Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 8-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ Մ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 8-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ Մ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1698 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-169)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հուլիսի 2026թ. ՍԴԱՈ - 169 | «ՀԱՅԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 8-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՅԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 68-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 8-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 73-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հայկ Գալստյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 72-րդ հոդվածի 2-րդ մասի, 73-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 73-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի հունիսի 16-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայկ Գալստյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...)

ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 54-ի, 2-րդ մասը,

ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 68-ի, 1-ին և 2-րդ մասերը,

ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 72-ի, 2-րդ մասը,

ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 73-ի, 2-րդ մասի, 8-րդ կետը

ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 73-ի, 3-րդ մասը

ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր, քանի որ դրանք հակասում են՝

ՀՀ Սահմանադրության հոդված 3-ում նշված հիմնական իրավունքների և ազատությունների,

ՀՀ Սահմանադրության հոդված 60-ի, մաս 1-ում նշված սեփականության իրավունքի,

ՀՀ Սահմանադրության հոդված 61-ի, մաս 1-ում նշված դատական պաշտպանության և

ՀՀ Սահմանադրության հոդված 63-ի, մաս 1-ում նշված արդար դատաքննության իրավունքի

սահմանադրականությանը, դրանք կիրառվում են սխալ մեկնաբանությամբ, որի արդյունքում անձը զրկվում է իր ՀՀ Սահմանադրության հոդված 61-ի, մաս 1-ում նշված դատական պաշտպանության և ՀՀ Սահմանադրության հոդված 63-ի, մաս 1-ում նշված արդար դատաքննության իրավունքից:

(...) Եթե Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող են, սակայն դրանք իմ նկատմամբ կիրառվել են այլ կամ սխալ մեկնաբանությամբ, ՀՀ Սահմանադրական Դատարանին խնդրում եմ իմ նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով ենթարկել վերանայման»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/21436/05/25 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(...) վարչական դատարանը ինձ մեղադրում է դատավարական ժամկետ բաց թողնելու մեջ և անգամ այդ ենթադրյալ ժամկետի բացթողումը չի համարում հարգելի: Հետևաբար վարչական դատարանը ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 54-ի, 2-րդ մասը իմ նկատմամբ կիրառել է սխալ մեկնաբանությամբ, իսկ դրա պատճառը այն է, որ ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 54-ը չի հստակեցնում թե վարչական դատարանը դատավարական ժամկետ բաց թողնելը ինչ իրավիճակում կամ հանգամանքներով կարող է կամ պետք է համարի հարգելի: (...) Քանի որ նշված օրենքը չունի հստակություն, այն դատարանի կողմից կիրառվում է սխալ մեկնաբանությամբ կամ նույնիսկ աչառությամբ, որի արդյունքում անձը զրկվում է իր ՀՀ Սահմանադրության հոդված 61-ի, մաս 1-ում նշված դատական պաշտպանության և ՀՀ Սահմանադրության հոդված 63-ի, մաս 1-ում նշված արդար դատաքննության իրավունքից: Հետևաբար նշված նորմատիվ իրավական ակտի կամ դատավարական իրավունքի նորմի դրույթը Սահմանադրությանը հակասող է»:

Դիմողը գտնում է, որ «ՀՀ Վարչական Դատարանը իմ հայցադիմումը համաձայն ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 68-ի, 1-ին և 2-րդ մասերի ընկալում է որպես գործողության կատարման հայց, իսկ ես իմ հայցադիմումը համաձայն ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 67-ի, 1-ին և 2-րդ մասերի ընկալում եմ որպես պարտավորեցման հայց։ ՀՈԳՎ Ապարանի բաժինը իմ նկատմամբ ընդունել է միջամտող վարչական ակտ իսկ ես համաձայն ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 67-ի, 1-ին և 2-րդ մասերի ներկայացրել եմ պարտավորեցման հայց պահանջելով ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Հետևաբար ի՞նչ հիմքով և ինչ մեկնաբանությամբ է վարչական դատարան իմ հայցադիմումը ընկալում է որպես գործողության կատարման հայց: Վարչական Դատարանը դա անում է, քանի որ ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 68-ի, 1-ին և 2-րդ մասերի դրույթը չի հստակեցնում թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը, այդ իսկ պատճառով այն մեկնաբանվում է սխալ, քանի որ համաձայն ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 67-ի, 1-ին և 2-րդ մասերով սահմանված պարտավորեցման հայցի դեպքում վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը նույնպես կարելի է ընկալել որպես գործողություն: (...) Հետևաբար ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 68-ի, 1-ին և 2-րդ մասերի նորմատիվ իրավական ակտի կամ դատավարական իրավունքի նորմի դրույթը Սահմանադրությանը հակասող է, այն չունի հստակություն և կիրառվում է սխալ մեկնաբանությամբ, որի արդյունքում անձը զրկվում է իր ՀՀ Սահմանադրության հոդված 61-ի, մաս 1-ում նշված դատական պաշտպանության և ՀՀ Սահմանադրության հոդված 63-ի, մաս 1-ում նշված արդար դատաքննության իրավունքից»:

Ըստ Դիմողի՝ «ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 72-ի, 2-րդ մասը վարչական դատարանի կողմից կիրառվել է սխալ մեկնաբանությամբ, քանի որ այդ նորմատիվ իրավական ակտի կամ դատավարական իրավունքի նորմի դրույթը հստակություն չունի այն հանգամանքի վերաբերյալ, թե ինչ պետք է արվի եթե վարչական կարգով բողոքարկման դեպքում վարչական մարմնի վերադասի կողմից բողոքարկմանը չի տրվել պատասխան կամ այդ պատասխանը տրվել է այլ պետական մարմնի միջնորդության արդյունքում ինչպես դա տեղի էր ունեցել իմ դեպքում երբ ես վարչական մարմնի վերադասի պատասխանը ստացել էի ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի 20.11.2025թ.-ի N 04/23/5703-2025 գրավոր պատասխանով: Հետևաբար ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 72-ի, 2-րդ մասի նորմատիվ իրավական ակտի կամ դատավարական իրավունքի նորմի դրույթը Սահմանադրությանը հակասող է, այն չունի հստակություն և կիրառվում է սխալ մեկնաբանությամբ, որի արդյունքում անձը զրկվում է իր ՀՀ Սահմանադրության հոդված 61-ի, մաս 1-ում նշված դատական պաշտպանության և ՀՀ Սահմանադրության հոդված 63-ի, մաս 1-ում նշված արդար դատաքննության իրավունքից»:

Դիմողը նշում է. «Ինչպես ակնհայտորեն երևում է՝ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը իմ կողմից վերադասության կարգով բողոքարկվել է մի քանի անգամ, (...): Ի՞նչ է նշանակում տեղեկություններ՝ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ և ինչու՞ է վարչական դատարանը ՀՈԳՎ Ապարանի բաժնի 03.09.2025թ.-ի, 44/121-1065 գրավոր պատասխանը հիմք ընդունել որպես այդպիսի տեղեկություն, այլ ոչ թե ՀՀ Մարդու Իրավունքների Պաշտպանի 20.11.2025թ.-ի N 04/23/5703-2025 գրավոր պատասխանը, որով ինձ է ներկայացվել վարչական մարմնի վերադասի պատասխանը: Հետևաբար ՀՀ Վարչական Դատավարության Օրենսգրքի հոդված 73-ի, 2-րդ մասի, 8-րդ կետի նորմատիվ իրավական ակտի կամ դատավարական իրավունքի նորմի դրույթը Սահմանադրությանը հակասող է, այն չունի հստակություն և կիրառվում է սխալ մեկնաբանությամբ, որի արդյունքում անձը զրկվում է իր ՀՀ Սահմանադրության հոդված 61-ի, մաս 1-ում նշված դատական պաշտպանության և ՀՀ Սահմանադրության հոդված 63-ի, մաս 1-ում նշված արդար դատաքննության իրավունքից»:

Միաժամանակ, Դիմողը, վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասը, գտնում է. «Նշված նորմատիվ իրավական ակտի կամ դատավարական իրավունքի նորմի դրույթը Սահմանադրությանը հակասող է, այն չունի հստակություն այն հարցի վերաբերյալ թե դատավարական ժամկետի ինչպիսի բացթողնման պատճառներ կարող են նշվել, որոնք դատարանի կողմից կարող են համարվել ընդունելի կամ հարգելի: Հետևաբար այն կիրառվում է սխալ մեկնաբանությամբ, որի արդյունքում անձը զրկվում է իր ՀՀ Սահմանադրության հոդված 61-ի, մաս 1-ում նշված դատական պաշտպանության և ՀՀ Սահմանադրության հոդված 63-ի, մաս 1-ում նշված արդար դատաքննության իրավունքից»:

3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում՝ դրույթները, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 72-րդ հոդվածի 2-րդ մասի, 73-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 73-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 3-րդ հոդվածին, 60, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին համապատասխանությունը, ինչի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Այսպես, Դիմողը, վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 72-րդ հոդվածի 2-րդ մասի, 73-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 73-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին հակասությունը, բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված իր հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 3-րդ հոդվածին, ապա Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածն ամրագրված է Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ, կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի (սույն պարագայում՝ դրույթների, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում՝ դրույթները, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 72-րդ հոդվածի 2-րդ մասի, 73-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 73-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին:

Այսինքն` սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Հայկ Գալստյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 72-րդ հոդվածի 2-րդ մասի, 73-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 73-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

8 հուլիսի 2026 թվականի

ՍԴԱՈ-169

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-169
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել