««ՋԵՅ ԷՖ ԹԻ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ««ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «Դ» ԿԵՏԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ՝ ԱԲՈՎՅԱՆ, ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ, ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ԵՎ ԱՐԱՄԻ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-183)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 դեկտեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 183 | ««ՋԵՅ ԷՖ ԹԻ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ««ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «Դ» ԿԵՏԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ՝ ԱԲՈՎՅԱՆ, ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ, ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1528-Ն ՈՐՈՇՄԱՆ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱ
Ամբողջ Տեքստ
««ՋԵՅ ԷՖ ԹԻ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ««ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «Դ» ԿԵՏԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ՝ ԱԲՈՎՅԱՆ, ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ, ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1528-Ն ՈՐՈՇՄԱՆ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1528-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1785-Ն ՈՐՈՇՄԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ՋԵՅ ԷՖ ԹԻ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի, այդ թվում նաև՝ 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1528-Ն որոշման և 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1785-Ն որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. ««ՋԵՅ ԷՖ ԹԻ» ՍՊԸ («ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» ՍՊԸ իրավահաջորդ, այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի ապրիլի 7-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է. «(...) Որոշել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի, այդ թվում նաև՝ 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշման և 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշման հա-մապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերին, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին»:
2. Վիճարկվող իրավանորմերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն
2.1. «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2006 թվականի նոյեմբերի 27-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին և ուժի մեջ է մտել 2006 թվականի դեկտեմբերի 30-ին:
Օրենքի՝ «Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը» վերտառությամբ 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը սահմանում է.
«2. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են՝
(…)
դ) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը: Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը չի կարող մեկ տարուց, իսկ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների դեպքում հինգ տարուց ավելի սահմանվել՝ սկսած հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.
(…)»:
Նշյալ դրույթը որևիցե փոփոխության և/կամ լրացման չի ենթարկվել:
2.2. «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1528-Ն որոշումը Կառավարության կողմից ընդունվել և ՀՀ վարչապետի կողմից ստորագրվել է 2018 թվականի դեկտեմբերի 27-ին, ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին:
2.3. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1785-Ն որոշումը Կառավարության կողմից ընդունվել և ՀՀ վարչապետի կողմից ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերի 24-ին, ուժի մեջ է մտել 2022 թվականի նոյեմբերի 25-ին:
3. Գործի դատավարական նախապատմությունը
3.1. Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 07.03.2000 թ. թիվ 0259272 վկայականի համաձայն՝ Կենտրոն համայնք, Բուզանդի փողոց N 32 տան նկատմամբ գրանցվել է «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» ՍՊԸ (իրավահաջորդ՝ «ՋԵՅ ԷՖ ԹԻ» ՍՊԸ) սեփականության իրավունքը։
Կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1528-Ն որոշման 1-ին կետով նույն որոշման 1-ին հավելվածի ցանկի 1-ին կետում, ի թիվս այլնի, Բուզանդի 32 (2 գույքային միավոր) հասցեի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ։
Կառավարության՝ 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1785-Ն որոշման 1-ին կետով Կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1528-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «4 տարի» բառերը փոխարինվել են «5 տարի» բառերով, իսկ նույն որոշման 2-րդ կետով լիազորվել է Երևանի քաղաքապետին «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի հետ 2018 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված պայմանագրում կատարելու նույն որոշումից բխող փոփոխությունը։
3.2. «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» ՍՊԸ-ի կողմից 13.02.2023 թ. դիմում է ներկայացվել Վարչական դատարան ընդդեմ Կառավարության՝ 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1785-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Դիմումի հիման վրա հարուցվել է թիվ ՎԴ/0839/05/23 վարչական գործը:
Վարչական դատարանի 20.11.2023 թ. որոշմամբ «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» ՍՊԸ դիմումն ընդդեմ Կառավարության, երրորդ անձ՝ «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ՝ Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1785-Ն որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է, ի թիվս այլնի, հետևյալ պատճառաբանություններով.
«(…) այն դեպքում, երբ ՀՀ կառավարության կողմից օտարման նպատակը ճանաչվում է հանրության գերակա շահ և միաժամանակ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետի սահմաններում սահմանվում է այդ ժամկետից ավելի կարճ ժամկետ, որպիսի որոշումը շահագրգիռ անձը չի վիճարկում, ապա այդ սահմաններում ժամկետի փոփոխությունը (երկարաձգումը) ինքնին հանդիսանում է ՀՀ կառավարության հայեցողական լիազորությունը, ուստի զուտ ժամկետի փոփոխության վերաբերյալ որոշմամբ չի կարող խախտվել որևէ իրավական նորմ՝ հանգեցնելով անձի որևէ իրավունքի կամ ազատության խախտման:
(…) եթե անձը գտնում է, որ առկա չի եղել այդ օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչելու՝ օրենքով սահմանված հիմքը, ապա վերջինս պետք է վիճարկի հենց օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչելու որոշումը, իսկ նույն որոշմամբ օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետի սահմանումը դա օրենքի պահանջն է, որի՝ օրենքով սահմանված ժամանակահատվածի շրջանակներում սահմանումը ՀՀ կառավարության իրավասությունն է, որն ուղղված է օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչելու որոշման կատարմանը՝ ինքնին չհանգեցնելով անձի որևէ իրավունքի կամ ազատության խախտման:
(…)
(…) ՀՀ կառավարությունը «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշմամբ իրավասու է ինչպես սկզբնապես սահմանելու տվյալ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը, այնպես էլ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով փոփոխելու այդ ժամկետը, որպիսի փոփոխությունը կատարելու որևէ արգելք առկա չէ, բացառությամբ այն հանգամանքի, որ նման փոփոխության արդյունքում սահմանված ժամկետը չի կարող գերազանցել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված հնգամյա ժամկետը, իսկ հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշմամբ այդ 5 տարվա ժամկետի ամբողջական կամ մասնակի սահմանումը, ապա մասնակի սահմանման դեպքում դրա փոփոխությունը ՀՀ կառավարության հայեցողական լիազորությունն է, քանի որ ՀՀ կառավարությունն է օտարման նպատակը ճանաչում հանրության գերակա շահ՝ օտարման նպատակի իրագործման համար սահմանելով օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը, որպիսի ժամկետի սահմանման հարցում ՀՀ կառավարությունը սահմանափակված է միայն օրենքով սահմանված վերջնական ժամկետով՝ հինգ տարով, ինչն էլ վիճարկվող որոշման պայմաններում պահպանված է:
(…)
(…) դիմումատուի կողմից բարձրացված հարցը կարող էր քննարկման առարկա դառնալ միայն ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման վիճարկման դեպքում, ինչն էլ բացակայում է» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):
3.3. Նշված որոշման դեմ դիմող «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» ՍՊԸ ներկայացուցիչները ներկայացրել են վերաքննիչ բողոք, որի քննության արդյունքում վերաքննիչ վարչական դատարանը 10.10.2024 թ. կայացրել է վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում՝ ի թիվս այլնի, արձանագրելով.
«Ըստ Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի՝ օտարման նպատակի իրագործումն սկսելու վերջնաժամկետը յոթ տարի է՝ հաշված հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից: Նույն նորմը սահմանում է նշված ժամկետը չպահպանելու իրավական հետևանքը, այն է՝ այդ ժամկետի ավարտից հետո հանրության շահն այլևս չի կարող համարվել գերակա: Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի նորմերը կոչված են ապահովելու որոշակիություն և կանխատեսելիություն` օտարման ենթակա գույքի սեփականատերերի համար, և նաև հիմքում ունեն այն տրամաբանությունը, որ եթե հանրության գերակա շահ ճանաչված նպատակը տևական ժամանակ չի իրագործվում, ենթադրվում է, որ չունի այնպիսի կարևորություն և առաջնահերթություն, որ գերակա լինի օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից:
(…) նշված նորմում «կառավարության համապատասխան որոշում» ձևակերպումը վերաբերում է կառավարության այն որոշմանը, որով սկզբնապես օտարման տվյալ նպատակը ճանաչվել է հանրության գերակա շահ։ Այլ կերպ՝ եթե օտարման տվյալ կոնկրետ նպատակը հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը նախորդել են կառավարության այլ որոշումներ, որոնցով միևնույն նպատակը ճանաչվել է հանրության գերակա շահ, ապա Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված յոթամյա ժամկետի հաշվարկման ելակետ պետք է դիտարկվի հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության այն որոշման ուժի մեջ մտնելու պահը, որով օտարման տվյալ նպատակը հանրության գերակա շահ է ճանաչվել առաջին անգամ։
(…)
(…) Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը ոչ թե օտարման նպատակի իրագործման ժամկետն է, այլ այդ նպատակի իրագործումն սկսելու: Այսինքն՝ այդ ժամկետը պահպանված է համարվում, եթե նպատակի իրագործումն սկսվել է սահմանված յոթամյա ժամկետում, ձեռնարկվել են որոշակի քայլեր, միջոցառումներ այդ ծրագրի իրագործման ուղղությամբ:
(…)
(…) անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների դեպքում տեսականորեն ՀՀ կառավարությունն իրավասու է փոփոխության ենթարկել սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը միայն այն պայմանով, որ այդ փոփոխության արդյունքում սահմանված ժամկետը չպետք է գերազանցի «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված հնգամյա ժամկետը։ Այլ կերպ ասած, ՀՀ կառավարությունը սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը որոշելու հիմնահարցում կաշկանդված է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով ամրագրված վերջնական ժամկետով, որը կազմում է հինգ տարի՝ սկսած հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
(…)
Ինչ վերաբերում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին, ապա դրանով սահմանված յոթամյա ժամկետը վերաբերում է բացառապես օտարման նպատակի իրագործման սկսվելուն, իսկ նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի ՙդ՚ կետը՝ սեփականության օտարման գործընթացը սկսելու հնգամյա վերջնական ժամկետին» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):
3.4. Նշված որոշման դեմ դիմող «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԹՐԱՆՍ ԿԱՎԿԱԶՈՒՍ» ՍՊԸ ներկայացուցիչները ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 04.12.2024 թ. որոշմամբ մերժվել է:
4. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը, վկայակոչելով Օրենքի, այդ թվում նաև՝ 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև Կառավարության՝ 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1785-Ն որոշման իրավակարգավորումները, պնդում է, որ հանրության գերակա շահը գերակա է ճանաչվում Կառավարության որոշմամբ, որպիսի որոշմամբ պետք է նշվի և հիմնավորվի հանրության գերակա շահի առկայությունը, այսինքն՝ պետք է նշվի այն նպատակը, որը գոյություն ունի Կառավարության որոշման ընդունման պահի դրությամբ, որի հաշվառմամբ էլ հանրության շահը ճանաչվում է գերակա սեփականատիրոջ օտարվող գույքի շահերից, ինչպես նաև պետք է հիմնավորվի Կառավարության որոշման ընդունման պահին այդ նպատակի առկայությունը (գոյությունը):
Դիմողի համոզմամբ՝ հանրության շահը գերակա ճանաչելու հիմքերը և շարժառիթները չեն կարող անորոշ ժամանակով առկա լինել, մասնավորապես՝ որոշակի ժամանակ հետո դրանք կարող են վերանալ, ուստիև՝ հանրության շահն այլևս չի կարող գերակա լինել օտարվող գույքի սեփականատիրոջ շահերից: Դիմողի գնահատմամբ՝ անհարկի չարաշահումները կանխելու և օտարվող գույքի սեփականատիրոջ իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նպատակով՝ օրենսդիրն ամրագրել է, որ հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահը ճանաչելու Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում:
Ըստ Դիմողի՝ «(...) յուրաքանչյուր դեպքում, երբ որևէ գույքի նկատմամբ ՀՀ կառավարությունն իր որոշմամբ ճանաչել է հանրության գերակա շահ, ապա պետք է այդ որոշմամբ հիմնավորվի դրա ընդունման պահի դրությամբ այդ գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հիմքերի և շարժառիթների առկայությունը (գոյությունը), այսինքն՝ պետք է հիմնավորվի բացառիկ՝ գերակա հանրային շահի առկայությունը, որի դեպքում ի հայտ է եկել հասարակական և պետական կարիքը (...), որպիսի հիմնավորման դեպքում միայն հնարավոր կլինի փաստել, որ սեփականության իրավունքի միջամտության համար հիմք ծառայած իրավական ակտի որակի վերաբերյալ պահանջն ապահովված է: Հակառակ մոտեցումը կհակասի սեփականության իրավունքի բուն էությանը»:
Դիմողն արձանագրում է, որ «(...) օրենսդիրը, նախատեսելով առավելագույն ժամկետները, որից ավելի ՀՀ կառավարությունը չի կարող սահմանել սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջանական ժամկետը և վերջինիս տալով հնարավորություն՝ ի սկզբանե ընդունված հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշմամբ սահմանել նաև սեփականության օտարման գործընթացը սկսելու առավելագույն ժամկետներից ավելի կարճ ժամկետներ, ուղղակիորեն չի սահմանել որևէ արգելք՝ ՀՀ կառավարության կողմից ի սկզբանե ընդունված հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշմամբ սահմանված՝ օտարման գործընթացը սկսելու ժամկետը հետագայում այլ որոշմամբ փոփոխելու՝ երկարաձգելու համար, ինչպես նաև չի սահմանել այդ ժամկետը երկարաձգելու մասին Կառավարության որոշումը հիմնավորելու պարտականություն՝ ի թիվս այլնի նաև այն տեսանկյունից, որ քննարկվող ժամկետի երկարաձգման պահին հանրության գերակա շահի ճանաչման հիմքերը և շարժառիթները դեռ առկա են ու արդիական»:
Դիմողի պնդմամբ՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը պետք է բավարարի ինչպես «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր, այնպես էլ Օրենքով սահմանված հատուկ պահանջները, իսկ արդեն այդ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդիրն Օրենքով որևէ առանձնահատուկ կարգավորում չի նախատեսել, հետևաբար՝ փոփոխությունների և/կամ լրացումների մասին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը պետք է բավարարի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր պահանջները, որոնցով սահմանված չէ այդպիսի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունումը և նպատակը հիմնավորելու պահանջ:
Հաշվի առնելով այն, որ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանափակվում է անձի՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը, Դիմողը գտնում է, որ օրենսդիրն այդ իրավական ակտերի համար սահմանել է առանձնահատուկ կարգավորումներ՝ հիմնավորումներ պարունակելու տեսանկյունից: Ուստի՝ Դիմողը եզրահանգում է, որ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին օրենքով առաջադրված պահանջները նաև փոփոխություններ կատարելու վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտին չառաջադրելը և/կամ դրա համար առանձնահատուկ կարգավորումներ չնախատեսելը հակասում է սեփականության իրավունքի բուն էությանը, ինչպես նաև խախտում է իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքները:
Անդրադառնալով Կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1528-Ն որոշման, ինչպես նաև Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1785-Ն որոշման սահմանադրականության հարցին՝ Դիմողը պնդում է, որ նշյալ նորմատիվ իրավական ակտով կատարված փոփոխությունն իր բնույթով ոչ տեխնիկական բնույթի փոփոխություն է, քանզի դրանով փոփոխվել է օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը, ինչը կարող էր փոխվել միայն այն դեպքում, երբ փոփոխություն կատարելու մասին նորմատիվ իրավական ակտով նշվեին և հիմնավորվեին հանրության գերակա շահի հիմքերի, նպատակների և շարժառիթների առկայությունն ու դրանց արդիականության պահպանվածությունը:
Դիմողը գտնում է, որ Կառավարության՝ 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1785-Ն որոշմամբ առանց հանրության գերակա շահի հիմքերի, նպատակների և շարժառիթների առկայությունը, ինչպես նաև տվյալ որոշման ընդունման պահի դրությամբ դրանց արդիականության պահպանվածությունը և, ըստ դրա՝ հանրության շահը դեռ գերակա լինելը հիմնավորելու՝ օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը երկարաձգելն ինքնին խախտում է Սահմանադրության 10, 60, 78, 79 և 80-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների բուն էությունը:
Վկայակոչելով Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի իրավակարգավորումները՝ Դիմողը պնդում է, որ Օրենքով պետք է հստակ սահմանվեր արգելք (սահմանափակում) առ այն, որ օտարման տվյալ նպատակն առաջին անգամ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշվարկած՝ Օրենքով սահմանված սեփականության օտարման վերջնական ժամկետը լրանալուց հետո չի կարող ընդունվել միևնույն կամ համանման նպատակով հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության նոր որոշում և դրանով «նորոգել» սեփականության օտարման գործընթացն սկսելու համար Օրենքով սահմանված առավելագույն ժամկետն ու այն վերստին հաշվարկել Կառավարության նոր որոշման ուժի մեջ մտնելու օրվանից՝ առավել ևս առանց քանակային սահմանափակումների:
Ըստ Դիմողի՝ ներկայիս իրավակարգավորումների և նման արգելքի (սահմանափակման) բացակայության պարագայում խնդրո առարկա հնգամյա ժամկետն իմաստազրկվում է ու ստանում հռչակագրային բնույթ, քանի որ այն մշտապես հնարավոր է լինում «նորոգել» ու վերականգնել, իսկ այդ ժամկետի հաշվարկման ելակետը որոշելիս հաշվի չի առնվում, որ նախկինում ընդունված Կառավարության մեկ այլ որոշմամբ օտարման միևնույն նպատակն արդեն իսկ ճանաչվել է հանրության գերակա շահ, և սեփականության օտարման վերջնական ժամկետը հաշվարկելու համար, որպես ելակետ, չի դիտարկվում Կառավարության այն որոշումն ուժի մեջ մտնելու պահը, որով տվյալ նպատակը հանրության գերակա շահ է ճանաչվել առաջին անգամ, փոխարենը՝ այդ ժամկետը հաշվարկելու համար հիմք է ընդունվում Կառավարության յուրաքանչյուր որոշման ուժի մեջ մտնելու պահը, ինչի արդյունքում սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությանը կոչված այդ ժամկետը փաստացի չեզոքացվում է ու սկսում հաշվարկվել նորից, ինչն իմաստազրկում է Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով սահմանված՝ օտարվող գույքի սեփականատերերի իրավունքների պաշտպանության երաշխիքը:
Դիմողի համոզմամբ՝ կոնկրետ նպատակով սեփականության օտարման գործընթաց սկսելու՝ Կառավարության որոշմամբ առաջին անգամ սահմանված վերջնական ժամկետն սպառվելուց հետո կրկին նույն նպատակով հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման ընդունման և դրանով՝ միևնույն նպատակով միևնույն սեփականության օտարման գործընթացն սկսելու «նոր վերջնական ժամկետ» սահմանելու վերաբերյալ Օրենքով, ներառյալ՝ 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, որևէ արգելք (սահմանափակում) չսահմանելը հակասում է Սահմանադրության 10, 60, 78 և 80-րդ հոդվածներին այն հիմնավորմամբ, որ հանիրավի և անհարկի սահմանափակում է անձի սեփականության իրավունքը՝ խախտելով դրա բուն էությունը:
Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ Դիմողը պնդում է, որ նշյալ նորմատիվ իրավական ակտերի կիրառման արդյունքում հանիրավի սահմանափակվել, այսինքն՝ խախտվել է վերջինիս սեփականության իրավունքը, քանի որ Դիմողի գույքի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, և վերջինս զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքն իր հայեցողությամբ ազատորեն տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավազորություններից:
Ուստի՝ Դիմողը խնդրում է. «(...) Որոշել «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի, այդ թվում նաև՝ 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշման և 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշման համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածին, 60-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերին, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին»:
5. Պատասխանողների դիրքորոշումները
5.1. Ազգային ժողովի դիրքորոշումները
Ազգային ժողովը, վկայակոչելով Սահմանադրության 1-ին, 3, 10 և 60-րդ հոդվածները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի վերաբերելի դիրքորոշումները, նշում է, որ Սահմանադրական դատարանը 2009 թվականի հուլիսի 14-ի ՍԴՈ-815 որոշմամբ արձանագրել է, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (2006 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ) 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 6-րդ հոդվածը, 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ըստ Ազգային ժողովի՝ Օրենքի՝ 2006 թվականի նոյեմբերի 27-ի և գործող խմբագրությունների համեմատական վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ գործող Օրենքով էլ ավելի են հստակեցվել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման սահմանադրական պայմանները, և չնայած այն հանգամանքին, որ «հասարակության և պետության կարիքը» և «բացառիկ՝ գերակա հանրային շահը» հանդես են գալիս համակարգային մեկ միասնականության մեջ, այդուհանդերձ, բացառիկ՝ գերակա հանրային շահի առկայությունը, որպես էական պայման, գործող խմբագրությամբ ավելի է հստակեցվել:
Ազգային ժողովը նաև հարկ է համարում նշել, որ ««Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» [Օրենքի նախկին անվանում] Հայաստանի Հանրապետության օրենքի հիմնավորմամբ նշվել է, որ տվյալ օրենքի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի թիվ ՍԴՈ-630 որոշման եզրափակիչ մասի 4-րդ կետի և (...) պահանջներից:
(...)
(...) Օրենքն ինքնին ոչ միայն ապահովել է Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի թիվ ՍԴՈ-630 որոշման եզրափակիչ մասի 4-րդ կետի և (...) պահանջների կատարումը, այլ նաև հանդիսանում է կարևորագույն երաշխիք անձի սահմանադրական իրավունքների, այդ թվում սեփականության իրավունքի պատշաճ իրացման և արդյունավետ պաշտպանության համար»:
Հիմք ընդունելով Օրենքի 16-րդ հոդվածով ամրագրված իրավակարգավորումները՝ Ազգային ժողովը գտնում է, որ նշյալ իրավակարգավորումների առկայությունը վկայում է համապատասխան իրավահարաբերություններում առկա հիմնահարցերի մանրամասն կարգավորված լինելու մասին: Ընդ որում՝ իրավահարաբերության կողմերին ընձեռելով փոխադարձ իրավունքներ և պարտականություններ՝ օրենսդիրը պատշաճ կերպով երաշխավորել է մասնավոր և հանրային շահերի, սահմանադրական հավասարազոր իրավունքների միջև արդարացի հավասարակշռության ապահովումը:
Հղում կատարելով Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետին՝ Ազգային ժողովը պնդում է, որ «(...) նշյալ նորմով օրենսդիրը սահմանելով սեփականության օտարման գործընթացը սկսելու առավելագույն վերջնական ժամկետը՝ լիազորել է Կառավարությանն ընդունելու որոշում, որտեղ կնշվի սեփականության օտարման գործընթացը սկսելու ժամկետը, ընդ որում անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների դեպքում հինգ տարվա առավելագույն ժամկետի սահմանումը նշանակում է հինգ տարին չգերազանցող որևէ ժամկետ, որը կարող է փոխվել՝ ինչպես չորս տարի, այնպես էլ մեկ տարի ժամկետով, այսինքն՝ Օրենքով սահմանված առավելագույն ժամկետի սանդղակում սահմանել անհրաժեշտ ժամկետը»:
Անդրադառնալով Դիմողի այն պնդմանը, համաձայն որի՝ օրենսդիրը չի սահմանել նաև որոշմամբ նշված ժամկետը երկարաձգելու մասին փոփոխող որոշումը հիմնավորելու պարտականություն, ի թիվս այլնի, այն տեսանկյունից, որ քննարկվող ժամկետի երկարաձգման պահին հանրության գերակա շահի ճանաչման հիմքերը և շարժառիթները դեռ առկա են ու արդիական, Ազգային ժողովը նշում է, որ հիմնական ակտը փոփոխող իրավական ակտը հիմնական ակտի հետ փոխկապակցված փաստաթուղթ է, գործում է հիմնական ակտի գործողության պայմանով (եթե փոփոխող ակտում տվյալ ակտի գործողության այլ կարգավորում առկա չէ), և, համապատասխանաբար, հիմնական ակտի գործողության դադարեցմամբ դադարեցվում է նաև այդ ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին նորմատիվ իրավական ակտի գործողությունը (եթե փոփոխող ակտում տվյալ ակտի գործողության դադարեցման այլ կարգավորում առկա չէ): Հետևաբար՝ հիմնական ակտի ընդունման նպատակների ու պատճառների (հիմնավորման)՝ հիմնական ակտում առկայության պայմաններում տվյալ ակտը փոփոխող իրավական ակտում նոր փոփոխությունների ձևակերպումը չի վերացնում հիմնական ակտում նշված տվյալ ակտի ընդունման նպատակներն ու պատճառները:
Ազգային ժողովը փաստում է, որ տվյալ դեպքում իրավասու պետական մարմնի՝ Կառավարության կողմից հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշման գործողության պայմաններում վերաբերելի ժամկետի փոփոխման պահին հանրության գերակա շահի ճանաչման հիմքերի և շարժառիթների առկայության և/կամ արդիականության հիմնավորման անհրաժեշտություն առկա չէ, քանի որ փոփոխող ակտը կրում է նույն հիմնավորումները, որոնք սկզբնապես առկա են եղել հիմնական ակտում, քանի որ այն չի հանդիսանում հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության նոր որոշում. հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման՝ առաջին անգամ կայացման դեպքում տվյալ գույքի՝ հանրության գերակա շահ ճանաչվելու փաստը (գույքի կարգավիճակը) նոր է առաջանում, իսկ տվյալ գույքի վերաբերյալ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման արդեն իսկ առկայության, կամ որ նույնն է՝ գործողության պայմաններում (գույքի արդեն փոփոխված կարգավիճակի դեպքում), գույքի օտարման գործընթացն սկսելու մեկ այլ ժամկետի սահմանումը փոփոխում է միայն գույքի օտարման գործընթացն սկսելու/մեկնարկի ժամկետը, ոչ թե գույքի՝ նորովի հանրության գերակա շահ ճանաչվելը:
Ըստ Ազգային ժողովի՝ խնդրո առարկա գործի ուսումնասիրությունը ևս վկայում է այն նախադատելի փաստի մասին, որ N 1785-Ն որոշումն ընդունվել է նախկին՝ N 1528-Ն որոշմամբ նախատեսված չորս տարին չլրացած լինելու պայմաններում՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով ներկայացվող պահանջներին համապատասխան, ինչպես նաև N 1528-Ն որոշմամբ սահմանված սեփականության իրավունքի օտարման գործընթացը համապատասխանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում առաջադրված վավերապայմաններին:
Այսպիսով, Ազգային ժողովը պնդում է, որ հանրության գերակա շահ ճանաչելու մասին իրավասու պետական մարմնի՝ Կառավարության որոշմամբ նախատեսված սեփականության օտարման գործընթացն սկսելու համար նախատեսված ժամկետի փոփոխությունը հնարավոր է՝ Օրենքով սահմանված առավելագույն ժամկետը չգերազանցող ժամկետով:
Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ Ազգային ժողովը խնդրում է. ««ՋԵՅ ԷՖ ԹԻ» ՍՊԸ դիմումի հիման վրա' «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի, այդ թվում նաև՝ 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» թիվ 1528-Ն որոշման և 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1785-Ն որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:
5.2. Կառավարության դիրքորոշումները
Կառավարությունը, վկայակոչելով Սահմանադրության 10 և 60-րդ հոդվածներով ամրագրված դրույթները, ինչպես նաև Օրենքի 4 և 7-րդ հոդվածների իրավակարգավորումները, պնդում է, որ Օրենքը, ի կենսագործումն սահմանադրական կարգավորումների, սահմանել է հանրության գերակա շահի որոշման սկզբունքները, ինչպես նաև գերակա հանրային շահ ճանաչելու նպատակները: Արդյունքում՝ նշված սահմանադրաիրավական կառուցակարգի էությունը հանգում է նրան, որ «(...) յուրաքանչյուր դեպքում, երբ առկա է հանրության գերակա շահերի ապահովման անհրաժեշտություն՝ օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով, նախնական և համարժեք փոխհատուցման պարագայում, կառավարությունը իրավասու է ընդունելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում»:
Ըստ Կառավարության՝ վերջինիս կողմից հանրության գերակա շահը ճանաչելու հանգամանքը գնահատվում է կոնկրետ գործի շրջանակներում, այն է՝ երբ առկա է հանրության գերակա շահ ճանաչելու՝ օրենքով սահմանված բացառիկ դեպքը. այդ պարագայում հանրության գերակա շահի ճանաչումը և օրենքով սահմանված կարգով նախատեսված գործընթացների կատարումը չեն կարող պայմանավորվել նախկինում գույքի նկատմամբ հանրության շահը գերակա ճանաչված լինելու կամ չլինելու հանգամանքից:
Անդրադառնալով 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման սահմանադրականության հարցին՝ Կառավարությունը, վկայակոչելով Սահմանադրության 60-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերը, նշում է, որ սեփականության իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև առկա է ողջամիտ հավասարակշռություն, ուստի՝ վիճարկվող որոշումը չի հակասում Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներով սահմանված իրավունքներին:
Անդրադառնալով 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1785-Ն որոշման սահմանադրականությանը՝ Կառավարությունը պնդում է, որ իր իսկ իրավասության տիրույթում է սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ սահմանելու իրավասությունը: Օրենսդիրը, հաշվի առնելով սեփականության օտարման գործընթացի առանձնահատկությունները, նախատեսել է այնպիսի կարգա-վորում, որը Կառավարությանը հնարավորություն է տալիս գույքի օտարման գործընթացում ծագող խնդիրների լուծման համար վերանայել սեփականության օտարման գործընթացն սկսելու սահմանված ժամկետները:
Կառավարությունը փաստում է, որ 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1785-Ն որոշման հիմնավորումներում նկարագրված է նշված ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը: Ըստ Կառավարության՝ սեփականության օտարման գործընթացն սկսելու սահմանված ժամկետները վերանայելու փուլում Դիմողի կողմից նշված հանրության գերակա շահի հիմքերի, նպատակների և շարժառիթների առկայության հանգամանքը կրկին հիմնավորելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ այն արդեն իսկ հիմնավորվել է Կառավարության՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշմամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Կառավարությունը գտնում է. «(…) ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պար-փակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1528-Ն որոշումը և 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-ն որոշման մեջ փոփո-խություն կատարելու մասին» N 1785-Ն որոշումը համապատասխանում են Սահմա-նադրությանը»:
6. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումն ու կից փաստաթղթերը, պատասխանողների գրավոր բացատրությունները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է, և սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նշված նորմի հիման վրա Սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն պահանջները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույ-թին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և տվյալ հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Սահմանադրության՝ «Սեփականության իրավունքը» վերտառությամբ 60-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է յուրաքանչյուրի՝ օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքը:
Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դրույթները կազմում են սեփականության իրավունքի հիմնական բովանդակությունը` ամրագրելով այն իրավազորությունները, որոնցից յուրաքանչյուր ոք պետք է կարողանա անարգել օգտվել սեփականության իրավունքն իրականացնելիս, այլ խոսքով` անձը պետք է առանց որևէ խոչընդոտի կարողանա կենսագործել սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունքները:
Հիշատակված հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:
Սահմանադրական դատարանը 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշման շրջանակներում բացարձակացրել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման՝ «միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ» իրականացնելու սահմանադրաիրավական պահանջի իրավունքը՝ արձանագրելով, որ «(...) Սահմանադրի կողմից ամրագրվել է նման միջամտությունը «միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ» իրականացնելու պայմաներաշխիքը, որի ազդեցությամբ օտարվող գույքի սեփականատերը, ունենալով դրա դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքը, պաշտպանվում է նման միջամտության դեպքում անհամաչափ ծանրու-թյան բեռ կրելու հնարավոր հետևանքից:
(...)
Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման հնարավորությունը «միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ» իրականացնելու՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքի արժեբանական բովանդակությունը Սահմանադրի կողմից՝ օտարված գույքի դիմաց տրված բառացի, դրա նկատմամբ կիրառելի պայմանականություններից զերծ, անվերապահ խոստումն է՝ ապահովելու «նախնական և համարժեք փոխհատուցում»։ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Սահմանադրության բարձրագույն ուժով և 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անմիջականորեն գործող իրավունքով պայմանավորված՝ այս խոստման իրավական բովանդակությունը, համապատասխանաբար, հանրային իշխանության համար այն ի կատար ածելու անվերապահ հանձնառությունն է։ Սահմանադրի այս խոստումը, միաժամանակ, հայելային անդրադարձով հանդես է գալիս, որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության տիրոջ՝ օտարված գույքի դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի բացարձակ իրավունք»։
Հարկ է արձանագրել, որ իրավունքի «բացարձակ», այն է՝ հանրային իշխանության կողմից սահմանափակման կամ այլ միջամտություններից անվերապահորեն պաշտպանված լինելու սահմանադրաիրավական որակը չի վերաբերում Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքին՝ որպես ընդհանուր կանոն, այլ վերաբերում է միայն հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց օտարված գույքի սեփականատիրոջ՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքին։
Ըստ Սահմանադրական դատարանի նշյալ որոշմամբ ձևավորած դիրքորոշման՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման հարաբերություններում «նախնական և համարժեք փոխհատուցման» սահմանադրական երաշխիքը կոչված է հակակշռելու հանրային իշխանության այն լայն հայեցողությունը, որի առջև անհրաժեշտ և բավարար երաշխիքների բացակայությունը հանրային իշխանություն-անհատ իրավահարաբերություններում վերջինիս խոցելիությունը նվազեցնելուն և հանրային իշխանության հնարավոր կամայականությունը կանխելուն ուղղված սեփականատիրոջը հասանելի արդյունավետ միջոցն է»:
Սահմանադրական դատարանը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման ինստիտուտին առնչվող իր նախկին որոշումներում հետևողականորեն անդրադարձել է սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» սահմանադրական երաշխիքի անխախտելիության և անձեռնմխելիության որակներին։
Այսպես՝ Սահմանադրական դատարանը, 1998 թվականի փետրվարի 27-ի ՍԴՈ-92 որոշմամբ բացահայտելով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման ինստիտուտի սահմանադրական բովանդակությունը, նշել է. «Սահմանադրությունն ամրագրում է, որ սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ: Այսպիսով, որպես սեփականության օտարման հիմք է ճանաչվում «պետության և հասարակության կարիքները», իսկ օտարվող գույքի սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության երաշխիքներ են համարվում օտարումը` «միայն բացառիկ դեպքերում», օտարումը` «օրենքի հիման վրա», օտարումը` «օտարվող գույքի նախնական համարժեք փոխհատուցմամբ»:
Այնուհետև, Սահմանադրական դատարանը 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման շրջանակներում շեշտադրել է խնդրո առարկա իրավահարաբերությունների կարգավորմանը կոչված սահմանադրական նորմում ամրագրված սահմանադրական երաշխիքների պահպանման հրամայականը, մասնավորապես՝ նշելով․ «Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի դրույթներից բխում է, որ Սահմանադրությունը տվյալ իրավահարաբերությունների համատեքստում որպես սեփականության հարկադիր օտարման հիմք է ճանաչում «հասարակության և պետության կարիքները», իսկ օտարվող գույքի սեփականատիրոջ սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքներ է համարում օտարումը` «միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում», օտարումը` «օրենքով սահմանված կարգով», օտարումը` «օտարվող գույքի նախնական համարժեք փոխհատուցմամբ:
(...)
