Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-463 ապրիլի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-46)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 ապրիլի 2026թ. ՍԴԱՈ - 46 | «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 221-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի մարտի 11-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է.

«(…) որոշել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

2. Դիմողը, վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի՝ «Հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը» վերտառությամբ 221-րդ հոդվածի սահմանադրականությունը, Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցադրումները.

«1) Արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը Սահմանադրության 48-րդ հոդվածով սահմանված ընտրական իրավունքների իրացման անհրաժեշտ, պիտանի և համաչափ սահմանափակում է։

2) Արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը հանդիսանում է ազատությունների և իրավունքների բավարար չափով որոշակի, իրավական որոշակիությանը համահունչ սահմանափակում՝ այն հնարավոր մեկնաբանմամբ, որի արդյունքում քրեական օրենսգրքում նախատեսվում են և քրեականացվում են արարքներ, որոնք դուրս են գտնվում հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու եզրույթից, և որոնց ձևակերպումը հստակ չէ:

3) Արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը հանդիսանում է ազատությունների և իրավունքների բավարար չափով որոշակի, իրավական որոշակիությանը համահունչ սահմանափակում վերոնշյալ հանցակազմի սուբյեկտային կազմի՝ հոդվածում ոչ հստակ ձևով ձևակերպված լինելու համատեքստում»։

Դիմողը պնդում է, որ տվյալ հոդվածում հանցակազմի սուբյեկտային կազմը հստակ չէ և չի բավարարում որոշակիության պահանջները, ինչպես նաև սահմանված են որոշակի արարքներ, որոնք դուրս են հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքի խախտման սահմաններից:

Դիմողը նշում է, որ փաստացի քրեականացվել է բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), որը, տառացի մեկնաբանմամբ, կարող է ներառել, օրինակ, նախընտրական խոստումները` տրված քարոզարշավի ժամանակ, քանզի խոստումներով ընտրողներին կարող է առաջարկվել այս կամ այլ ծառայությունների ու ապրանքների ավելի արտոնյալ տարբերակ, օրինակ՝ հարկերի նվազեցում, սոցիալական որոշակի ծառայությունների մատուցում և այլն:

Ներկայացնելով Սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության սկզբունքի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող դիրքորոշումները՝ Դիմողը գտնում է. «(...) տվյալ դեպքում ոչ թե գործ ունենք գնահատողական եզրույթների, այլ լրիվ օրինական, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունում և իրավական պետությունում այնպիսի անհրաժեշտ գործընթացների քրեականացման հետ, ինչպիսիք են բարեգործությունը և նախընտրական քարոզարշավը՝ իրավական որոշակիության տոտալ բացակայության պատճառով։ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածում սահմանվածը չի կարող որևէ դեպքում լինել «գնահատողական եզրույթ», քանզի այդ գործողությունների քրեականացումը ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածում արտահայտվում է ՈՒՂՂԱԿԻ կերպով, առանց տարընթերցումների, քանի որ հնարավոր է հանցանքը կատարել նաև «որևէ այլ եղանակով»:

Վերոգրյալի արդյունքում հանգում ենք այն եզրակացությանը, որ անորոշության բարձր աստիճանն ինքնին այսքան խնդրահարույց չէր լինի, եթե հանցակազմի դիսպոզիցիայի սուբյեկտային կազմն ու օբյեկտիվ կողմի դրսևորումները ձևակերպված լինեին հստակ և թույլ տային ողջամտորեն նույնականացնել նկարագրվող արարքի արտահայտման եղանակը և սուբյեկտներին: Մինչդեռ այս ձևակերպման պայմաններում անձը, իրացնելով իր իրավունքները` իրականացնելով՝ քարոզարշավ, կատարելով նախընտրական խոստումներ, կարող է քրեական հետապնդման ենթարկվել հավաքից առաջ կամ դրա ընթացքում խոստումներ, ծրագրեր ներկայացնելու համար այն դեպքում երբ դրանք ունեն նյութական հենք կամ ուղղակիորեն փոխկապակցված են սոցիալ-իրավական հարցերին կամ անձը կարող է քրեական հետապնդման ենթարկվել այն դեպքում, երբ որպես կազմակերպիչ հոգում է որոշակի բնական, ողջամտորեն ենթադրելի և կանխատեսելի ծախսեր»:

Դիմողը նշում է, որ խնդրո առարկա իրավիճակում անհամաչափորեն, առանց լեգիտիմ նպատակի և անհրաժեշտության, քրեական պատասխանատվության ենթարկելու առերևույթ ռիսկի կենթարկվեն հետևյալ գործունեությունները.

«1) այն բարեգործական ծրագրերը և/կամ գործունեությունները, որոնց իրականացման համաձայնությունը արդեն իսկ տրվել է մինչև Հանրապետության Նախագահի կողմից ընտրությունների նշանակումը, սակայն այդ բարեգործական ծրագրերը/գործունեությունները, որպես այդպիսին, մինչև ընտրությունների նշանակման հրամանագրի ուժի մեջ մտնելը դեռևս չեն իրականացվել, այդ թվում` չեն կատարվել համապատասխան վճարումները

2) այն բարեգործական գործունեությունները և/կամ ծրագրերը, որոնք կրում են շարունակական բնույթ, սկսել են իրականացվել մինչև Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրով ընտրությունների նշանակումը և իրականացվում են պարբերաբար, օրինակ՝ ամեն ամիս»։

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը եզրահանգում է. «(...) հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը քրեականացնելու հետ մեկտեղ, անհամաչափորեն, այսինքն՝ ոչ լեգիտիմ նպատակ հետապնդելով, ոչ էլ անհրաժեշտ կերպով սահմանափակվում են անձանց հիմնական իրավունքները՝ թույլ չտալով նրանց օգտվել իրենց իրավունքներից՝ զգալի վնաս տալով քաղաքացիական հասարակության ակտիվությանը սոցիալական հարցերում, հասարակության ֆինանսապես ավելի թույլ մասին զրկելով ծրագրերից իրենց հատկացվող առավելություններից»։

Վերոգրյալի լույսի ներքո՝ Դիմողը եզրահանգում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր մի շարք աշխատակարգային որոշումներում (08.02.2019 թ. ՍԴԱՈ-12, 26.11.2019 թ. ՍԴԱՈ-141, 30.11.2020 թ. ՍԴԱՈ-222, 15.02.2021 թ. ՍԴԱՈ-32, 03.12.2021 թ. ՍԴԱՈ-248 և այլն) բացահայտել է այն հարցերի շրջանակը, որոնք Սահմանադիրը չի դիտարկել որպես Բարձր դատարանի քննությանը ենթակա հարց:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սահմանադրական արդարադատություն հայցող համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց Սահմանադիրն իրավունք է վերապահել դիմելու Սահմանադրական դատարան բացառապես սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճերով, այն է՝ Սահմանադրության 168-րդ հոդվածով նախանշված այն հարցերով, որոնց առարկան անմիջականորեն կապված է Սահմանադրության նորմերի մեկնաբանման և կիրառման, պետական իշխանության օրինական հաջորդականության երաշխավորման, իրավական անվտանգության, սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման հետ և այլն:

Հետազոտության առարկա դարձնելով դիմումը, դրանում ներկայացված հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը Դիմողն առավելապես պայմանավորում է իրավակիրառ պրակտիկայում դրա՝ Սահմանադրությանը հակասող, ձևախեղված՝ ենթադրյալ մեկնաբանմամբ և կամայական կիրառմամբ: Սահմանադրական դատարանը վերոնշյալ եզրահանգմանն է գալիս Դիմողի մի շարք պնդումների արդյունքում, մասնավորապես՝ Դիմողը դիմումի հիմնավորումների հատվածում նշում է. «Այս հարցը հետաքրքրական է նաև հանցակցության ինստիտուտի տեսանկյունից, քանզի չտրամադրելով հստակ բացատրություն և որոշակիություն «անունից» եզրույթին, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ այն թեկնածուները, վստահված անձինք և հոդվածով սահմանված այլ հատուկ սուբյեկտները, ում «անունից» գործում էին այլ անձինք, կարող են հանցանքի կատարման մեջ որևէ մասնակցության բացակայության իրավիճակում ձևականորեն դառնալ հանցակից»: Դիմողը, ի թիվ այլնի, նշում է. «Փաստացի, քրեականացվել է բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը), որը, տառացի մեկնաբանմամբ, իր մեջ կարող է ներառել, օրինակ, նախընտրական խոստումները` տրված քարոզարշավի ժամանակ, քանզի խոստումներով ընտրողներին կարող է առաջարկվել այս կամ այլ ծառայությունների ու ապրանքների ավելի արտոնյալ տարբերակ, օրինակ՝ հարկերի նվազեցում, սոցիալական որոշակի ծառայությունների մատուցում և այլն»:

Գնահատման առարկա դարձնելով խնդրո առարկա վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի կողմից ներկայացված փաստարկները՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի դատողությունները որևէ կերպ պատճառաբանված չեն, հիմնված են ենթադրությունների, իրավակիրառ պրակտիկայում հնարավոր հակասական մեկնաբանության և կիրառման վրա, որպիսի հանգամանքը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս արձանագրել, որ Դիմողն առաջնորդվում է իրավակիրառողի՝ վիճարկվող դրույթների հակասահմանադրական մեկնաբանման և կիրառման չհիմնավորված կանխավարկածով, ինչը չի կարող ինքնին ներկայացված ենթադրյալ վեճին սահմանադրաիրավական բովանդակություն հաղորդել:

Սահմանադրական դատարանը բարձր է գնահատում Դիմողի մտահոգություններն ու ջանքերը՝ իրավակիրառ պրակտիկայում խնդրո առարկա դրույթների՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանություն հաղորդելուն ուղղված գործելաոճ ձևավորելու կապակցությամբ, այնուամենայնիվ, ենթադրությունների, ապագայում ձևախեղված հնարավոր մեկնաբանության և կիրառման հարցերն ինքնին սահմանադրական վերահսկողության առարկա չեն կարող դառնալ:

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը հիշեցնում է, որ իրավական նորմերի ձևակերպման անգամ առավելագույն որոշակիության դեպքում դրանք կիրառող դատարանների մեկնաբանությունները չեն զրկվում իրենց ներհատուկ լեգիտիմությունից։

Բացի դրանից, սույն դիմումով բարձրացված իրավական հարցի համատեքստում Սահմանադրական դատարանը կարևոր է համարում նշել, որ վիճարկվող դրույթներով նկարագրված վարքագիծը, ըստ էության, ներառում է միասնական դիտավորության շրջանակներում կատարվող հանրորեն վտանգավոր գործողությունները, որպիսի պայմաններում նշված միասնականությունը կարող է հաստատվել բացառապես գործի կոնկրետ հանգամանքների լույսի ներքո՝ դրանց առկայությունը վկայող ուղղակի և (կամ) անուղղակի ապացույցները՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից գնահատման ենթարկելու արդյունքում, և հետևաբար՝ դուրս է սահմանադրական վերացական վերահսկողության շրջանակներից։

Վերոգրյալը հիմք է տալիս Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի կողմից ներկայացված պատճառաբանությունները բավարար կերպով փաստարկված չեն, մինչդեռ Սահմանադրական օրենքի՝ «Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին ներկայացվող պահանջների շարքում օրենսդիրը հստակ ամրագրել է սեփական փաստարկները ներկայացնելու աներկբա պահանջ:

Անդրադառնալով վիճարկվող նորմերի՝ իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքին չհամապատասխանելու վերաբերյալ Դիմողի պնդմանը՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում Դիմողի ուշադրությունը հրավիրել իրավական որոշակիության սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող որոշումներին, որոնց շրջանակներում Սահմանադրական դատարանը, մասնավորապես, նշել է.

- «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ` «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց՝ իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom (Application no. 6538/74, 26/04/79, § 49)» (2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշում (սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը վերահաստատվել է Սահմանադրական դատարանի 2019 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-1452, 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշումներով),

- «(…) իրավական որոշակիությունը չպետք է բացարձականացնել, և անորոշության որոշակի տարրեր պարունակող իրավակարգավորումն ինքնին խնդրահարույց չէ, որպիսի պայմաններում անհրաժեշտ որոշակիության ծավալը լրացնելու ու իրավական կարգավորման կիրառման համար անհրաժեշտ ու բավարար բովանդակություն հաղորդելու առաքելությունը վերապահված է իրավակիրառին» (2022 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴՈ-1669 որոշում),

- «(…) իրավական որոշակիության սկզբունքի ապահովման առումով ընդհանուր տրամաբանությունն հանգում է այն գաղափարին, որ թեև իրավական որոշակիությունն անհրաժեշտ է, այնուամենայնիվ, այդ սկզբունքը չի բացառում իրավական ակտերում այնպիսի ձևակերպումների կամ եզրույթների առկայությունը, որոնք գնահատողական բնույթ ունեն և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առավել հստակեցվում են իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում» (2021 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-1592 որոշում),

- «Որոշակիության սկզբունքի համատեքստում հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ իրավական նորմերը, որպես ընդհանուր-վերացական կարգավորումներ, միշտ որոշակի մեկնաբանությունների կարիք ունեն, և գրեթե անհնար է իրավական միարժեք նորմերով հստակ կարգավորել հասարակական կյանքի բոլոր բազմաբնույթ հարաբերությունները» (23.09.2021 թ. ՍԴՈ-1610, 4.1.2-րդ կետ):

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը չի ներկայացրել վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու հիմնավոր փաստարկներ, իսկ վերջինիս մտահոգությունները՝ կապված իրավակիրառ պրակտիկայում դրանց հնարավոր հակասահմանադրական մեկնաբանության և կիրառման հետ, կարող են սահմանադրական վերահսկողության առարկա դառնալ այն պարագայում, երբ իրավակիրառ պրակտիկան իրապես զարգանա Դիմողի կողմից վկայակոչված հակասահմանադրական հունով:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտների կողմից ներկայացվող համապատասխան դիմումը պետք է բավարարի Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով ամրագրված պահանջները՝ բովանդակելով, ի թիվս այլնի, նաև սահմանադրաիրավական վեճի էությունը և տվյալ վեճի առկայությունը հավաստող փաստարկները, որպիսիք չեն կարող դիտարկվել լոկ Դիմողի՝ վիճարկվող նորմերի՝ իրավակիրառ պրակտիկայում ենթադրյալ/հնարավոր հակասահմանադրական մեկնաբանման և կիրառման ենթադրություններն ու մտահոգությունները, որպիսիք կարող են բարձրաձայնվել խորհրդարանական գործունեության շրջանակներում, մինչդեռ բավարար չեն սահմանադրական արդարադատության նախաձեռնման համար։

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանի՝ 03.12.2021 թ. ՍԴԱՈ-248 որոշմամբ Սահմանադրական դատարան դիմող առանձին սուբյեկտներին առավել բարձր մակարդակի փութաջանություն ցուցաբերելու հորդորը սոսկ վերացական բնույթ չէր կրում:

Սահմանադրական արդարադատություն հայցելիս օրենսդրական բարձր գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում ենթադրյալ հակասահմանադրական իրավակարգավորումները Բարձր դատարանի առջև բարձրացնելու նպատակային գործիքակազմը մշտապես պետք է ծառայի հանրային կյանքի բոլոր ոլորտներում Սահմանադրության գերակայության հաստատմանն ու ամրապնդմանը՝ զերծ մնալով հանրային իշխանության այլ մարմինների գործունեությունը՝ սահմանադրական արդարադատության մակարդակում քննադատելու՝ ենթադրյալ հակասահմանադրական գործելաոճով առաջնորդվելու միտումներից:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է Բարձր դատարան ներկայացվող դիմումների կազմման գործընթացում բարձր կարգավիճակ ունեցող սուբյեկտների կողմից աչալրջություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ շեշտադրելով, որ դիմումներն իրենց բովանդակությամբ պետք է բարձրացնեն հասարակական կյանքի տարաբնույթ ոլորտների վիճելի իրավակարգավորումների սահմանադրականության խնդիրներ, ուստի՝ յուրաքանչյուր դեպքում հիշյալ սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում ձգտել առավելագույնս բացահայտել վիճարկվող օրինադրույթների հակասահմանադրականությունը՝ ինչպես իրավական, այնպես էլ լեզվաբանական ճիշտ գործիքակազմի կիրարկմամբ՝ պայմանավորված նաև իրողությամբ առ այն, որ սահմանադրաիրավական վեճ պարունակող դիմումի ընդունելիությունը բխում է, նախևառաջ, բացառապես հանրային շահով առաջնորդվող Դիմողի շահերից:

Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը չի հաղթահարել հիմնավորված և Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա դիմում ներկայացնելու նախապայմանը, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

3 ապրիլի 2026 թվականի

ՍԴԱՈ-46

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 ապրիլի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-46
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել