ԼԱՌԱ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-34)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 դեկտեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 34 | ԼԱՌԱ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
26 դեկտեմբերի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Լառա Մովսեսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Լառա Մովսեսյանը 2016թ. դեկտեմբերի 6-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.
«ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի սոցիալական և իրավական պետության պահանջին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 23-րդ, 28-րդ, 39-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ և 78- րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի դ) մասը»:
Դիմողը ներկայացրել է նաև միջնորդություն` իրեն պետական տուրքի վճարումից ազատելու մասին:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթում բացակայում են իրավական սկզբունքները, այն « ... միակողմանիորեն պաշտպանում է Ընկերության և ամբողջովին ոտնահարում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ շահերը»: Ըստ դիմողի` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1- ին կետի 2-րդ ենթակետի դ) մասում առկա «ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել» եզրույթը մարդու նկատմամբ առաջադրվող անհիմն մեղադրական եզրույթ է, դրանում առհասարակ բացակայում է ապացուցման հիմքեր պարունակող պահանջը, և այդ անհիմն պահանջից բխող` ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ ֆինանսական անհիմն հետևանք է ստեղծվում:
Դիմողի գնահատմամբ` ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը սեփականության իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցը երրորդ (այլ) անձին շահագործման նպատակով հանձնելն օրենքով արգելված չէ, և այդ իրավունքի իրացման արդյունքում եթե ավտոմեքենան տիրապետողն այն օգտագործի այլ նպատակներով` սեփականատերը չի կարող տեղյակ լինել դրա մասին: Ուստի «… այս առումով օրինական չէ, որ օրենքով սահմանվի ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը «ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնող» որակել և նրա վրա ակնհայտ չհիմնավորված ֆինանսական պարտավորության բեռ դնել»: Դիմողի կարծիքով` վիճարկվող դրույթը չի համապատասխանում նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 9-րդ հոդվածների 2-րդ մասերին, ինչպես նաև 4- րդ մասի 1-ին և 2-րդ կետերին:
Դիմողը եզրահանգել է, որ բարձրացված հարցն առաջացրել է անհաղթահարելի և անլուծելի բացասական իրավական հետևանքներ:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր առկա չեն, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողներն իրավասու են դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
դիմողները սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Լառա Մովսեսյանի դիմումի հիման վրա «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Բավարարել դիմողի` պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
26 դեկտեմբերի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/2-34
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 դեկտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-34
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
