Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐԱՄ ԱՆՏՈՆՅԱՆ ՌՈՒԲԻԿԻ» ԱՁ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐԱՄ ԱՆՏՈՆՅԱՆ ՌՈՒԲԻԿԻ» ԱՁ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3121 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 ապրիլի 2026թ. ՍԴԴԿՈ - 31 | «ԱՐԱՄ ԱՆՏՈՆՅԱՆ ՌՈՒԲԻԿԻ» ԱՁ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 ապրիլի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Ա. Զեյնալյանի

Քննության առնելով «Արամ Անտոնյան Ռուբիկի» ԱՁ անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Արամ Անտոնյան Ռուբիկի» ԱՁ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Ժենյա Բարսեղյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մարտի 26-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով խնդրել է. ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, 19-րդ հոդվածի 1.1. մասով և 29-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով սահմանված նորմերը, ինչպես նաև այդ նորմերին տրված և կիրառվող մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր»։

2․ Ներկայացնելով թիվ ՍնԴ/2266/04/22 սնանկության գործի դատավարական նախապատմությունը` Դիմողը նշում է, որ սնանկության գործով կառավարչին վերապահված՝ պարտապանի անունից դատարան դիմելու իրավասությունն իրավակիրառ պրակտիկայում չպետք է հանգեցնի պարտապանի դատարան դիմելու իրավունքի սահմանափակման, սակայն, հաշվի առնելով վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, կարելի է արձանագրել, որ խնդրո առարկա գործով փաստացի անհնար է դարձել սնանկ ճանաչված անձի՝ պարտապանի դատարան դիմելու իրավունքի իրացումը՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:

Դիմողի պնդմամբ՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը փաստում է, որ «(...) սնանկության գործով կառավարչի կողմից չի կարող ներկայացվել հայցադիմում և քննվել որպես առանձին քաղաքացիական գործ: Այդպիսիք կարող են բացառապես ներկայացվել ընդհանուր իրավասության դատարանին»: Դիմողն այս առումով նշում է, որ չնայած «Սնանկության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և սնանկ ճանաչելու հարցի լուծման կամ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերի քննության իրավական հնարավորությունը նույն սնանկության գործի շրջանակներում, սակայն հենց նույն իրավական նորմով սահմանվել է բացառություն կառավարչի կողմից ներկայացվող հայցերի ենթակայության մասով: Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ նշվածի կապակցությամբ օբյեկտիվորեն առաջանում են հետևյալ հարցերը.

«Արդյո՞ք սնանկության գործով կառավարչի կողմից սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ՝ պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և սնանկ ճանաչելու հարցի լուծման կամ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերի քննությանը վերաբերող հայցերը ենթակա են ներկայացման սնանկության գործով կառավարչի կողմից նույն սնանկության գործի շրջանակներում քննության նպատակով, թե ոչ: Եթե ոչ, ապա պարտապանը ի՞նչ ընթացակարգով պետք է իրացնի իր դատարան դիմելու իրավունքը, եթե Կառավարիչը հրաժարվում է հայցադիմումը պարտապանի անունից դատարան ներկայացնելուց կամ հայցադիմումը պարտապանի կողմից ներկայացնելու նպատակով լիազորագիր տրամադրելուց»։

Դիմողը նաև նշում է, որ «(...) իրավական բոլոր ճանապարհները, որոնցով հնարավոր կարող է լինել ապահովելու սնանկ ճանաչված անձի դատարանի մատչելիության և դատարան դիմելու իրավունքների իրականացումը վերջնականապես մտել են փակուղու մեջ»:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող՝ «Սնանկության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը, 19-րդ հոդվածի 1.1-ին մասը և 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը՝ ներկա կարգավորումներով և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված միասնական մեկնաբանությամբ, չեն ապահովում իրավական որոշակիություն, որի պայմաններում գործնականում արգելափակվում է պարտապանի՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների իրացումը:

Միաժամանակ, Դիմողը միջնորդություն է ներկայացրել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ՝ սնանկ ճանաչված լինելու և իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա արգելանք դնելու, աշխատանք և որևէ տեսակի եկամուտ չունենալու հանգամանքների հաշվառմամբ:

3․ Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով անհրաժեշտ է ընդգծել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը, վերոնշյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ, եզրակացնում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում՝ դրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի համատեքստում հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի հունվարի 26-ի ՍԴՈ-1572 որոշմամբ, քննելով ««ԱՐԶՆԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 5-րդ մասի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, արձանագրել է հետևյալը.

«(...) պարտապանին օրենսդրությամբ ընձեռված է սնանկության գործով կառավարչի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու, ինչպես նաև սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու միջնորդություն ներկայացնելու իրավունք:

(...)

(...) Օրենքն ամրագրում է սնանկության գործով կառավարչի՝ օրենքով նախատեսված դեպքերում սնանկության գործով դատարան դիմելու իրավասությունը, ինչպես նաև դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը՝ միաժամանակ չբացառելով մի շարք դեպքերում (Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս, 31-րդ հոդվածի 1-ին մաս, 32-րդ հոդվածի 1-ին մաս, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 40-րդ հոդվածի 2-րդ մաս, 47-րդ հոդվածի 2-րդ մաս, 68-րդ հոդվածի 2-րդ մաս) պարտապանի կողմից անմիջականորեն դատարան դիմելու իրավունքը, ինչպես նաև հստակեցնելով սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու (Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ» կետեր, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 50-րդ հոդվածի 1-ին մաս, 54-րդ հոդվածի 1-ին մաս) կարգն ու պայմանները:

Վերոգրյալից բխում է, որ Օրենքը, սահմանելով սնանկության հարցերով սնանկության գործով կառավարչի՝ դատարան դիմելու ընդհանուր կանոն, միաժամանակ, հստակ ամրագրել է այն դեպքերը, որոնց պարագայում դատարան դիմելու իրավասություն ունի նաև պարտապանը: Դրանից հետևում է, որ սնանկության վերաբերյալ այլ հարցերով դատարան դիմելու իրավունքը պատկանում է սնանկության գործով կառավարչին: Ավելին, Օրենքը մի շարք դեպքերի համար սահմանում է սնանկության գործով կառավարչի կողմից դատարան դիմելու կարգի վերաբերյալ առավել մանրամասն կարգավորում։

(...)

Տվյալ դեպքում գործ ունենք սնանկության հարաբերության հետ, որի շրջանակներում գլխավոր նպատակը սնանկ ճանաչված պարտապանին պատկանող գույքի պահպանումն է և նրա պարտավորությունների պատշաճ կատարման ապահովումը: Պարտապանի՝ սնանկ ճանաչվելու փաստն ինքնին ենթադրում է, որ վերջինս չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, այդ իսկ պատճառով սնանկ ճանաչվելուց հետո դատարանի կողմից նշանակվում է սնանկության գործով կառավարիչ, որի լիազորություններն էլ հանգում են պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման ապահովմանը: Հենց դա է պատճառը, որ օրենսդիրը սնանկության գործով կառավարչին է վերապահել դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը: Նման իրավակարգավորումը չի կարող դիտարկվել որպես պարտապանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, քանի որ բոլոր դեպքերում այդ իրավունքն իրացվում է անկախ նրանից՝ անմիջականորեն դատարան է դիմում պարտապանը, թե նրա անունից՝ սնանկության գործով կառավարիչը:

Ընդ որում, սնանկության գործով կառավարիչը գործում է բացառապես դատարանի վերահսկողության ներքո, որպեսզի ապահովվի պարտապանի պարտավորությունների կատարումը, հակառակ պարագայում, եթե պարտապանը հնարավորություն ունենա անմիջականորեն դիմելու դատարան և այդ ձևով տնօրինելու իր դրամական միջոցները, կիմաստազրկվի ինչպես սնանկության վարույթի ողջ էությունը, այնպես էլ սնանկության գործով կառավարչի դերակատարումը»:

Արդյունքում՝ Սահմանադրական դատարանը որոշել է.

«(...)

(...) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

(...)»:

Վերոշարադրյալի հիման վրա՝ ստացվում է, որ Սահմանադրական դատարանն իր վերը նշված որոշմամբ անդրադարձել է սնանկ ճանաչված պարտապանի կողմից իր իրավունքների պաշտպանության նպատակով անմիջականորեն դատարան դիմելու իրավական երաշխիքներին, ինչպես նաև սահմանափակումներին: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը նշել է, որ «Սնանկության մասին» օրենքը հստակ տարանջատում է այն դեպքերը, երբ անմիջականորեն դատարան դիմելու իրավական հնարավորությունը պատկանում է սնանկ ճանաչված պարտապանին (նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս, 31-րդ հոդվածի 1-ին մաս, 32-րդ հոդվածի 1-ին մաս, 36-րդ հոդվածի 2-րդ մաս, 40-րդ հոդվածի 2-րդ մաս, 47-րդ հոդվածի 2-րդ մաս, 68-րդ հոդվածի 2-րդ մաս)՝ մյուս բոլոր դեպքերում այդ իրավունքը վերապահելով սնանկության գործով կառավարչին: Ընդ որում՝ Սահմանադրական դատարանը նաև հստակ ընդգծել է, որ պարտապանին օրենսդրությամբ ընձեռված է սնանկության գործով կառավարչի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու, ինչպես նաև սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու միջնորդություն ներկայացնելու իրավունք:

Ուստի՝ «Սնանկության մասին» օրենքով օրենսդիրը նախատեսել է համապատասխան ընթացակարգ և բավարար երաշխիքներ՝ սնանկ ճանաչված պարտապանի իրավունքների և շահերի պատշաճ ապահովման, այդ թվում՝ սնանկության գործով կառավարչի գործողությունները վերահսկելու և հնարավոր կամայականություններից խուսափելու համար։

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ հարկ է արձանագրել, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումով չի հիմնավորվում «Սնանկության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի, 19-րդ հոդվածի 1.1-ին մասի և 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, հետևաբար և՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին: Հետևաբար՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել «Արամ Անտոնյան Ռուբիկի» ԱՁ՝ սույն գործով պետական տուրքի վճարուﬕց ազատելու մասին ﬕջնորդությունը։

2. «Արամ Անտոնյան Ռուբիկի» ԱՁ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ա. Վաղարշյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Ա. Զեյնալյան

21 ապրիլի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-31

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-31
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել