ՍԵՐՅՈԺԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 հուլիսի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 16 | ՍԵՐՅՈԺԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
10 հուլիսի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը`
Նախագահությամբª Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ` Հ. Նազարյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Սերյոժա Սիմոնյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Սերյոժա Սիմոնյանը 2017թ. հունիսի 22-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2017թ. որոշման մեջ տեղ գտած մեկնաբանությամբ, որ անկախ կողմերիս միջև պայմանագրի առկայությունից կամ բացակայությունից, պարտականությունները կատարելուց կամ չկատարելուց, աղբահանության վճարը պարտադիր է, ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով բռնագանձման ենթակա հավասարեցված հարկերին, տուրքերին և այլ վճարումներին, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասին հակասող հակասահմանադրական»:
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.
1. Դիմողը նշում է, որ դատարանները, մեկնաբանելով վիճարկվող դրույթները, եզրահանգել են, որ կողմերի միջև պայմանագրի առկայության կամ բացակայության հանգամանքից և աղբահանության պատշաճ իրականացումից անկախ աղբահանության վճարը պարտադիր է:
Դիմողի կարծիքով` այն իրավիճակը, երբ սուբյեկտը պետք է կատարի աղբահանության համար վճարելու իր պարտականությունը` անկախ աղբի առկայությունից կամ համապատասխան ծառայության կողմից փոխադրված չլինելու հանգամանքից, հակասահմանադրական է, ինչի արդյունքում խախտվում է անձի սեփականության իրավունքը:
2. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) համապատասխան դրույթների վերլուծությունը վկայում է, որ համապատասխան սուբյեկտի` աղբահանության դիմաց որոշակի վճարումներ կատարելու պարտականությունը սահմանվում է օրենքով, աղբահանության աշխատանքները նախապես ֆինանսավորվում են համայնքի կողմից, իսկ այնուհետև աղբահանության համար գանձվող գումարներն ուղղվում են համայնքային բյուջե կամ արտաբյուջե, հետևաբար` այս ոլորտում առաջացած հարաբերությունները քաղաքացիաիրավական բնույթ չեն կրում և չեն առաջանում պայմանագրի հիման վրա:
Վերոշարադրյալի համատեքստում դիմողի փաստարկներն առ այն, որ «անկախ կողմերիս միջև պայմանագրի առկայությունից կամ բացակայությունից աղբահանության վճարը պարտադիր է», ակնհայտ անհիմն են և սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում:
Բացի դրանից, օրենքի 20-րդ հոդվածը` ամրագրելով աղբահանության վճար վճարողների հիմնական իրավունքները և պարտականությունները, ի թիվս այլնի, նախատեսում է, որ համապատասխան սուբյեկտներն օրենքով սահմանված կարգով իրավասու են բողոքարկել աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման, ինչպես նաև այդ վճարի գանձման` իրեն վերաբերող գործողությունները, ինչպես նաև համայնքից, օպերատորից կամ կազմակերպությունից պահանջել աղբահանությունը կազմակերպողի պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով սեփական միջոցների հաշվին կատարած աղբահանության ծախսերի հատուցում: Այսինքն, օրենսդիրը, սահմանելով համապատասխան սուբյեկտի` աղբահանության դիմաց որոշակի վճարումներ կատարելու պարտականությունը, միաժամանակ որոշակի երաշխիքներ է նախատեսում այն առումով, որ եթե աղբահանության վճար վճարողն իր հաշվին է իրականացնում աղբահանություն այն կազմակերպողի կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով, աղբահանության վճար վճարողին հնարավորություն է տրվում օրենքով նշված սուբյեկտներից պահանջելու սեփական միջոցների հաշվին կատարած ծախսերի հատուցում: Հետևաբար, դիմողի փաստարկն առ այն, որ համապատասխան վճարումներ կատարելու պարտականության ծագումը պետք է պայմանավորված լինի աղբի առկայությունից կամ համապատասխան ծառայության կողմից այն փոխադրված լինելու հանգամանքից, ակնհայտ անհիմն է և սահմանադրաիրավական վեճ չի առաջացնում: Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ի թիվս ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման, անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջն ինքնանպատակ չէ: Համաձայն դրա վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով, ինչը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև, պահանջ, որին չի բավարարում խնդրո առարկա անհատական դիմումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Սերյոժա Սիմոնյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող`
Անդամներ`
10 հուլիսի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-16
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 հուլիսի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-16
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
