Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 345-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 34-ՐԴ, 40-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 360-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 345-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 34-ՐԴ, 40-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 360-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1041 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-104)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 հուլիսի 2025թ. ՍԴԱՈ - 104 | «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 345-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 34-ՐԴ, 40-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 360-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳ

Ամբողջ Տեքստ

«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 345-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 34-ՐԴ, 40-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 360-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍԱՄԲ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, 345-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 34-ՐԴ, 40-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 360-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 361-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ, ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Անդրանիկ Մանուկյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 187-րդ հոդվածի, 345-րդ հոդվածի, 397-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ, 40-րդ հոդվածների, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 361-րդ հոդվածի 1-ին մասի, 394-րդ հոդվածի և դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 345-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ, 40-րդ հոդվածների, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 361-րդ հոդվածի 1-ին մասի, 394-րդ հոդվածի և դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով, կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի փետրվարի 17-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Անդրանիկ Մանուկյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ համակարգային կապի մեջ 361-րդ հոդվածի 1-ին մասի հետ, ու իրավակիրառ պրակտիկայում դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Դիմող Անդրանիկ Մանուկյանը զրկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 17-ի որոշումը վիճարկելու դատարանի մատչելիության և իրավական պաշտպանություն հայցելու իրավունքներից, որով սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանը փոխարինվել էր «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Լևոն Օրդուխանյանով:

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածը, 397-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածը, 40-րդ հոդվածն ու իրավակիրառ պրակտիկայում դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին և երաշխիքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Դիմող Անդրանիկ Մանուկյանը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանները ցեսիայի պայմանագրի հիման վրա ընդունելի են համարել դատավարական իրավահաջորդությամբ սեփականության ձեռքբերման վաղեմության իրավունքի փոխանցումը և սկզբնական Հայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինել են Պատասխանող Լևոն Օրդուխանյանով, այն դեպքում, երբ Հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որևէ իրավունք պահանջվող գույքի նկատմամբ և օրենքով նախատեսված չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի փոխանցման հնարավորություն:

3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 187-րդ հոդվածն ու իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Դիմող Անդրանիկ Մանուկյանը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանների կողմից ձեռքբերման վաղեմության ուժով «օրենքով սահմանված դեպքերի» խախտմամբ Դիմող Անդրանիկ Մանուկյանի գույքի նկատմամբ ճանաչվել է Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ Լևոն Օրդուխանյանը երբևէ չի բնակվել կամ հաշվառվել նշված տարածքում, ավելին՝ սեփականության իրավունքի ճանաչման պահին՝ պահանջվող գույքը եղել է քանդված՝ Լևոն Օրդուխանյանի բիզնես ծրագրի իրականացման նպատակով:

4. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածն ու իրավակիրառ պրակտիկայում Վճռաբեկ դատարանի կողմից դրան տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին, 171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններին հակասող և անվավեր այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ մերժել է Դիմող Անդրանիկ Մանուկյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել ա) այն մասով, որով արձանագրել է, որ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հիմնավորված են, բ) այն մասով, որով Դիմողը փաստացի հիմնավորել է, որ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասում են միևնույն հարցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեկ այլ՝ թիվ ԵԴ/8745/02/18/ գործով դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին:

Օրենսգրքի՝ «Քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմքերը» վերտառությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է.

«1. Քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`

(...)

4) օրենքով թույլատրվող հիմքերով գույք ձեռք բերելու հետևանքով.

(...)»:

Օրենսգրքի՝ «Պարտավորության հասկացությունը և ծագման հիմքերը» վերտառությամբ 345-րդ հոդվածը սահմանում է.

«1. Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

2. Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից»:

Օրենսգրքի վերոնշյալ դրույթները որևիցե փոփոխության և (կամ) լրացման չեն ենթարկվել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Հայցվորը» վերտառությամբ 34-րդ հոդվածը սահմանում է.

«1. Հայցվորը գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան:

2. Գործի քննության ընթացքում հայցվորի փոխարինում չի թույլատրվում, բացառությամբ իրավահաջորդության դեպքերի»:

Այս օրենսգրքի վերոնշյալ հոդվածը որևէ փոփոխության և (կամ) լրացման չի ենթարկվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Դատավարական իրավահաջորդությունը» վերտառությամբ 40-րդ հոդվածը սահմանում է.

«1. Դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում և այլն) դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ:

2. Դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:

3. Դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ:

4. Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը»:

Հիշատակված օրենսգրքի վերոնշյալ հոդվածը որևէ փոփոխության և (կամ) լրացման չի ենթարկվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը» վերտառությամբ 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է.

«1. Առաջին ատյանի դատարանի վճիռների և սույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք,

(...)»:

Հիշատակված օրենսգրքի վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության և (կամ) լրացման չի ենթարկվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Բողոքարկման ենթակա որոշումները» վերտառությամբ 361-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները`

1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը.

2) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը.

3) հայցի ապահովման միջոց կիրառելու, հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները.

4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումը, վճռի վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու մասին որոշումները.

5) գործի վարույթը կասեցնելու, գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները.

6) հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշումը.

7) գործի վարույթը կարճելու մասին որոշումը.

8) դատական տուգանք կիրառելու մասին որոշումը.

9) օտարերկրյա արբիտրաժային վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.

10) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.

11) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.

12) օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.

13) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքով կայացված որոշումը.

14) դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով կայացված որոշումը.

15) այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում»:

Վիճարկվող հոդվածի 1-ին մասի 11 և 13-րդ կետերը փոփոխության են ենթարկվել 11.04.2024 թ. ՀՕ-193-Ն օրենքով, մասնավորապես՝ Օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինվել են «որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու», իսկ 13-րդ կետի «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված» բառերը՝ «կատարողական վաղեմության» բառերով :

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը» վերտառությամբ 394-րդ հոդվածը սահմանում է.

«1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`

1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

3. Սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝

1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:

5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց այն կայացնելու պահից երկշաբաթյա ժամկետում:

6. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:

Հիշատակված օրենսգրքի վերոնշյալ հոդվածը որևէ փոփոխության և (կամ) լրացման չի ենթարկվել:

2. Գործի դատավարական նախապատմությունը.

2.1.

07.04.2018 թ. Հմայակ Հարությունյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է (այսուհետ նաև՝ Դատարան) մուտքագրել հայցադիմում ընդդեմ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի, Արտավազդ Նորիկի Այվազյանի, Արեգ Արմենի Օհանջանյանի, Անդրանիկ Քյարամի Մանուկյանի, Մանուշակ Կավիցյանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱՆԳՊ կոմիտեի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին (թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործ), որը Դատարանի՝ 05.05.2018 թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:

05.09.2018 թ. Անդրանիկ Մանուկյանը հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հմայակ Հարությունյանի, հակընդդեմ հայցով երրորդ անձինք՝ Մանուշակ Կավիցյանի, «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի՝ Հմայակ Հարությունյանին ք. Երևան, Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5 տուն (հողամաս) հասցեում գտնվող անշարժ գույքից վտարելու պահանջի մասին, որը Դատարանի՝ 07.09.2018 թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:

21.01.2019 թ. «Օկտագոն» սպառողական կոոպերատիվը հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հմայակ Հարությունյանի՝ վտարման պահանջի մասին, որը Դատարանի՝ 23.01.2019 թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:

08.06.2020 թ. Դատարան է մուտքագրվել հայցվոր Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի միջնորդությունը՝ հայցվորին փոխարինելու վերաբերյալ՝ ցեսիայի պայմանագրի հիման վրա:

17.06.2020 թ. Դատարանը կայացրել է որոշում՝ հայցվորին իրավահաջորդով՝ Լևոն Օրդուխանյանով, փոխարինելու մասին:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, ընդհանուր վարույթի կարգով քննելով թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործն ըստ սկզբնական հայցի Հմայակ Հապետնակի Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի ընդդեմ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի, Արտավազդ Նորիկի Այվազյանի, Արեգ Արմենի Օհանջանյանի, Անդրանիկ Քյարամի Մանուկյանի, Մանուշակ Կավիցյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Անդրանիկ Մանուկյանի ընդդեմ Հմայակ Հարությունյանի, հակընդդեմ հայցով երրորդ անձինք՝ Մանուշակ Կավիցյանի, «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի՝ Հմայակ Հարությունյանին ք. Երևան, Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5 տուն (հողամաս) հասցեում գտնվող անշարժ գույքից վտարելու պահանջի մասին, 19.04.2023 թ. վճռել է.

«1. Թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով Հմայակ Հապետնակի Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի սկզբնական հայցը՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործի վարույթը՝ ըստ Անդրանիկ Մանուկյանի հակընդդեմ հայցի՝ Հմայակ Հարությունյանին անշարժ գույքից վտարելու պահանջի մասով, կարճել:

(...)»:

2.2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով հայցվոր Հմայակ Հապետնակի Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 19.04.2023 թ. թիվ ԵԴ/6908/02/18 վճռի դեմ, 29.03.2024 թ. որոշել է.

«1. Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարել: Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 19.04.2023 թվականի թիվ ԵԴ/6908/02/18 վճիռը մասնակիորեն՝ հայցը մերժելու մասով բեկանել և փոփոխել, այն է՝ ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչել Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքը քաղաք Երևան, Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5 տուն հասցեում գտնվող 51,62քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ:

(...)»:

2.3. Վճռաբեկ դատարանը, քննելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 29.03.2024 թ. որոշման դեմ Անդրանիկ Մանուկյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով 21.08.2024 թ. որոշել է.

«Թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2024 թվականի որոշման դեմ Անդրանիկ Մանուկյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

(...)»:

3. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը, ներկայացնելով բարձրացված հարցադրումների կապակցությամբ ներպետական իրավակարգավորումները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, գտնում է, որ վիճարկվող նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցրել է իր՝ արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության և սեփականության՝ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորված իրավունքների խախտման:

Դիմողը նշում է, որ 22.08.1991 թ. նվիրատվության պայմանագրի հիման վրա Համբարձում Եղիազարյանից նվեր է ստացել Երևան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5 հասցեում գտնվող տնային տնտեսության 1/8-ն ամբողջությամբ՝ բաղկացած 17,94 քմ բնակելի մակերեսից, 16,33 քմ օժանդակ տարածքից և 880 քմ հողամասից: Պայմանագրին կից առկա է եղել նաև հատակագիծ՝ հողամասի և դրա շինությունների տարածքի նշագրմամբ, ընդ որում՝ պայմանագիրը հաստատվել է նոտարի կողմից:

Դիմողը նշում է, որ սեփականության իրավունքը պաշտոնապես գրանցվել և վավերացվել է 22.08.1991 թ.: Համաձայն 29.08.1991 թ. տրված տեղեկանքի՝ Անդրանիկ Մանուկյանը ճանաչվել է նույն հասցեով տարածքի սեփականատեր: 22.08.1991 թվականից վճարել է հողի և անշարժ գույքի բոլոր հարկերը՝ ամբողջ 880 քմ տարածքի համար (անդորրագրերը պահպանվել են 1994 թվականից): Ավելին, թիվ ՎԴ/3258/05/16 վարչական գործով Վարչական դատարանի՝ 14.02.2017 թ. վճռով և Վերաքննիչ վարչական դատարանի՝ 15.06.2018 թ. որոշմամբ համայնքային իշխանությունները միջնորդել են իրենից բռնագանձել գույքահարկի լրացուցիչ վճարներ:

Դիմողը նշում է. «Հետագա տարիներին (…) պարբերաբար դիմել է Անշարժ գույքի պետական կադաստր՝ 880 ք.մ. տարածքի նկատմամբ իր իրավունքները գրանցելու համար, սակայն նրա դիմումները ենթադրյալ անհամապատասխանությունների և համընկնումների պատճառով հետևողականորեն մերժվել են՝ առանց լրացուցիչ բացատրությունների»:

Դիմողը փաստում է. «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Լևոն Օրդուխանյանը 2017 թվականից Երևանի քաղաքապետարան է ներկայացնում տարբեր բիզնես նախագծեր՝ Սայաթ-Նովա փ. թիվ 10 և Աբովյան 22 շենքերի բակում մինչև 12 հարկանի բնակելի համալիր կառուցելու համար, և նույն շենքերի բակում է գտնվում իրեն պատկանող 880 քմ տարածքը: «Ըստ նախագծի՝ նախատեսվող շինարարությունը ներառել է նաև դիմող Անդրանիկ Մանուկյանին պատկանող տարածքը՝ դրա վրա գտնվող կառույցները բնորոշելով որպես «նախնական պայմանավորվածությամբ ձեռքբերման ենթակա» և «քանդման ենթակա կառույցներ»»:

Այնուհետև, Դիմողի տան անմիջապես կողքին սկսվել է շինարարությունը՝ ստեղծելով անապահով պայմաններ նրա և վերջինիս ընտանիքի անդամների համար, որոնց թվում են նրա կինը և երեք անչափահաս երեխաները:

Դիմողը պնդում է. «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումներով և գրություններով, փորձագիտական եզրակացություններով արձանագրվել են նշված շինարարության իրականացման նորմատիվային խախտումները՝ ընդգծելով, որ կառուցվող շենքը չի գտնվում իր տեղում, խախտված է տեղադիրքը, կառուցապատողն իրականացրել է Անդրանիկ Մանուկյանի հողազավթում, պահպանված չեն հրդեհային անվտանգության կանոնները, կառուցապատման նախագծում առկա են առերևույթ կեղծման վերաբերյալ տվյալներ»:

Դիմողը նշում է, որ հանդիսանալով թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով պատասխանող, դատարանների կողմից վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանության արդյունքում զրկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 17.06.2020 թ. որոշումը վիճարկելու հնարավորությունից, որով հայցվոր Հմայակ Հարությունյանը փոխարինվել է Լևոն Օրդուխանյանով: Արդյունքում վերջինս փաստացի տիրացել է այն գույքին, որն ընդգրկված է եղել իր՝ դեռևս 22.08.1991 թ. նվիրատվության պայմանագրով ստացված հողատարածքում: Նման պայմաններում Դիմողը հնարավորություն չի ունեցել իրավական պաշտպանություն հայցելու դատարանի նշված միջանկյալ որոշման իրավաչափության կապակցությամբ, թեև այն ուղղակիորեն առնչվել է իր շահերի պաշտպանությանը:

Դիմողը գտնում է, որ կասկածից վեր է այն պնդումը, որ «Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որևէ իրավունք կամ պարտավորություն, ինչը կարող էր իրավահաջորդության կարգով փոխանցվել Լևոն Օրդուխանյանին: Այլ կերպ, տվյալ պարագայում բացակայել է նյութական իրավունքի տեսանկյունից գոյություն ունեցող որևէ իրավունք կամ պարտավորություն, որը «օրենքի հիման վրա» դատավարական կառուցակարգով կարող էր անցնել Հայցվոր Հմայակ Հարությունյանից նույն գործով Պատասխանող Լևոն Օրդուխանյանին»:

Դիմողը եզրահանգում է. «Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքի ճանաչման գործընթացը եղել է անմիջականորեն կիրառման ենթակա նորմերին դատարանների կողմից ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ «օրենքով սահմանված դեպքերի» շրջանցմամբ տրված մեկնաբանության արդյունք, ինչի հետևանքով Դիմողը զրկվել է նույն հոդվածի 1-ին մասով երաշխավորված օրինական հիմքով ձեռք բերած և սեփականությունը համարվող 880ք.մ. տարածքում ներառված՝ 51,62քմ մակերեսով հողամասն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու սահմանադրական իրավունքից»:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 361-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությանը՝ Դիմողը բարձրացնում է իրավական հարցադրում առ այն, թե արդյո՞ք վերոհիշյալ իրավադրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը համապատասխանում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված իրավունքներին, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով, ի հակադրումն դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, ինքը զրկվել է Դատարանի կողմից 2020 թվականի հունիսի 17-ին կայացված այն որոշումը վիճարկելու իրավունքից, որով սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանը փոխարինվել է «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Լևոն Օրդուխանյանով:

Դիմողը նշում է, որ Օրենսգրքի 345-րդ հոդվածը, 397-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34 և 40-րդ հոդվածները, հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, չեն համապատասխանում Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75, 80 և 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով, ի հակադրումն դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, ինքը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանները պահանջի իրավունքի զիջման (ցեսիայի) պայմանագրի հիման վրա ընդունելի են համարել դատավարական իրավահաջորդությամբ սեփականության ձեռքբերման վաղեմության իրավունքի փոխանցումը և սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինել են պատասխանող Լևոն Օրդուխանյանով այն դեպքում, երբ սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որևէ իրավունք պահանջվող գույքի նկատմամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի փոխանցման հնարավորություն:

Դիմողը բարձրացնում է նաև հետևյալ բովանդակությամբ հարցադրում. «Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 187-րդ հոդվածն ու իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Դիմողը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանների կողմից ձեռքբերման վաղեմության ուժով «օրենքով սահմանված դեպքերի» խախտմամբ Դիմող Անդրանիկ Մանուկյանի գույքի նկատմամբ ճանաչվել է Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ Լևոն Օրդուխանյանը երբևէ չի բնակվել կամ հաշվառվել նշված տարածքում, ավելին՝ սեփականության իրավունքի ճանաչման պահին՝ պահանջվող գույքը եղել է քանդված՝ Լևոն Օրդուխանյանի բիզնես ծրագրի իրականացման նպատակով»:

Միաժամանակ, Դիմողը, անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածին, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությանը, գտնում է, որ վիճարկվող տվյալ դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին, ինչպես նաև 171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններին՝ այն հանգամանքով պայմանավորված, որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից 2024 թվականի օգոստոսի 21-ին կայացված որոշմամբ մերժվել է իր վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելն ինչպես այն մասով, որով արձանագրվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկների հիմնավորված լինելը, այնպես էլ այն մասով, որով Դիմողը փաստացի հիմնավորել է ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերի հակասությունը միևնույն փաստաթղթի և միևնույն հարցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեկ այլ՝ թիվ ԵԴ/8745/02/18 գործով դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին:

4. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), վկայակոչելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, Օրենսգրքի վիճարկվող դրույթներով սահմանված և այլ վերաբերելի իրավակարգավորումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի դատական ակտերում արտացոլված իրավական դիրքորոշումները, արձանագրում է. «(...) ձեռքբերման վաղեմության ինստիտուտը ունի նպատակ՝ իրավաբանական նշանակություն հաղորդել գոյություն ունեցող փաստացի հարաբերություններին: Այն թույլ է տալիս ճանաչել այն անձանց իրավունքը, ովքեր երկար ժամանակ, բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել են գույքին, ինչը նպաստում է սեփականության իրավունքների պաշտպանությանը և կայունությանը: Այս ինստիտուտը կոչված է պաշտպանելու գույքի երկարատև, բացահայտ և անընդմեջ տիրապետողի սեփականության իրավունքը:

(...) ձեռքբերման վաղեմության ինստիտուտը ոչ միայն պաշտպանում է գույքի սեփականատիրոջ և տիրապետողի իրավունքները, այլ նաև ապահովում է նրանց իրավունքների միջև հավասարակշռություն:

(...) ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառումը չի հանգեցնում սեփականության իրավունքից զրկման կամ դրա սահմանադրական երաշխիքների խախտման, այն ինքնին չի հանգեցնում սեփականության իրավունքի ճանաչման, այլ փոխկապակցված գնահատվում է սեփականատիրոջ գործողությունների (անգործության), սեփականատիրոջ՝ իր գույքի նկատմամբ վերաբերմունքի համատեքստում: Նշված մեկնաբանությունների պայմաններում ձեռքբերման վաղեմության ինստիտուտը սահմանադրականության հարց չի առաջացնում:

(...) ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված դատական պրակտիկան վկայում է այդ ինստիտուտի կիրառման արդյունավետ և հստակ կառուցակարգերի առկայություն, այդ թվում Վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումներով սպառիչ սահմանվել են այն նախապայմանները, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառմամբ սեփականության իրավունքը ճանաչել»:

Պատասխանողը գտնում է. «Դիմողը Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 187-րդ հոդվածի և դատական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունների՝ Սահմանադրության 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասելու մասով հիմնավորումներ չի ներկայացրել, այդ հիմնավորումներն առավել միտված են առ այն, որ դատարանը սխալ է կիրառել այդ հոդվածները (օրինակ՝ դատարանը ապացուցված է համարել մի փաստ, ի հավաստումն որի որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց ներկայացված չի եղել)»:

Պատասխանողը, վերլուծելով Օրենսգրքի 345, 397 և 398-րդ հոդվածները, եզրահանգում է. «(…) պարտավորական հարաբերությունները ձևավորվում են երկու հիմնական մասնակիցների միջև՝ պարտատերը, որը իրավունք ունի պահանջելու պարտավորության կատարումը, և պարտապանը, որը պարտականություն ունի կատարելու այդ պահանջը: Պարտատերը հանդես է գալիս որպես պահանջատեր, ով ունի իրավունքը պահանջելու իր շահերի կատարման ապահովումը, իսկ պարտապանը պարտավոր է կատարելու իր վրա դրված պարտականությունը՝ պատասխանատվություն կրելով դրա համար»:

Պատասխանողն արձանագրում է, որ՝ «(…) պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է, որ առնվազն պարտատիրոջը պատկանի պարտավորության հիման վրա գոյացող իրավունքը: Սա նշանակում է, որ միայն այն դեպքում, երբ պարտատերը ունի համապատասխան իրավունքը (ինչպես՝ պարտավորության կատարումը պահանջելու իրավունք), ապա կարող է այդ իրավունքը փոխանցել կամ զիջել մեկ այլ անձի՝ իրավունք ունենալով, որ այդ իրավահաջորդը նույնպես կարողանա պահանջել պարտապանից պարտավորության կատարում: Հետևաբար, իրավահաջորդությունն իրականացվում է պարտատիրոջը նյութական իրավունքը պատկանելու փաստի ուժով: Այսինքն, նյութական առումով պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է առնվազն պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքի առկայություն:

Քննարկվող դեպքում անհրաժեշտ է ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի պահանջը դիտարկել Օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների շրջանակներում, որտեղ հստակ սահմանվել է «պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը)»: Գործի նյութերում առկա թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդգար Սեդրակյանի հատուկ կարծիքում անդրադառնալով ցեսիայի պայմանագրի կարգավորումներին արձանագրվել է, որ նյութական առումով պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է առնվազն պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքի առկայություն»:

Պատասխանողը գտնում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի պահանջը որևէ պարտավորության հիմք չունի, այլ որոշակի փաստերի հաստատման արդյունքում առաջացող իրավունք է, ուստի՝ այն չի կարող մեկնաբանվել ցեսիայի պայմանագրի կարգավորումների տրամաբանությամբ, Պատասխանողի դիտարկմամբ՝ քննարկվող հոդվածներն ինքնին սահմանադրականության խնդիր չեն առաջացնում, սակայն դրանց բովանդակությունից և նպատակից չբխող այլ մեկնաբանություններով դրանց կիրառումը սեփականության իրավունքի համատեքստում խնդրահարույց է:

Պատասխանողը նշում է, որ անձի դատավարական իրավունքների փոխանցումը (զիջումը) մեկ այլ անձի նշանակում է տվյալ անձին պատկանող դատավարական իրավունքների առկայություն, որը հնարավոր է այն դեպքում, երբ նա լիիրավ օգտվում է իր իրավունքից: Հետևաբար՝ դատավարական իրավահաջորդության հարցն ուսումնասիրելիս անհրաժեշտ է գնահատել իրավահաջորդության ակտի համար անհրաժեշտ իրավական հիմքերի՝ նյութական և դատավարական իրավունքները զիջելու պայմանի առկայությունը՝ անձին իրավունքը պատկանելու փաստի ստուգումը: Պատասխանողը պնդում է, որ պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքն է (պահանջը), որ կարող է այլ անձի փոխանցվել (զիջվել) կամ անցնել այլ անձի: Հիմք ընդունելով վերոնշյալը՝ Պատասխանողն արձանագրում է, որ վիճելի իրավահարաբերության առկայությունը բացառում է դատավարական իրավահաջորդությունը. անհրաժեշտ է նյութական իրավունքի՝ անձին պատկանելու անվիճելի փաստի առկայություն: Հակառակ մեկնաբանության արդյունքում խաթարվում է ոչ միայն իրավահաջորդության ինստիտուտի էությունը, այլև իրավունքների պատշաճ պաշտպանության ընթացակարգը՝ խախտելով անձանց սահմանադրական իրավունքները, ընդհուպ մինչև այդ իրավունքներից անհիմն զրկում:

Անդրադառնալով Դիմողի փաստարկներին՝ Պատասխանողը գտնում է, որ դրանք ներկայացվել են ի հավաստումն նրա, որ դատարանը սխալ է կիրառել դատավարական իրավահաջորդության ինստիտուտը, որը սահմանադրականության հարցի տեսանկյունից հիմնավորում չի կարող հանդիսանալ:

Վերոգրյալի լույսի ներքո՝ Պատասխանողը խնդրում է վիճարկվող դրույթները ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող:

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

Սահմանադրական դատարանը, քննության առարկա դարձնելով դիմումը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, գտնում է, որ սույն գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 345-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34, 40-րդ հոդվածների, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 361-րդ հոդվածի 1-ին մասի, 394-րդ հոդվածի և դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով, ենթակա է կարճման՝ ներքոշարադրյալ պատճառաբանությամբ և հիմքերով.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

5.1. Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 345-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34, 40-րդ հոդվածների, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 361-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) մասով հարկ է արձանագրել հետևյալը.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (դրույթները, սույն պարագայում նաև՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 345-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34 և 40-րդ հոդվածների, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 361-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին համապատասխանությունը, ինչի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.

Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար սեփականության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ խնդրո առարկա հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար՝ նաև տվյալ փաստի և վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:

Հետևաբար՝ սույն դիմումով չի հիմնավորվում Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 345-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34 և 40-րդ հոդվածների, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 361-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Դիմողի՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը։

Ինչ վերաբերում է Դիմողի կողմից քննարկվող համատեքստում վկայակոչված՝ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, ապա Սահմանադրական դատարանն այս առումով արձանագրում է, որ տվյալ հոդվածն ամրագրված է Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում:

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դրանց բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Այսպիսով, սույն դիմումով չի հիմնավորվում վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներին, հետևաբար նաև՝ Սահմանադրության 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին:

Այսինքն՝ սույն անհատական դիմումը քննարկվող մասով ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից կարճելու հիմք է:

Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 345-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34 և 40-րդ հոդվածների, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 361-րդ հոդվածի 1-ին մասի մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է կարճման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

5.2. Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) մասով հարկ է արձանագրել հետևյալը.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի առնչությամբ բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Մասնավորապես՝ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) թեև Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2024 թվականի մարտի 29-ի որոշմամբ նշել է, որ «որոշման դեմ շուրջ երեք տարի տևած գործի քննության ընթացքում առարկություններ չեն արձանագրվել, և նման պայմաններում Դատարանը կրկին անգամ չպետք է անդրադառնար այդ հարցի քննարկմանը», դատարանը պարզապես անտեսել է այն օբյեկտիվ իրողությունը, որ դիմողը յուրաքանչյուր առիթ օգտագործել է իր առարկություններն այդ որոշման կայացման կապակցությամբ բարձրացնելու համար, որոնք կամայականորեն անտեսվել են դատարանների որդեգրած պրակտիկայի արդյունքում»:

Բացի դրանից, Դիմողը ներկայացրել է դիրքորոշում հետևյալի մասին.

«(...) այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանի կողմից հաստատվել է, որ «Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները մասամբ հիմնավորված են» Վճռաբեկ դատարանը պետք է այդ մասով բողոքն ընդուներ վարույթ: Այդ խախտումների արդյունքում է, որ Դիմող Անդրանիկ Մանուկյանը զրկվել է սեփականության իրավունքից, ուստի Վճռաբեկ դատարանը չէր կարող ընդունելով հանդերձ նյութական և դատավարական նորմերի խախտումների վերաբերյալ բողոքաբերի փաստարկների հիմնավորվածությունը, վերացական ձևակերպմամբ հրաժարվեր բողոքը վարույթ ընդունել»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների, մասնավորապես՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը։ Մասնավորապես՝ սույն անհատական դիմումով Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Այսպիսով, սույն անհատական դիմումով Դիմողի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի առնչությամբ բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող տվյալ դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է կարճման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Անդրանիկ Մանուկյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 187-րդ հոդվածի, 345-րդ հոդվածի, 397-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ, 40-րդ հոդվածների, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 361-րդ հոդվածի 1-ին մասի, 394-րդ հոդվածի և դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 345-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ, 40-րդ հոդվածների, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 361-րդ հոդվածի 1-ին մասի, 394-րդ հոդվածի և դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով, կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

1 հուլիսի 2025 թվականի

ՍԴԱՈ-104

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-104
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել