ԱՆՆԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 նոյեմբերի 2018թ. ՍԴԴԿՈ - 5 | ԱՆՆԱ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
14 նոյեմբերի 2018թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ` Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ա. Գյուլումյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Աննա Ղուկասյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Աննա Ղուկասյանը 2018 թվականի հոկտեմբերի 24-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 5-րդ և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՕ 241-ն օրենքի 1-ին հովածի առաջին մասը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել, այնքանով որքանով այն չի համապատասխանում որոշակիության սկզբունքին»:
2. Դիմողը նշում է, որ վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 5- րդ մասը, ՀՀ կառավարության թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածի 16-րդ կետը և ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 44.1-րդ հոդվածի 3-րդ մասն ակնհայտ է դառնում, որ նշված իրավական ակտերում առկա է հակասություն: Մասնավորապես, ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համաձայն վարչական իրավախախտում է համարվում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նվազագույն չափերից մինչև հնգապատիկը ներառյալ (նույն ձևակերպումն առկա է նաև ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածի 16-րդ կետում), իսկ զգալի չափ է համարվում հնգապատիկից առավել մինչև քսանապատիկը ներառյալ: Այսինքն թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահման համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայտնաբերված թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի հնգապատիկից առավել լինելու դեպքում: Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 5-րդ մասում օրենսդիրը ձևակերպումը տվել է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի հնգապատիկը ներառյալ չնշելով «առավել» եզրույթը, ինչն էլ իր հերթին անորոշություն է առաջացրել իրավակիրառ պրակտիկայում:
Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթները որոշակի չեն, դրանք ընթերցողների և կիրառողների մոտ տարընթերցման խնդիր են առաջացնում հայեցողական մեկնաբանության հնարավորություն ընձեռելով:
Դիմողի պնդմամբ իրավական ակտերը պետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ, ինչը, սակայն, նշված իրավական ակտերն իրենց բովանդակությամբ չեն ապահովում, և արդյունքում ստացվում է այնպես, որ օրենքը կիրառողի կողմից հայեցողական կարող է ընկալվել թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի հնգապատիկի և ավելիի հայտնաբերումը հանցագործություն կամ վարչական իրավախախտում դիտարկելու համար:
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով, և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` դատական կազմը գտնում է, որ դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
խնդրո առարկա գործով կայացված դատական ակտերի, մասնավորապես Վճռաբեկ դատարանի 2018 թվականի սեպտեմբերի 3-ի նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից վիճարկվող դրույթները չեն կիրառվել նրա նկատմամբ: Սահմանադրական դատարանը «Նորմատիվ իրավական ակտի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությանն անդրադարձել է իր` 2008 թվականի ապրիլի 4- ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ «...ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...» բառակապակցության մեջ «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»:
Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործող) նյութերի չափերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելու մասին վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածին և այդ չափերը սահմանող ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:
ՀՀ սահմանադրական դատարանը 2017 թվականի փետրվարի 17-ի ՍԴՈ-1348 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «...արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով»։
Սույն գործի նյութերից հետևում է, որ Աննա Ղուկասյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ ապօրինի ձեռք է բերել ընդհանուր` 0.025 գրամ քաշով հոգեմետ նյութ պարունակող «Դիազեպամ» տեսակի 5 հատ դեղահաբ, ապա ձեռք բերած «Դիազեպամ» հոգեմետ դեղահաբերից 0.005 գրամ քաշով 1 հատ դեղահաբն ապօրինի իրացրել է Անիչկա Դարչինյանը, ով խմելու եղանակով օգտագործել է այն: Մնացած 0.02 գրամ քաշով 4 հատ հիշյալ դեղահաբերն Աննա Ղուկասյանն ապօրինի պահել է իր տան ննջարանում գտնվող զարդատուփի մեջ` հետագայում տատին խմեցնելու նպատակով, որոնք հայտնաբերվել և առգրավվել են ոստիկանության աշխատակիցների կողմից նրա բնակարանում կատարված խուզարկությամբ: Ինչպես ուժը կորցրած ճանաչված ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածի, այնպես էլ ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածի ուսումնասիրությունից երևում է, որ թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները չեն հանգեցնում Աննա Ղուկասյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված արարքի իրավական որակման փոփոխության:
Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշման շրջանակներում ակնհայտ է դառնում, որ վիճարկվող դրույթները չեն կիրառվել դիմողի նկատմամբ: Դիմողի կողմից առաջ քաշված սահմանադրաիրավական վեճն առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 5-րդ մասում կատարված փոփոխությունների արդյունքում ամրագրված իրավակարգավորումները հակասության մեջ են գտնվում ՀՀ կառավարության թիվ 707-Ն որոշման 1-ի հավելվածի 16-րդ կետի և ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 44.1-րդ հոդվածի 3-րդ մասի հետ առաջացնելով իրավական անորոշություն, կիրառելի չեն նրա նկատմամբ, քանի որ թմրամիջոցի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների արդյունքում առաջացած ենթադրյալ իրավական անորոշությունը չի անդրադառնում դիմողի կողմից կատարված հանցանքի իրավական որակման բովանդակությանը:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են
ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ/ երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները, գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Աննա Ղուկասյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող`
Անդամներ`
14 նոյեմբերի 2018 թվականի
ՍԴԴԿՈ-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 նոյեմբերի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
