Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՀՐԱՄ ԳՈՒՐՈՂԼՅԱՆԻ, ՍՈՆԱ ԳԶՐԱՐՅԱՆԻ, ՎԱԶԳԵՆ ԳՈՒՐՈՂԼՅԱՆԻ ԵՎ ԹԱՄԱՐԱ ԳԶՐԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՀՐԱՄ ԳՈՒՐՈՂԼՅԱՆԻ, ՍՈՆԱ ԳԶՐԱՐՅԱՆԻ, ՎԱԶԳԵՆ ԳՈՒՐՈՂԼՅԱՆԻ ԵՎ ԹԱՄԱՐԱ ԳԶՐԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7123 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-71)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 դեկտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 71 | ՎԱՀՐԱՄ ԳՈՒՐՈՂԼՅԱՆԻ, ՍՈՆԱ ԳԶՐԱՐՅԱՆԻ, ՎԱԶԳԵՆ ԳՈՒՐՈՂԼՅԱՆԻ ԵՎ ԹԱՄԱՐԱ ԳԶՐԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 դեկտեմբերի 2022թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Վահրամ Գուրողլյանի, Սոնա Գզրարյանի, Վազգեն Գուրողլյանի և Թամարա Գզրարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վահրամ Գուրողլյանը, Սոնա Գզրարյանը, Վազգեն Գուրողլյանը և Թամարա Գզրարյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի դեկտեմբերի 12-ին), խնդրել են հետևյալը. «(…)

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածները թիվ ԵԴ/24716/02/21 գործով իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրության 63-րդ հոդվածին հակասող,

3. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը թիվ ԵԴ/24716/02/21 գործով իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրության 63-րդ հոդվածին հակասող»։

2. Դիմողները նշում են, որ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, ինչպես նաև

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 6 և 9-րդ հոդվածները կիրառվել են այն մեկնաբանությամբ, որ դատական ակտի պատճառաբանությունների փոխարեն պարունակել են անորոշ ու վերացական դատողություններ, և բոլոր փաստերի հաստատված համարվելու եզրահանգումը հիմնված է եղել ընդհանրական «դիմումին կից ներկայացված ապացույցներով» արտահայտությամբ։ Հետևաբար դատարանների կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ վիճարկվող դրույթները մեկնաբանվել և կիրառվել են Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշմամբ նախատեսված դիրքորոշումների հիման վրա տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։ Դիմողները նաև նշել են, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ Օրենք) 12-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի բողոքարկելի լինելը, մինչդեռ սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 20.12.2021թ. ընդունած դատական ակտի եզրափակիչ մասում նշել է, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման, հետևաբար ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից Օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ կետին տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածին։ Միաժամանակ ընդգծել են, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտը նշված հիմքով ևս բողոքարկվել է վերադաս ատյան, սակայն Վճռաբեկ դատարանի կողմից որևէ անդրադարձ չի կատարվել։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Օրենսգրքի 6 և 9-րդ հոդվածների վերաբերյալ

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում` 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Ընդ որում, Սահմանադրական դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման դեպքում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, ինչը ոչ միայն չի բխում Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում ներառված դատարանների գործառույթների տարանջատումը։ Տվյալ դեպքում դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Օրենսգրքի 6 և 9-րդ հոդվածների Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ դիմողների ներկայացրած հիմնավորումները, ըստ էության, հանգում են նրան, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից այդ դրույթները կիրառվել են այն մեկնաբանությամբ, որ դատական ակտի պատճառաբանությունների փոխարեն պարունակել են անորոշ ու վերացական դատողություններ։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողների կողմից Սահմանադրական դատարանի առջև բարձրացված հարցը վերաբերում է դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտի դրույթների կիրառությանը, մասնավորապես դիմողները պնդում են, որ դատական ակտերի պատճառաբանվածության պահանջը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից իրենց գործով չի պահպանվել։ Այլ կերպ դիմողները, չհամաձայնելով իրենց մասնակցությամբ գործով վիճարկվող դրույթների կիրառմամբ դատարանների կողմից կայացված դատական ակտերին, դրանք համարելով չպատճառաբանված, ըստ էության քողարկված ձևով բարձրացնում են այնպիսի խնդիր, որը վերաբերում է ոչ թե նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությանը, այլ դատական ակտերի օրինականության, այդ դատական ակտերով նորմատիվ իրավական ակտի դրույթների կիրառման իրավաչափության հարցերին։ Ելնելով վերոնշյալից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողները, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում են այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, ինչը Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ, ուստի գործի քննությունը Օրենսգրքի 6 և 9-րդ հոդվածների մասով, ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։ 3.2. Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է (…): Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերը նշված կարգավորումից հետևում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից Սահմանադրական դատարան անհատական դիմումի ներկայացումը թույլատրվում է, եթե, ի թիվս այլ պահանջների, այն վերաբերում է նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությանը հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումում առկա հիմնավորումները պետք է վերաբերեն վերջնական դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի Սահմանադրությանն անհամապատասխանությանը, իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտմանը, ինչպես նաև դրանց միջև պատճառահետևանքային կապի առկայությանը։ Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողները, թեև դիմումի եզրափակիչ մասում բարձրացնում են Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարց, սակայն Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող իրավադրույթի և դիմողների իրավունքների հնարավոր խախտման, ինչպես նաև դրանց միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չի ներկայացվել որևէ հիմնավորում։ Ավելին Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողների կողմից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի բողոքարկելիության վերաբերյալ ներկայացված հիմնավորումները կարող են վերաբերելի լինել ոչ թե Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին, այլ 12-րդ հոդվածի 8-րդ մասին։ Միաժամանակ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման կայացումն ինքնին ենթադրում է Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վիճարկվող դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտ լինելու մասին։ Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ գործի քննությունը Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի մասով, ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով` անհատական դիմումն ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Վահրամ Գուրողլյանի, Սոնա Գզրարյանի, Վազգեն Գուրողլյանի և Թամարա Գզրարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող Ե. Խունդկարյան

Անդամներ Է. Շաթիրյան

Ա. Վաղարշյան

23 դեկտեմբերի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-71

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-71
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել