Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-17 հունվարի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 7 հունվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 1 | ԱՐՄԵՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 7 հունվարի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի

Հ. Թովմասյանի

Քննության առնելով Արմեն Տիգրանյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արմեն Տիգրանյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Հայկ Սահակյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի դեկտեմբերի 24-ին, որով Դիմողը խնդրել է.

«Թիվ ՎԴ/4173/05/24 վարչական գործով

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.07.2025 որոշմամբ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետին տրված մեկնաբանությունը, այնքանով, որ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կայացված որոշման կամ վճռի ելքը անխուսափելիորեն կանխորոշելու է կասեցված վարչական գործով կայացվելիք դատական ակտը՝ անկախ հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտի անվավերության հիմքում դրված մնացյալ հիմքերից և հիմնավորումներից, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասին, 63-րդ հոդվածի առաջին մասին, 75-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին հակասող»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՎԴ/4173/05/24 վարչական գործի դատավարական նախապատմությունը, մասնավորապես, նշում է, որ վարչական դատարանը, առանց հիմնավորելու իր վարույթում քննվող և թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործի շրջանակներում քննվող գործերի միջև առկա կապը, այդ թվում՝ չներկայացնելով դատավարության կարգով քննվող կոնկրետ այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք տվյալ գործի լուծման համար ունեն էական նշանակություն, ինչպես նաև մինչև թիվ ՎԴ/2658/05/24 վարչական գործով եզրափակիչ դատական ակտի կայացումը՝ իր վարույթում քննվող գործի քննության անհնարինության վերաբերյալ հիմնավորումների բացակայությամբ՝ կայացրել է գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:

Ըստ Դիմողի՝ սույն դիմումի շրջանակներում բարձրացվող իրավական խնդիրն առնչվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ ՀՀ Սահմանադրության 61, 63, 75 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը որոշելու հիմնահարցին:

Դիմողը նշում է. «Դատարանը, պատշաճ գնահատման չարժանացնելով դիմումատուի կողմից ներկայացված վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքերը և դրանցով ներկայացված հիմնավորումները, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերությանը տրված դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագրերը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը դիմումատուի բացակայությամբ կազմված լինելը, դիմումատուի՝ վիճարկվող վարչական ակտի կայացման ժամանակ «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերությունում որևէ պաշտոն չունենալը, ինչպես նաև վիճարկվող վարչական ակտը վարչական տույժ նշանակելու ժամկետի խախտմամբ կայացված լինելու և արձանագրված խախտումները հաստատված չլինելու հիմնավորումները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի սխալ մեկնաբանմամբ, առանց իր վարույթում գտնվող գործի քննության անհնարինության վերաբերյալ հիմնավորում ներկայացնելու՝ կասեցրել է վարչական գործի վարույթը»:

Դիմողը պնդում է, որ «(…) վերաքննիչ դատարանը ոչ միայն անտեսել է դիմումատուի կողմից վարչական գործի վարույթը կասեցնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքով ներկայացված փաստարկները՝ գտնելով, որ բողոքարկվող դատական ակտը իրավաչափ է և հիմնավոր, այլև արտահայտել է այնպիսի իրավական դիրքորոշում, որը խաթարում է վարչադատավարական իրավանորմերով սահմանված վարչական գործերի քննությանը և դրանց արդյունքում կայացվելիք դատական ակտերին ներկայացվող պահանջների բովանդակությունը, ինչպես նաև փաստացի կարող է հիմք հանդիսանալ սույն վարչական գործով քննության արդյունքում այնպիսի դատական ակտի կայացմանը, որը կհանգեցնի դիմումատուի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտմանը»:

Դիմողը գտնում է, որ «(…) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում հաղորդվել է նեղ մեկնաբանություն՝ այդպիսով խոչընդոտելով Սահմանադրության 75-րդ հոդվածով երաշխավորված սահմանադրաիրավական պահանջի լիարժեք իրացմանը: Արդյունքում սահմանափակվել են դիմումատուի արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքները՝ նրան զրկելով օրենքով սահմանված իրական պաշտպանությունից և իրադրությանը համապատասխան օրինական միջոցներ կիրառելու հնարավորությունից»:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսպես՝ Դիմողը նշել է. «(…) դատարանը բավարարվել է միայն ստուգման ակտի վիճարկված լինելու վերաբերյալ փաստական տվյալի վկայակոչմամբ և առանց գործի վարույթը կասեցնելու իմպերատիվ պայմանի, այն է՝ վարչական գործի քննության անհնարինության փաստի հիմնավորման, այդ թվում՝ առանց վկայակոչելու այն իրավաբանական փաստերը կամ հանգուցալուծման ենթակա այն իրավական հարցերը, որոնք քննվում են թիվ ՎԴ/2628/05/24 [ՎԴ/2658/05/24] վարչական գործի շրջանակներում և անհնարին են դարձնում իր վարույթում գտնվող գործի քննությունը՝ կասեցրել է վարչական գործի վարույթը: (...)»:

Դիմողը նաև նշել է. «(…) վերաքննիչ դատարանը ոչ միայն անտեսել է դիմումատուի կողմից վարչական գործի վարույթը կասեցնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքով ներկայացված փաստարկները՝ գտնելով, որ բողոքարկվող դատական ակտը իրավաչափ է և հիմնավոր, այլև արտահայտել է այնպիսի իրավական դիրքորոշում, որը խաթարում է վարչադատավարական իրավանորմերով սահմանված վարչական գործերի քննությանը և դրանց արդյունքում կայացվելիք դատական ակտերին ներկայացվող պահանջների բովանդակությունը, ինչպես նաև փաստացի կարող է հիմք հանդիսանալ սույն վարչական գործով քննության արդյունքում այնպիսի դատական ակտի կայացմանը, որը կհանգեցնի դիմումատուի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտմանը»:

Հաշվի առնելով Դիմողի վերոնշյալ, ինչպես նաև սույն անհատական դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում վարչական և վերաքննիչ վարչական դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների/կայացրած դատական ակտերի իրավաչափությանը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի (թիվ ՎԴ/4173/05/24 վարչական գործի շրջանակներում) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևաբար՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արմեն Տիգրանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Է. Շաթիրյան

Անդամներ՝ Ս. Սաֆարյան

Հ. Թովմասյան

7 հունվարի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-1

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հունվարի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-1
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել