Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Մովսիսյան — ԿԴ/0144/01/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մովսիսյան — ԿԴ/0144/01/20

Վճռաբեկ դատարանԿԴ/0144/01/2012 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 104. Սպանությունը · Հոդված 362. Պայմանականորեն դատապարտվածի նկատմամբ հսկողություն սահմանելու հարցը լուծելը · Հոդված 387. Վերաքննության կարգով գործը քննող դատարանի կազմը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2018 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել թիվ 20863018 քրեական գործը։ 2. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ ***** *******-ի *******-ը ճանաչվել է տուժող, իսկ 2018 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ****** ********-ը ճանաչվել է հանգուցյալ ****** ******** -ի ************-ի իրավահաջորդ։ 3. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մայիսի 18-ի որոշմամբ` թիվ 20863018 քրեական գործի նյութերո

Ամբողջ Տեքստ

ԿԴ/0144/01/20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Գ.Մարգարյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ռ.Պապոյան

դատավորներ՝ Լ.Ալավերդյան

Գ.Հովհաննիսյան

12 հունիսի 2026 թվական ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Ռոման Մելիքի Մովսիսյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի որոշման դեմ պաշտպան Ե.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել թիվ 20863018 քրեական գործը։

2. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ ***** *******-ի *******-ը ճանաչվել է տուժող, իսկ 2018 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ****** ********-ը ճանաչվել է հանգուցյալ ****** ******** -ի ************-ի իրավահաջորդ։

3. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մայիսի 18-ի որոշմամբ` թիվ 20863018 քրեական գործի նյութերով, մի խումբ անձանց կողմից ապօրինաբար ****** ************-ին դիտավորությամբ կյանքից զրկելու և հանցագործությունը պարտակելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 20105520 քրեական գործը։ Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 20863018 և 20105520 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և նախաքննությունը շարունակվել է 20863018 համարի ներքո:

4. 2020 թվականի մայիսի 27-ին Ռոման Մելիքի Մովսիսյանը ձերբակալվել է, իսկ 2020 թվականի մայիսի 29-ին վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

5. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Ռոման Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

6. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի սեպտեմբերի 5-ի որոշմամբ թիվ 20863018 քրեական գործից մեղադրյալ Ռ.Մովսիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մասն անջատվել է առանձին վարույթ, որին շնորհվել է 20110620 համարը: 6.1. Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ թիվ 20110620 քրեական գործով Ռ.Մովսիսյանին առաջադրված մեղադրանքի մասը վերացվել է, մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

7. 2020 թվականի սեպտեմբերի 11-ին Ռ.Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

8. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2024 թվականի մարտի 6-ի դատավճռով Ռոման Մելիքի Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) տարի ժամկետով: Ռոման Մովսիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:

9. Ամբաստանյալ Ռոման Մովսիսյանի պաշտպաններ Ռ.Բալոյանի և Զ.Վարդանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հոկտեմբերի 8-ին որոշում է կայացրել Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 6-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

10. Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 8-ի որոշման դեմ ամբաստանյալ Ռոման Մովսիսյանի պաշտպան Ե.Սարգսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

11. Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանների կողմից դատական ակտեր կայացնելուց հետո ի հայտ են եկել այնպիսի առերևույթ լուրջ փաստական հանգամանքներ, որոնց ի հայտ գալու ուժով Ռոման Մովսիսյանի վերաբերյալ կայացված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, քանի որ վերջինիս արարքին տրվել է ակնհայտ սխալ՝ առավել խիստ քրեաիրավական գնահատական: Բողոքաբերը համոզմունք է հայտնել, որ ի հայտ եկած լուրջ փաստական հանգամանքների կապակցությամբ առկա է դատական ակտի վերանայում իրականացնելու անհրաժեշտություն, քանի որ այդպիսիք ի հայտ գալուց հետո ակնհայտ է դարձել, որ դատական ակտերով հաստատված փաստերը չեն համապատասխանում դեպքի իրական հանգամանքներին, իսկ վերջիններս վկայում են արարքի առավել մեղմ քրեաիրավական որակման և առավել մեղմ պատիժ նշանակելու անհրաժեշտության մասին: 11.1. Բողոք բերած անձը նշել է, որ Ռ.Մովսիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ******* **********-ի գլխի տարբեր մասերին, որոնց հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Բողոքաբերը հավելել է, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված է համարվել, որ դեպքի ժամանակ ****** **********-ը չի ընկել և ընկնելու հետևանքով մարմնական վնասվածքներ չի ստացել։ Այնինչ, ըստ բողոքաբերի, պաշտպանության կողմի տրամադրության տակ նոր հայտնված՝ դեպքի վերաբերյալ տեսանյութից, ինչպես նաև ականատեսի մասնավոր հարցման բովանդակությունից (որոնք ո՛չ նախաքննության, և ո՛չ էլ երկու դատական ատյաններում դատաքննության ժամանակ հայտնի չեն եղել և չեն հետազոտվել) ակնհայտ է, որ Ռ.Մովսիսյանն ընդամենը ձեռքով մեկ հարված է հասցրել ****** *********-ի դեմքին, որի հետևանքով նա մեջքի վրա վայր է ընկել գետնին և գլխով հարվածել ասֆալտին, ինչի արդյունքում էլ ստացել է գլխի շրջանի մարմնական վնասվածքները, ինչն էլ, ըստ բողոքաբերի, բացառում է ******* ***********-ին սպանելու անուղղակի դիտավորությունը։ 11.2. Բողոքաբերը մանրամասնել է, որ հիշյալ տեսանյութից և ականատեսի հայտնած տեղեկություններից ակնհայտ է, որ ****** գյուղի ********-ի խճուղու ***-րդ փակուղու */* հասցեի շինության մոտակայքում ավտոմեքենան կայանելուց և դրանից դուրս գալուց անմիջապես հետո, Ռ.Մովսիսյանը ***** ********-ի դեմքին ընդամենը մեկ հարված է հասցրել, որի հետևանքով վերջինս ընկել է գետնին, գլխով հարվածել է ասֆալտին ու կորցրել գիտակցությունը։ Դրանից անմիջապես հետո Ռ.Մովսիսյանը փորձել է օգնություն ցուցաբերել ****** *********-ին, ապա իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց։ Հետևաբար, ըստ բողոքաբերի, հերքվում են Ռ.Մովսիսյանի արարքը որպես անուղղակի դիտավորությամբ սպանություն գնահատելու համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները, մասնավորապես այն, որ տուժողի գլխի շրջանում բազմաթիվ հարվածներ հասցնելով` Ռ.Մովսիսյանը գիտակցել է իր գործողությունների բնույթն ու վտանգավորությունը, նախատեսել է դրանց արդյունքում մահ պատճառելու իրական հնարավորությունը և հետևանքի կանխման ուղղությամբ որևէ գործողություն չձեռնարկելով ու անտարբեր մնալով` գիտակցաբար թույլ է տվել տուժողի մահը: Ըստ բողոքի հեղինակի` Ռ.Մովսիսյանը չէր կարող գիտակցել ընդամենը մեկ անգամ տուժողի դեմքին հարված հասցնելու արդյունքում նրան մահ պատճառելու իրական հնարավորությունը: Բացի այդ, ըստ բողոքաբերի` ընկնելուց անմիջապես հետո տուժողին օգնություն ցուցաբերելը և նրան հիվանդանոց տեղափոխելը ևս վկայում են տուժողին սպանելու դիտավորության ակնհայտ բացակայության մասին։ Ըստ բողոքաբերի՝ Ռ.Մովսիսյանի արարքը կարող էր որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով։ 11.3. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ վերոհիշյալ տեսանյութից և ականատեսի հայտնած տեղեկություններից ակնհայտ է նաև այն, որ ավտոմեքենայից իջնելուց անմիջապես հետո ****** *********-ի քթի շրջանում երևում է արյան նմանվող հետք, ինչից ենթադրվում է, որ նա նախքան *********-ի խճուղի հասնելն արդեն իսկ վնասվածք ստացել էր, ինչը կարող է համապատասխանել ստորադաս դատարանների կողմից հաստատված այն հանգամանքին, որ «***** *******» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում, Ռ.Մովսիսյանն աչքի և քթի շրջանում մարմնական վնասվածքներ է պատճառել ******* ********-ին, որոնք վերջինիս առողջությանը պատճառել են թեթև աստիճանի վնաս։ 11.4. Բողոքաբերը նաև նշել է, որ հիշյալ տեսանյութը դիտելու արդյունքում անհնար է պատկերացնել, որ ******** ********-ի գիտակցությունն ավտոմեքենայից իջնելուց հետո մթագնած է եղել, ինչպես ստորադաս դատարանն է նշել: Ըստ բողոքաբերի, ընդհակառակը, տեսանյութից երևում է, որ ******** ********-ի գիտակցությունը պարզ է, նա առաջ է գնում դեպի Ռ.Մովսիսյանը և փորձում է հարվածել նրան, իսկ վերջինն էլ ձեռքերով հեռու է հրում նրան ու միայն դրանից հետո մեկ անգամ ձեռքով հարվածում է նրա դեմքին, ինչից էլ վերջինս վայր է ընկնում։ 11.5. Բողոքաբերը փաստարկել է, որ եթե բարձր արժանահավատություն ունեցող ապացույցը՝ դեպքի իրական հանգամանքները պատկերող տեսանյութը, ինչպես նաև ականատեսի հաղորդած տեղեկությունները հայտնի եղած լինեին ստորադաս դատարաններին և հետազոտված լինեին դատաքննության ընթացքում, ապա ստորադաս դատարանները չէին կարող դեպքի իրական հանգամանքներին հակասող փաստական հանգամանքներ հաստատված համարել, որոնք էլ հիմք են հանդիսացել Ռոման Մովսիսյանի արարքին սխալ իրավական գնահատական տալուն և դրան համապատասխան պատիժ նշանակելուն: 11.6. Բողոքի հեղինակն ընդգծել է, որ համալիր փորձաքննություն իրականացրած փորձագետները ևս տեսականորեն չեն բացառել, որ ******* *********-ի մարմնական վնասվածքների նշված համակցությունը կարող էր առաջանալ գլխի դիմային շրջանում հարված ստանալու արդյունքում մարմնի սեփական հասակի կամ դրան մոտ բարձրությունից վայր ընկնելու և գլխի աջ ծոծրակային շրջանով համեմատաբար հարթ մակերևույթի հետ համահարվածման արդյունքում: Դատաբժշկական փորձագետներն առանձնացրել են մեկ մարմնական վնասվածք, որը կարող էր պատճառվել նաև դիմային շրջանում հարված ստանալու, դեպի հետ ուղղությամբ վայր ընկնելու և ծոծրակային շրջանով գետնի մակերևույթի հետ համահարվածվելու արդյունքում: 11.7. Բողոքի հեղինակը նշել է, որ հիշյալ տեսանյութի կապակցությամբ 2025 թվականի հունվարի 9-ին ստացել են «Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձագետ ******* *********-ի եզրակացությունը (գրախոսություն-ռեցենզիան), որում վերջինս եկել է այն եզրահանգման, որ համալիր փորձաքննություն իրականացնող փորձագետների կողմից դեպքի տեսագրությունն ուսումնասիրության ենթարկված չլինելն էական ու վճռորոշ ազդեցություն է ունեցել փորձաքննության ընթացքի վրա, այնինչ, ներկայացված տեսագրության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս դատելու, որ հանգուցյալ **.******-ի` սեփական մարմնի բարձրությունից անկումը, գլխի շրջանով հատակի հետ համահարվածումն ու նրանով զուգորդված ծանր գանգուղեղային վնասվածքի առաջացումը տեղի է ունեցել ոչ թե գլխի շրջանին բազմակի հարվածային ներգործությունների արդյունքում, այլ ձախից ստորին ծնոտի, ձախից ստործնոտային, ձախից պարանոցի շրջաններին տանգենցիալ՝ անկյան տակ հարվածային ներգործությունից հետո: Ըստ բողոքաբերի՝ ի հայտ եկած տեսագրությամբ լրիվ այլ փաստական հանգամանքներ են հաստատվում, որոնց հայտնի լինելու դեպքում ոչ միայն համալիր փորձաքննությանը մասնակցած դատաբժիշկ փորձագետներն այլ հետևությունների կհանգեին, այլ նաև` ստորադաս դատարանները դեպքի իրական հանգամանքներին էականորեն հակասող հանգամանքներ հաստատված չէին համարի։

12. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը և գործը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

13. Ռոման Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա «2018 թվականի նոյեմբերի 01-ին՝ ժամը 17-ի սահմաններում, *********-ի մարզի ****** համայնքի *******-ի խճուղու **-րդ հասցեում գործող «***** *******» ռեստորանային համալիրում կայացած խնջույքից հետո, ******* *********-ի կողմից գումար պահանջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում նույն համալիրի ավտոկայանատեղիում առնվազն երկու անգամ ձեռքերով կամ ոտքերով հարվածել է ****** *********-ի քթին և աջ աչքին, որից հետո վերջինիս և ****** *********-ի հետ միասին իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ** ** **** հ/հ-ի ավտոմեքենայով ուղևորվել են ****** գյուղի ուղղությամբ, որի ընթացքում ավտոմեքենայի մեջ վիճաբանությունը շարունակվել է: Հասնելով ***** գյուղի *******-ի խճուղու *-րդ փակուղու */* հասցեի շինության մոտակայքը՝ Ռոման Մովսիսյանը ******* ********-ին հարվածներ հասցնելու նպատակով կտրուկ կայանել է նշված ավտոմեքենան, այնուհետև վերջիններիս՝ ավտոմեքենայից դուրս գալուց անմիջապես հետո Ռոման Մովսիսյանը, ընդունելի համարելով իր գործողությունների հետևանքով ****** ********-ի կյանքի և առողջության նկատմամբ կատարվելիք ոտնձգության արդյունքում առաջացող ցանկացած հետևանք, ինչպես նաև անտարբերություն դրսևորելով ******* ****** ***-ին կյանքից զրկելու հնարավոր հետևանքի առաջացման նկատմամբ, չկոնկրետացված դիտավորությամբ՝ ձեռքերով կամ ոտքերով հարվածներ է հասցրել ***** *******-ի մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող հատվածին՝ գլխի տարբեր մասերին, որպիսի դիտավորյալ գործողությունների արդյունքում ****** *********-ի առողջությանը պատճառվել է կյանքի համար վտանգավորության հատկանիշով ծանր վնաս՝ աջ ակնակապճային շրջանի, աջ աչքի սպիտակուցաթաղանթի վերին կեսի շրջանի արյունազեղումների, աջ հարակնակապճային, ձախ ճակատային և աջ ծոծրակային շրջանների ենթամաշկային արյունազեղումների և արյունահավաքների, աջից ծոծրակոսկրի՝ գանգի հիմի աջ միջին գանգափոս անցումով կոտրվածքի, գլխուղեղի ենթաոստայնենային, միջգալարային, ներուղեղային մանր և մեծ արյունազեղումների և արյունահավաքի օջախների, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդի, գլխուղեղի ձախ հետին ճակատ-քունքա-գագաթային շրջանի կոնտուզիոն-հեմոռագիկ օջախների անցումով զուգակցված վեր և ենթակարծրենային արյունահավաքների, աջ ծոծրակային շրջանի վերկարծրենային արյունահավաքի, ձախից քթոսկրի կոտրվածքի ձևերով, զուգորդված գլխուղեղի վնասվածքային այտուցի զարգացումով, ներփորոքային արյունազեղումներով և միջային կառույցների տեղաշարժով մարմնական վնասվածքների ձևով, որից հետո հանցավոր արարքը թաքցնելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով տևական ժամանակ անց ****** *********-ին ****** *********-ի հետ միասին տեղափոխել են «****** առողջության կենտրոն», որտեղ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները՝ Ռոման Մովսիսյանը կենտրոնի աշխատակիցներին հայտնել է, թե իբր ****** ********-ը թունավորվել է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց և կորցրել է գիտակցությունը, իսկ բուժանձնակազմի կողմից ******* ***********-ի փսխած զանգվածի մեջ թարմ արյուն նկատելուց հետո Ռոման Մովսիսյանը կրկին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել առ այն, թե ***** ********* իբր ընկել է աստիճաններից, սակայն վերջինս հիշյալ կենտրոնի աշխատակիցների նախաձեռնությամբ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով տեղափոխվել է «***** ******* ******** բժշկական կենտրոն», այդուհանդերձ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 2018 թվականի նոյեմբերի 11-ին, գիտակցության չգալով, մահացել է»[1]։

14. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(...) Անդրադառնալով ամբաստանյալ Ռոման Մովսիսյանի արարքը որպես սպանություն որակելու հիմնավորվածությանը՝ Դատարանն արձանագրում է, որ մեղադրող կողմը նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որակել է իրավաչափորեն (...): (...) [Վ]երոնշյալ ապացույցներով հաստատապես հերքվել են ******* *********-ի մարմնական վնասվածքները ստանալու վերաբերյալ Ռոման Մովսիսյանի հայտնած տեղեկություններն առ այն, որ ****** ********-ը դեպքի օրը վայր է ընկել «**** *******» ռեստորանի աստիճաններից, այնուհետև ավտոմեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետել իրեն: (...) Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալը, տուժողի գլխի շրջանում հարվածներ հասցնելով, գիտակցել է իր գործողությունների բնույթն ու վտանգավորությունը, նախատեսել է դրանց արդյունքում մահ պատճառելու իրական հնարավորությունը և հետևանքի կանխման ուղղությամբ որևէ գործողություն չձեռնարկելով ու անտարբեր մնալով` գիտակցաբար թույլ է տվել տուժողի մահը, ինչը վկայում է վերջինիս մոտ սպանության անուղղակի դիտավորության առկայության մասին: (...) Վերլուծելով ամբաստանյալ Ռոման Մովսիսյանի դատաքննական և նախաքննական ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործի դատական քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների հետ (...) դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ռոման Մովսիսյանի ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, հակասական են և անարժանահավատ, քրեական պատասխանատվությունից և սպասվող պատժից խուսափելու, ինչպես նաև քրեական գործով պարզված փաստական հանգամանքները խեղաթյուրելու նպատակ են հետապնդում (...): Այսպիով, դատարանը (...) ապացուցված է համարում այն, որ ամբաստանյալ Ռոման Մովսիսյանը կատարել է հանցավոր արարք, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար վերջինը ենթակա է պատասխանատվության և պատժի: (...)»[2]:

15. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանի հետևությունը՝ Ռոման Մելիքի Մովսիսյանի կողմից 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու փաստն ապացուցված լինելու վերաբերյալ, հիմնված է սույն քրեական գործով ձեռք բերված, Առաջին ատյանի դատարանում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված և դատավճռի հիմքում դրված ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ վերլուծության և գնահատման վրա: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ վերոհիշյալից ելնելով՝ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության, որ ապացուցված է Ռոման Մելիքի Մովսիսյանին մեղսագրվող արարքը, այն նրա կողմից կատարելը, ինչպես նաև նրա մեղավորությունն այդ արարքի կատարման մեջ: (...) Վերաքննիչ դատարանն անդրադառնալով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Ռոման Մելիքի Մովսիսյանի անմեղության վերաբերյալ պաշտպանական կողմի փաստարկներին, քրեական գործի ուսումնասիրությամբ եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանը (...) ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Ռոման Մովսիսյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության: (...) Վերաքննիչ դատարանը դատական վերանայման սահմաններում գալիս է եզրահանգման, որ վերաքննիչ բողոքն անհիմն է. սույն գործի փաստական հանգամանքների մասին վիճարկվող դատական ակտում շարադրված հետևությունները համապատասխանում են հետազոտված ապացույցներին, Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել նյութական օրենքի և քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք կարող էին ազդել գործի ելքի վրա, Ամբաստանյալի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, առկա չեն նաև՝ ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ի շահ Ամբաստանյալի վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս գալու որևէ հանգամանք, այնպես էլ՝ առաջացած կամ հայտնաբերված այնպիսի նոր փաստական կամ իրավական հանգամանք, որի հաշվառմամբ Դատավճիռը դարձել է ոչ իրավաչափ, հետևաբար, վիճարկվող դատական ակտը բեկանելու կամ փոփոխելու հիմքերը բացակայում են։ Նշված հիմնավորումներով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (...) դատավճիռը պետք է թողնել անփոփոխ (...)»[3]։

16. ****** ********-ի դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 1483 եզրակացության համաձայն` վերջինիս մահը վրա է հասել գլխուղեղի տրավմատիկ ախտահարումից` փակ, բութ գանգուղեղային վնասվածք ստանալու հետևանքով, որն էլ մահվան պատճառի հետ գտնվում է պատճառական կապի մեջ: Այն հիմնավորվում է հայտնաբերված աջից գանգի հիմ անցումով ծոծրաոսկրի կոտրվածքի, գլխուղեղի միջգալարային, ներուղեղային մանր ու մեծ արյունազեղումների և արյունահավաքների օջախների ուղեղաբնային երևույթներով ծանր աստիճանի սալջարդի, ձախ հետին ճակատ-քունք-գագաթային շրջանում վեր և ենթակարծրենային արյունահավաքների, գլխուղեղի դիսլոկացիոն համախտանշով` աջ ծոծրակային շրջանի վերկարծրենային արյունահավաքի առկայություններով, որոնք պատճառվել են կենդանության օրոք, բութ առարկա(ներ)ով, միմյանցից տարանջատել հնարավոր չէ, կենդանի անձանց մոտ համարվում են առողջությանը ծանր վնաս պատճառող` կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, որոնք էլ հանգեցրել են մահվան: Փորձաքննությամբ հայտնաբերվել են նաև` աջ ակնակապճային, աջ աչքի սպիտակուցաթաղանթի շրջանների, գլխի մաշկի տակ` աջ ճակատային շրջանի արյունազեղումներ, ձախից քթոսկրի կոտրվածք, որոնք նույնպես պատճառվել են կենդանության օրոք, բութ առարկաներով: Կենդանի անձանց մոտ նման վնասվածքները համարվում են առողջությանը թեթև վնաս պատճառող` առողջության կարճատև քայքայումով, որոնք տվյալ դեպքում չեն գտնվում ուղղակի պատճառական կապի մեջ մահվան հետ: Ինչ վերաբերվում է վերոհիշյալ բոլոր մարմնական վնասվածքների առաջացմանը ներկայացված հանգամանքներում, ապա դրանք անհրաժեշտ է պարզաբանել համալիր փորձաքննությամբ[4]:

17. Դատաբժշկական, դատահետքաբանական, դատաթունաբանական և դատաավտոտեխնիկանան փորձաքննության թիվ 19-0571 եզրակացության համաձայն՝ ****** *******-ի մարմնի վրա առկա են եղել աջ ակնակապճային շրջանի, աջ աչքի սպիտակուցաթաղանթի վերին կեսի շրջանի արյունազեղումների, աջ հարակնակապճային, ձախ ճակատային և աջ ծոծրակային շրջանների ենթամաշկային արյունազեղումների և արյունահավաքների, աջից ծոծրակոսկրի գանգի հիմի աջ միջին գանգափոս անցումով կոտրվածքի, գլխուղեղի ենթաոստայնենային, միջգալարային, ներուղեղային մանր և մեծ արյունազեղումների և արյունահավաքի օջախների, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդի, գլխուղեղի ձախ հետին ճակատ-քունքա-գագաթային շրջանի կոնտուզիոն-հեմոռագիկ օջախների անցումով զուգակցված վեր և ենթակարծրենային արյունահավաքների, աջ ծոծրակային շրջանի վեր կարծրենային արյունահավաքի, ձախից քթոսկրի կոտրվածքի ձևերով, զուգորդված գլխուղեղի վնասվածքային այտուցի զարգացումով, ներփորոքային արյունազեղումներով և միջային կառույցների տեղաշարժով մարմնական վնասվածքներ, որոնք պատճառվել են հիմնականում սահմանափակ ազդեցության մակերես ունեցող բութ, կոշտ առարկայի (ների), ինչպիսին հանդիսանում են բռունցքը, ոտքերը, բազմակի ուղղակի ներգործությունների՝ հարվածների հետևանքով, որոնց առնվազն 5 (հինգ) վնասող ներգործությունները տեղակայվել են **.********-ի աջ ակնակապճային, ձախ ճակատային, ձախ գագաթա-քունքային, աջ ծոծրակային և քթի մեջքի ձախ կեսի շրջաններում: **.********-ի գլխի շրջանի ծածկույթային փափուկ հյուսվածքների և ներգանգային վերը նշված բոլոր վնասվածքների ծանրության աստիճանը միմյանցից տարանջատել հնարավոր չէ և այդպիսիք մեկ ընդհանուր համակցությամբ վերցված նրա առողջությանը պատճառել են ծանր վնաս՝ կյանքի համար վտանգավորության հատկանիշով: Ելնելով **.********-ին պատճառված աջից ծոծրակոսկրի՝ գանգի հիմի աջ միջին գանգափոս անցումով կոտրվածքի բնույթից և տեղակայությունից, համադրելով այն գլխի համակարգչային շերտագրությունների պատկերների սույն փորձաքննության իրականացման շրջանակներում կատարված հետազոտության արդյունքում հայտնաբերված ճակատային բլթում առկա հարված-հակահարվածային մեխանիզմով առաջացմանը բնորոշ կոնտուզիոն-հեմոռագիկ օջախի տեղակայության հետ՝ վնասվածքների նշված համակցությունը կարող էր առաջանալ գլխի դիմային շրջանում հարված ստանալու արդյունքում մարմնի սեփական հասակի կամ դրան մոտ բարձրությունից վայր ընկնելու և գլխի աջ ծոծրակային շրջանով համեմատաբար հարթ մակերևույթի հետ համահարվածման արդյունքում: **.********-ի մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ գտնվող գլխուղեղի տրավմատիկ ախտահարմանը հանգեցրած վերը նշված մարմնական վնասվածքների համակցությունը չէր կարող առաջանալ ավտոմեքենայից վայր ընկնելու հետևանքով[5]:

18. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված տեսանյութի ուսումնասիրությունից երևում է, որ ավտոմեքենայի ձախ կողմից ավտոմեքենայի աջ կողմին մոտեցող անձնավորության (այսուհետ՝ առաջին անձ) և նույն ավտոմեքենայի աջ կողմի հետևի դռնից դուրս եկած անձնավորության (այսուհետ՝ երկրորդ անձ) միջև ենթադրաբար վիճաբանություն է տեղի ունենում, նրանք հրում են միմյանց, իսկ մեկ այլ անձ փորձում է նրանց հեռու պահել միմյանցից: Վիճաբանության ընթացքում Առաջին անձը ձեռքով մեկ հարված է հասցնում երկրորդ անձի դեմքին, որից վերջինը վայր է ընկնում ասֆալտապատ գետնին: Նրան փորձում են օգնություն ցույց տալ, իսկ քիչ անց տեղավորում են նույն ավտոմեքենայի հետևի նստատեղին, առաջին անձը նստում է ղեկին, և ավտոմեքենան շարժվում է[6]:

19. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ դատաբժշկական փորձագետ ******* **********-ի գրախոսություն-ռեցենզիայի[7] համաձայն՝ «(...) Առկա ելակետային տվյալների համադրման արդյունքում, պարզ է, որ գանգի ոսկրի՝ աջից ծոծրակոսկրի կոտրվածքը առաջացել է ներկայացված տեսանյութում տեղի ունեցած ներգործության արդյունքում, հանգուցյալ ******* ******-ի *******-ի՝ սեփական մարմնի բարձրությունից հատակին վայր ընկնելու ու ասֆալտապատ մակերեսի հետ աջից ծոծրակային շրջանով համահարվածման արդյունքում: (...) Այսպիսով` ակնհայտ է, որ առկա, **.******-ի կողմից վնասվածքների առաջացման վերաբերյալ տեսագրության համալիր փորձաքննությանը չներկայացման, վերջինիս` համալիր փորձաքննություն իրականացնող փորձագետների կողմից չուսումնասիրության հանգամանքը էական ու վճռորոշիչ ազդեցություն է ունեցել փորձաքննության ընթացքի վրա (...): Ներկայացված տեսագրության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս միանգամայն դատել, որ հանգուցյալ **.******-ի սեփական մարմնի բարձրությունից անկումն, հետագա գլխի շրջանով հատակների հետ համահարվածումն ու նրանով զուգորդված ծանր գանգուղեղային վնասվածքի առաջացումը տեղի է ունենում ոչ թե գլխի շրջանին բազմակի հարվածային ներգործությունների արդյունքում, այլ մարդու անատոմիական հատված՝ ուղեղային գանգի մաս չհանդիսացող՝ ձախից ստորին ծնոտի, ձախից ստործնոտային, ձախից պարանոցի շրջաններին տանգենցիալ՝ անկյան տակ հարվածային ներգործությունից հետո, որն ի դեպ, իր հերթին չի ուղեկցվել ներգործման հատվածում մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշների առաջացմամբ և առանձին վերցված ոչ մի կերպ չէր կարող հանգեցնել **.********-ի մոտ հայտնաբերված ներգանգային փոփոխությունների համագումարային առաջացմանը: (...)»[8]:

20. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ փաստաբան Ե.Սարգսյանի կողմից ***** *********-ին գրավոր հարցման ենթարկելու մասին արձանագրության համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 21-ին **.*********-ը հատնել է, որ Ռոման Մովսիսյանի հայրն է։ Անձնագրով իր անունը ****** է, սակայն իրեն բոլորը ******* են անվանում։ Վերաքննիչ դատարանի որոշումից մոտ 10 օր անց, կոնկրետ օրը չի հիշում, ****** գյուղի գազի վթարային ծառայության աշխատակից ******** ******** իրեն տեղեկացրել է, որ վթարային ծառայության շենքի մուտքի անմիջապես դիմաց գտնվող պատշգամբում տեղադրված աթոռներից մեկի վրա ծրար է գտել, որի վրա գրված է՝ «Խնդրում ենք փոխանցել ******** ********-ին», այսինքն՝ իրեն։ ********* իրեն է փոխանցել այդ ծրարը, որը բացելով՝ մեջը գտել է սպիտակ թուղթ, որի վրա գրված է․ «Այս ֆլեշկան Ռոմանին անպայման պետք կգա: Ես էս կամեռայի սարքը գտել էի մի քանի տարի առաջ աղբամանից: Նոր եմ տեսել, դրա համար եմ տալիս»: Ծրարի մեջ նաև մի կրիչ (ֆլեշկա է եղել։ Կրիչում (ֆլեշկայում առկա է եղել տեսանյութ է, որում պատկերված է ******-ի գյուղի ********-ի խճուղու վրա տեղի ունեցած դեպքը, որտեղ Ռոմանը մեկ անգամ ձեռքով հարվածել է *********-ի դեմքին, ով ընկել է գետնին: Ինքը փորձել է պարզել, թե ով է ծրարը և կրիչը (ֆլեշկան բերել և թողել այդ վայրում, սակայն ոչ ոք ոչինչ չի տեսել։ Այդ կրիչի (ֆլեշկայի մեջ եղած տեսանյութն ինքը ձայնագրել է լազերային սկավառակի վրա և ծրարի ու դրանում առկա թղթի հետ փոխանցել է գրավոր հարցումն իրականացնող փաստաբան Ե.Սարգսյանին: Իսկ կրիչը (ֆլեշկան կտա միայն դատավորին, դատախազին կամ քննիչին, քանի որ հասկանում է, որ դա իրականությունը բացահայտելու և որդու փրկության միակ հույսն է[9]։

21. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ փաստաբան Ե.Սարգսյանի կողմից ******* **********-ին գրավոր հարցման ենթարկելու մասին արձանագրության համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին **.*********-ը հայտնել է, որ ճանաչում է ****** գյուղի բնակիչ ****** **********-ին, ով ***** *-** վթարային ծառայության տնօրենն է, իսկ ինքն այդ ծառայության վարորդն է։ 2024 թվականի հոկտեմբերի կեսերին, կոնկրետ օրը չի հիշում, ժամը 19։00-21։00-ի սահմաններում, երբ արդեն մութ է եղել, շենքից դուրս է եկել, որ ավտոմեքենայից ծխախոտ վերցնի և այդ ժամանակ տեսել է, որ մուտքի դիմացի պատշգամբում գտնվող աթոռներից մեկի վրա սպիտակ ծրար է դրված, որի վրա գրված է եղել՝ «փոխանցել ***** **********-ին»։ Ինքն առանց ծրարը բացելու այդ մասին անմիջապես տեղեկացրել է ***** **********-ին և ծրարը փոխանցել նրան։ ******* իրեն հարցրել է՝ տեսե՞լ է արդյոք, թե ով է բերել այդ ծրարը, իսկ ինքը պատասխանել է, որ չի տեսել։ Ծրարը դրված է եղել մուտքի դիմացի աթոռին, սակայն թե ով է դրել՝ չգիտի[10]։

22. Վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ փաստաբան Ե.Սարգսյանի կողմից ****** **********-ին գրավոր հարցման ենթարկելու մասին արձանագրության համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին **.*********-ը հատնել է, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ***** գյուղի բնակիչներ Ռոմանին և *******-ին տեսել է ******* գյուղից ********* տանող ճանապարհին։ Մասնավորապես, փողոցով անցնելիս տեսել է, որ Ռոմանի ավտոմեքենան կանգնած է, որի միջից դուրս են եկել Ռոմանը, ********-ը և անծանոթ մեկ այլ տղա։ Դուրս գալուց հետո ******* ու Ռոմանը վիճել են իրար հետ։ Այդ ժամանակ *********ը, ձեռքը պարզելով Ռոմանի ուղղությամբ, կոպիտ հայհոյանք է տվել նրան, ինչից անմիջապես հետո Ռոմանը ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, որից ********-ը մեջքի վրա ընկել է գետնին։ Իրենք բոլորով սկսել են օգնություն ցույց տալ ********-ին, Ռոմանը ջուր է ուզել և լցրել *********-ի վրա, սակայն նա ուշքի չի եկել, որից հետո Ռոմանի ավտոմեքենայով նրան տարել են հիվանդանոց։ Ինքը նախկինում այս դեպքի վերաբերյալ որևէ տեղ չի հարցաքննվել և որևէ ցուցմունք չի տվել։ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին փաստաբանի կողմից գրավոր հարցման ենթարկվելուց մի քանի օր առաջ իրեն է հանդիպել Ռոմանի հայրը և ասել, որ իր մոտ ինչ-որ տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է այդ դեպքը, և որ ինքը նույնպես երևում է տեսանյութում։ Հարցրել է, թե ինքն ինչ գիտի այդ մասին։ Ինքն էլ պատասխանել է, որ իրոք այդ դեպքին ներկա է եղել և պատմել է իր տեսածի մասին։ Ըստ հիշյալ արձանագրության՝ գրավոր հարցման ժամանակ վերը նշված տեսանյութը ներկայացվել է ******** **********-ին, ով դիտելով այն, հաստատել է, որ դրանում պատկերված է հենց այն դեպքը, որի մասին վերևում հայտնել է: Նա տեսանյութում մատնացույց է արել նաև իրեն[11]։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

23. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։ Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք առկա է նոր ի հայտ եկած փաստական հանգամանք, որի հաշվառմամբ Ռոման Մովսիսյանի նկատմամբ կայացված դատական ակտերը դարձել են ոչ իրավաչափ:

25. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատական վերանայման արդյունքով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե`

4) առկա է որևէ փաստական կամ իրավական հանգամանք, որի հետևանքով բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ: (...)

5. Բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական կամ իրավական հանգամանք է դատական ակտ կայացնելիս դատարանին և կողմերին անհայտ մնացած (...) որևէ փաստ (...):» ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վճռաբեկության կարգով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե՝ (...)

5) առկա է որևէ փաստական կամ իրավական հանգամանք, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ: (...)

9. Պարզելով, որ առկա է այնպիսի փաստական կամ իրավական հանգամանք, այդ թվում` իրավունքի զարգացմանը վերաբերող հանգամանք, որի հաշվառմամբ բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ, Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ որոշակի մասով բեկանում է ստորադաս դատարանի դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին, կամ փոփոխում է դատական ակտը»:

26. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- նախաքննության մարմինը մեղադրյալ Ռոման Մովսիսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2018 թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ռեստորանի ավտոկայանատեղիում առնվազն երկու անգամ ձեռքերով կամ ոտքերով հարվածել է ******** *********-ի քթին և աջ աչքին, որից հետո վերջինիս և ******* **********-ի հետ միասին իր վարած ավտոմեքենայով ուղևորվել են ***** գյուղի ուղղությամբ, որի ընթացքում ավտոմեքենայի մեջ վիճաբանությունը շարունակվել է: Հասնելով ****** գյուղի *******-ի խճուղու **-րդ փակուղու */* հասցեի շինության մոտակայքը՝ Ռոման Մովսիսյանը ******** ********-ին հարվածներ հասցնելու նպատակով կտրուկ կայանել է նշված ավտոմեքենան, դուրս եկել ավտոմեքենայից և ընդունելի համարելով իր գործողությունների հետևանքով ******* **********-ի կյանքի և առողջության նկատմամբ կատարվելիք ոտնձգության արդյունքում առաջացող ցանկացած հետևանք, ինչպես նաև անտարբերություն դրսևորելով ******* **********-ին կյանքից զրկելու հնարավոր հետևանքի առաջացման նկատմամբ, չկոնկրետացված դիտավորությամբ՝ ձեռքերով կամ ոտքերով հարվածներ է հասցրել ****** **********-ի գլխի տարբեր մասերին, որպիսի դիտավորյալ գործողությունների արդյունքում ******* *********-ի առողջությանը պատճառվել է կյանքի համար վտանգավորության հատկանիշով ծանր վնաս և նա ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 2018 թվականի նոյեմբերի 11-ին, գիտակցության չգալով, մահացել է[12],

- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ռոման Մովսիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 9 (ինը) տարի ժամկետով: Դատարանը մասնավորապես արձանագրել է, որ ամբաստանյալը, տուժողի գլխի շրջանում հարվածներ հասցնելով, գիտակցել է իր գործողությունների բնույթն ու վտանգավորությունը, նախատեսել է դրանց արդյունքում մահ պատճառելու իրական հնարավորությունը և հետևանքի կանխման ուղղությամբ որևէ գործողություն չձեռնարկելով ու անտարբեր մնալով` գիտակցաբար թույլ է տվել տուժողի մահը, ինչը վկայում է վերջինիս մոտ սպանության անուղղակի դիտավորության առկայության մասին[13],

- Վերաքննիչ դատարանի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ։ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Ռոման Մովսիսյանի մեղավորության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է նաև, որ սույն գործի փաստական հանգամանքների մասին վիճարկվող դատական ակտում շարադրված հետևությունները համապատասխանում են հետազոտված ապացույցներին[14],

- մեղադրյալ Ռոման Մովսիսյանի պաշտպան Ե.Սարգսյանի կողմից վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ որպես նոր ի հայտ եկած փաստական հանգամանքը հաստատող տեսանյութի ուսումնասիրությունից երևում է, որ ավտոմեքենայից իջած անձանցից մեկը ձեռքով մեկ անգամ հարվածում է մեկ այլ անձնավորության, որն այդ հարվածից մեջքի վրա ընկնում է գետնին և այլևս չի բարձրանում: Դրանից անմիջապես հետո հարվածողը և այլ անձինք փորձում են օգնություն ցույց տալ ընկածին[15],

- վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ ******** ***********-ին փաստաբան Ե.Սարգսյանի կողմից գրավոր հարցման ենթարկելու մասին արձանագրության համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին **.*********-ը հատնել է, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին ******* գյուղից ******* տանող ճանապարհի վրա տեսել է ******* գյուղի բնակիչներ Ռոմանին և ********-ին: Ռոմանի ավտոմեքենայից դուրս են եկել Ռոմանը, *********-ը և անծանոթ մեկ այլ տղա, ******** ու Ռոմանը վիճել են, **********-ը կոպիտ հայհոյանք է տվել, ինչից անմիջապես հետո Ռոմանը ձեռքով մեկ անգամ հարվածել է **********-ի դեմքին, որից *********-ը մեջքի վրա ընկել է գետնին։ Իրենք բոլորով սկսել են օգնություն ցույց տալ ***********-ին, սակայն նա ուշքի չի եկել, որից հետո Ռոմանի ավտոմեքենայով նրան տարել են հիվանդանոց։ Ինքը նախկինում այս դեպքի վերաբերյալ որևէ տեղ չի հարցաքննվել և որևէ ցուցմունք չի տվել։ Ըստ փաստաբանի կազմած վերոնշյալ արձանագրության՝ ******** ********-ը, դիտելով տեսանյութը, հաստատել է, որ դրանում պատկերված է իր նկարագրած դեպքը[16],

- վճռաբեկ բողոքին կից ներկայացված՝ դատաբժշկական փորձագետ ******* **********-ի գրախոսություն-ռեցենզիայի համաձայն՝ առկա ելակետային տվյալների համադրման արդյունքում, պարզ է, որ **.********-ի գանգի ոսկրի՝ աջից ծոծրակոսկրի կոտրվածքը առաջացել է ներկայացված տեսանյութում տեղի ունեցած ներգործության արդյունքում՝ հանգուցյալ ******** *********-ի՝ սեփական մարմնի բարձրությունից հատակին վայր ընկնելու և ասֆալտապատ մակերեսի հետ աջից ծոծրակային շրջանով համահարվածման արդյունքում: Փորձագետ ******* ********-ը եկել է այն եզրահանգման, որ համալիր փորձաքննություն իրականացնող փորձագետների կողմից դեպքի տեսագրությունն ուսումնասիրության ենթարկած չլինելը էական ու վճռորոշ ազդեցություն է ունեցել փորձաքննության ընթացքի վրա[17]:

27. Նախորդ կետում շարադրված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 25-րդ կետում մեջբերված իրավադրույթների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերով հաստատված համարված փաստական հանգամանքներն էապես տարբերվում են նոր ի հայտ եկած տեսանյութում արտացոլված դեպքի հանգամանքներից: Մասնավորապես, դատական ակտերով հաստատված է համարվել, որ Ռ.Մովսիսյանը ******* գյուղի ********-ի խճուղու **-րդ փակուղու */* հասցեի շինության մոտ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել **.************-ի գլխի տարբեր մասերին, որոնց հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է։ Մինչդեռ, նոր ի հայտ եկած տեսանյութում երևում է մեկ հարված, որի արդյունքում հարված ստացողը վայր է ընկնում ասֆալտապատ գետնին և այլևս չի բարձրանում, իսկ հարվածողը փորձում է օգնություն ցույց տալ նրան:

28. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է նոր ի հայտ եկած փաստական հանգամանք, որի հաշվառմամբ Ռոման Մովսիսյանի նկատմամբ կայացված դատական ակտերը դարձել են ոչ իրավաչափ: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ նոր ի հայտ եկած տեսանյութը ստորադաս դատարանների կողմից չի հետազոտվել և չի գնահատվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է բեկանել և վարույթը փոխանցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Նոր քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը, նոր ի հայտ եկած փաստական հանգամանքի հաշվառմամբ, առաջադրված մեղադրանքում Ռոման Մովսիսյանի մեղավորության հարցում պետք է հանգի համապատասխան հետևության:

29. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Ռոման Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ռոման Մելիքի Մովսիսյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի մարտի 6-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 8-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Ռոման Մելիքի Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 278-282:

[2] Տե՛ս քրեական գործ, հատոր 14-րդ, թերթեր 70-124:

[3] Տե՛ս քրեական գործ, հատոր 15-րդ, թերթեր 106-250:

[4] Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 250-258:

[5] Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 266-280:

[6] Տե'ս քրեական գործ, հատոր 17-րդ, թերթ 74:

[7] Տե՛ս սույն որոշման 11.7-րդ կետը:

[8] Տե'ս քրեական գործ, հատոր 17-րդ, թերթեր 55-68:

[9] Տե'ս քրեական գործ, հատոր 17-րդ, թերթեր 42-45:

[10] Տե'ս քրեական գործ, հատոր 17-րդ, թերթեր 52-53:

[11] Տե'ս քրեական գործ, հատոր 17-րդ, թերթեր 47-50:

[12] Տե՛ս սույն որոշման 6.1-րդ և 13-րդ կետերը։

[13] Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը։

[14] Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը։

[15] Տե՛ս սույն որոշման 18-րդ կետը։

[16] Տե՛ս սույն որոշման 22-րդ կետը։

[17] Տե՛ս սույն որոշման 19-րդ կետը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ԿԴ/0144/01/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել