««ԹԻՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՄԻՆՉԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3 ԵՎ 67-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-171)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 նոյեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 171 | ««ԹԻՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՄԻՆՉԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3 ԵՎ 67-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 124-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ԹԻՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՄԻՆՉԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3 ԵՎ 67-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, 124-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ԹԻՄ» փակ բաժնետիրական ընկերության դիմումի հիման վրա՝ մինչև 2021 թվականի մարտի 3-ի խմբագրությամբ գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և 30-րդ հոդվածի 9-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3 և 67-րդ հոդվածների, 124-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. «ԹԻՄ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ Դիմող) կողմից 2024 թվականի օգոստոսի 13-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել դիմում, որով վերջինս խնդրել է.
«(…) Մինչև 03.03.2021 թվականի խմբագրությամբ գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին և 30-րդ հոդվածի 9-րդ մասին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 67-րդ, 124-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները և (կամ) օրենսդրական բացը ճանաչել ՀՀ սահմանադրության 4-րդ, 11-րդ, 50-րդ, 59-րդ, 75-րդ, 79-րդ, 80-րդ և 86-րդ հոդվածներին (դրույթներին) հակասող և մասնակի անվավեր վերոնշյալ իրավական փաստարկների լույսի ներքո»:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2000 թվականի նոյեմբերի 6-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2000 թվականի դեկտեմբերի 5-ին և ուժի մեջ է մտել 2000 թվականի դեկտեմբերի 15-ին:
Օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Անբարեխիղճ մրցակցությունը» վերտառությամբ 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է.
«3. Յուրաքանչյուր շահագրգիռ անձ, այդ թվում` սպառողը, որն անբարեխիղճ մրցակցության հետևանքով վնաս է կրել, իրավունք ունի անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու պահանջով դիմելու դատարան: Սույն իրավունքը վերապահվում է նաև շահագրգիռ անձերի տնտեսական շահերը պաշտպանելու իրավասություն ունեցող կազմակերպություններին»:
Օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Աշխատանքների կազմակերպման կարգը» վերտառությամբ 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված է.
«9. Հանձնաժողովի ընդունած վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական կարգով` ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում: Հանձնաժողովի ընդունած վարչական ակտը կարող է բողոքարկվել դատական կարգով` վարչական բողոքի քննարկման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում` բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, իսկ վարչական բողոք չբերելու դեպքում` Հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում»:
Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 3-ին ընդունված ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքով (ՀՕ-92-Ն) Օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում վերոնշյալ դրույթների փոխարեն նախատեսվել է «Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի վերսկսումը դատական ակտի հիման վրա» վերտառությամբ 91-րդ հոդված, որով սահմանված է.
«1. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի որոշման բողոքարկման արդյունքում դատարանը հանգում է հետևության, որ Հանձնաժողովը հայեցողական լիազորություններն իրականացրել է ոչ իրավաչափորեն, ապա Հանձնաժողովը դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում որոշում է ընդունում տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը վերսկսելու մասին:
2. Վերսկսված վարույթն իրականացվում է սույն գլխի կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով դատական ակտում արտահայտված` դատարանի իրավական դիրքորոշումները»:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ին:
Օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Վարչական դատարան դիմելու իրավունքը» վերտառությամբ 3-րդ հոդվածով սահմանված է.
«1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
1.1. Հասարակական կազմակերպությունները վարչական դատարան կարող են դիմել նաև սույն օրենսգրքի 29.3-րդ գլխով նախատեսված դեպքերում:
1.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո:
2. Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք`
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը.
2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին.
2.1) (կետն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-260-Ն)
3) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի` իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով.
4) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի՝ սույն օրենսգրքի 29.2-րդ գլխով նախատեսված դեպքերում:
2.1. Օրենքով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարող են դիմել նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ինչպես հանրաքվեի ժամանակ՝ քարոզչության կողմը՝ սույն օրենսգրքի 29-րդ գլխով սահմանված կարգով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերով:
3. Վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
4. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան կարող է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Երևանի ավագանու խմբակցությունը` սույն օրենսգրքի 26-րդ գլխին համապատասխան։
5. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-212-Ն)»:
Օրենսգրքի վերոնշյալ հոդվածը փոփոխվել/լրացվել է (12.04.2022թ. ՀՕ-97-Ն, 23.12.2022թ. ՀՕ-599-Ն, 28.02.2024թ. ՀՕ-96-Ն և 28.02.2024թ. ՀՕ-98-Ն օրենքներով):
Օրենսգրքի՝ «Պարտավորեցման հայցը» վերտառությամբ 67-րդ հոդվածով սահմանված է.
«1. Պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։
2. Պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը»:
Օրենսգրքի՝ «Գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերը» վերտառությամբ 124-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է.
«3. Հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա»։
Օրենսգրքի վիճարկվող վերոնշյալ դրույթները չեն փոփոխվել/լրացվել:
2. Գործի դատավարական նախապատմությունը
2.1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) 2020 թվականի դեկտեմբերի 23-ի նիստում, քննարկելով «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության 2020 թվականի հուլիսի 10-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճելու մասին հարցը, 2020 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 393-Ա որոշմամբ որոշել է կարճել «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:
2.2. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան), քննության առնելով թիվ ՎԴ/0693/05/21 վարչական գործն ըստ հայցի «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Հանձնաժողովի, երրորդ անձինք՝ «ԹԻՄ» փակ բաժնետիրական ընկերություն, Հայկ Եսայան և Ալեքսանդր Եսայան՝ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին, 2023 թվականի մայիսի 11-ի, վճռել է.
««Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցը բավարարել:
Պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովին «ԹԻՄ» փակ բաժնետիրական ընկերության, Հայկ Եսայանի և Ալեքսանդր Եսայանի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանն ուղղված գործողություններն որակել որպես չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ և ֆիդուցիար պարտավորությունների խախտման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն՝ անվավեր ճանաչելով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 23.12.2020 թվականի թիվ 393-Ա որոշումը (…)»:
2.3. Վերոնշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել Հանձնաժողովի, «ԹԻՄ» փակ բաժնետիրական ընկերության և Հայկ Եսայանի ու Ալեքսանդր Եսայանի ներկայացուցիչների կողմից, որոնք Վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) կողմից ընդունվել են վարույթ:
2.4. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունվարի 29-ին որոշել է.
«1. Սույն գործով պատասխանող Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաև երրորդ անձինք «Թիմ» փակ բաժնետիրական ընկերության, Հայկ Հովիկի Եսայանի, Ալեքսանդր Հովիկի Եսայանի ներկայացրած վերաքննիչ բողոքները բավարարել մասնակիորեն՝
թիվ ՎԴ/0693/05/21 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2023 թվականի մայիսի 11-ին կայացրած վճիռը՝ Հայկ Եսայանի, Ալեքսանդր Եսայանի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանն ուղղված գործողությունները որպես չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ և ֆիդուցիար պարտավորությունների խախտման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն որակելուն պատասխանողին պարտավորեցնելու մասին հայցը բավարարելու և դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու մասով, բեկանել:
2. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ ՎԴ/0693/05/21 վարչական գործով կայացրած վճիռը՝ «Թիմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության բաժնետոմսերի ձեռքբերմանն ուղղված գործողությունները որպես չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ և ֆիդուցիար պարտավորությունների խախտման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն որակելուն պատասխանողին պարտավորեցնելու մասին հայցը բավարարելու և դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու բողոքարկված ու չբեկանված մնացած մասով, թողնել անփոփոխ:
3. Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ ՎԴ/0693/05/21 վարչական գործով կայացրած վճռի բողոքարկված ու բեկանված մասով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
(…)»:
2.5. Թիվ ՎԴ/0693/05/21 վարչական գործով Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ՝ Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 29-ի որոշման դեմ «ԹԻՄ» փակ բաժնետիրական ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
3. Դիմողի դիրքորոշումները
3.1. Դիմողը, ներկայացնելով թիվ ՎԴ/0693/05/21 վարչական գործի դատավարական նախապատմությունը, նշում է. «(…) Դատարանների կողմից անհիմն և Դիմողի հիմնարար իրավունքների խախտմամբ նախ ոչ շահագրգիռ անձ հանդիսացող (ոչ պատշաճ սուբյեկտի) կողմից ըստ էության վեճի բացակայության պայմաններում ներկայացված պարտավորեցման հայցի հիման վրա հարուցվել է վարչական դատական գործ՝ ինքնավար մարմնին իր բացառիկ լիազորությունների հիմքով այլ անձի նկատմամբ միջամտող վարչական ակտ կայացնելու վերաբերյալ, որը նախ չպետք է պատշաճ հիմք հանդիսանար վարչական դատարանում գործի հարուցման համար, այլև հարուցման դեպքում առավելագույնը պետք է քննվեր վիճարկման հայցատեսակի ընթացակարգով: Նշված խախտումները, ի թիվս այլնի, հանգեցրել են նաև նրան, որ Հանձնաժողովն ստիպված է լինելու նեղ մասնագիտական, ինչպես նաև իր հայեցողական ու բացառիկ լիազորությունը դատական ակտի հիմքով կիրառել Դիմողի նկատմամբ՝ առանց վարչական վարույթի պատշաճ իրականացման: Ավելին՝ նման պայմաններում լսված լինելու իրավունքի խախտմամբ և դատական ակտի հիման վրա վարչական մարմնի կողմից կայացվելիք միջամտող վարչական ակտով, Դիմողն զրկված է լինելու արդյունավետ և իրական բողոքարկման հնարավորությունից, քանի որ թիվ ՎԴ/0639/05/21 վարչական գործով դատարաններն արդեն կանխորոշել և սահմանափակել են նաև այդ հիմնարար իրավունքը, հետևաբար՝ սույն գործով դատարանների կողմից կիրառված նորմերին տրված մեկնաբանությունները հակասել և խախտել են Դիմողի ՀՀ սահմանադրության 2-րդ անմիջական գործող գլխում վերոնշված հոդվածներով ամրագրված հիմնարար իրավունքները (…)»:
3.2. Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2007 թվականի հունվարի 16-ի ՍԴՈ-673 և 2009 թվականի դեկտեմբերի 7-ի ՍԴՈ-844 որոշումները, ընդգծում է, որ դատարանները չեն կարող ցուցումներ տալ և պարտավորեցնել ինքնավար մարմիններին՝ ինքնավարությունից բխող հայեցողական լիազորության կիրառմամբ այս կամ այն որոշումը կայացնելու վերաբերյալ, այլ միայն կարող են արձանագրել շահագրգիռ անձանց իրավունքների խախտման փաստը և պարտավորեցնել վերացնել այդ խախտումները՝ առանց դատական իշխանության լիազորությունները սահմանազանցելու:
3.3. Դիմողը գտնում է, որ Հանձնաժողովին իր հայեցողական լիազորության կիրառումը հարկադրելով, սույն վարչական գործը քննած դատարաններն անուղղակիորեն «ԹԻՄ» փակ բաժնետիրական ընկերությանը ենթարկել են վարչական պատասխանատվության, մինչդեռ Վարչական դատարանն անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությամբ օժտված է բացառապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սպառիչ կերպով թվարկված զանցանքների դեպքում: Ըստ Դիմողի՝ «Անձի դիմումի հիման վրա մեկ այլ անձի պատասխանատվության ենթարկելու գաղափարը հակասում է Սահմանադրական դատարանի՝ 2010 թվականի փետրվարի 5-ի թիվ ՍԴՈ-864 որոշմանը»:
3.4. Դիմողը պնդում է, որ Դատարանը չէր կարող պարտավորեցնել Հանձնաժողովին արձանագրել անբարեխիղճ մրցակցության իրավախախտումը, քանի որ դա Հանձնաժողովի բացառիկ լիազորությունն է, իսկ Դատարանի կողմից նշվածն անտեսելը խախտում է Հանձնաժողովի՝ որպես ինքնավար մարմնի՝ Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքները:
3.5. Ըստ Դիմողի՝ «Թիմ» փակ բաժնետիրական ընկերությունը, «(…) որպես միջամտող վարչական ակտի հասցեատեր կամ իր պատկերացմամբ՝ ոչ իրավաչափ վարչական ակտի «զոհ», ունի ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, Կոնվենցիայի 6-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունք՝ դատական կարգով վիճարկել իր իրավունքների նկատմամբ կայացված միջամտող վարչական ակտը»: Մինչդեռ ստեղծված իրավիճակում, Դիմողի գնահատմամբ, իր դատական պաշտպանության դիմելու իրավունքը վերածվելու է ձևականության՝ այն պատճառով, որ նշված ակտի իրավաչափությունն արդեն իսկ հաստատված է դատական կարգով:
3.6. Դիմողի համոզմամբ` «(…) Վերաքննիչ դատարանը սխալ մեկնաբանությամբ է կիրառել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասը, քանի որ քննարկելով մինչև 03.03.2021 թվականի խմբագրությամբ գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի և դրանից հետո ընդունված կարգավորումների ըստ էության հետադարձությամբ կիրառելիությունը, Վերաքննիչ վարչական դատարանն, անտեսելով ենթադրյալ իրավախախտի համար օրենսդրությամբ սահմանված երաշխիքները, գործելով բացառապես ի վնաս ենթադրյալ իրավախախտի, կիրառելի է համարել այն օրենսդրական կարգավորումները, որոնք վատթարացնում են իրավախախտի փաստացի դրությունը՝ ըստ այդմ ենթադրաբար բարելավելով Հայցվորի դրությունը: Ավելին, նույնիսկ այդ պայմաններում, երբ դատարանների կողմից կիրառվել են հայցվոր ընկերության համար բարենպաստ օրենքը, ապա ամեն դեպքում հայցվոր ընկերությունն իրավունք չուներ դիմելու դատարան, քանի որ մինչև 03.03.2021 թվականի խմբագրությամբ գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն վնաս չի կրել»:
4. Պատասխանողի դիրքորոշումները
4.1. Ազգային ժողովը (այսուհետ՝ Պատասխանող), անդրադառնալով Հանձնաժողովի կարգավիճակին, նշում է, որ Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովն ինքնավար մարմին է, որը կոչված է ապահովելու տնտեսական մրցակցությունը: Այնուամենայնիվ, ինքնավար մարմնի անկախությունը ենթադրում է դրա անկախություն և ինքնավարություն իշխանության այլ մարմիններից, այդ թվում՝ որոշումներ կայացնելիս. նշվածը, սակայն, ոչ մի կերպ չի սահմանափակում դատական իշխանության արդարադատության իրականացման բացառիկ իրավասությունը: Պատասխանողի գնահատմամբ՝ Հանձնաժողովի ինքնավարությունը չի նշանակում, որ նրա որոշումները վերջնական են և ենթակա չեն բողոքարկման: Հանձնաժողովի որոշումների վերահսկողությունն ու բողոքարկումը կարևոր է ժողովրդավարական համակարգում և իրավական պետության սկզբունքների ապահովման համար:
4.2. Պատասխանողը պնդում է, որ Հանձնաժողովի որոշումների բողոքարկում նախատեսելը չի հանգեցում Հանձնաժողովի ինքնավարության խախտման, քանի որ դրանով Դատարանը չի միջամտում Հանձնաժողովի գործունեությանը, այլ ընդհակառակը՝ «(…) օգնում է ապահովել, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովի որոշումները լինեն հիմնավորված և օրինական»: Ավելին, առկա չէ որևէ առանձնահատուկ դատավարական կարգավորում՝ կապված Հանձնաժողովի որոշումների բողոքարկման, գործի քննության վերաբերյալ: Ըստ Պատասխանողի՝ «(…) Հանձնաժողովի ինքնավարությունը և բողոքարկման համակարգը փոխկապակցված են, և միասին աշխատելով, դրանք նպաստում են տնտեսության առողջ միջավայրի ձևավորմանը: Ինքնավարությունը կարևոր է հանձնաժողովի անկախության համար, իսկ բողոքարկումը՝ դրա գործունեության և որոշումների արդարության, իրավաչափության ապահովման համար»:
4.3. Պատասխանողը գտնում է, որ դատական վերահսկողության նպատակն անկախ մարմինների որոշումների օրինականության ապահովման, այլ ոչ թե Հանձնաժողովի՝ օրենքով սահմանված բացառիկ լիազորությունների կրկնօրինակումն է կամ անկախ գործելու իրավասությամբ օժտված մարմնի գործունեությանը շարունակական և գործառնական վերահսկողությամբ միջամտելը, այլ այդ մարմնի որոշումների օրինականությունը վերահսկելը: Պատասխանողն արձանագրում է, որ Հանձնաժողովի որոշումների դատական կարգով բողոքարկում նախատեսելն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու անձանց իրավունքների դատական պաշտպանության լիարժեք մատչելիությունը, միտված է նրանց իրավունքների ապահովմանն ու պաշտպանությանը՝ միաժամանակ ապահովելով պետական մարմնի՝ օրենքով երաշխավորված անկախությունն ու գործառույթների իրականացմանը չմիջամտելը: Ուստի՝ «(…) դատական վերահսկողությունը պետք է ընկալվի որպես անկախ մարմինների աշխատանքի իրավական օրինականության ապահովման կարևոր տարր, ինչը ի վերջո նպաստում է հասարակության վստահությանը պետական ինստիտուտների նկատմամբ»:
4.4. Պատասխանողը գտնում է նաև, որ օրենսդրի կողմից հստակ համապատասխան կարգավորման սահմանված լինելու պայմաններում Հանձնաժողովի վարչական ակտերի դատական կարգով բողոքարկելի լինելը չի կարող որակվել որպես միջամտություն ինքնավար մարմնի գործունեությանը կամ լիազորություններին: Վկայակոչելով Օրենսգրքի 67-րդ հոդվածը, 124-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները՝ Պատասխանողը նշում է․ «Ելնելով անձի իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքի իրացման անհրաժեշտությունից՝ անբարեխիղճ մրցակցության հարցի գնահատումը և դատարանի կողմից վճռի կայացումը բխում է տնտեսվարող սուբյեկտների, ընկերությունների իրավունքների պաշտպանությունից և ազատ տնտեսական մրցակցության ապահովման սկզբունքից»:
4.5. Պատասխանողն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ քննարկվող վարչական ակտի բարենպաստ լինել կամ չլինելու հարցը նորմի կամ դրան տրված մեկնաբանության սահմանադրականության հարց չի առաջացնում (ըստ էության այն հանդիսանում է դատական ակտերի իրավաչափության կամ հիմնավորվածության հարց), այնուամենայնիվ, անդրադառնալով այդ հիմնավորումներին՝ Պատասխանողը հարկ է համարում նշել, որ բարենպաստ վարչական ակտ լինելու հանգամանքը հիմնավորվում է նրանով, որ դրա միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման: Ուստի՝ տվյալ վարչական ակտը համարվում է բարենպաստ, քանի որ այն նպաստում է ազատ տնտեսական մրցակցությանը, ապահովում է արդար մրցակցային պայմաններ բոլոր մասնակիցների համար, երաշխավորում է ընկերության իրավունքները, կանխում իր նկատմամբ շուկայական խեղումների և արդար մրցակցության խախտումների հավանականությունը:
4.6. Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք, վարչական մարմնի կողմից որևէ անձի պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կարող է համարվել բարենպաստ վարչական ակտ, Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանվում է պարտավորեցման հայցով բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջով դատարան դիմելու հայցվորին տրված հնարավորությունը, որով վերջինս կարող է պահանջել դատարանից ընդունել այն վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Այսինքն՝ տվյալ պարագայում հայցվորը պահանջում է ընդունել բարենպաստ վարչական ակտ և ոչ թե որևէ անձի ենթարկել պատասխանատվության: Ըստ Պատասխանողի՝ նշված կարգավորման սահմաններից դուրս է և այլ հարց է հանդիսանում արդեն այն հանգամանքը, թե բարենպաստ վարչական ակտը մի կողմի համար կարող է առաջացնել դրական, իսկ մեկ այլ կողմի համար՝ բացասական հետևանքներ:
4.7. Ըստ Պատասխանողի՝ Օրենսգրքի 67-րդ հոդվածին տրված մեկնաբանությունն առ այն, որ անձին հնարավորություն է տրվում պահանջել դատարանից այլ անձի պատասխանատվության ենթարկել կամ նրա նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, չի համապատասխանում օրենքի տրամաբանությանը և նպատակներին: Պատասխանողի համոզմամբ՝ դիմումին կից ներկայացված դատական ակտերի բովանդակային ուսումնասիրությունը ևս վկայում է, որ «(…) դատարանները նշված նորմը այդ մեկնաբանությամբ չեն կիրառել»:
4.8. Պատասխանողի պնդմամբ՝ Դիմողն օրենքի համապատասխան դրույթների սահմանադրականությունը վիճարկում է ոչ թե նորմերի և Սահմանադրության միջև ենթադրյալ հակասության համատեքստում, այլ Դիմողի ներկայացրած պնդումներն իրականում ուղղված են վիճարկվող նորմերի՝ իր նկատմամբ դատարանների կողմից կիրառված լինելու իրավաչափության հարցին:
4.9. Պատասխանողը խնդրում է սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:
5. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով սույն անհատական դիմումը, կից ներկայացված փաստաթղթերը, Դատական դեպարտամենտից պահանջված համապատասխան վարչական գործի նյութերը, Պատասխանողի բացատրությունը, գտնում է, որ սույն գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին (Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված՝ գործի քննությունը մերժելու հիմքեր) համապատասխան՝ ենթակա է կարճման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանություններով.
5.1. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է․ «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։
Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Սահմանադրական դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտի դրույթ(ներ)ի կիրառման իրավաչափության հարցի քննարկման դեպքում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, ինչը ոչ միայն չի բխում Սահմանադրության և Սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում ներառված դատարանների գործառույթների տարանջատումը:
Դիմումով ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, չհամաձայնելով իր մասնակցությամբ թիվ ՎԴ/0693/05/21 վարչական գործով վիճարկվող դրույթների կիրառմամբ Դատարանի՝ 2023 թվականի մայիսի 11-ի վճռի և Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 29-ի որոշման հետ, ըստ էության, բարձրացնում է այնպիսի խնդիր, որը վերաբերում է ոչ թե նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության, այլ դատական ակտերի օրինականության, այդ դատական ակտերով նորմատիվ իրավական ակտերի դրույթների կիրառման իրավաչափության հարցին։
Այս առումով Դիմողը, մասնավորապես, նշում է. «Մեր պնդմամբ, Դատարանների կողմից անհիմն և Դիմողի հիմնարար իրավունքների խախտմամբ նախ ոչ շահագրգիռ անձ հանդիսացող (ոչ պատշաճ սուբյեկտի) կողմից ըստ էության վեճի բացակայության պայմաններում ներկայացված պարտավորեցման հայցի հիման վրա հարուցվել է վարչական դատական գործ՝ ինքնավար մարմնին իր բացառիկ լիազորությունների հիմքով այլ անձի նկատմամբ միջամտող վարչական ակտ կայացնելու վերաբերյալ, որը նախ չպետք է պատշաճ հիմք հանդիսանար վարչական դատարանում գործի հարուցման համար, այլև հարուցման դեպքում առավելագույնը պետք է քննվեր վիճարկման հայցատեսակի ընթացակարգով: Նշված խախտումները, ի թիվս այլնի, հանգեցրել են նաև նրան, որ Հանձնաժողովն ստիպված է լինելու նեղ մասնագիտական, ինչպես նաև իր հայեցողական ու բացառիկ լիազորությունը դատական ակտի հիմքով կիրառել Դիմողի նկատմամբ՝ առանց վարչական վարույթի պատշաճ իրականացման»:
Միաժամանակ, Դիմողը նշել է. «(...) Դատարանը չէր կարող պարտավորեցնել Հանձնաժողովին արձանագրել անբարեխիղճ մրցակցության իրավախախտումը, քանի որ դա Հանձնաժողովի բացառիկ լիազորությունն է, իսկ դատարանի կողմից նշվածն անտեսելը խախտում է Հանձնաժողովի՝ որպես ինքնավար մարմնի սահմանադրությամբ ամրագրված երաշխիքները»:
Դիմողի գնահատմամբ` «(...) սույն գործով վերաքննիչ վարչական դատարանի կողմից կատարված այն եզրահանգումը, որ ընկերությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իր իրավունքն է իրացրել և կարող էր պահանջել դատարանից պարտավորեցնել Հանձնաժողովին արձանագրել անբարեխիղճ մրցակցությունը իրավախախտում, անհիմն է, քանի որ դատարանի կողմից կոնկրետ իրավախախտման փաստի արձանագրումը և նման որոշում կայացնելուն Հանձնաժողովին պարտավորեցնելը ոչ իրավաչափ միջամտություն է Հանձնաժողովի լիազորություններին և խաթարում է Հանձնաժողովի՝ որպես ինքնավար մարմնի անկախությունը և սահմանադրական նշանակությունը»:
Վերոգրյալի առնչությամբ Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է դառնալ նորմատիվ իրավական ակտի դրույթի՝ հաշվի առնելով նաև վերջինիս իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, սահմանադրականության գնահատման հարցերը, մինչդեռ սույն դիմումով ներկայացված դիրքորոշումներով բարձրացվում են կոնկրետ գործի շրջանակներում Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերով դիմողի նկատմամբ կիրառված համապատասխան դրույթների կիրառման իրավաչափության հարցեր, որոնց քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ամփոփելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով մինչև 2021 թվականի մարտի 3-ի խմբագրությամբ գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և 30-րդ հոդվածի 9-րդ մասի, ինչպես նաև Օրենսգրքի 3 և 67-րդ հոդվածների, 124-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, ինչը Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ, ուստի՝ սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով՝ հաշվի առնելով Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը:
5.2. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
1) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
2) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշման մեջ նշված է․ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների/ազատությունների խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Այսպես.
Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բարձրացնում է մինչև 2021 թվականի մարտի 3-ի խմբագրությամբ գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և 30-րդ հոդվածի 9-րդ մասի, ինչպես նաև Օրենսգրքի 3 և 67-րդ հոդվածների, 124-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության և (կամ) դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության հարց՝ դիմումում որևէ կերպ չհիմնավորելով իր՝ Սահմանադրության 50-րդ հոդվածով երաշխավորված՝ պատշաճ վարչարարության և 59-րդ հոդվածով ամրագրված՝ տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության երաշխավորման իրավունքների ենթադրյալ խախտումը: Ավելին, դիմումի շրջանակներում ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ՎԴ/0693/05/21 վարչական գործով Դատարանի՝ 2023 թվականի մայիսի 11-ի վճռի և Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունվարի 29-ի որոշման կապակցությամբ Դիմողի անհամաձայնություններին։
Նման պայմաններում սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Դիմողի որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է նաև վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության 75, 79 և 80-րդ հոդվածների համատեքստում:
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 4-րդ հոդվածով երաշխավորված՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքի և Սահմանադրության 11-րդ հոդվածով ամրագրված՝ տնտեսական կարգի, ինչպես նաև Սահմանադրության 86-րդ հոդվածով ամրագրված՝ պետության քաղաքականության հիմնական նպատակների վերաբերյալ դրույթներին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է հիմնավորել, որ վիճարկվող դրույթները հանգեցրել են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումն ակնհայտ անհիմն է, ուստի՝ սույն գործի վարույթը ենթակա է կարճման նաև՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքերով՝ հաշվի առնելով Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի իրավակարգավորումները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««ԹԻՄ» փակ բաժնետիրական ընկերության դիմումի հիման վրա՝ մինչև 2021 թվականի մարտի 3-ի խմբագրությամբ գործող «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի և 30-րդ հոդվածի 9-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3 և 67-րդ հոդվածների, 124-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
5 նոյեմբերի 2024 թվականի
ՍԴԱՈ-171
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-171
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
