Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԱՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԱՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-127 հունվարի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 հունվարի 2021թ. ՍԴԴԿՈ - 1 | ԱՐՄԱՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 հունվարի 2021թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Արման Միրզոյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արման Միրզոյանը դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի դեկտեմբերի 22-ին) խնդրել է հետևյալը. «ՀՀ Սահմանադրության 29, 30, 36, 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանմամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասը, այնքանով որքանով չի նախատեսում դատական որոշման կատարումը հետաձգելու հնարավորություն նաև տղամարդկանց համար»։

2. Ըստ դիմողի ՀՀ քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածին տրվել է այնպիսի մեկնաբանություն, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածը դատական որոշումների կատարման փուլում կիրառելի չլինելու և այդ փուլում բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի կիրառելիության վերաբերյալ մեկնաբանությունները հակասության մեջ են գտնվում արդար դատաքննության իրավունքի հետ այն իմաստով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածը սահմանում է նյութական իրավունքը, այլ ոչ դրա կիրառման կարգն ու ձևաչափը։ Դիմողը միաժամանակ նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածը, չպարունակելով տղամարդկանց վերաբերող նշում, դատարաններին հնարավորություն է տալիս նյութական իրավունքի նորմով երաշխավորված իրավունքից օգտվելու դիմումը մերժել, ինչպես նաև սեռով պայմանավորված արգելք է սահմանում հակասելով ՀՀ Սահմանադրության 29-րդ և 30-րդ հոդվածներին։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոնշյալ որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը կհանդիսանա որպես Սահմանադրական դատարան դիմելու համար ոչ իրավասու սուբյեկտ: Տվյալ դեպքում դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից հետևում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները վերջնական դատական ակտով դիմողի նկատմամբ չեն կիրառվել։ Նման պայմաններում հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողն իրավասու չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի սահմանադրականության հարցով դիմելու Սահմանադրական դատարան, ուստի նշված մասով գործի քննությունը ենթակա է մերժման։ 3.2 ՀՀ քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է (…): «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մասով դիմումն ակնհայտ անհիմն է, և դիմողը նշված դրույթների մասով չի պահպանել վերոշարադրյալ օրենսդրական պահանջները։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 431-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մասով գործի քննությունը ենթակա է մերժման ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արման Միրզոյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

27 հունվարի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-1

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 հունվարի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-1
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել