ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 մայիսի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 13 | ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
30 մայիսի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Մհեր Ենոքյանի
անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Մհեր Ենոքյանը 11.05.2012թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «23.05.2011թ-ի «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ /ՀՕ-143-Ն/ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված մեկնաբանությամբ հանդերձ ճանաչել 22-րդ հոդվածին հակասող և անվավեր»։
Դիմողը գտնում է, որ եթե որևէ մեկը նախկինում նույն արարքի համար կպատժվեր ցմահ ազատազրկմամբ, ապա վիճարկվող դրույթի ընդունումից հետո կարող է դատապարտվել 15-20 տարվա ազատազրկման։ Այսինքն, տարիներ ի վեր իրենց պատիժը կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, եթե դատապարտվեին վիճարկվող դրույթի ընդունումից հետո, ապա նրանցից ոմանց համար կարող էր ցմահ ազատազրկումը չսահմանվել որպես պատիժ։
Ըստ դիմողի առաջացել է մի իրավիճակ, որ այս փոփոխությունը պատժաչափի տեսանկյունից, ըստ էության, խստացնող է, սակայն ցմահ ազատազրկման տեսանկյունից ակնհայտ բարելավող։ Այսինքն ցանկացած օրենսդրական փոփոխություն, եթե որևէ կերպ նախատեսում է ավելի մեղմ մոտեցում, ապա այն անպայման պետք է ունենա հետադարձ ուժ։
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. խնդրո առարկա անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածներով նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջները, դիմումին կցվող նյութերի շրջանակը, իսկ անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման է նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի դիմումը պետք է պարունակի նաև Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, որի համաձայն վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի որևէ հատկանիշով։ Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել։ Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համահունչ իրավաբանորեն ձևակերպված բավարար հիմնավորում. դիմողի իրավական փաստարկները վիճարկվող դրույթի
հակասահմանադրականության առումով, հիմնականում ուղղված են պարզաբանելու, թե վիճարկվող դրույթը նախկին իրավակարգավորման համեմատությամբ անձի իրավական վիճակը բարելավող, թե վատթարացնող է։ Այս համատեքստում դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության և կիրառման արդյունքում ընդունված դատական ակտի օրինականության հարց։ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1- ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Մհեր Ենոքյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
30 մայիսի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/1-13
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 մայիսի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-13
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
