Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՇԱՎԱՐՇ, ՌԱՅԱ ՄԿՐՏՉՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՇԱՎԱՐՇ, ՌԱՅԱ ՄԿՐՏՉՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-256 սեպտեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 սեպտեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 25 | ՇԱՎԱՐՇ, ՌԱՅԱ ՄԿՐՏՉՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

6 սեպտեմբերի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի

Անդամակցությամբ Վ. Պողոսյանի

Կ. Բալայանի

Ուսումնասիրելով քաղաքացիներ Շավարշ, Ռայա Մկրտչյանների և այլոց անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Շավարշ, Ռայա Մկրտչյանները և այլոք 17.08.2010թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել հետևյալ օրինադրույթների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը.

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածը, ՀՀ վճռաբեկ և վարչական դատարանների կողմից իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, որով նորմատիվ իրավական ակտերի վիճարկման գործերը գրավոր ընթացակարգով քննելու դրույթը կիրառվում է որպես առանց հրապարակային դատաքննության վեճը լուծող դատական ակտի հրապարակման հնարավորություն, ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 18 և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր։

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 3, 18 և 19-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր։

3. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» կետերը, իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, այնքանով, որքանով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումն ու դրա արդյունքում սեփականության դիմաց նախնական փոխհատուցում տալը չեն դիտարկվում որպես մեկ ամբողջական գործընթաց և դիտարկվում են միմյանց հետ առնչություն չունեցող գործընթացներ, որքանով են որոշակի և Սահմանադրության 31-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխանող։

4. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, ինչպես նաև ՀՀ հողային օրենագրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ կառավարության, ՀՀ վարչական ու վճռաբեկ դատարանների կողմից իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, այնքանով, որքանով նշված նորմերի առկայությունն արգելք չի հանդիսանում ՀՀ կառավարության համար 26.06.2009թ. N 944-Ն որոշման 7-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը սահմանելուն, այսինքն հնարավորություն է տալիս Կառավարությանը բնակավայրին ներհատուկ քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակով հողամասերի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին որոշումում հողամասի կարգավիճակը գյուղատնտեսական նշանակությունից բնակավայրի հողամասի փոփոխման ժամկետը ձեռքբերողի սեփականության իրավունքի գրանցմամբ պայմանավորելը, ինչի արդյունքում հողամասի սեփականատերը փոխհատուցում է ստանում գյուղատնտեսական նշանակության հողամասի արժեքի չափով բնակավայրի հողամասից պակաս գումարի չափով, ճանաչել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող և անվավեր։

5. «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի «ա» կետի, «բացառիկ գերակա հանրային շահ» հասկացությունը, որը ՀՀ կառավարության, ՀՀ վարչական և վճռաբեկ դատարանների կողմից իրավակիրառ պրակտիկայում նույնացվում է օտարվող գույքի հետ, օտարվող գույքի հետ նույնացվելու հնարավորության մասով ճանաչել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող և անվավեր։ Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից պետք է քննության ընդունվի մասնակիորեն։ Այսպես.

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» կետերի, 4-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի, 7-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի «ա» կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ

ա/ դիմումի ուսումնասիրությունը և դիմողների իրավական դիրքորոշումների ընդհանուր տրամաբանությունը վկայում է, որ դիմողները, ըստ էության, բարձրացրել են վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Նման հետևության կարելի է հանգել դիմումի «Դիմումում բարձրացված հարցերը» վերտառությամբ ենթամասում բերված տարբեր փաստարկների համեմատական վերլուծության արդյունքում։ Մասնավորապես, դիմումի 10-րդ էջում դիմողները փորձելով հիմնավորել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի հակասահմանադրականությունը նշում են, որ «... վարչական և վճռաբեկ դատարանները նույնացրել, հետևաբար իրար են խառնել երկու տարբեր սկզբունքներ...»։ Նմանատիպ մեկ այլ օրինակ է հետևյալը. օրենքի 3- րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» կետերի առնչությամբ դիմողները նշում են, որ «...նշյալ դրույթներով Կառավարության վրա պարտականություն չի դրվում օտարման պայմանը նաև վերջինիս որոշման մեջ նշելու մասին, ինչն էլ իրավակիրառ պրակտիկայում հանգեցնում է նման իրավիճակի ստեղծելով հակասահմանադրական վիճակ...»։

Վերոնշյալից, ինչպես նաև դիմումի ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ իրականում անձի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողներն ընդամենը բարձրացնում են դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ։ Դիմողները ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը ըստ էության, բարձրացնում են այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Հետևաբար, այս առումով առկա է նշված դրույթների մասով դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք,

բ/ բացի դրանից, օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և 7-րդ հոդվածի 1- ին և 2-րդ մասերի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-815 որոշումը, որով նշյալ դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող։ Ճիշտ է, ՀՀ սահմանադրական դատարանի նշյալ որոշումն ընդունվել է օրենքի 2006 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ տեքստի համապատասխան դրույթների վերաբերյալ, սակայն 2009 թվականի մայիսի 19-ին ընդունված «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-121-Ն օրենքով դիմողների կողմից վիճարկվող համապատասխան դրույթներում որևէ փոփոխություն չի կատարվել։ Դիմողների այն պնդումները, թե իրենց կողմից բարձրացված հարցը սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ չի լուծվել, ակնհայտ անհիմն է այն պատճառաբանությամբ, որ դիմողներն այդ համատեքստում չեն ներկայացրել իրենց իրավական դիրքորոշումները հիմնավորող որևէ իրավական փաստարկ, ինչպես նաև չեն հիմնավորել վիճարկվող դրույթների և իրենց խախտված սահմանադրական իրավունքների միջև առկա պատճառահետևանքային կապը, որոնք անհատական դիմումին ներկայացվող կարևորագույն պահանջներից են։ Այս առումով, առաջնորդվելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումներով, կարծում ենք նաև, որ դիմումն ակնհայտ անհիմն է։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 69-րդ հոդվածի 7-րդ կետերով Սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը վերոնշյալ դրույթների մասով ենթակա է մերժման, քանի որ դիմողը բարձրացրել է վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության հարց. օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-815 որոշումը. դիմումն ակնհայտ անհիմն է։

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ Դատական կազմը գտնում է, որ այս մասով դիմումի քննությունը ենթակա է ընդունման, քանի որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին. դիմողներն իրավասու են դիմել սահմանադրական դատարան. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի

իրականացվում. դիմողներն սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Քաղաքացիներ Շավարշ, Ռայա Մկրտչյանների և այլոց անհատական դիմումով գործի քննությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» կետերի, 4-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի, 7-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի «ա» կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի

սահմանադրականությունը վիճարկելու մասով մերժել։

2. Քաղաքացիներ Շավարշ, Ռայա Մկրտչյանների և այլոց անհատական դիմումով գործը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին կետի սահմանադրականությունը վիճարկելու մասով, ընդունել քննության։

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

6 սեպտեմբերի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/1-25

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 սեպտեմբերի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-25
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել