««ՄԵԳԻԷԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 417-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-111)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 8 հուլիսի 2025թ. ՍԴԱՈ - 111 | ««ՄԵԳԻԷԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 417-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ՄԵԳԻԷԼ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 417-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 6-ՐԴ ԿԵՏԻ «Ա» ԵՆԹԱԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««Մեգիէլ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի, 417-րդ հոդվածի 3-րդ մասի և «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի հունիսի 12-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «Մեգիէլ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Զորայր Հարությունյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...)
(...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի և 417-րդ հոդվածի 3-րդ մասը՝ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 11-րդ և 59-րդ հոդվածին հակասող ու անվավեր:
(...) «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/25129/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ պետական գնումների գործընթացը՝ իր առանձնահատկություններով պայմանավորված, չի կարող և չպետք է որակվի իբրև ձեռնարկատիրական գործունեություն, առավել ևս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի համատեքստում։ Հավելելով՝ Դիմողը նշում է, որ ՀՀ դատական ատյանները սխալ են գնահատել հայցվորի և բողոքաբերի միջև ձևավորված հարաբերությունը, մասնավորապես՝ «Մեգիէլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ծավալված գործունեության բնույթը: Ըստ Դիմողի՝ թեև տվյալ ընկերությունը ձեռնարկատիրական գործունեություն է ծավալում՝ համաձայն իր կանոնադրության, սակայն սույն պարագայում պայմանագիրը կնքվել է գնման ընթացակարգի արդյունքում, որը երկու իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջև ձևավորվող իրավահարաբերություն չէ, որտեղ պայմանագրի էական կետերը (ապրանքի տեսակի, գնի վերաբերյալ) կարող են փոփոխության ենթարկվել փոխադարձ համաձայնության արդյունքում:
Դիմողը գտնում է, որ ՀՀ դատական ատյանները կայացված և վկայակոչված դատական ակտերով իրավակարգավորման բառացի մեկնաբանման արդյունքում հանգել են սխալ հետևության և քննարկվող իրադրության նկատմամբ կիրառելի են համարել անհաղթահարելի ուժի կիրառման բացառության կանոնը սահմանող իրավադրույթը՝ հակասահմանադրական մեկնաբանությամբ: Ըստ Դիմողի՝ ՀՀ դատարանները, ըստ էության, անտեսել են այն հանգամանքը, որ գնման ընթացակարգի միջոցով ձեռքբերման էր ենթակա հստակ արտադրողի կողմից հստակ արտադրանք: Այսինքն՝ Դիմողի պնդմամբ՝ տվյալ պարագայում չի կարող խոսք լինել շուկայում ապրանքի առկայության կամ բացակայության մասին՝ նկատի ունենալով, որ «շուկա» եզրույթը սույն դեպքում նույնանում է ընկերության կողմից ներկայացվող արտադրողի հետ, որն էլ, ՀՀ դատական ատյանների մեկնաբանմամբ, ընկերության կոնտրագենտն է: Մինչդեռ, ըստ Դիմողի՝ «շուկա» հասկացությունը պետք է մեկնաբանվի որպես համապատասխան ապրանքի հասանելիություն՝ տարբեր մատակարարների կողմից, տարբեր ապրանքանիշների ներքո, տարբեր պայմաններով:
Դիմողը գտնում է, որ այն դեպքերում, երբ շուկայի բացակայության (այլ կերպ՝ շուկայի ու մեկ կազմակերպության նույնացման) հետևանքով որևէ ապրանքի ձեռքբերումը դառնում է անհնարին, նշվածը չի կարող և չպետք է մեկնաբանվի ի վնաս տնտեսվարող ընկերության՝ նկատի ունենալով, որ պետությունն ինքն է ի սկզբանե բացառել շուկայում առկա այլ նույնական ապրանքների մատակարարումը տվյալ գնման գործընթացի շրջանակներում: Դիմողի պնդմամբ՝ նույնական պետք է լինի նաև մոտեցումը կոնտրագենտի կողմից պարտավորությունների չկատարմանը՝ նկատի ունենալով, որ նույն կոնտրագենտը տվյալ դեպքում ամբողջապես սպառում է շուկա հասկացությունը։
Դիմողը նշում է, որ պետական գնումների գործող ընթացակարգի հայտարարման եղանակով պետական առանձին կառույցներ ազատ են հայտարարելու ապրանքի պատվեր այնպիսի չափանիշներով, որոնք մեխանիկորեն կստեղծեն (ինչպես սույն դեպքում) համապատասխան պայմանագրային հարաբերությունների շրջանակներում իրականացվելիք մատակարարման (տնտեսական գործունեության) համար «մենաշնորհային շուկա»։ Դիմողի պնդմամբ՝ նման պայմաններում և մեկնաբանմամբ չեն կարող և չպետք է կիրառելի համարվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված բացառություններն այն պարզ պատճառաբանությամբ, որ դրանք ակնհայտորեն նախատեսված են եղել մրցակցային ազատ շուկայական պայմաններում տնտեսական գործունեություն ծավալող անձանց ու կազմակերպությունների մասնակցությամբ տնտեսական հարաբերությունների նկատմամբ կիրառման համար:
