Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-317 հունվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 հունվարի 2025թ. ՍԴԴԿՈ - 3 | ԱՐՄԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 17 հունվարի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով Արմեն Ավագյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արմեն Ավագյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Լուսինե Գրիգորյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունվարի 9-ին, որով Դիմողը խնդրել է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ և 69-րդ հոդվածները, և հաշվի առնելով Սահմանադրության 1-ին, 3-րդ, 75-րդ և 80-րդ հոդվածների պահանջները՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին պահանջներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով այն չի ապահովվում նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորություն այն դեպքում, երբ քրեական գործի շրջանակներում հաստատվել է հանցագործության փաստի առկայությունը, իսկ եթե Բարձր Դատարանը կգա եզրահանգման, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իր լիազորությունների շրջանակում չի կարող նման լայն մեկնաբանություն տալ նորմին և նման մեկնաբանություն տալու արդյունքում կստանձնի օրենսդրի լիազորություններ՝ այդ կերպ խախտելով իշխանության ճյուղերի միջև առկա սահմանադրական հավասարակշռումը, ապա (...) արձանագրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով օրենսդիրը չի նախատեսել վարույթ իրականացնող մարմնի կողմից հաստատված հանցագործության փաստի առկայությունը, որպես նոր երևան եկած հանգամանք»:

2. Ներկայացնելով թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին տրված նեղ մեկնաբանման պայմաններում ստացվում է, որ եթե հանցագործության փաստի առկայությունը չի հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ապա վերոգրյալ դրույթների ուժով առկա չէ դատական ակտի վերանայման հիմք, քանի որ, ըստ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)՝ գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու արդյունքում ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելու հանգամանքն օրենսդիրը նախատեսել է ոչ թե Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, այլ՝ 2-րդ կետով, որն էլ պարտադիր պահանջում է դատավճռի առկայություն:

Դիմողը գտնում է, որ թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը հակադրվում է իրավունքի գերակայության կարևոր բաղադրատարր հանդիսացող և Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին:

Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթներին տրված նեղ, Սահմանադրությունից չբխող մեկնաբանության պայմաններում ստացվում է, որ եթե գրավոր ապացույցը կեղծված է, և այդ արարքի համար որևէ անձ չի ենթարկվել քրեական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ դա կարող է լինել հանցանք կատարած անձի մահվան, քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելու, վաղեմության ժամկետներն անցած լինելու հետևանքով, ապա առկա չէ Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և (կամ) 2-րդ կետի ուժով դատական ակտի վերանայման հիմք, իսկ վարույթն իրականացնող մարմնի կողմից փաստված կեղծիքը լիարժեքորեն կարող է դառնալ «արդարացի» դատական ակտի հիմք:

Ըստ Դիմողի՝ վիճարկվող նորմը Սահմանադրության տեսանկյունից խնդիր չէր առաջացնի, եթե գրավոր ապացույցների կեղծված լինելու հիմքի առկայությունը որպես «նոր երևան եկած հանգամանք» դիտարկվեր գոնե Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջի ներքո, բայց երբ Վճռաբեկ դատարանը պնդում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտի վերանայման համար հիմք է հանդիսանում գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու հանգամանքը, ու չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ապա չկա նաև դատական ակտի վերանայման հիմք, հակասահմանադրական մեկնաբանություն է, քանի որ ստացվում է, որ պետությունը երաշխավորում է անօրինական ապացույցի հիման վրա կայացված դատական ակտի առկայությունը՝ անտեսելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, ըստ որի՝ հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործումն արգելվում է:

Դիմողի պնդմամբ՝ «(…) վիճարկվող նորմը սահմանադրության տեսանկյունից խնդիր չէր առաջացնի նաև այն դեպքում, երբ նորմը մեկնաբանելիս ՀՀ վճռաբեկ դատարանը հաշվի առներ այն հանգամանքը, որ քրեական գործի վարույթը կարճվել է ոչ արդարացնող հիմքով, քանի որ մեղադրյալները ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը ու համաձայնվել վաղեմության հիմքով քրեական գործի վարույթի կարճմանը»։

Դիմողն ընդգծում է, որ նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ, ուստի՝ Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին տրված մեկնաբանության արդյունքում անտեսվում են իրավունքի գերակայության կարևոր բաղադրատարրը հանդիսացող և Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված՝ Դիմողի արդար դատական քննության և դատական պաշտպանության իրավունքները:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ «(…) Օրենսգրքի վիճարկվող 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին՝ հաշվի առնելով նաև Սահմանադրության 1-ին, 3-րդ, 75-րդ և 80-րդ հոդվածների պահանջները, այնքանով, որքանով չի ապահովվում նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորություն այն դեպքում, երբ քրեական գործի շրջանակներում հաստատվել է գրավոր ապացույցի կեղծված լինելը, հանցագործության համար մեղադրվող անձն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և միայն վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով կարճվել է քրեական գործը և վաղեմության ժամկետը ավարտված լինելու հիմքով առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»։

Միևնույն ժամանակ, Դիմողը նշում է, որ «(…) եթե Բարձր դատարանը կգա եզրահանգման, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իր լիազորությունների շրջանակում չի կարող նման լայն մեկնաբանություն տալ նորմին և նման մեկնաբանություն տալու արդյունքում կստանձնի օրենսդրի լիազորություններ՝ այդ կերպ խախտելով իշխանության ճյուղերի միջև առկա սահմանադրական հավասարակշռումը, ապա խնդրում ենք Բարձր դատարանին վերը նշված նույն հիմնավորումներով արձանագրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամանքը՝ այնքանով, որքանով օրենսդիրը չի նախատեսել վարույթ իրականացնող մարմնի կողմից հաստատված հանցագործության դեպքի առկայությունը, որպես նոր երևան եկած հանգամանք»։

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝

1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝

ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,

բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել են վիճարկվող դրույթները,

գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները (բարձրացված հարցերի համատեքստում) կիրառվել են դատարանի վերջնական ակտով,

դ) Դիմողը (բարձրացված հարցերի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի կողմից բարձրացվում է Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին համապատասխանության հարց (հաշվի առնելով Սահմանադրության նաև 75 և 80-րդ հոդվածները), քանի որ տվյալ իրավակարգավորումներով (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հետևանքով) չի ապահովվում նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի՝ ինչպես Օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այնպես էլ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա վերանայման հնարավորություն՝ այն պայմաններում, երբ գրավոր կամ իրեղեն ապացույցի կեղծված լինելը հաստատվել է ոչ թե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով, այլ վարույթն իրականացնող մարմնի՝ «Քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշմամբ, որը կայացվել է քրեական գործի վարույթի կարճման ոչ արդարացնող՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Արմեն Ավագյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Վ. Գրիգորյան

Դ. Խաչատուրյան

17 հունվարի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-3

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 հունվարի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-3
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել