«ԳՐԻՆԼԵՆԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-82)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 նոյեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 82 | «ԳՐԻՆԼԵՆԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 26 նոյեմբերի 2021 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Վ. Գրիգորյանի
Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Գրինլենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գրինլենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 18-ին) խնդրելով. «(…) ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել Հարկերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածն այն մասով, որը թույլ է տալիս հարկային գործակալի պարտականություն դնել սնանկության գործի շրջանակներում պարտապան չհանդիսացող երրորդ անձ (ֆիզիկական անձ) գրավատուից գույք ձեռք բերող աճուրդի մասնակցի վրա այն պարագայում, երբ աճուրդի մասնակիցը չգիտի և պարտավոր չէ իմանալ, որ գույքի (գրավի առարկայի) սեփականատերը ֆիզիկական անձ է»:
2. Ըստ դիմողի Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերը նշված մեկնաբանման արդյունքում դիմողի վրա դրվում է պարտականություն պետական բյուջե վճարել այնպիսի վճարներ, որոնք նախատեսված չեն օրենքով, դիմողը առանց օրենքով նախատեսված հիմքերի զրկվում է սեփականության իրավունքից, ինչը հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերին: Դիմողի կարծիքով Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված հարկային գործակալի ինստիտուտը բավականաչափ որոշակի չէ, ինչի արդյունքում հնարավոր չէ հստակ պատասխանել այն հարցին, թե աճուրդով գույք ձեռք բերելիս, ո՞վ պետք է հանդես գա որպես հարկային գործակալ գույքի նախկին սեփականատիրոջը փաստացի եկամուտ վճարող կառավարի՞չը, թե՞ գույքի սեփականատիրոջ մասին որևէ տեղեկություն չունեցող և իրեն եկամուտ փաստացի չվճարող աճուրդի մասնակիցը: Դիմողը գտնում է, որ աճուրդի մասնակիցը չի կարող լինել հարկային գործակալ, և որպես հարկային գործակալ պետք է հանդես գա կառավարիչը, ինչը սակայն, հստակեցված չէ Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածում:
3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սույն դիմումը ներկայացնելիս դիմողը չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Դիմողի հայցը վարչական դատարանը մերժել է 2019 թվականի մայիսի 29-ի որոշմամբ, որը դիմողը բողոքարկել է վերաքննիչ վարչական դատարան։ Վերջինս 2020 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ մերժել է դիմողի վերաքննիչ բողոքը վարչական դատարանի բողոքարկված վճիռը թողնելով անփոփոխ: Վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման դեմ դիմողը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որի 2021 թվականի հունվարի 13-ի որոշմամբ այն թողնվել է առանց քննության: 3.2. Այնուհետև դիմողը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման դեմ միջնորդելով հարգելի համարել բաց թողնված ժամկետը: Վճռաբեկ դատարանի 2021 թվականի մայիսի 19-ի որոշմամբ մերժել է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու դիմողի միջնորդությունը և վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության: Միջնորդությունը Վճռաբեկ դատարանը մերժել է այն հիմնավորմամբ, որ դրանով ներկայացված պատճառաբանությունը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 21-ից 2020 թվականի դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, այսինքն` առաջին անգամ Վճռաբեկ դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելուն: Մինչդեռ նոր բողոք ներկայացնելու վերաբերյալ ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու հիմքեր չեն ներկայացվել: 3.3. Սույն դիմումի և դրան կից նյութերի ուսումնասիրությամբ ակնհայտ է, որ սույն դիմումով Սահմանադրական դատարանի առջև բարձրացված ենթադրյալ սահմանադրաիրավական վեճի շրջանակներում վիճարկվող իրավական նորմը թիվ ՎԴ/11278/05/18 գործով դիմողի նկատմամբ կիրառվել է վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ, որն օրինական ուժի մեջ է մտել նույն դատական ակտի հրապարակման պահից մեկ ամիս անց, այսինքն դիմողի կողմից սույն գործով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու պահից 2021 թվականի նոյեմբերի 18-ից ավելի քան վեց ամիս առաջ։ Այսինքն դիմողի կողմից բաց է թողնվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետը, ինչը նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է: Հետևաբար ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 3-րդ մասը` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Գրինլենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող Վ. Գրիգորյան
Անդամներ Ե. Խունդկարյան
Ա. Թունյան
26 նոյեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-82
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 նոյեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-82
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