Արդյունքում՝ Դիմողը հանգում է հետևության առ այն, որ պետական գնումների գործընթացին մասնակցությունը, դրանում հաղթելն ու դրա շրջանակներում որևէ ապրանքի մատակարարումը չեն կարող գնահատվել իբրև ձեռնարկատիրական գործունեություն, իսկ ՀՀ դատական ատյանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2 և 417-րդ հոդվածների համատեքստում «ձեռնարկատիրական գործունեություն» հասկացությանը տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 11 և 59-րդ հոդվածներին։
Անդրադառնալով վիճարկվող՝ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետին՝ Դիմողը նշում է, որ, համաձայն ՀՀ դատական ատյանների կողմից տրված մեկնաբանության, բոլոր դեպքերում, երբ պետական գնումների գործընթացի մասնակիցը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում իր պայմանագրային պարտավորությունները, ապա պետք է վրա հասնի պատասխանատվության նույն տեսակը՝ վերջինիս՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկվելը։ Ըստ Դիմողի՝ «Գնումների մասին» օրենքը չի պարունակում որևէ չափորոշիչ պատասխանատվության քննարկվող տեսակի ընտրության համար, այսինքն՝ պատասխանատվության տեսանկյունից, ըստ էության, հավասարության նշան է դրվում գնումների գործընթացի մասնակցի կողմից պայմանագրային պարտավորություններն ընդհանրապես չկատարելու և գրեթե ամբողջ ծավալով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ մնացած մասով՝ պատշաճ կատարելու անհնարինության մասին նախապես ծանուցելու միջև։
Ամփոփելով՝ Դիմողը գտնում է, որ քննարկվող օրենսդրական կարգավորումը և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը նախատեսում են սահմանադրական հիմնական իրավունքի նկատմամբ անհամաչափ ներգործության հնարավորություն, ինչը և տեղի է ունեցել սույն դեպքում՝ չբավարարելով իրավական որոշակիության նվազագույն չափանիշը։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
3.1. Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի և 417-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի՝ վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի և 417-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) դատական ատյանները կայացված և վկայակոչված դատական ակտերով իրավակարգավորման բառացի մեկնաբանման արդյունքում հանգել են սխալ հետևության և հետևապես, քննարկվող իրադրության նկատմամբ, կիրառելի են համարել վկայակոչված իրավադրույթը, այն է՝ անհաղթահարելի ուժի կիրառման բացառության կանոնը, հակասահմանադրական մեկնաբանությամբ:
Դատարաններն ըստ էության անտեսել են այն հանգամանքը, որ գնման ընթացակարգի միջոցով ձեռքբերման էր ենթակա հստակ արտադրողի կողմից հստակ արտադրանք: Այսինքն, տվյալ պարագայում խոսք գնալ չի կարող շուկայում ապրանքի առկայության, կամ բացակայության մասին, նկատի ունենալով, որ «շուկա» եզրույթը սույն դեպքում նույնանում է Ընկերության կողմից ներկայացվող արտադրողի հետ, որն էլ հենց, դատական ատյանների մեկնաբանմամբ, հանդիսանում է Ընկերության կոնտրագենտը:
Մինչդեռ, «շուկա» հասկացությունը պետք է մեկնաբանվի որպես համապատասխան ապրանքի հասանելիություն՝ տարբեր մատակարարների կողմից, տարբեր ապրանքանիշների ներքո, տարբեր պայմաններով»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/25129/02/22 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի և 417-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ԵԴ/25129/02/22 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից քննարկվող համատեքստում բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի և 417-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
3.2. Դիմողի կողմից վիճարկվող՝ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Ինչպես արդեն վերը վկայակոչվել է, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է.
Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի մասով բարձրացնում է տվյալ դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարց, որի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.
Դիմողի կողմից քննարկվող համատեքստում վկայակոչված՝ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո, որը սույն պարագայում տեղի չի ունեցել։
Հետևաբար՝ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող՝ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ վերջինիս որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող տվյալ դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 78 և 79-րդ հոդվածների հնարավոր խախտման համատեքստում:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող՝ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը, հետևաբար նաև՝ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին:
Այսպիսով, սույն անհատական դիմումը՝ քննարկվող մասով, ակնհայտ անհիմն է։
Ուստի՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««Մեգիէլ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի, 417-րդ հոդվածի 3-րդ մասի և «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
8 հուլիսի 2025 թվականի
ՍԴԱՈ-111
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-111
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
