Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2730 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 մայիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 27 | «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 30 մայիսի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության

անհատական դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ.

1. «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մայիսի 21-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.

«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին (ի համակցում Սահմանադրության 78-րդ հոդվածի) հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/28167/02/20 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(…) Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը որևէ կերպ համարժեք չէ սահմանափակվող հիմնական իրավունքի, այն է՝ սեփականության հիմնական իրավունքի նշանակությանը: Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի չառնելով գործատուի պատասխանատվության չափը, նրա կողմից թույլ տված խախտման բնույթն ու դրա ազդեցությունը աշխատողի իրավունքի վրա, անհամաչափորեն սահմանափակում է Դիմողի կողմից իր օրինական հիմքով ձեռք բերված միջոցներն (սեփականություն) իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքը»:

Ըստ Դիմողի՝ «(…) անհրաժեշտ է վերլուծել Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով հետապնդվող նպատակի բովանդակությունը, որպեսզի հնարավոր լինի նաև պարզել, թե որքանով է անհրաժեշտ այն դեպքում, երբ աշխատողը չի վերականգնվում աշխատանքի, առանց հաշվի առնելու գործատուի կողմից թույլ տրված խախտման բնույթը, դրա ազդեցությունն աշխատողի իրավունքների խախտման գործատուի մեղավորությունն ու գործատուին պարտավորեցնել վճարելու հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ այն դեպքում, երբ աշխատողին այլևս հնարավոր չէ վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև աշխատանքում չվերականգնելու դեպքում վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի (առավելագույնը տասներկուապատիկի) չափով»:

Դիմողը գտնում է. «Եթե, սակայն, օրենսդիրը սահմաներ ավելի մեղմ միջոց (հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի դիմաց հստակ սահմանված ժամկետով փոխհատուցում, խախտման բնույթի տարբերակման արդյունքում պատասխանատվության ավելի մեղմ չափ և այլն), կամ, նախկին աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցում՝ առավելագույն չափով՝ առանց հարկադիր պարապուրդի վճարման պարտականություն սահմանելու, ապա դա ևս կծառայեր աշխատողների իրավունքների պաշտպանությանը, բայց միաժամանակ այդքան խիստ ու ոչ անհրաժեշտ միջամտություն չէր գործի գործատուի՝ սեփականության իրավունքի նկատմամբ: Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, սակայն, ինչպես պահանջում է Սահմանադրական դատարանը, ողջամիտ հավասարակշռություն չի մտցնում գործատու և աշխատողի միջև իրավահարաբերություններում»:

Դիմողն արձանագրում է, որ «(…) Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումն անհրաժեշտ չէ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար ու այդպիսով անհամաչափ սահմանափակում (միջամտում) է Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը: Հետևաբար Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը հակասահմանադրական է»:

Դիմողը գտնում է, որ «(...) հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի վճարումը կարող է միայն այն դեպքում դիտարկվել նպատակահարմար, երբ աշխատողը վերականգնվում է իր նախկին աշխատատեղում, որպիսի պարագայում տրամաբանական կարող է լինել հարկադիր պարապուրդի վճարումը: Այն դեպքում, սակայն, երբ աշխատողը չի վերականգնվում իր նախկին աշխատատեղում (քանի որ հաստիքն իրավամբ է կրճատվել), ապա հարկադիր պարապուրդի մասին խոսելն ինքնին ողջամիտ չէ: Նշվածը հիմնավորվում է նաև նրանով, որ, եթե սեփականության իրավունքի սահմանափակումը տեղի է ունենում աշխատողի՝ Սահմանադրության 57-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը պաշտպանելու համար, ապա ակնհայտ է, որ այն դեպքում, երբ աշխատողը վերջնական դատական ակտի կայացման արդյունքում միևնույնն է չի վերականգնվում նախկին աշխատատեղում, ապա ընդհանրապես հարցականի տակ է դրվում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի վճարումը: Եթե աշխատողը չի վերականգնվում իր նախկին աշխատավայրում, ապա անհիմն է խոսել «աշխատողի իրավունքի վերականգնման մասին»:

Դիմողն արձանագրում է, որ «(...) եթե Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի հակասահմանադրական դրույթները չլինեին, Դիմողի Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը չէր խախտվի, ուստիև առկա է անմիջական պատճառահետևանքային կապ Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի հակասահմանադրականության և Դիմողի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման փաստի միջև»:

3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում՝ նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ (...) լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ թիվ ԵԴ/28167/02/20 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2023 թվականի նոյեմբերի 1-ին, որը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով Դիմողի գործով վերջնական դատական ակտն է և օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, մինչդեռ Դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմումը ներկայացվել է 2024 թվականի մայիսի 21-ին՝ վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց ավելի քան վեց ամիս անց: Այսինքն՝ սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարան ներկայացվելու պահին արդեն իսկ լրացել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը, առանց անդրադառնալու սույն դիմումի ընդունելիության մյուս պայմաններին, եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 3, 5 և 6-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Վ. Գրիգորյան

Ե. Խունդկարյան

30 մայիսի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-27

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-27
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել