ՀՈՎԻԿ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-61)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 նոյեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 61 | ՀՈՎԻԿ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
աղ. Երևան
5 նոյեմբերի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Դիլանյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Հովիկ Եսայանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Հովիկ Եսայանը 2019 թվականի հոկտեմբերի 16-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «…. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. թիվ 95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» 4.9 և 4.13 կետերը ճանաչեք ՀՀ Սահմանադրությանը հակասող նորմատիվ իրավական ակտ ….»:
2. Դիմողը նշում է, որ դատարանները կայացրել են ակնհայտ ապօրինի որոշումներ, որոնցով խախտվել են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63- րդ հոդվածի 1-ին մասի, Կոնվենցիայի 6.3-րդ հոդվածի 1-ին մասի, 13.1 հոդվածի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 69-րդ հոդվածի պահանջները:
Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված ժամկետի պահպանվածության և դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառած լինելու հանգամանքները հիմնավորելու համար դիմողը որպես վերջնական դատական ակտ է դիտարկում ՀՀ վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը, որը կայացվել է 2019թ. սեպտեմբերի 18-ին:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը կրկնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նորմը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3- րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:
Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողի միակ փաստարկն այն է, որ դատարանները կայացրել են, դիմողի կարծիքով, ակնհայտ ապօրինի դատական ակտեր: Այսինքն` ձևականորեն բարձրացնելով սահմանադրականության խնդիր դիմողն իրականում բարձրացնում է դատական ակտի իրավաչափության հարց, որի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից:
Բացի դրանից, ՀՀ վարչական դատարանն իր 25.01.2019թ. որոշմամբ որոշել է «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» 4.9 և 4.13 կետերը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասով դիմումի ընդունումը մերժել, իսկ «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» 4.9 և 4.13 կետերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասով վերադարձնել ժամկետ սահմանելով թույլ տված սխալները վերացնելու և դիմումը կրկին ներկայացնելու համար:
Դիմողի գործով վերադաս ատյանների բոլոր դատական ակտերը վերաբերում են «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» 4.9 և 4.13 կետերը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասով դիմումի ընդունումը մերժելուն, իսկ «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» 4.9 և 4.13 կետերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասով դիմումում թույլ տրված սխալները վերացնելուց հետո դիմողը դիմումը կրկին ներկայացրել է ՀՀ վարչական դատարան, որն էլ իր 15.02.2019թ. որոշմամբ դիմողի դիմումը «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների» 4.9 և 4.13 կետերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասին ընդունել է վարույթ, սակայն, դեռևս դատական ակտ չի կայացրել: Այսինքն դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, ինչը վկայում է այն մասին, որ ՀՀ վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» 2019թ. սեպտեմբերի 18-ի որոշումը չի կարող դիտարկվել որպես վերջնական դատական ակտ: Ավելին, այն չի կարող դիտարկվել որպես դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում նաև այն պատճառով, որ դրանով ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության վճռաբեկ բողոքն անհարգելի պատճառներով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու հիմքով: Վերջինս վկայում է այն մասին, որ դիմողը պատշաճ կերպով չի օգտվել իր դատավարական իրավունքներից, ինքն իրեն զրկել է օրենքով իրեն ընձեռված դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու հնարավորությունից:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Հովիկ Եսայանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
5 նոյեմբերի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-61
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 նոյեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-61
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
