Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՏԱԿ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՏԱԿ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-20515 հոկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-205)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 հոկտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 205 | «ԱՐՏԱԿ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Ամբողջ Տեքստ

«ԱՐՏԱԿ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ

6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԳՈՐԾՈՎ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ԱՐՏԱԿ» արտադրական կոոպերատիվի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև Օրենք) 6-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. «ԱՐՏԱԿ» արտադրական կոոպերատիվը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 25-ին) խնդրելով.

«1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 50, 61 և 63, 79 հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված նորմերով անձի պատշաճ վարչարարության իրավունքը խոչընդոտող իրավական անորոշությունը կամ

2. Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու դեպքում, որոշել, որ այն Դիմողի նկատմամբ կիրառվել է սխալ մեկնաբանությամբ վերանայման հնարավորություն տալով Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով»:

2. Դիմողը սույն անհատական դիմումով բարձրացնում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6- րդ հոդվածով սահմանված նորմերի սահմանադրականության հարց: Մասնավորապես, ըստ դիմողի, տվյալ նորմերի իրավական անորոշությունն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնում է այնպիսի մեկնաբանության ու կիրառման, որը խախտում է կամ կարող է խախտել Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված անձի հիմնարար իրավունքները:

Վկայակոչելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները` դիմողը նշում է, որ վարչական վարույթի ընթացքում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին արտահայտվելու հնարավորություն տալու լսված լինելու իրավունքը, ինչպես նաև գործի արդար և անաչառ քննություն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը մասնավորեցված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով: Ըստ դիմողի` վերոնշյալ օրենքով սահմանվելով ստուգման ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու անձի հնարավորությունը օրենսդիրը, տվյալ իրավահարաբերությունների առանձնահատկությունների հաշվառմամբ, ըստ էության, տնտեսավարող սուբյեկտի համար հնարավորություն է ստեղծել ստուգման ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու միջոցով իրացնել վարչական վարույթում իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի քննության և լսված լինելու իրավունքները:

Դիմողը գտնում է, որ առարկություններ ներկայացնելու հնարավորության առկայությունն ինքնանպատակ չէ, և վարչական մարմնի կողմից ակտի նախագծի վերաբերյալ ներկայացված առարկություններին անդրադառնալու և դրանց արդար ու անաչառ քննության արդյունքում միայն կարելի է պաշտպանված համարել վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը, հակառակ պարագայում, ըստ դիմողի, կխախտվեն ոչ միայն վարույթի մասնակիցների իրավունքները, այլ նաև Սահմանադրության հիմունքները:

Այսպիսով, դիմողը կարծում է, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը պրակտիկայում ստացել է այնպիսի մեկնաբանություն, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում հարկային մարմնի կողմից իրականացվող հարկային վարչարարության ընթացքում տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացվող առարկություններին անդրադառնալիս, հարկային մարմինը կարող է սահմանափակվել վարչական ակտում լոկ առարկությունները չընդունելու վերաբերյալ նշում կատարելով, ինչն ըստ դիմողի, հանգեցնում է լսված լինելու իրավունքի խախտման:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69- րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն կարգավորում է տնտեսավարող սուբյեկտների գործունեության և քաղաքաշինական օբյեկտներում ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև դրանց իրականացման միասնական կարգը: Ընդ որում, նշված ստուգման որպես վարչական վարույթի առանձին տեսակի առանձին օրենքով կարգավորված լինելը պայմանավորված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով, որի համաձայն առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի սույն անհատական դիմումով վիճարկվող հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն կարգավորում է տնտեսավարող սուբյեկտի մոտ անցկացվող ստուգումների արդյունքների ամփոփման հետ կապված հարաբերությունները: Ընդ որում հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության համաձայն «Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետում ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու դեպքում ստուգող մարմինը ուսումնասիրում է դրանք և առարկություններ ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ակտի մեկ օրինակը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունները կցվում են ակտին և կազմում դրա անբաժանելի մասը»:

Այսինքն վերոնշյալ դրույթով մի կողմից սահմանվում է ստուգման անցկացման արդյունքում կազմվող ստուգման ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու տնտեսավարող սուբյեկտի իրավունքը, մյուս կողմից ներկայացված առարկություններն ուսումնասիրելու և կոնկրետ սահմանված ժամկետում ստուգման ակտ կայացնելու ստուգող մարմնի պարտականությունը:

Ինչ վերաբերում է ստուգման որպես վարչական վարույթի իրականացման ընթացակարգին, ստուգման արդյունքների ամփոփման վերաբերյալ կազմվող համապատասխան փաստաթղթի բովանդակությանը, ստուգումն իրականացնող մարմնի պարտականություններին, հավասարապես նաև ստուգվող սուբյեկտի իրավունքներին, ապա դրանք կարգավորվում են ինչպես «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», այնպես էլ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքներով:

Օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում են ստուգման գործընթացում տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքները, որոնց թվում, մասնավորապես արգելել ստուգումը (ստուգումն իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը), եթե ստուգողները խախտել են Օրենքի 3 և 4-րդ հոդվածների պահանջները` այդ մասին նույն օրը գրավոր ծանուցելով ստուգում իրականացնող պետական մարմնին,

ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, հարուցել

միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները,

ստուգվող տնտեսավարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով` ստուգման ցանկացած փուլում ստուգմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների:

Օրենքի 11-րդ հոդվածով սահմանված է ստուգումն իրականացնող անձանց պատասխանատվությունը և գործողությունների բողոքարկման կարգի վերաբերյալ կարգավորումները:

Նույն օրենքի 8-րդ հոդվածն ամրագրում է ստուգումն իրականացնող անձանց պարտականությունները, որոնք ներառում են, մասնավորապես ստուգման հետ առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները, տնտեսավարող սուբյեկտի` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու շահերը պահպանելու, իրենց իրավունքներին և պարտականություններին տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնելու, ստուգման ընթացքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի` անմիջականորեն տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող ստուգման հետ առնչվող ցանկացած գրավոր հարցմանը 3 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր պատասխանելու պարտականությունները:

Վերոգրյալ Օրենքի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ստուգումների կազմակերպման և իրականացման գործընթացում կիրառելի կարգավորումներն իրենց համակարգային փոխկապակցվածության մեջ կոչված են երաշխավորելու պատշաճ վարչարարության իրավունքի, ներառյալ լսված լինելու իրավունքի արդյունավետ իրացումը տվյալ գործընթացում:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»: Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանվում է. «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3- րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը»:

Սահմանադրական դատարանն իր 2020 թվականի նոյեմբերի 23-ի ՍԴԱՈ-213 աշխատակարգային որոշմամբ անդրադառնալով անհատական դիմումներին ներկայացվող պահանջներին արտահայտել է դիրքորոշում առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, դիմողը պետք է նաև պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում իր ո՞ր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։ Այս պահանջները չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է»: Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործով դիմումը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը բավարար կերպով չի հիմնավորել, թե Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված իր որ իրավունքն է խախտվել վիճարկվող նորմի կիրառման արդյունքում, հետևաբար նաև վիճարկվող նորմի և իր իրավունքների ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը, որպիսի պայմաններում գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«ԱՐՏԱԿ» արտադրական կոոպերատիվի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6- րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա.ԴԻԼԱՆՅԱՆ

15 հոկտեմբերի 2021 թվականի

ՍԴԱՈ-205

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 հոկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-205
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել