ԱՐԵԳ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ, ԳԱԳԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ՄԽԻԹԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ՍԵԴՐԱԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԷԴՎԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-68)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 դեկտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 68 | ԱՐԵԳ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ, ԳԱԳԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ՄԽԻԹԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ՍԵԴՐԱԿ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԵՎ ԷԴՎԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 6 դեկտեմբերի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Սեդրակ Նազարյանը և Էդվարդ Գրիգորյանը (այսուհետ դիմողներ), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի նոյեմբերի 21-ին), խնդրել են հետևյալը. «(…) որոշել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և դրա 2-րդ հոդվածի 11-րդ մասի «1»-ին կետի «եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված և (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները.» ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 79-րդ, 81-րդ, 117-րդ, 162-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»։
2. Դիմողները նշում են, որ վիճարկվող իրավադրույթի կիրառման արդյունքում փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ թիվ ԵԷԴ/0091/01/17 գործով դատարանի լիազորությունը, և, հետևաբար, պետական մարմնի իրավասությունը հանձնվել է տուժողի կարգավիճակ ունեցող անձանց։ Ըստ դիմողների համաներման կիրառման կամ չկիրառման հարցն առկախվում է բացառապես տուժողի կամքից, և սահմանված չեն օբյեկտիվ չափանիշներ դրա արտահայտման համար։ Վիճարկվող իրավադրույթը տուժողի կարգավիճակը դիտարկել է բավարար պայման, որի պարագայում դիմողի նկատմամբ արդարադատություն իրականացնելու իշխանությունը հանձնվում է տուժողին։ Դիմողները պնդում են, որ վիճարկվող իրավադրույթով տուժողին է վերապահվում նաև համաներում ընդունելու իրավունք, որը, ըստ Սահմանադրության, վերապահված է Ազգային ժողովին։ Դիմողների գնահատմամբ նման կարգավորումը վերացնում է անկախ, անաչառ և միայն Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան գործող դատարանի և արդար դատաքննության իրավունքը։
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողները, վերարտադրելով Սահմանադրության մի շարք դրույթներ, ըստ էության միայն նշում են, որ տուժողին վերապահվել են Ազգային ժողովի և դատարանի լիազորություններ, և համաներման կիրառման կամ չկիրառման հարցն առկախվում է բացառապես տուժողի կամքից, որի արտահայտման համար սահմանված չեն օբյեկտիվ չափանիշներ խախտելով անկախ, անաչառ և միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան գործող դատարանի և արդար դատաքննության իրավունքը։ Նշվածի հիման վրա դիմողները բարձրացնում են «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի և նշված օրենքի 2-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետի սահմանադրականության հարց, սակայն Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող իրավադրույթների հակասահմանադրականության և դիմողների իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ։ Ընդ որում դիմումում վկայակոչվում են նաև մի շարք սահմանադրական նորմեր, մասնավորապես Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 117-րդ, 162-րդ հոդվածները, որոնք նույնիսկ ներառված չեն Սահմանադրության 2-րդ գլխում, մինչդեռ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է, ի թիվս այլնի, հիմնավորի իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման փաստը։ Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: 6 դեկտեմբերի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-68
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-68
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