Սահմանադրական դրույթի իրավական բովանդակությունը հստակ է, և խոսքը վերաբերում է իրավաչափ նպատակի համար սեփականության հարկադիր օտարմանը: «Սեփականության օտարում» հասկացությունը, իր հերթին, սահմանադրական տվյալ դրույթի համատեքստից ելնելով, ենթադրում է Սահմանադրությամբ նախատեսված այդ նույն իրավաչափ նպատակի համար կոնկրետ օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակում կամ դադարում` պայմանով, որ այդ օբյեկտի դիմաց անձին նախապես տրվում է համարժեք այլ գույք կամ փոխհատուցում, որն էլ երաշխավորում է սեփականության իրավունքի ապահովման շարունակականությունը:
Փաստորեն Սահմանադրության 31 հոդվածի նշված դրույթն ամբողջականանում է նույն հոդվածի այլ դրույթների հետ օրգանական փոխկապվածության համատեքստում: Դա ոչ միայն իր բնույթով իրավունքի սահմանափակման առանձնահատուկ ինստիտուտ է, այլև անխուսափելիորեն նշանակում է, որ առկա է իրավաչափ նպատակի և սեփականության իրավունքի համադրման անհրաժեշտություն: Նման համադրման արդյունքում որևէ կոնկրետ սեփականության օբյեկտի նկատմամբ Սահմանադրությամբ նախատեսված հիմքերով իրավունքը կարող է սահմանափակվել կամ դադարել, եթե այն ծառայում է բացառիկ` գերակա հանրային շահի բավարարմանը» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):
Այսպիսով՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով՝ որպես սեփականության օտարման հիմք է ճանաչվում հանրության գերակա շահերի ապահովումը, իսկ օտարվող գյուքի սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության սահմանադրորեն ապահովված երաշխիքն օտարվող գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման տրամադրումն է:
Հանրության շահի՝ մասնավորի նկատմամբ գերակա հանդիսանալու հանգամանքով է պայմանավորված՝ Սահմանադրությամբ պետությանը սեփականության իրավունքին նման ինտեսիվ միջամտություն ցուցաբերելու լիազորության վերապահումը, քանզի նման միջամտությունը սեփականության հարաբերություններին աջակցում է հանրային և մասնավոր շահերի միջև հավասարակշռության հաստատմանը պայմանով, որ նման միջամտության միջոցները պետք է համարժեք լինեն կանխորոշված նպատակին: Միևնույն ժամանակ, այդ համարժեքությունը պահպանվում է բացառապես՝
1) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման ընթացակարգերն ամրագրող խնդրո առարկա Օրենքով նախատեսված հստակ և որոշակի կարգավորումների սահմանմամբ,
2) նախնական և համարժեք փոխհատուցման տրամադրմամբ:
Ընդ որում՝ նշյալ 1-ին պայմանն իր հիմքում ունի 2-րդ պայմաներաշխիքն այնքանով, որքանով օրենսդիրը Սահմանադրության ուժով պարտավոր է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման ընթա-ցակարգային կարգավորումներ նախատեսելիս մշտապես առաջնորդվել նախնական և համարժեք փոխհատուցման տրամադրման իրավունքի անքակտելիությամբ:
Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով սույն դիմումի շրջանակներում Դիմողի կողմից ներկայացրած դիրքորոշումներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից որևէ կերպ չի հիմնավորվում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի, այդ թվում նաև՝ 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1528-Ն որոշման և 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1785-Ն որոշման ենթադրյալ հակասահմանադրականո-թյունը: Ավելին՝ Դիմողի փաստարկները կրում են առավելապես վերացական բնույթ՝ չպարունակելով թվարկյալ իրավական ակտերի և, որ առանցքային է՝ դրանցով նախատեսված կոնկրետ իրավակարգավորումների և Դիմողի՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իրավունքների հնարավոր խախտման և/կամ սահմանափակման վերաբերյալ որևիցե անմիջական պատճառահետևանքային կապ՝ ըստ էության բարձրացնելով վերացական վերահսկողության շրջանակներում գնահատման ենթակա հարցադրումներ:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում վիճարկվող դրույթի և Դիմողի իրավունքների հնարավոր խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապը բացակայում է, ուստի՝ դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը սույն գործի վարույթը կարճելու հիմք է։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««ՋԵՅ ԷՖ ԹԻ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի, այդ թվում նաև՝ 7-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1528-Ն որոշման և 2022 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1528-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1785-Ն որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
9 դեկտեմբերի 2025 թվականի
ՍԴԱՈ-183
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 դեկտեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-183
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
