ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ՀՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-34)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 մայիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 34 | ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ՀՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 մայիսի 2021 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով Պարույր Հայրիկյանի, Սամվել Խաչատրյանի և Հրայր Սարգսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Պարույր Հայրիկյանի, Սամվել Խաչատրյանի և Հրայր Սարգսյանի դիմումը (ներկայացուցիչ` Լ. Բաղդասարյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի մայիսի 7-ին: Դիմողները խնդրում են. «4.2.1. Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասի (այն մասով, որ մասով (1) չի սահմանում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննությամբ կայացված վերաքննիչ բողոքը բավարարելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացնելու ոչ վերաքննիչ բողոք բերող անձի կողմից վճռաբեկության կարգով վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքը սահմանափակելով ոչ վերաքննիչ բողոք բերող անձի առնվազն մեկ վերադաս դատական ատյան բողոք բերելու իրավունքը, (2) ինչպես նաև չի սահմանում «վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը» հետաձգված բողոքարկման կարգով բողոքն ըստ էության լուծող դատական ակտի հետ միաժամանակ բողոքարկման իրավական կարգավորումը, (3) ինչպես նաև հաշվի առնելով, որ նման կարգավորմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին են փոխանցվում ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ Վճռաբեկ դատարանին տրված լիազորությունները որպես բարձրագույն միակ դատական ատյանի ապահովելու օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը և վերացնելու մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ, 79-րդ հոդվածների և 171-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համապատասխանության հարցը: 4.2.2. Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասի (այն մասով, որ մասով չի սահմանում, որ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը ենթակա է բավարարման, իսկ որոշումը վերացման միայն բողոք բերող անձի մասով բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում) ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի և 172-րդ հոդվածի համապատասխանության հարցը: 4.2.3. Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի և 172-րդ հոդվածի համապատասխանության հարցը: 4.2.4. Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանության հարցը»:
2. Դիմողների կարծիքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով չի սահմանում գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննությամբ կայացված վերաքննիչ բողոքը բավարարելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ ոչ վերաքննիչ բողոք բերող անձի կողմից վճռաբեկության կարգով բողոք ներկայացնելու իրավունքը, հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 79-րդ հոդվածներին և 171-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին: Ըստ դիմողների արդարացված չէ և օբյեկտիվ հիմքից զուրկ է օրենսդրի կողմից քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքում կայացրած վերաքննիչ բողոքը բավարարելու մասին որոշումը բողոքարկելու իրավունքի սահմանափակումը, քանի որ դրանով օրենսդիրը գործին մասնակցող անձին զրկում է առնվազն մեկ վերադաս դատական ատյան բողոք բերելու իրավունքից: Դիմողները գտնում են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասը և 370-րդ հոդվածի 2-րդ մասը թիվ ԵԴ/30080/02/19 քաղաքացիական գործով հարուցված վերաքննության վարույթի շրջանակներում վերջիններիս նկատմամբ կիրառվել են Սահմանադրության 6, 61, 63 և 172-րդ հոդվածներին հակասող մեկնաբանությամբ խախտելով իրենց արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Դիմողները գտնում են, որ վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու ժամանակ բողոքաբեր Ա. Գերագոսյանի կողմից բաց թողնված է եղել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.08.2020թ. որոշումը բողոքարկելու 7-օրյա ժամկետը, և չի ներկայացվել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն, ինչի հիմքով հարուցված վերաքննության վարույթն իրականացվել է վերաքննիչ դատարանի կողմից Սահմանադրության 6 և 171-րդ հոդվածների խախտմամբ: Դիմողները գտնում են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի սահմանում, որ վերաքննիչ բողոքը ենթակա է բավարարման, իսկ որոշումը` վերացման միայն բողոք բերող անձի մասով, հակասում է Սահմանադրության 6, 61, 63 և 172-րդ հոդվածներին: Դիմողները, մասնավորապես, նշում են, որ ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի ամբողջ էությունից բխում է, որ գործին մասնակցող անձը կարող է բողոքարկել իր համար անբարենպաստ դատական ակտը միայն իր անունից և պահանջել վերացնել, փոփոխել այն միայն իր մասով, ուստի բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտը կարող է փոփոխվել բացառապես վերաքննիչ բողոք բերած անձի մասով: Տվյալ դեպքում դիմողները նշում են, որ թիվ ԵԴ/30080/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Զ. Իսսախանյանը չի բողոքարկել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 19.08.2020թ. որոշումը, հետևապես, ըստ դիմողների բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտը չէր կարող փոփոխվել և վերացվել վերջինիս մասով բողոքի բացակայության հիմքով: Դիմողները գտնում են, որ վերաքննիչ դատարանը, 19.08.2020թ. որոշումն ամբողջությամբ վերացնելով, դուրս է եկել վերաքննության սահմաններից: Դիմողները գտնում են, որ վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն իրենց նկատմամբ կիրառվել է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին հակասող մեկնաբանությամբ: Դիմողները, մասնավորապես, նշում են, որ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը վերացնելիս վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական դատարանի թիվ ՎԴ/7579/05/19 վարչական գործով կայացվելիք դատական ակտով կարող են հաստատվել դիմողների կողմից հայցադիմումով վկայակոչված մի շարք փաստարկներ, ինչը, ըստ դիմողների, անհնարին է դարձնում թիվ ԵԴ/30080/02/19 քաղաքացիական գործի քննությունն այնքանով, որքանով թիվ ՎԴ/7579/05/19 վարչական գործով քննության է առնվում թիվ ԵԴ/30080/02/19 քաղաքացիական գործով պատասխանողներին վիճելի հողամասում տրված շինարարական թույլտվության իրավաչափության հարցը. իսկ նշված քաղաքացիական գործի վարույթի չկասեցման արդյունքում դիմողները զրկվում են իրենց կողմից վկայակոչված հայցի հիմքերը հիմնավորելու հնարավորությունից: Դիմողները կարծում են, որ նման պայմաններում իրենք զրկվել են իրենց հայցի հիմքերը հիմնավորելու իրավունքից, խախտվել են գործին մասնակցող անձանց իրավահավասարության և մրցակցային դատավարության սկզբունքները:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. 3.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ
Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթներին համապատասխան, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա. երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը.
բ. երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները.
գ. երբ անձը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմողների համար իրավական հետևանքներ առաջացնող վերջնական դատական ակտի վերաքննիչ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 3-ի որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածը դիմողների նկատմամբ չի կիրառվել: Հաշվի առնելով վերոնշյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: 3.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 362-րդ հոդվածի 4-րդ մասի և 380-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ Դիմումի և վերջինիս կից դատական ակտերի ուսումնասիրությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 362-րդ հոդվածի 4-րդ մասի և 380-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմերի սահմանադրականության հարց դիմողներն իրականում առաջ են քաշում դատարանի գործողությունների իրավաչափության հարց, որի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Մասնավորապես, դիմողների կողմից, որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հակասահմանադրականության հիմնավորում, նշվում է, որ իրենց նկատմամբ վերաքննիչ դատարանի կողմից վերոնշյալ նորմը կիրառվել է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին հակասող մեկնաբանությամբ: Դիմողներն իրենց դիրքորոշումը հիմնավորել են այն հանգամանքով, որ վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չեն առնվել գործով առկա քաղաքացիական գործի քննության անհնարինությունը վկայող փաստական հանգամանքները, ինչի արդյունքում դիմողները զրկվել են իրենց հայցի հիմքերը հիմնավորելու իրավունքից, խախտվել են գործին մասնակցող անձանց իրավահավասարության և մրցակցային դատավարության սկզբունքները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի առնչությամբ դիմողների ներկայացրած հիմնավորումները հանգում են նրան, որ բողոքաբեր Ա. Գերագոսյանի կողմից բաց թողնված է եղել դատարանի համապատասխան որոշումը բողոքարկելու համար նախատեսված 7-օրյա ժամկետը, հետևաբար, ըստ դիմողների, վերաքննության վարույթն իրականացվել է վերաքննիչ դատարանի լիազորությունների սահմանազանցմամբ, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասը դիմողների նկատմամբ կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասի հակասահմանադրականության հիմնավորում դիմողները նշում են, որ քաղաքացիական գործով պատասխանող Զ. Իսսախանյանը չի բողոքարկել դատարանի համապատասխան որոշումը, հետևաբար բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտը չէր կարող փոփոխվել և վերացվել վերջինիս մասով: Վերոգրյալով պայմանավորված դիմողները կարծում են, որ վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից: Դիմողների ներկայացրած հիմնավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք, ըստ էության, վիճարկում են վերաքննիչ դատարանի գործողությունների իրավաչափությունը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի առնչությամբ, դիմողների կողմից, ըստ էության, ներկայացվել են հիմնավորումներ տվյալ գործով այդ նորմի կիրառման անհրաժեշտության մասին, նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի առնչությամբ, որը սահմանում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետները, դիմողների կողմից ներկայացվել են հիմնավորումներ բողոքաբերի կողմից օրենքով նախատեսված ժամկետները բաց թողած լինելու, հետևաբար դատարանի կողմից այն վարույթ չընդունելու հիմքերի առկայության վերաբերյալ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ դիմողների կողմից ներկայացվել են փաստարկներ առ այն, որ վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից: Վերոնշյալի առնչությամբ Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողները, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: 3.3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող, այսինքն հիշյալ նորմի մասով առկա է Սահմանադրական դատարանի որոշում, որում, մասնավորապես, նշված է. «Վերադաս դատարանների կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման հարցի վերաբերյալ առանցքային նշանակություն ունեցող դիրքորոշումներ են արտահայտվել Սահմանադրական դատարանի 2019 թվականի մայիսի 7-ի ՍԴՈ-1459 որոշման մեջ, որում, մասնավորապես, Սահմանադրական դատարանը, համադրելով Վճռաբեկ դատարանի գործառույթների վերաբերյալ սահմանադրական կարգավորումը վերաքննիչ դատարանների գործառույթն ամրագրող Սահմանադրության 172-րդ հոդվածի հետ, համաձայն որի վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են, արձանագրել է.
1) վերընթաց վերանայման սահմանափակման սկզբունքն ածանցվում է Սահմանադրության հիշյալ պահանջներից համակցված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի հետ, և ենթադրում է վերանայման ծավալի սահմանափակում առաջին ատյանի դատարաններից մինչև Վճռաբեկ դատարան «որքան ավելի բարձր է դատական ատյանը, այնքան ավելի սահմանափակ է վերանայման ծավալը» կանոնի համաձայն,
2) ըստ էության դատական ակտերի վերանայումը վերադաս դատարանների հիմնական գործառույթն է արդարադատության էությունը, իսկ նրանց այլ լիազորությունների շրջանակն օրենսդրի կողմից` Սահմանադրությամբ կանխորոշված դեպքերից բացի, կարող է էլ ավելի սահմանափակվել ելնելով արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր ապահովելու անհրաժեշտությունից, …: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենքով թույլատրվելու դեպքում գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վիճարկումը վճռաբեկ ատյանում պետք է լինի բացառություն, այլ ոչ թե կանոն այնպես, ինչպես վերաքննիչ ատյանում չեն կարող վիճարկվել առաջին ատյանի դատարանի բոլոր միջանկյալ դատական ակտերը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրությունը չի պահանջում, որ քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի կայացրած բոլոր միջանկյալ դատական ակտերն անվերապահորեն ենթակա լինեն բողոքարկման վերաքննության կարգով, այն չի ենթադրում նաև քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի կայացրած բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացված բոլոր որոշումների բողոքարկման հնարավորություն վճռաբեկության կարգով (…)»: Վերոնշյալի առնչությամբ, Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Պարույր Հայրիկյանի, Սամվել Խաչատրյանի և Հրայր Սարգսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ե. Խունդկարյան
27 մայիսի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-34
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մայիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-34
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
