունների/անգործության ընտրությունը գործադիր իշխանությունը ներկայացնող հետաքննության և նախաքննության մարմնի ու դատախազության բացառիկ և բացարձակ իշխանությանն է թողնված, և այդ իշխանությունը հավասարակշռված չէ դատական իշխանությամբ, քանի որ դրանց օրինականության /բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության/ ստուգման վերահսկողական սահմանադրաիրավական գործառույթի իրականացման շրջանակներում դրանց բավարարությունը և պիտանիությունը գնահատելու իշխանություն դատարանը չունի: Իսկ առանց քննարկելու և գնահատելու, թե արդյոք հետաքննության կամ նախաքննության մարմինը կատարել է այն անհրաժեշտ և բավարար գործողություններն այս կամ այն հետևության հանգելու համար, դատարաններն ի վիճակի չեն լինի որոշել, թե արդյոք վարույթ իրականացնող մարմնի հետևությունները հիմնավոր են և օրինական:

3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողը փորձում է հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացի լույսի ներքո: Օրենսդրական բացը` որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը` նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Տվյալ դեպքում բացակայում են այն չափանիշները, որոնցից որևէ մեկի առկայությամբ պայմանավորված հնարավոր կլիներ դիմողի կողմից վկայակոչված «օրենսդրական բացը» Սահմանադրական դատարանի քննության առարկա դարձնելը: Այսինքն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի մասով դիմումն ակնհայտ անհիմն է:

Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1- ին և 2-րդ մասերին, ապա դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ նշյալ դրույթները չեն կիրառվել դիմողի նկատմամբ:

Համաձայն 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` «...սահմանադրական դատարան կարող են դիմել`... յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»: ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածին է վերապահվել Սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը: Այդ հոդվածի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ / ընդգծումը մերն է/,

որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,

* որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վարդան Համբարձումյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

26 հունիսի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/1-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հունիսի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել